Ամփոփում
561. «Քրիստոսի ամբողջ կյանքը շարունակական ուսուցում եղավ. Իր լռությունները, Իր հրաշքները, Իր ժեստերը, Իր աղոթքը, մարդկանց հանդեպ ցուցաբերած Իր սերը, փոքրերի ու աղքատների նկատմամբ Իր նախասիրությունը, աշխարհի փրկագնման համար խաչի վրա Իր ամբողջական զոհաբերման ընդունումը, Իր հարությունը, դրանք բոլորը Իր խոսքի իրագործումն են և Հայտնության լրումը»[1]։
562. Քրիստոսի աշակերտները պարտավոր են կերպարանակից լինել Նրա հետ, մինչև որ Նա կկազմավորվի նրանց մեջ[2]։ «Սրա համար ենք բարձրացվել Իր կյանքի Խորհուրդներին, կերպարանակից դարձվել Իրեն, մեռել ու հարություն ենք առել Իր հետ, մինչև որ Իր հետ կթագավորենք»[3]։
563. Հովիվներ թե մոգեր, անհնարին է երկրի վրա հանդիպել Աստծուն, եթե ո՛չ միայն՝ ծունկի գալով Բեթղեհեմի մսուրի առջև և երկրպագելով Նրան, մինչ թաքնվել է մի մանկան տկարության մեջ։
564. Մարիամի և Հովսեփի հանդեպ Իր ենթակայությամբ, ինչպես նաև Նազարեթում անցկացված երկարատև տարիների Իր խոնարհ աշխատանքով, Հիսուսը մեզ սրբության օրինակ է տալիս՝ ընտանեկան և աշխատանքային առօրյա կյանքի համար։
565. Իր մկրտության պահին սկիզբ առած Իր հանրային կյանքում Հիսուսը «Ծառան» է՝ ամբողջովին ընծայված այն փրկարար գործին, որն իր լրմանն էր հասնելու Իր չարչարանքների «մկրտության» մեջ։
566. Անապատում կրած փորձությունը Հիսուսին ցույց է տալիս որպես խոնարհ Մեսսիա, Ով սատանայի դեմ հաղթանակում է Հորից կամեցված փրկության ծրագրին Իր անմնացորդ հավատարմության ուժով։
567. Երկնքի Արքայությանը Քրիստոսի կողմից սկիզբ է տրվել երկրի վրա։ «Այն ակնհայտ կերպով ներկայանում է մարդկանց Քրիստոսի խոսքերի, գործերի, Անձի մեջ»[4]։ Եկեղեցին այս Արքայության ծիլն ու սկիզբն է։ Նրա բանալիները հանձնվել են Պետրոսին։
568. Հիսուսի Պայծառակերպությունը որպես նպատակ ուներ ամրապնդել Առաքյալների հավատքը՝ Քրիստոսի չարչարանքներից առաջ. «բարձր լեռան» վրա բարձրանալը նախապատրաստում էր բարձրանալը Գողգոթայի վրա։ Քրիստոսը՝ Եկեղեցու Գլուխը, հայտնի կերպով ցույց է տալիս այն, ինչ Իր մարմինը պարունակում և ճառագայթում է խորհուրդների մեջ. «փառքի հույսը» (Կղս 1, 27)[5]։
569. Հիսուսը կամովին գնաց Երուսաղեմ, իմանալով հանդերձ, որ այնտեղ մեռնելու էր բռնի մահով, մեղավորների մեծ թշնամանքի պատճառով[6]։
570. Հիսուսի մուտքը Երուսաղեմ դրսևորումն է Արքայության գալստյան, որը Մեսսիա-Թագավորը – Իր քաղաքի մեջ մանուկների և սրտով խոնարհների կողմից ընդունվելով – պատրաստվում էր իրականացնել Իր մահվան ու հարության Զատիկով։