– Գրադարան – Mashtoz.org

Սրբոց Վարդանանց տոնի կապակցությամբ, խորհրդածություն

«Ահա՛ հաղթանակը, որ հաղթեց աշխարհին. մեր հավատքը» (1Հվհ 5, 4):

 

Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,

այսօր Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին մուտք է գործում մի խորհրդի մեջ, որը միաժամանակ ցավ է և փառք, անցյալի հիշողություն և ապագային նայող մարգարեություն, արյուն և լույս։ Սուրբ Վարդանանց հիշատակը նշելով, մենք չենք մտաբերում սոսկ պատմական իրադարձություն, այլ՝ դավանում ենք մի հավերժական ճշմարտություն. որ Քրիստոսի հանդեպ հավատարմությունն ավելի զորեղ է, քան ցանկացած աշխարհիկ իշխանություն, և որ Խաչը, մինչ պարտության նշան է մարդկանց աչքին, Աստծո առաջ՝ հաղթանակի գահ է։ Ավարայրի դաշտը պարզապես աշխարհագրական վայր չէ։ Այն դարձել է զոհասեղան։ Դարձել է հայկական Գողգոթա, որտեղ մի ամբողջ ժողովուրդ իր կյանքով արտասանել է այն, ինչը որ Եկեղեցին հռչակում է իր շուրթերով. Հիսուս Քրիստոսը Տերն է, և միայն Նրան է պատկանում սրտի և խղճի երկրպագությունը։

Սրբոց Վարդանանց հիշատակի կատարման մեջ մենք պարզապես չենք սգում ընկածների, այլ՝ հռչակում ենք հաղթանակով պսակվածների. չենք կատարում մի պարտության հիշատակը, այլ՝ դավանում ենք մի հաղթանակ. չենք տոնախմբում մի երկրային ճակատամարտ, այլ՝ մի երկնային ծես, որ գրվել է մարտիրոսների կյանքով և մահվամբ։ Որովհետև, ինչպես հռչակում է Պողոս Առաքյալը, «եթե մեռնում ենք Նրա հետ, Նրա հետ էլ ապրելու ենք. եթե հարատևում ենք, Նրա հետ նաև թագավորելու ենք» (2Տմ 2, 11-12)։ Ավարայրի ճակատամարտին մասնակցած տղամարդիկ և կանայք պատմության հերոսներ չեն միայն, այլ՝ հավատքի մարտիրոսներ, որոնք ընտրեցին հնազանդվել ավելի Աստծուն, քան թե մարդկանց, Առաքյալների խոսքի համաձայն (Գրծ 5, 29)։

Ինչպես ուսուցանում է Պողոս Առաքյալը. «Ոչ ոք չի կարող ասել՝ ''Հիսուսը Տեր է'', եթե ո՛չ՝ Սուրբ Հոգով» (1Կր 12, 3): Ավարայրի դաշտում Հոգին խոսեց ո՛չ թե խոսքերով, այլ՝ մարտիրոսների արյամբ, ո՛չ թե ճառերով, այլ՝ նրանց կյանքի լիակատար զոհընծայմամբ: Սբ. Վարդան Մամիկոնյանը և նրա ընկերները դասեցին իրենց Վկաների այն մեծ շարքի մեջ, որն անցնում է ամբողջ Աստվածաշնչի միջով, սպանված արդար Աբելից սկսած մինչև հալածված Մարգարեները, մինչև Առաքյալները և վաղ շրջանի Եկեղեցու Սուրբ Մարտիրոսները: Նրանք մասն են կազմում այն «Վկաների բազմությանը», ովքեր, Եբրայեցիներին ուղղված Նամակի համաձայն, շրջապատում է Եկեղեցին բոլոր դարաշրջաններում (Եբր 12, 1): Նրանց կողմից կատարված ընտրությունը մոլեռանդության արարք չէր, այլ՝ պաշտամունքի արարք: Դա քաղաքական ժեստ չէր, այլ՝ քահանայական զոհաբերություն:

