– Գրադարան – Mashtoz.org

Ի՞նչ են մտածում սատանաները Պապական նոր ընտրությունների նախաշեմին
Թանկագինդ իմ Չարապոչիկ,
մեր Թշնամու ծառաները, – նրանք, որոնց Նա համառորեն անվանում է «որդիներ», մի խոսքով՝ նրանք, ովքեր իրենք իրենց անվանում են քրիստոնյաներ, – մի քանի օր է միայն, ինչ «թափուր Աթոռի» վիճակում են, այսինքն՝ Առաջնորդ չունեն, բայց մեր համար արդեն իսկ սկսվել են վայերը. բավարիացի այդ ծեր աստվածաբանը մեզնից՝ սատանաներիցս ավելի հնարքներ գիտի ... դեռ այն ժամանակներից, երբ ծիրանի էր հագնում և մեր ամենաչսիրած Հիմնարկի ղեկավար Կարդինալն էր, նեղացնում ու ձանձրացնում էր մեզ, այնքա՜ն, որ անհամբեր ակնկալում էինք, որ թոշակի կանցներ, մինչդեռ իր լեհ ընկերը նրան իր կողքին պահեց մինչև վերջին վայրկյանը։ 1984 թվականին արդեն (ըստ մահկանացուների օրացույցի) մի դառը հարված հասցրեց մեզ։ Փորձեմ թարմացնել հիշողությունդ. 1968-ից հետո արդեն կարողացել էինք մեր զորքերի շարքն անցկացնել քահանաների ամբողջական լեգիոններ, մարտական երկու ռազմավարությամբ. մի կողմից նրանք, ովքեր դեն էին նետում կապան և հրաժարվում էին քահանայությունից, իսկ մյուս կողմից նրանք, որոնց մենք ավելի շատ ենք սիրում, որոնց վստահել էինք պարտականությունը՝ տարածելու քրիստոնյաների մեջ այն համոզմունքը, թե մինչև այժմ եղած ամբողջ վարդապետությունը հարկավոր է աղբաման նետել և ամեն բան սկզբից վերաշարադրել, անշուշտ հասկանալի է՝ հետևելով մեր իմաստուն խորհուրդներին։ Մեր մոտ ամեն բան լավ էր ստացվում, մինչև որ հայտնվեց սա և մի գիրք-հարցազրույց հրատարակեց մի լրագրողի հետ, – այդ Վիտտորիո Մեսսորին, որ մեկն է այն քչերից, որոնք այդպես էլ մեր ձեռքը չընկան, – և այդ գրքով քարուքանդ արեց մեր բոլոր ծրագրերը։ Անշուշտ, մենք ձեռքներս ծալած չնստեցինք և պատասխան հակահարվածի անցանք հնարավոր բոլոր միջոցներով, որոնցից ամենաազդու ռազմավարությունը կայանում էր «panzerkardinal»ի առասպելը տարածելու մեջ, գործի լծելով մեզ հավատարմորեն ծառայող լրագրողներին։ Մի առասպել, որի վրա կրկին հրավիրեցինք բոլորի ուշադրությունը ութ տարի առաջ, նախորդ ընտրությունների նախաշեմին։ Փորձեցինք բոլորին համոզել նաև, թե արդեն չափազանց ծեր էր (այն ժամանակ արդեն 78 տարեկան էր), ուստի անհարմար էր նրա ընտրությունը, ինչպես նաև վերցրեցինք Սիքստինյան Մատուռ մուտք գործելուց առաջ արտասանած նրա քարոզը, հմտորեն կտրտեցինք և կոնտեքստից անջատեցինք որոշ հատվածներ, որպեսզի մարդկանց թվար, թե նա ասել է բաներ, որոնք իրականում չի ասել, և մեզ թվում էր, թե խաղն արդեն խաղացվել է և հաղթանակն այլևս մերն է։ Բայց գիտենք, թե ամեն ինչ ինչպես վերջացավ։
Երբ հենց ի՛ր անունը լսեցինք, թե ընտրվել է, և հենց իրե՛ն տեսանք սպիտակ զգեստներ հագած, երդվեցինք, որ դժոխային բոլոր ուժերը մարտի դաշտ ենք իջեցնելու, և այդպես էլ վարվեցինք։ Բավական է հիշել մեր հաջողություններից միայն մի քանիսը. սեռային հարաբերությունների ժամանակ պահպանակի գործածման հարցի շուրջ հարուցված սկանդալը, «vatileaks»ի հետ կապված աղմուկ-աղաղակը, բազմաթիվ քահանաների անտարբերությունը ծեսի նկատմամբ (մենք կարողացել էինք լավագույնս աղքատացնել ու գռեհկացնել ծեսը, մինչդեռ նա սկսեց վերականգնել հին սովորույթները), մանկապղծության