– Գրադարան – Mashtoz.org

Շվեդիա. բողոքական պատվելի Լարս Էքբլադը դարձի է գալիս Կաթոլիկության
Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցի վերադարձած շվեդացի բողոքական (լութերական) հովիվ Լարս Էքբլադի դեպքը հատկանշական է մի խնդրի վերաբերյալ, որն ուժգին տարածում է գտնում Եվրոպայի լութերական և ընդհանրապես բողոքական երկրամասերում, այսինքն՝ հիմնականում Հյուսիսային Եվրոպայի երկրներում։
Արդարև, Առաքելական Ավանդությունից աստիճանական հեռացումը, – որին սկիզբ տրվեց Լութերով, ապա դարերի ընթացքում խորացվեց բողոքականության հարյուրավոր ճյուղերի միմյանցից բաժան-բաժան լինելով, և այսօր գտնվում է ծայր աստիճան մասնատված վիճակում, – Հյուսիսային Եվրոպայի բազմաթիվ երկրներում ստեղծեց հավատքի առումով անապատացման մի վիճակ։ Ընդհանրական Եկեղեցուց բաժանվածությամբ այսօր առավել քան երբեք իրականանում է Հովհաննեսի Ավետարանի խոսքը. «Ով չի մնում Իմ մեջ, որթատունկից կտրված ճյուղի նման դեն է նետվում և չորանում է» (հմմտ. Հվհ 15, 6)։ Իրոք, Հյուսիսային Եվրոպայի եկեղեցական համայնքներն այլևս արմատապես ապակրոնականացված են։
Լութերական և ընդհանրապես բողոքական համայնքների հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ Տասնվեցերորդ դարում խզեցին Առաքելական Հաջորդականությունը. Գերմանիայում սկսեցին եպիսկոպոսներ ''ձեռնադրել'' Հռոմի կողմից ձեռնադրություն չստացած ''հովիվները'', Անգլիայում Եղիսաբեթ թագուհին էր ''ձեռնադրում'' եպիսկոպոսներին, այդպիսով ընդհատելով իրական Ձեռնադրության պարգևաշնորհը, որը Հիսուսի կողմից տրվել է Առաքյալներին և Ընդհանրական Եկեղեցում անխափան շարունակվել է մինչև մեր օրերը։ Եվ սա այնքան ակնհայտ է, որ մինչև օրս էլ բողոքական և անգլիկան բազմաթիվ ''հովիվներ'' ձեռնադրություն են խնդրում Օրթոդոքս Պատրիարքներից, որպեսզի այդպիսով գոնե որոշ չափով հիմնավոր ու վավերական դարձնեն իրենց գործունեությունը։ Լարս Էքբլադի պատմությունն իսկապես խորհրդանշական է այն բազմաթիվ ոչ-ընդհանրական քրիստոնյաների համար, որոնք սրտանց փնտրում են Աստծուն։
Շվեդիայի լութերական եկեղեցում 40 տարի ծառայելուց հետո, այժմ արդեն նախկին-հովիվ Լարս Էքբլադը կասկածներ չունի. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով լսում է Տիրոջ ձայնը և տրամադիր է հետևելու այդ ձայնին, ի վերջո կվերադառնա Ընդհանրական Եկեղեցի»։ Եվ հենց այն է, ինչ կատարեց նաև անձամբ ինքը։
Անցած տարվա ամառվա ընթացքում Լարս Էքբլադը լրջորեն խորհրդածեց իր կատարելիք քայլի շուրջ և Սեպտեմբեր ամսին իր որոշման մասին տեղեկացրեց իր լութերական եպիսկոպոս Էրիկ Նորդինին։ Նոյեմբեր ամսվա վերջավորության արտասանեց իր վերջին քարոզը այն եկեղեցում, որն իր լութերական ծուխն էր հանդիսացել 1977 թվականից ի վեր։ Ինչին հետևեց սպասման մի ժամանակաշրջան։ «Քրիստոսի Խաչը վերջնական նպատակակետն է յուրաքանչյուր մարդու, ով փնտրում է Աստծուն։ Ստոկհոլմի կաթոլիկ եպիսկոպոսը տեղեկացվել է իմ որոշման