Այս իսկ պատճառով, Վարդանանց պատմիչ Սուրբ Եղիշեի վկայության համաձայն, նրանք առաջ խաղացին դեպի ճակատամարտի դաշտը այնպես՝ ինչպես քահանան մոտենում է Սուրբ Պատարագի Խորանին, իրենց սրտերն առ Աստված ուղղած, զոհաբերելով իրենց որպես կենդանի զոհաբերություն։ Ինչպես Սուրբ Պատարագի ժամանակ ասում ենք. «Ի վեր ընծայեցուցէք զմիտս ձեր աստուածային երկիւղիւ» - «Ունիմք առ Քեզ, Տէր Ամենակալ», այսինքն՝ «Դեպի վեր – դեպի աստվածայինը – բարձրացրեք ձեր մտքերը՝ աստվածային երկյուղով» - «Դեպի Քեզ ենք ուղղում [մեր մտքերը], Տեր Ամենակալ»։ Մարդան Մամիկոնյանն ու իր ընկերները չէին մարտնչում տարածքներ գրավելու համար կամ քաղաքական իշխանություն հաստատելու նպատակով։ Մարտնչում էին՝ ստացած մի պարգև պահպանելու համար. ստացած հավատքը, ազատությունը՝ պաշտելու Աստծուն սեփական խղճի համաձայն, հոգևոր ինքնությունը մի ժողովրդի, որը Քրիստոսին ճանաչել և ընդունել էր որպես Տեր։

Այստեղ կատարվում են Պողոս Առաքյալի խոսքերը. «Ձեր մարմինները որպես կենդանի զոհ ներկայացրեք, սուրբ և ընդունելի Աստծուն. սա՛ է ձեր հոգևոր պաշտամունքը» (Հռմ 12, 1)։ Նրանց մարմինները դարձան զոհասեղան, նրանց արյունը՝ ողջակեզ, նրանց մահն՝ աղոթք։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ կա մի հաղթանակ, որն աշխարհը չի կարող հասկանալ։ Պողոս Առաքյալը հռչակում է. «Երբ տկար եմ, այդ ժամանակ ուժեղ եմ» (2Կր 12, 10)։ Այդպես եղավ նաև Վարդանանց համար. ռազմական թուլության մեջ դրսևորվեց հավատքի ուժը, տեսանելի պարտության մեջ ի հայտ եկավ անտեսանելի հաղթանակը, ժամանակավոր մահվան մեջ բացվեց հավիտենական կյանքի դուռը։ Հայտնության գիրքն ընծայում է մեզ այս խորհուրդն ընթերցելու բանալին. «Նրանք հաղթեցին Գառան Արյունով և իրենց կյանքի վկայության շնորհիվ» (Հյտ 12, 11)։

Վարդանանց արյունը բաժանված չէ Քրիստոսի Արյունից. միացած է նրան՝ որպես իրական մասնակցություն մորթված Գառան զոհաբերությանը: Հայ Եկեղեցու Սուրբ Հայրերը խորաթափանց կերպով խորհրդածել են այս խորհրդի մասին: Սբ. Գրիգոր Նարեկացին, օրինակ, իր բոցավառ և զղջումնալի բարբառով սովորեցնում է մեզ, որ Աստված վերածում է վերքը աղբյուրի, արցունքը՝ սերմի, բեկված սիրտը՝ շնորհի օթևանի: Նրա հոգևոր աստվածաբանության լույսի ներքո կարող ենք ասել. Հայ ժողովրդի Ավարայրում խոցված սիրտը դարձավ Աստծո ներկայության վայր, որովհետև «զղջացած և խոնարհված սիրտը Աստված չի արհամարհում» (Սղմ 51, 19): Վարդանն ու իր ընկերները ուժեղ եղան ո՛չ թե սրով, այլ՝ հավատքով. ո՛չ թե թվով, այլ՝ ճշմարտությամբ. ո՛չ թե կարողությամբ, այլ՝ Աստծո հանդեպ հնազանդությամբ։ Նրանք արմատապես ապրեցին Տիրոջ խոսքը. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը, բայց չեն կարող սպանել հոգին» (Մտթ 10, 28)։

Հայոց պատմագրության հայր Մովսես Խորենացին ցույց է տվել, թե ինչպե՛ս քրիստոնեական հավատքը Հայաստանի համար արտաքին զարդարանք չէր, այլ՝ նրա ինքնության հոգին: Այդ իսկ պատճառով, Վարդանանց ճակատամարտը միայն անցյալի մասին չէ. այն վերաբերվում է մշտական ​​կոչմանը այն ժողովրդի, որը կանչված է պահպանելու հավատքը որպես իր սեփական գոյության ամենաթանկ գանձ: Վարդանն ու իր ընկերները լիովին ապրեցին Տիրոջ խոսքը. «Ով որ կամենա իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով որ իր կյանքը կկորցնի իմ համար, կփրկի այն» (Ղկս 9, 24): Կորցնելով իրենց կյանքը աշխարհի գնահատմամբ, նրանք այն վերագտան Աստծո մեջ: Հրաժարվելով երկրային ապահովությունից, նրանք ձեռքբերեցին հավիտենական ապահովությունը:

