Գլուխ Բ. - Հոդված 3. / Հատված Ա. / գ) Ճշմարիտ Աստված և ճշմարիտ մարդ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 3. / Հատված Ա. / գ) Ճշմարիտ Աստված և ճշմարիտ մարդ

464. Աստծո Որդու Մարդեղության միակ և ամբողջովին եզակի իրադարձությունը չի նշանակում, թե Հիսուս Քրիստոսը մասամբ Աստված է և մասամբ մարդ, և ո՛չ էլ՝ թե արդյունքն է աստվածայինի ու մարդկայինի մի շփոթ խառնման։ Նա ճշմարտապես մարդ դարձավ՝ մնալով ճշմարտապես Աստված։ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ Աստված է և ճշմարիտ մարդ։ Եկեղեցին առաջին դարերի ընթացքում ստիպված եղավ պաշտպանել և հստակեցնել հավատքի այս ճշմարտությունն ընդդեմ հերետիկոսությունների, որոնք կեղծում և աղավաղում էին այն։

 

465. Առաջին հերետիկոսները Քրիստոսի աստվածությունից ավելի ժխտում էին Նրա ճշմարիտ մարդկային բնությունը (գնոստիկական դոկետիզմ)։ Առաքելական դարաշրջանից սկսած, քրիստոնեական հավատքն ընդգծել է «մարմնով եկած»[1] Աստծո Որդու ճշմարիտ մարդեղությունը։ Բայց Երրորդ դարում Եկեղեցին հարկադրվեց հաստատել Պողոս Սամոսատցու դեմ, Անտիոքում գումարված մի Ժողովի ժամանակ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդի է ըստ բնության, և ո՛չ թե՝ ըստ որդեգրության։ Նիկեայի Տիեզերական Առաջին Ժողովը 325թ.ին դավանեց իր Հավատամքի մեջ, որ Աստծո Որդին «ծնված է, ո՛չ թե ստեղծված, համագոյակից («homousios») է Հորը»[2], և դատապարտեց Արիոսին, ով պնդում էր, թե «Աստծո Որդին ստեղծված է ոչնչից»[3] և թե «Հորից տարբեր ինչ որ մի ա՛յլ գոյացություն կամ ինչ որ մի ա՛յլ էություն ունի»[4]։

 

466. Նեստորական հերետիկոսությունը հանձինս Քրիստոսի տեսնում էր մի մարդկային անձ, որը կցվել էր Աստծո Որդու աստվածային Անձին։ Սրան հակառակվելով, Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացին և 431թ.ին Եփեսոսում գումարված Տիեզերական Երրորդ Ժողովը դավանեցին, որ «Բանը մարդացավ՝ անձնային (հիպոստատիկ) կերպով Իրեն միավորելով բանական հոգու կողմից կենագործված մի մարմին»[5]։ Քրիստոսի մարդկային բնությունը չունի ա՛յլ ենթակա, եթե ո՛չ միայն՝ Աստծո Որդու աստվածային Անձը, Ով ստանձնել է այն և այն դարձրել է Իրենը՝ Իր հղացման պահին։ Այս իսկ պատճառով, Եփեսոսի նույն Ժողովը հռչակեց, որ Մարիամն ամենայն ճշմարտությամբ դարձել է Աստծո Մայր՝ իր արգանդի մեջ Աստծո Որդու մարդկային հղացման բերմամբ. «Աստվածամայր [...] անշուշտ ո՛չ որովհետև Բանի բնությունը կամ Նրա աստվածությունը սկզբնավորվել է Սուրբ Կույսից, այլ՝ որովհետև նրանից ծնվեց բանական հոգիով օժտված սուրբ մարմինը, որին Բանը միացավ գոյացապես, ասվում է, որ Բանը ծնվեց ըստ մարմնի»[6]։

 

467. Միաբնակները[7] պնդում էին, թե մարդկային բնությունն իբրև այդպիսին դադարել է գոյություն ունենալ Քրիստոսի մեջ, որովհետև խառնվել է Աստծո Որդու աստվածային Անձին։ Այս հերետիկոսությանը ընդդիմանալով, Տիեզերական Չորրորդ Ժողովը 451թ.ին Քաղկեդոնում դավանեց.

«Սուրբ Հայրերին հետևելով՝ մենք միաձայն ուսուցանում ենք դավանել մեկ միակ և միևնույն Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, կատարյալ՝ Իր աստվածությամբ, և կատարյալ՝ Իր մարդկությամբ, ճշմարիտ Աստված և ճշմարիտ մարդ, բանական հոգիով և մարմնով, համագոյակից Հորը՝ ըստ աստվածության, և համագոյակից մեզ՝ ըստ մարդկության, ''ամեն ինչով նման մեզ, բացի մեղքից''[8]. ծնված Հորից նախքան բոլոր հավիտյաններն՝ ըստ աստվածության, և այս վերջին ժամանակներում, մեր և մեր փրկության համար, ծնված Կույս և Աստվածածին Մարիամից՝ ըստ մարդկության։