սկանդալը (դու լավ գիտես, որ զոհերը մեզ չեն հետաքրքրում և նրանց տառապանքի համար մենք միայն ուրախանում ենք, պարզապես սա մեր գործի հնարքներից մեկն է. ամբողջ աշխարհին ցույց տալ մարդկային մի քանի խեղճություններ, որպեսզի անուղեղ մասսաների առաջ պատվազրկենք Թշնամու բոլոր զինվորներին)։ Մեր հրատարակչական բաժինը հասավ իր գործի մեջ գրեթե կատարելության, երբ նրա գրքերի թարգմանությունների մեջ մտցրեցինք փոքրիկ, բայց լավագույնս մտածված թարգմանական սխալներ, այնպես, որ բազմաթիվ ընթերցողներ հասկացան հակառակն այն բանի, ինչ նա իրականում ուզում էր ասել։ Էլ չեմ խոսում մեր մեծագո՜ւյն դաշնակիցների՝ զանգվածային լրատվության միջոցների մասին, որոնք ամեն օր, առանց հոգնելու, աղավաղում էին այն ամենն, ինչ նա ասում էր (և պարտքս եմ համարում հատուկ շնորհակալություն հայտնել նաև որոշ ''քրիստոնեական'' կոչվող թերթերին, որոնք այս հարցում բավականին օգնեցին մեզ)։ Ուրախանում էինք նաև նրա տկար առողջության պատճառով, և այն հազարավոր կսմթոցներով, որոնք կարողացանք հասցնել նրան, կարճ ժամանակամիջոցում կարողացանք նրա համար փշերով պատել Պետրոսի Գահը։ Այո՛, նա գիտակցում էր իր ուժերի նվազմանը, բայց քանի որ համառորեն շարունակում է ծառայել Թշնամուն, տառապելով հանդերձ կմնար իր տեղում մինչև վերջ, – գիտես, որ նրանք մտովին ֆիքսված են մարտիրոսության վրա, – բայց արի ու տես, որ մեր համար ավելի վատ, վատթար գաղափար հղացավ. առանձնանալ մենակեցական կյանքի և աղոթելու, թողնելով Թշնամու Նավի ղեկը ավելի ուժեղ ձեռքերում։ Այս ամենը մեզ թվում էր ամենահարմար առիթը՝ թուլացնելու Պապական Հեղինակությունը, բայց շա՜տ վատ էինք արել մեր հաշվարկները։ ...
Նախևառաջ մենք շա՜տ զարմացանք իրենների կողմից արտահայտված զորակցության պատճառով. մինչև իսկ նրանք, ովքեր հավատացել էին մեր առասպելներին և այլևս անտարբեր էին նրա նկատմամբ, գորով արտահայտեցին նրա և նրա ներկայացրած ամբողջ հիմնարկի նկատմամբ։ Եվ կարծես դա բավական չէր, նույնիսկ ահազանգ հնչեցրեցին Թափուր Աթոռի պատճառով, Պապական Հեղինակությանը կարևորություն տալով ճիշտ այն ժամանակ, երբ մեզ թվում էր, թե այն վերջնականորեն խարխլել ենք։
Ահա՛ մեր ծրագրերից ևս մեկի ձախողումը. ո՛չ ցմահ, այլ՝ ժամանակավոր իշխանությամբ Պապ ունենալը մեր մյուս դաշնակիցների՝ պրոգրեսսիստ-քրիստոնյաների երազանքն էր, այսինքն՝ նրանց, ովքեր համոզված են, թե կարող են Թշնամուն ծառայել՝ գործի դնելով մեր իսկ գործիքները, և հետևաբար՝ վերջնական հաշվով ծառայում են մեզ (սրանք, դու գիտես, մեր ամենահաջող ձեռքբերումներից են. խորամանկ են աղավնիների նման և մաքուր են ինչպես օձերը)։ Եվ ի՞նչ է նա հորինում այժմ. ո՛չ թե «թոշակի անցած Պապ», ո՛չ, սա իրեն ձեռնտու չէ, այլ՝ «Պապ վանական»։ Այս վերջին մի քանի օրերին ինչ որ յուրահատուկ կերպով մարտի է նետվել մեր դեմ։ Նախ դիմակազերծեց ու դատապարտեց «լրագրողների ժողովը» (դա մեր պատերազմական նժույգներից մեկն է, բայց նա դիմակազերծեց ամեն բան հստակ խոսքերով, ինչպես առաջ էլ էր այդպես վարվել)։ Բայց հատկապես ասաց, որ քահանայապետական պաշտոնից հրաժարվելով մտադիր չէ անցնել ազատ կյանքի։ Ասաց, որ իր կյանքն այլևս երբեք չի կարող անձնական կյանք լինել, այլ՝ ամբողջովին նվիրված է մեր