– Գրադարան – Mashtoz.org

« Սուրբ Օգոստինոսի հետ քայլելով »
Վաղը Հռոմում սկսվում է Օգոստինյան Աշխարհականների Երրորդ Համագումարը
 
ՀՌՈՄ, երեքշաբթի, 10 Հուլիս 2012. – «Չենք կարող ապրել Սուրբ Օգոստինոսի ուսմունքը առանց դառնալու ընկերներ, առանց հանդիպելու ուրիշներին, առանց բացելու մեր սիրտը, առանց կիսելու դժվարությունները, առանց հասնելու՝ կառուցելու ընկերությունը։ Երբ ընկերային այս հարաբերությունը բարձրանում է առ Աստված, երբ Աստված դառնում է ընկերության կենտրոնը, այդ ժամանակ հասկանում ենք, որ ինչ որ մի բան Աստծո հավիտենականությունից սկսում է հեղվել մեր վրա, և մեր մեջ զգում ենք Աստծո այն անսահման սերը, որ կիսում ենք մեր եղբայրների հետ»։
 
Վաղը՝ Հուլիսի 11-ին, Չորեքշաբթի, Հռոմի Օգոստինյան Հայրախոսական Համալսարանում իր աշխատանքներն է սկսում Օգոստինյան Աշխարհականների Համաշխարհային Երրորդ Համագումարը։ Օգոստինյան Եղբայրությունների պատկանող կամ ամեն դեպքում Օգոստինյան հոգեկանությանը շատ մոտ գտնվող երկու հարյուր աշխարհականներ ամբողջ աշխարհից հավաքվել են Հռոմում, մասնակցելու համար Գիտաժողովին, որի նշանաբանն է. «Սուրբ Օգոստինոսի հետ քայլելով. Լինել Քրիստոսի Մարմինը այսօրվա աշխարհի համար»։ Սուրբ Օգոստինոսի Միաբանության Ընդհանուր Առաջնորդ Հայր Ռոբերտ Ֆ. Պրէվոսթը բացատրում է. «Օգոստինյան ընտանիքի տարբեր խմբերի ներկայացուցիչներին հրավիրեցինք այստեղ, որպեսզի միասին խորհրդածենք Եկեղեցու կյանքին, Քրիստոսի Մարմնի կերտման գործին Օգոստինյան ընտանիքի մասնակցության շուրջ։ Երկխոսելու ենք միասին և խորացնելու ենք մեր մասնակցության իմաստն ու նշանակությունը միակ Եկեղեցու, Աստծո միակ մեծ ընտանիքի ներսում, որպես մեկնակետ ունենալով մեր հոգեկանությունը, մեր հանձնառությունը՝ խթանելու հաղորդությունը՝ ապրելով որպես հասարակություն, միասին կիսելով կյանքը»։
«Ինչ վերաբերվում է Օգոստինյան Աշխարհականներին, հարկավոր է տարբերել երկու մեծ խմբեր», բացատրում է Հայր Ալեքսանդր Մորալը, որն Համագումարի կազմակերպման պատասխանատուն է։ «Առաջին հերթին գոյություն ունեն Օգոստինյան Եղբայրությունները, որ ապրում են Միաբանության Ընդհանուր Առաջնորդի կողմից վավերացված Կանոնների համաձայն։ Այս Եղբայրություններն, ուստի, շատ սերտ հարաբերության մեջ են Միաբանության հետ, որի մի մասն են կազմում մեր Սահմանադրության համաձայն»։ Օգոստինյան Եղբայրությունների կողքին, «կան նաև անհատ անձինք, որոնք սերտ հաղորդակցության մեջ են մեր Միաբանության հետ, հոգևոր ուժեղ կապ են պահպանում Օգոստինյան Միաբանության հետ, բայց մաս չեն կազմում Եղբայրություններին և ենթակա չեն Կանոններին։ Այսպիսիք համագործակցում են մեր հետ աշխարհի բազմաթիվ մասերում»։
Համաշխարհային այս Գիտաժողովը հանդիպումի ու հաղորդակցության համընդհանուր մի պահ է։