Մեկ միակ և միևնույն Քրիստոսին, Տիրոջը, Միածին Որդուն, որին մենք պետք է ընդունենք երկու բնությամբ՝ անխառն, անփոփոխ, անբաժանելի, անանջատելի։ Բնությունների տարբերությունը բնավ մերժված չէ դրանց միությամբ, այլ՝ յուրաքանչյուրի հատկությունները պահպանված և միավորված են մեկ միակ Անձի և մեկ միակ հիպոստասիսի մեջ»[9]։

 

468. Քաղկեդոնի Ժողովից հետո, ոմանք Քրիստոսի մարդկային բնությունը դարձրեցին անձնական ենթակայի մի տեսակ։ Նրանց դեմ Տիեզերական Հինգերորդ Ժողովը, 553թ.ին Կոստանդնուպոլսում, Քրիստոսի վերաբերյալ դավանեց. Կա «միայն մեկ հիպոստասիս [կամ Անձ], [...] այսինքն՝ Տեր Հիսուս Քրիստոսը, Մեկը Երրորդությունից»[10]։ Հետևաբար, Քրիստոսի մարդկային բնության մեջ ամեն ինչ պետք է վերագրվի Իր աստվածային Անձին որպես իր հատուկ ենթակայի[11], ո՛չ միայն հրաշքները, այլ նաև՝ տառապանքներն[12] ու մահը. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, խաչված՝ Իր մարմնով, ճշմարիտ Աստված է, փառքի Տերը և Մեկը Ամենասուրբ Երրորդությունից»[13]։

 

469. Եկեղեցին այսպիսով դավանում է, որ Հիսուսը անբաժանելիորեն ճշմարիտ Աստված է և ճշմարիտ մարդ։ Նա ճշմարտապես Աստծո մարդացած Որդին է, մեր Եղբայրը, բայց դրանով չի դադարում լինել Աստված, մեր Տերը.

«Մնաց այն, ինչ որ էր, և ստանձնեց այն, ինչը որ չէր», երգում է Հռոմեական Ծեսը[14]։ Իսկ Սբ. Հովհան Ոսկեբերանի Պատարագամատույցը հռչակում է և երգում. «Ո՜վ Միածին Որդի և Աստծո Բան. Դու, որ անմահ ես, մեր փրկության համար մարմնացար Սուրբ Աստվածածին և միշտ Կույս Մարիամի արգանդի մեջ. Դու, որ անփոփոխելի ես, մարդացար և խաչվեցիր, ո՜վ Քրիստոս Աստված. Դու, որ Քո մահվամբ հաղթեցիր մահվանը. Դու, որ Մեկն ես Ամենասուրբ Երրորդությունից, փառաբանվում ես Հոր և Սուրբ Հոգու հետ. փրկի՜ր մեզ»[15]։

[1] Հմմտ. 1Հվհ 4, 2-3; 2Հվհ 7
[2] Նիկեական Հավատամք. DS 125. «Համագոյակից», այսինքն՝ միևնույն գոյացությունը, բնությունը, էությունը ունեցող։
[3] Նիկեայի Ժողով, Ժողովական նամակ Եգիպտացիներին. «Ἐπειδὴ τῆς». DS 130.
[4] Նիկեական Հավատամք. DS 126.
[5] Եփեսոսի Ժողով, Կյուրեղ Ալեքսանդրացու Երկրորդ նամակը Նեստորին. DS 250.
[6] Եփեսոսի Ժողով, Կյուրեղ Ալեքսանդրացու Երկրորդ նամակը Նեստորին. DS 251.
[7] Մոնոֆիզիտ։
[8] Հմմտ. Եբր 4, 15
[9] Քաղկեդոնի Ժողով, Հավատամք. DS 301-302.
[10] Կոստանդնուպոլսի Երկրորդ Ժողով, Ութերորդ նիստ, Կանոն 4. DS 424.
[11] Հմմտ. Եփեսոսի Ժողով, Կյուրեղ Ալեքսանդրացու բանադրանքները, 4. DS 255.
[12] Հմմտ. Կոստանդնուպոլսի Երկրորդ Ժողով, Ութերորդ նիստ, Կանոն 3. DS 423.
[13] Կոստանդնուպոլսի Երկրորդ Ժողով, Ութերորդ նիստ, Կանոն 10. DS 432.
[14] Հռոմեական Ժամագիրք, Ամենասրբուհի Կույս Մարիամ Աստվածածնի տոնի շարական. Liturgia delle Ore, v. 1 (Libreria Editrice Vaticana 1981) p. 475; հմմտ. Սբ. Լևոն Մեծ, Ճառ 21, 2: CCL 138, 87 (PL 54, 192).
[15] Բյուզանդական Ժամագիրք, Տաղ « Ὁ μουογενής։ Ὡρολόγιον τὸ μέγα ». Liturgia delle Ore bizantina, (Roma 1876) p. 82.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։