Ընդհանրական Եկեղեցու Ավանդությունը միասնական է Հայկական Ավանդության հետ, երբ հռչակում է մարտիրոսության մեծությունը: Սբ. Իգնատիոս Անտիոքացին հոգու մեծ բաղձանքով ցանկանում էր «Աստծո ցորեն» դառնալ, առյուծների երախի մեջ աղացված՝ Քրիստոսի համար անարատ հաց դառնալու նպատակով: Տերտուղիանոսը հռչակում էր, որ մարտիրոսների արյունը նոր քրիստոնյաներ ծնող սերմ է: Վարդանանցը ահա՛ այս սերմն է, որ ցանվել է Հայոց աշխարհում, որպեսզի հավատքը չնվաղի, այլ աճի՝ նույնիսկ հալածանքների, փորձությունների և տառապանքների մեջ: Սբ. Հովհան Ոսկեբերանը նույնպես հաստատում է, որ մարտիրոսությունը ավելի պայծառափայլ թագ է, քան երկրային որևէ հաղթանակ, որովհետև իրական մասնակցություն է Քրիստոսի Չարչարանքներին ու Խաչելությանը։ Ավարայրը մեզ ուսուցանում է, որ կան հաղթանակներ, որոնք չեն չափվում մարդկային չափանիշներով։

Վարդանանց վկայությունը լուսավորում է նաև մեր ժամանակը: Գուցեև այնպես է, որ այսօր մեզնից անձնական հարթության վրա արյան նահատակություն չի պահանջվում, – թերևս, – այլ՝ հավատարմության ամենօրյա նահատակություն. հավատարմություն ճշմարտությանը, երբ ճշմարտության կողմից մեզ ներկայացված պահանջներն հարմարավետ չեն. հավատարմություն խղճին, երբ այն ճնշումների տակ է հայտնվում որևէ կողմից. հավատարմություն Ավետարանին, երբ աշխարհը զիջումներ է առաջարկում, որոնք խոստանում են խաղաղություն, բայց բերում են հոգու և սրտի դատարկություն: Տերը մեզ խրատում է. «Ի՞նչ օգուտ մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր սեփական հոգին կորցնի» (Մրկ 8, 36): Վարդանն ու իր ընկերները որոշեցին չշահել աշխարհը, որպեսզի չկորցնեին իրենց հոգիները: Նրանք ընտրեցին Քրիստոսին որպես միակ ճշմարիտ գանձ: Սբ. Գրիգոր Լուսավորիչը, ով Հայաստանն առաջնորդեց դեպի Մկրտության Ավազանը, Խաչը տնկեց Հայոց հողի վրա: Վարդանանք տնկեցին Խաչը սրտերի մեջ՝ իրենց արյամբ։ Մեզ վստահված է Խաչը մեր առօրյա կյանքի մեջ տնկելու առաքելությունը՝ ընտանիքներում, աշխատավայրում, հարաբերությունների մեջ, լուռ, բայց տևական վկայության միջոցով։

