– Գրադարան – Mashtoz.org

Մարդը, որ ''ծխեց'' ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Վիլհելմ Բունցին մայրը լքել էր դեռ մանուկ հասակում։ Այս հոգեբանական տրավման նրա մեջ ծանր հետևանքներ էր թողել։ Որպես «դժվարադաստիարակ երեխա»՝ նա ավելի քան 30 անգամ փոխել էր իր խնամատար ընտանիքները՝ երբեք իրեն «տանը» չզգալով, իսկ 7 տարեկանում արդեն երազում էր գանգստեր դառնալ։ Դպրոցում նրան շուտով կնքեցին «Արյունոտ Վիլլի» մականունով, քանի որ անընդհատ կռվում էր դասընկերների հետ։ 16 տարեկանում առաջին անգամ բանտ ընկավ. Ինսբրուկի մոտակայքում որոշել էր մեքենա գողանալ և փորձել վարել այն։ Չունենալով փորձառություն՝ վթարի ենթարկվեց։ Բախման հետևանքով կյանքից զրկվեց մի ոստիկան՝ 5 երեխաների հայր, իսկ մեկ ա՛յլ մարդ ընդմիշտ գամվեց հաշմանդամի սայլակին։ Ձերբակալվելով և կանգնելով դատարանի առաջ՝ անզգույշ սպանության համար դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։

Անչափահասների գաղութից հետո Վիլհելմ Բունցը դարձավ իսկական հանցագործ։ Բանկերի կողոպուտ, զենքի առևտուր, մարդկանց թրաֆիքինգ, սպանություն. մոտ 150 հանցագործություն կատարեց և վերջնականապես ձերբակալվեց 22 տարեկան հասակում։ Դատավարության ժամանակ դատավորը որպես վկա հրավիրեց նրա հորը՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը նրա մասին մի լավ բան կասի։ Բայց երբ հարցն ուղղեցին հորը, վերջինս արցունքն աչքերին ասաց. «Խնդրո՜ւմ եմ, խնդրո՜ւմ եմ, խնդրո՜ւմ եմ, վերականգնե՛ք մահապատիժը ... ։ Բանն այն չէ, որ ես չեմ սիրում որդուս, բայց մենք այլևս չենք կարող հանդուրժել սա. նա կործանել է մեր ամբողջ ընտանիքը»։ Դյուրագրգիռ և ողջ աշխարհի վրա զայրացած՝ Վիլհելմը տեղափոխվեց մեկուսարան։ Խցում նրան թույլատրեցին պահել միայն Աստվածաշունչը, որը նրան նվիրել էր բանտի քահանան։

Վիլհելմը երբեք առանձնահատուկ սեր չէր տածել Աստծո հանդեպ։ Ընդհակառակը։ Նա ընդունեց այդ գիրքը միայն այն պատճառով, որ նրա էջերը, որոնք նուրբ էին մետաքսաթղթի պես, հրաշալի փոխարինող էին ծխախոտի թղթին։ Այդպիսով, նա սկսեց պատռել էջերը, և դրանք կարդալուց հետո, դրանց մեջ փաթաթում էր մաքսանենգ ճանապարհով ձեռք բերած թութունը՝ պատրաստելով պարզունակ սիգարետներ։ Քիչ-քիչ ծխի հետ չքացան Ծննդոցը և ողջ Հնգամատյանը, Սաղմոսներն ու Իմաստության գրքերը, ինչպես նաև Մարգարեների պատմությունները։ Մինչև որ 1983 թվականի մի օր նրա ձեռքում հայտնվեց Մատթեոսի Ավետարանի այն էջը, որտեղ գտնվում էր Լեռան Քարոզը. «Դո՛ւք եք երկրի աղը և աշխարհի լույսը»։ Այս նախադասությունը նրան հոգևոր իմաստով գետնին տապալեց՝ կարծես «նոկաուտի» ենթարկելով։ Նա մինչ այդ եղել էր միայն «դառը թույն և խավար»։ «Եթե Դու իմ համար ծրագիր ունես», ասաց նա՝ դիմելով և մի տեսակ մարտահրավեր նետելով Աստծուն, «ուրեմն պիտի փոխես ինձ և հաղթես»։ Եվ այդ Խոսքը, որ մինչ այդ վերածվում էր ծխի, սկսեց դանդաղորեն արծարծվել նրա սրտում։

Նա հիմնովին փոխվեց և ներման արժանացավ։ Այսօր նա ամուսնացած է և ունի երկու որդի։ Մինչև իր թոշակի անցնելը՝ 2017 թվականին, նա աշխատում էր կույրերի խնամքի կենտրոնում։ Երբ հետադարձ հայացք է գցում բանտարկության տարիների վրա, զգում է միայն մի բան. երախտագիտություն։ «Ես երախտապարտ եմ Աստծուն յուրաքանչյուր օրվա համար, որ ինձ վիճակվեց անցկացնել բանտում, որովհետև այնտեղ ես գտա մի բան, որն այլապես չէի կարող գտնել։ Ես գտա մի թանկարժեք գանձ. ես դարձա քրիստոնյա հավատացյալ»։

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։