Թշնամու ծառայությանը, և հավելեց, որ մտադիր է հետևելու այն մյուս Բենեդիկտոսի օրինակին, որը բազում դարեր առաջ, դու անշուշտ հիշում ես, ծանր հարված հասցրեց մեր ծրագրերին, երբ ուր որ է կործանելու էինք երկրագնդի գոնե կեսը։ Մի խոսքով, ասաց, որ երբ մեկը դառնում է Պապ, ետդարձ այլևս չկա. մնում է Պապ, կա՛մ ակտիվ, կա՛մ աղոթող։ Սա՞ է մեր կարծեցյալ համեստ ծերունին։ Սա իրականում խորամանկ է և այժմ, երբ Նավի ղեկն այլևս իր ձեռքին չէ, մտադիր է մեր դեմ պայքարել զենքերով, որոնք շա՜տ ավելի վտանգավոր են մեր համար։ Սա իրական ողբերգություն է մեր համար. դու գիտես, թե մեզ ինչպիսի՜ վնաս են հասցնում այն վանականները, որոնք սրտանց նվիրվում են իրական աղոթքին։ Հետևանքներն արդեն իսկ զգացվում են, այժմ, երբ այլևս ազատությունն ունի ամբողջ օրն աղոթելու։ Նրա՛ աղոթքը մեզ յուրահատուկ ցավ ու վնաս է պատճառում, – ա՜խ, հենց այս պահին այս կողիցս կարծես մի դաշույն մխրճվեց, – որովհետև սովորական թշվառների ծաղրանկարային աղոթքը չէ. սա չի սահմանափակվում ինքն իր համար էգոիստական շահեր խնդրելով, ո՜չ, սա նախևառաջ փառավորում է մեր Թշնամուն և, – ինչպիսի՜ սոսկանք մեր համար, – պաշտամունք է մատուցում Նրան։ Եվ ապա Նրան է ներկայացնում ողջ աշխարհի աղոթքները, չէ՛, այն էգոիստականները չէ, այլ՝ իրականները, խոսում է մարդկության իրական խնդիրների մասին, և, – ներիր ինձ, որ այս տերմինը պետք է գործածեմ, որպեսզի հասկանաս դեպքի ողջ ծանրությունը, – դարձել է մի իրական «բարեխոս»։ Իրեններն էլ, իրենց հերթին, աղոթում են նրա և նրա հաջորդի համար։ Աղոթքների մի ամբողջ ալիք եմ տեսնում, որ սարսափելի բարձրանում է և ստեղծում է մեր բոլոր ծրագրերը ոչնչացնելու վտանգը։
Մեր ձեռքին մնացել է խաղալու վերջին խաղաքարտը. հետաքրքրասիրությունը։ Արի՛ ահա՛ այսպես վարվենք. գնա՛նք, հետաքրքրասիրությո՛ւն առաջացնենք այս դեպքերի վերաբերյալ և, ևս մի անգամ, փորձենք ամեն բան ծառայեցնել մեր շահին։ Ամեն բան անենք, որ մեր Թշնամու ծառաները համոզվեն, թե շա՜տ ազնիվ ու կարևոր բաներով են զբաղված. օրինակ, անիմաստ ու անօգուտ շատախոսություններ, կարծիքների փոխանակում նրա առողջության ու հրաժարականի մասին, «gossip»ներ, վարկածներ հաջորդ Պապի մաշկի գույնի մասին, թե սև կլինի կամ դեղին, մանրուքային տեղեկություններ ընտրությունների ընթացակարգի կամ Թափուր Աթոռի մասին, Սիքստինյան Մատուռում ընթացող նախապատրաստական աշխատանքների մասին, կանխագուշակություններ այս կամ այն Կարդինալի անվան շուրջ, մի խոսքով՝ ինքդ էլ մի քիչ աշխատացրու երևակայությունդ, միայն թե մոռանան անել այն միակ կարևոր բանը, որն իսկապես մահացու է մեր համար և որի դեմ մենք հակաթույն չունենք (ինչը որ, ցավոք, արդեն սկսել են անել). աղոթել ընտրությունների համար։ Եթե չշտապենք, մի քանի շաբաթից շա՜տ ավելի ծանր վիճակում կհայտնվենք. կունենանք մի կողմից նոր Պապ, որը կսկսի մեր դեմ աշխատել գործով, իսկ մյուս կողմից՝ իր նախորդը, որը կզորացնի նրան իր աղոթքով։ Կստացվի այնպես, որ ո՛չ թե թուլացրեցինք Թշնամու Նավը, ո՛չ թե ունեցանք «թոշակի անցած» Պապ, ինչպես ակնկալում էինք, այլ ընդհակառակն՝ մի իշխող Պապ և մի աղոթող Պապ։ Սա մեր համար կլինի իսկապես վերջը։

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։