Այս իմաստով, Վարդանն ու իր ընկերները ինքնին Եկեղեցու վավերական սրբապատկերներից մեկն են. Եկեղեցի, որ կարող է խոցվել, բայց ո՛չ պարտվել. հալածվել, բայց ո՛չ ոչնչացվել. երևութապես հպատակեցվել, բայց իրականում փառավորվել Աստծո առաջ։ Եկեղեցին, նայելով Վարդանանց քաջարի հերոսներին, ավելի լավ է հասկանում ինքն իրեն։ Ինքը Զատկական Եկեղեցի է. Եկեղեցի, որ անցնում է Խաչի Ճանապարհով՝ Հարության փառքին և լույսին հասնելու համար. Եկեղեցի, որ փառքը չի փնտրում առանց զոհաբերության. Եկեղեցի, որ գիտի, որ իրական խաղաղությունը ծնվում է ճշմարտությունից, իսկ իրական միասնությունը՝ Քրիստոսի հանդեպ անմնացորդ հավատարմությունից։ Պողոս Առաքյալը մեզ խոսքեր է ասում, որոնք, կարծես, գրված են հենց այս տոնի համար. «Բարի պատերազմը մղեցի, մրցավազքը ավարտեցի, հավատքը պահեցի» (2Տմ 4, 7)։ Այս խոսքի մեջ ամփոփվում է Վարդանանց խորհուրդը. նրանք բարի պատերազմը մղեցին ո՛չ թե մարդկանց դեմ, այլ՝ Աստծո համար. նրանք մրցավազքը ավարտեցին ո՛չ թե հուսահատության մեջ, այլ՝ հույսով լցված. նրանք հավատքը պահեցին ո՛չ թե որպես դատարկ ու մեռած ավանդույթ, այլ՝ որպես նվիրված կյանք։ Այսօր, նրանց միացած, Հայ Եկեղեցին նորոգում է իր դավանանքը. Քրիստոսը մեր կյանքն է, Քրիստոսը մեր ազատությունն է, Քրիստոսը մեր հույսն է։ Ո՛չ մի ուժ չի կարող խլել այն, ինչը որ Աստված գրել է մեր սրտերի մեջ մարտիրոսների արյամբ։ Որովհետև Տերն Ինքը խոստանում է մեզ. «Հավատարիմ եղիր մինչև մահ, և քեզ կտամ կյանքի պսակը» (Հյտ 2, 10)։

Վարդանն ու իր ընկերները մեզ հիշեցնում են, որ իրական ազատությունը չի կայանում սեփական քմահաճույքները կատարելու մեջ, այլ՝ հավատարիմ մնալու այն ինքնությանը, որը մենք ունենք Աստծո առաջ։ Նրանք մեզ ուսուցանում են, որ քրիստոնեական ինքնությունը սոսկ մշակութային պիտակ չէ, այլ՝ ամենօրյա ընտրություն, որը երբեմն լռակյաց է, երբեմն թանկ գին պահանջող։ Մարտիրոսների արյան մեջ չկա ատելություն, այլ՝ հավատքի դավանություն. չկա վրեժխնդրության ցանկություն, այլ՝ հռչակում. հռչակում, որ Քրիստոսն ավելին արժե, քան անվտանգությունը, ավելին, քան զիջումները, ավելին, քան վախը։ Ավարայրի քաջարի մարտիրոսները հարցնում են մեզ. ինչի՞ համար ենք մենք այսօր տրամադիր՝ կորցնելու ինչ որ մի բան, կամ շատ բան, միայն թե չկորցնենք մեր հոգին։

Այս իսկ պատճառով, մարտիրոսների ձայնով և Եկեղեցու ձայնով մենք կարող ենք հռչակել. «Ո՞վ կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց։ Նեղությո՞ւնը, թե՞ տանջանքները, թե՞ հալածանքը, թե՞ սուրը։ [...] Բայց այս ամենի մեջ մենք առավել քան հաղթողներ ենք Նրա միջոցով, Ով սիրեց մեզ» (Հռմ 8, 35-37): Խնդրե՜նք այսօր, Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի, Սուրբ Վարդանանց, Սբ. Գրիգոր Լուսավորչի, Սբ. Գրիգոր Նարեկացու և Հայ Եկեղեցու բոլոր Սրբերի բարեխոսությամբ, անսասան հավատքի, զորեղ հույսի, գործուն սիրո շնորհը։ Թող որ մենք էլ մեր ժամանակներում հավատարիմ գտնվենք։ Հավատարիմ՝ փորձության մեջ։ Հավատարիմ՝ խաղաղության մեջ։ Հավատարիմ՝ լույսի մեջ, և հավատարիմ՝ խավարի մեջ։ Որովհետև Տերն Ինքը հավատարիմ է և չի լքում նրանց, ովքեր վստահում են Իրեն։ Եվ այսպես, մի ​​օր, Սուրբ Մարտիրոսների բազմությանը միացած, մենք կկարողանանք երգել Գառան գահի առաջ. «Փրկությունը պատկանում է մեր Աստծուն, որ նստած է գահի վրա, և Գառանը» (Հյտ 7, 10): Նրան փա՜ռք, Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։