– Գրադարան – Mashtoz.org

Հովհաննես Մկրտչի խոնարհությունն ու քաջությունը
«Ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից ավելի զորավորը, որի կոշիկների կապերն արձակելու արժանի չեմ ես» (Ղկս 3, 16)։ Ահա՛ այս խոսքերի մեջ է կայանում Սբ. Հովհաննես Մկրտչի մեծությունը, որն ասում է. «Պետք է, որ Նա աճի, իսկ ես՝ նվազեմ» (Հվհ 3, 30)։ Հովհաննեսն իր անձը խոնարհեցնում է, քանի որ գիտակցում է, որ իր միակ պաշտոնը դա Հիսուս Քրիստոսի ճանապարհը հարթելն է։ Հովհաննես Մկրտիչը, – որն Աստվածածնից բացի միակ Սուրբն է, որի ո՛չ միայն մահվան օրն է տոնվում, այլ՝ նաև ծննդյան օրը, – խոնարհությունից ստանում է ուժը, քաջությունը՝ դիմելու հրեաներին, որոնք պարծենում էին իրենց նախնիներով, հանդիմանելու նրանց և ասելու. «Իժերի ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել բարկությունից, որ գալու է» (Ղկս 3, 7)։ Այդպիսով հրավիրում էր նրանց կատարելու «ապաշխարությանն արժանի գործեր» (Ղկս 3, 8), մի կողմ թողնելով իրենց սոսկ արտաքին ու ձևական արարքները, որոնք զուրկ էին հոգևոր պատշաճ դիրքորոշումից՝ փրկությունը ստանալու համար, որովհետև «ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում» (Ղկս 3, 9)։
 
Ամբոխին, որն իրենից հարցնում է. «Ի՞նչ պետք է անենք», պատասխանում է. «Ով որ երկու զգեստ ունի, մեկը թող տա նրան, ով չունի. և ով որ ուտելիք ունի, նույն ձևով թող անի» (Ղկս 3, 11)։ Սա արդարության մի չափանիշ է, որի սիրտն ու հոգին սերն է, որի համաձայն՝ «արդարությունը պահանջում է հաղթահարել անհավասարությունը ավելորդն ունեցողների և անհրաժեշտը չունեցողների միջև։ Սերը մղում է ուշադիր լինելու ուրիշներին և ընդառաջ գնալու նրանց կարիքներին, փոխանակ արդարացումներ գտնելու՝ պաշտպանելու համար սեփական շահերը։ Արդարությունն ու սերը միմյանց չեն հակասում, այլ՝ երկուսն էլ անհրաժեշտ են և փոխադարձաբար լրացնում են միմյանց։ ''Սերը միշտ հարկավոր է լինելու, նաև՛ ամենաարդար հասարակության մեջ'', քանի որ ''միշտ էլ լինելու են նյութական կարիքավորության իրավիճակներ, ուր անհրաժեշտ է լինելու կիրառել մերձավորի հանդեպ կոնկրետ սիրուց բխող օգնություններ''» (Բենեդիկտոս ԺԶ., Կոնդակ «Աստված սեր է», 28)։ Մաքսավորներին՝ հռոմեացիների համար աշխատող այդ հարկահավաքներին, որոնք իրենց դիրքը գործածելով հարստանում էին, Հովհաննես Մկրտիչը հրահանգում է. «Սահմանված գումարից ավելի մի՛ պահանջեցեք» (Ղկս 3, 13)։
 
Սա մի հրավեր է ազնվության, «կատարելու սեփական գործն ու պարտականությունները ազնվությամբ», ընդգծում է Բենեդիկտոս Տասնվեցերորդը։ Նույն հրավերը մարգարեն ուղղում է նաև զինվորներին, որոնք նույնպես հարցնում էին. «Իսկ մե՛նք ի՞նչ անենք»։ Պատասխանն է. «Ոչ ոքի մի՛ նեղեք, ոչ ոքի մի՛ զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի» (Ղկս 3, 14)։ Այստեղ նույնպես, դարձը սկսվում է ազնվությունից և ուրիշների հանդեպ հարգանքից. մի ցուցմունք, որ վավերական է բոլորի համար, հատկապես նրանց, ովքեր գտնվում են հասարակական այնպիսի դիրքերում, որոնք առավել մեծ հեղինակություն և առավել մեծ իշխանություն են տալիս իրենց։ Ինչպիսի՞ եզրակացությունների կարող ենք հանգել՝ որպես մեկնակետ ունենալով այս ցուցմունքները, որոնք բավականին պարզունակ, բայց միաժամանակ՝ մեծապես խորիմաստ են։ Նախևառաջ եզրակացությունը, որ գոյություն չունի աշխատանքի մի ոլորտ, ուր անհնարին լինի հասնել սրբության։ Ամենախոնարհ աշխատանքն էլ, եթե կատարվում է պահպանելով մարդկային արժանապատվությունը նրա էության ամբողջության՝ մարմնի և հոգու մեջ, կարող է կատարվել՝ ծառայելու համար Աստծուն։ Սա և՛ս առավել վավերական է, երբ խոսքը վերաբերվում է աշխատանքի այնպիսի ոլորտների, որոնք, ինչպես Հովհաննես Մկրտչի կողմից նշված օրինակները, կատարվում են Պետության, իշխանության համար, որոնք իրենց էության իսկ բնորոշմամբ պետք է արդարության և ազնվության տիպարները լինեն։
 
Մյուս եզրակացությունը նույնքան կարևոր է, հատկապես նախապատրաստվելու համար մեր Տիրոջ նորոգ Ծննդյանը մեր սրտերում. «Այս մեծ մարգարեն», շարունակում է մեկնաբանել Բենեդիկտոս Տասնվեցերորդը, «խիստ արտահայտություններ է գործածում՝ հրավիրելու համար դարձի, բայց ո՛չ թե՝ որպեսզի վախ ներշնչի, այլ՝ որպեսզի մղի հոգու և սրտի լավագո՛ւյն դիրքորոշմամբ ընդունելու Աստծո Սերը, քանի որ միմիայն Աստծո Սերը կարող է իսկապես մաքրագործել կյանքը։ Աստված մարմնանում է և դառնում է մեր նման մարդ, որպեսզի պարգևի մեզ մի հույս, որն ապահով վստահություն է. եթե հետևենք նրան, եթե հետևողականորեն ապրենք մեր քրիստոնեական կյանքը, Նա կառաջնորդի մեզ դեպի Ինքը, կառաջնորդի մեզ դեպի Իր հետ հաղորդության։ Միմիայն այդ դեպքում մեր սրտերում կթագավորեն իրական բերկրանքն ու իրական խաղաղությունը, նաև դժվարությունների մեջ, նաև տկարությունների պահին»։
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։