Գիտաժողովի հիմնական տեքստը («Սուրբ Օգոստինոսի հետ քայլելով») և «Այսօրվա աշխարհի համար Քրիստոսի Մարմինը լինելու» փափագը այս կարևոր հանդիպման առանցքային թեմաներն են։ «Հիմնական տեքստը բաղկացած է երկու մասից, որոնցից առաջինը քննարկում է ուսմունքային հարցերը, իսկ երկրորդը՝ կենտրոնանում է այն կերպային հարցերի վրա, որոնք օգնում են կազմակերպելու խմբերը», բացատրում է Հայր Ալեքսանդրը, որն ընդգծում է, որ Օգոստինյան Աշխարհականը դա մեկն է, ով Ավետարանը ապրում է ներշնչվելով Սուրբ Օգոստինոսի խորհրդածություններից, որոնք օգնում են խորապես հասկանալու Ավետարանական պատգամը։ «Մենք հետևում ենք Սուրբ Օգոստինոսի վարդապետությանը։ Գիտաժողովի հիմնական տեքստում, աստվածաբանական և հովվական նախադրյալներից հետո անցում է կատարվում Սուրբ Օգոստինոսի եկեղեցաբանությանը. Եկեղեցին որպես Քրիստոսի հետ հաղորդություն։ Օգոստինյան եկեղեցաբանությունը յուրահատուկ կերպով հաղորդության եկեղեցաբանություն է, և սա մեր համար հիմնական կարևորություն ունի։ Մենք Աշխարհականների հետ համագործակցում ենք մի համընդհանուր առաքելությամբ, որովհետև մեզ զգում ենք որպես մի Եկեղեցի, որն ապրում է հաղորդությունը։ Այս հաղորդության ներսում ամեն ոք ունի իր դերը»։
Հայր Ալեքսանդր Մորալը խորհրդածում է նաև այն դերի շուրջ, որն Օգոստինյան Աշխարհականները կարող են ունենալ մարտահրավերներում, որոնք այսօր ծառանում են Հավատքի դիմաց, Ավետարանի Նոր Քարոզչության գործում. «Այսօրվա աշխարհում, որն այսքա՜ն բաժանված է, պատերազմներով, անարդարություններով ու աղքատությամբ ալեկոծված, ուր բազմաթիվ ընտանիքներ այսօր բաժանված են, մենք կամենում ենք շեշտը դնել հաղորդության վրա, ինչը որ չի նշանակում միայն լավ ապրել, այլ հատկապես՝ մեր հայացքը ուղղել վերանցականին. Քրիստոսն Ինքը առաջնորդում է մեզ և մեր բոլորի Եղբայրն է։ Բոլորս միևնույն Հայրն ունենք, որն ողորմած ու բարյացակամ է մեր հանդեպ։ Մենք այսօրվա աշխարհին ուզում ենք հաղորդել պատգամը, որ առանց հաղորդության ոչինչ չի կարող գոյություն ունենալ. եթե կա բաժանում, ամեն բան կոտրված է և անհնարին է առաջ գնալ։ Ժամանակակից աշխարհը երբեմն խոսում է ''համերաշխության'' մասին. այդ եզրը խորքում նշանակում է հաղորդություն, բայց մենք գիտենք, որ խորը հաղորդությունը, որն ավելի հեռուներն է հասնում, քան սոսկ մակերեսային համերաշխությունը, հետք է թողնում այս բաժանված աշխարհում, ինչպիսին որ տեսնում ենք այսօրվա աշխարհը»։
Հայր Ալեքսանդրը, ապա, խոսում է այն հմայիչ ազդեցության մասին, որը Սուրբ Օգոստինոսի կերպարը թողնում է ժամանակակից մարդու վրա. «Կարծում եմ, որ բոլորին հմայող տարրը, վերանցական ոլորտներ անցնելուց առաջ արդեն, Սուրբ Օգոստինոսի ուսմունքն է ընկերության մասին։ Չենք կարող ապրել Սուրբ Օգոստինոսի ուսմունքը առանց դառնալու ընկերներ, առանց հանդիպելու ուրիշներին, առանց բացելու մեր սիրտը, առանց կիսելու դժվարությունները, առանց հասնելու՝ կառուցելու ընկերությունը։ Երբ ընկերային այս հարաբերությունը բարձրանում է առ Աստված, երբ Աստված դառնում է ընկերության կենտրոնը, այդ ժամանակ հասկանում ենք, որ ինչ որ մի բան Աստծո հավիտենականությունից սկսում է հեղվել մեր վրա, և մեր մեջ զգում ենք Աստծո այն անսահման սերը, որ կիսում ենք մեր եղբայրների հետ։ ''Ուրիշ''ը իմ եղբայրն է, օտար մեկը չէ այլևս։ Հայացքս ուղղվում է դեպի սիրտը և մենք միասին կերտում ենք հասարակությունը։ Սուրբ Օգոստինոսի կերպարը միշտ մնում է մեծապես արդիական, քանի որ մեր կյանքի բազմաթիվ իրավիճակներ նա ապրել է, դրանց փորձառությունն ունեցել է, անցել է դրանց միջով, դրանց շուրջ խորհրդածել է, և ... հաղթել է իր ժամանակի բոլոր մարտահրավերներին»։
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։