– Գրադարան – Mashtoz.org

Քառասնորդաց 2026. Մուտքի խորհրդածություն
Պահք. ավելիի քաղց։
Պահքը տրտմություն չէ:
Կարոտ է:
Չի ծնվում հացի հանդեպ արհամարհանքից,
այլ՝ ավելի մեծ Հացի տենչանքից:
 
Հիսուսը չի սիրում տխուր դեմքերը,
չի օրհնում զոհաբերությունները, որոնք կարծրացնում են,
չի փնտրում ճգնության հերոսներ:
Փնտրում է սիրահարված սրտեր:
 
«Միթե՞ հարսանիքի հյուրերը կարող են պահք պահել, քանի դեռ Փեսան նրանց հետ է»:
Ավետարանն ասում է, որ քրիստոնեական պահքը չի ծնվում մեղքի զգացումից,
այլ՝ Փեսայի բացակայությունից:
Պահք ենք պահում, որովհետև մեզ պակասում է Մեկը,
այլ ո՛չ թե՝ որովհետև մեզ պակասում է ինչ որ մի բան:
 
Փարիսեցիները շաբաթական երկու անգամ պահք էին պահում:
Ճիշտ բան էր:
Բայց Հիսուսը նոր ճանապարհ է բացում.
չի հարցնում, թե ե՞րբ ես պահք պահում,
այլ՝ ու՞մ համար:
Քրիստոնեական պահքը հոգևոր հնարք չէ.
սիրո արարք է:
Մարմնի բարբառն է, որ ասում է.
«Տե՜ր, Քո քաղցն ունեմ»:
 
Պահք պահելը պակասեցնել չէ,
այլ՝ տեղ բացել:
Տեղ բացել, որպեսզի.
Աստված կարողանա խոսել,
եղբայրը կարողանա ներս մտնել,
սիրտը կարողանա շնչել:
 
Իսկական պահքը չի դատարկում ստամոքսը,
դատարկում է հպարտությունը.
չի թեթևացնում ափսեները,
թեթևացնում է դատողությունները:
Հայրերն ասում էին.
ի՞նչ իմաստ ունի միս չուտելը, եթե հետո հոշոտում ես եղբորդ:
 
Աստծուն հաճելի պահքը ողորմության բուրմունքն ունի.
բեկված, ուրիշի հետ կիսված հաց է,
ո՛չ թե պարզապես սեղանից վերցված, մի կողմ դրված հաց:
Եթե պահք ես պահում ու չես սիրում, պարզապես քաղցած ես:
Եթե պահք ես պահում ու սիրում ես, արդեն սկսել ես Զատիկը:
 
Կա մի պահք, որ հնարավոր է բոլորի համար, ամեն օր.
պահք պահել անօգուտ խոսքերից,
շտապողական պատասխաններից,
ամուլ տրտունջներից,
վիրավորող հայացքներից:
Եվ փոխարենը սնվել.
ունկնդրմամբ,
բարյացակամությամբ,
լռությամբ,
հիացմունքով:
 
Քրիստոնեական պահքը մեզ ավելի լավը չի դարձնում.
այն մեզ դարձնում է ավելի ճշմարիտ:
Այն մեզ հիշեցնում է, որ մենք ինքնաբավ չենք,
որ մենք ապրում ենք շնորհով,
որ ամենաանհրաժեշտ հացը ո՛չ թե բերանի մեջ մտնողն է,
այլ՝ այն, որ բոցավառում է սիրտը:
 
Ի վերջո, պահքը սա է.
մի խոնարհ ձև՝ ասելու համար Աստծուն,
որ առանց Նրա մենք քաղցած ենք,
և որ ոչ մի հաց բավարար չէ, քանի դեռ Փեսան չի վերադարձել:
Եվ այնժամ այո՛,
այնժամ կգա տոնի օրը,
և պահքը կվերածվի երգի:
 
Որովհետև Քրիստոնեությունը
տխուր հրաժարում չէ,
այլ՝ հետաձգված ուրախություն:
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։