վերաբերյալ և տվել է իր համաձայնությունը», բացատրում է Էքբլադը՝ պատասխանելով իրեն ուղղված հարցերին։ «Կյանքիս ընթացքում զրուցել եմ կաթոլիկ բազմաթիվ քահանաների հետ, և՛ Շվեդիայում, և՛ նրա սահմաններից դուրս։ Նրանցից ոչ ոք ինձ չի ասել. ''Պետք է գաս մեր մոտ''։ Այն, ինչը նրանք ինձ ասում էին, հետևյալն է. ''Ականջ դիր խղճիդ ձայնին և հետևիր նրան''։ Նրանցից ոչ ոք ինձ դարձի բերելու փորձ չի արել։ Նրանցից մեկը մի օր ինձ ասաց. ''Չենք կարող առաջարկել քեզ ոչինչ, քան միայն՝ Քրիստոսի Խաչը. սա՛ է բոլորիս վերջնական նպատակակետը''։ Մարտահրավերի նման է հնչում, ձեզ չի՞ թվում»։
Էքբլադը աստվածաբանական շատ տվյալներ չի տալիս իր դարձի դրդապատճառների վերաբերյալ, բայց ակնհայտ է, որ խոսքը վերաբերվում է մի ողջ կյանքի ընթացքում հասունացված որոշմանը, որը լիովին համապատասխանում է Քրիստոսի փափաքին՝ տեսնելու Իր բոլոր հետևորդներին միաբան, միասիրտ, պահպանելով Առաքելական Հաջորդականությունը։ «Ես անձամբ ճանաչում եմ Շվեդիայի (բողոքական) Եկեղեցու բազմաթիվ ա՛յլ սպասավորների ևս, որոնք դարձի են եկել Կաթոլիկության, և վստահ եմ, որ դեռ շատերն են դարձի գալու», ասում է Էքբլադը։ «Ամեն ոք ունի իր անձնական ճանապարհը։ Ապակրոնականացումը աղետալի մարտահրավեր է արևմտյան ողջ հասարակության համար, և լավագույն պատասխանը, որ եկեղեցիները կարող են տալ, վերամիավորվելն է, որպեսզի աշխարհը հավատա Քրիստոսին որպես մեղավորների Փրկիչ»։
Պրոգրեսիստական ուսմունքի և կանանց ''քահանայությունը'' թույլատրելու բազմաթիվ տարիները ոչնչով չօգնեցին հրապուրելու շվեդացիներին դեպի լութերական եկեղեցին։ Ընդհակառակն, եթե 1972 թվականին բնակչության 95%ը մկրտված էր Շվեդիայի Եկեղեցում, 2012 թվականին այդ թիվը հազիվ 67,5%ի է հասնում։ Չնայած որ երկրի բնակչության թիվը կտրուկ աճել է, լութերական եկեղեցին կանգ է առել 7,7 միլիոն անդամի վրա, որոնցից միայն 6,4 միլիոնն է մկրտված։ Շվեդիայի լութերական եկեղեցին դա մի եկեղեցի է, որ չի ավետարանում, ո՛չ դատապարտում է աբորտը, ո՛չ էլ պայքարում է դրա դեմ, կանանց ''ձեռնադրում է քահանա'', որովհետև 1960 թվականին այդպիսի հրահանգ է ստացել Շվեդիայի պառլամենտի կողմից, 2007 թվականից սկսել է միասեռական արարողություններ կատարել։ Ստոկհոլմի լութերական ''եպիսկոպոսը'' բացահայտորեն լեզբիկ կին է, որն ''ամուսնացել է'' մի ուրիշ ''կին քահանայի'' հետ։ Սրանք բոլորը բացահայտ նշաններն են այն բանի, ասում է Լարս Էքբլադը, որ Ընդհանրական և Առաքելական Եկեղեցուց բաժանված համայնքներն այլևս չափազանց հեռացել են Առաքյալների Ավանդությունից։
Լարս Էքբլադը այսուհետև Շվեդիայի Կաթոլիկ Եկեղեցու անդամն է. միայն 1 եպիսկոպոս, ընդամէնը 43 ծուխ և 141.000 հավատացյալ։ Հետևելով իր խղճի ձայնին՝ հեռացավ աշխարհի հզորների ձեռքում խաղալիք դարձած համայնքից և միացավ մարգարեական փոքրամասնությանը։ Ոչ մի սպասում չափազանց երկար չէ երջանկության համար։

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։