Գլուխ Բ. - Հոդված 3. / Հատված Բ. / բ) [...] ծնվեց Կույս Մարիամից
487. Այն ամենը, ինչին որ քրիստոնեական հավատքը հավատում է Մարիամի վերաբերյալ, հիմնվում է այն ամենի վրա, ինչին որ նա հավատում է Քրիստոսի վերաբերյալ, բայց այն, ինչը որ նա ուսուցանում է Մարիամի մասին, իր հերթին լուսավորում է Քրիստոսի հանդեպ իր հավատքը։
ՄԱՐԻԱՄԻ ՆԱԽԱՍԱՀՄԱՆՈՒՄԸ
488. «Աստված առաքեց Իր Որդուն» (Գղտ 4, 4), բայց Նրա համար մարմին պատրաստելու նպատակով[1] կամեցավ ստանալ արարածներից մեկի ազատ համագործակցությունը։ Սրա համար Աստված ի հավիտենից ընտրեց, որ Իր Որդու Մայրը լիներ Իսրայելի դուստրերից մեկը, Գալիլեայի Նազարեթ քաղաքում բնակվող մի երիտասարդ հրեուհի, «մի կույս, որ նշանված էր Դավթի սերնդից Հովսեփ անունով մի մարդու հետ։ Կույսի անունն էր Մարիամ» (Ղկս 1, 26-27)։
«Ողորմությունների Հայրը կամեցավ, որ համաձայնությունը նրա, ով նախասահմանված էր լինելու [Իր Որդու] Մայրը, նախորդեր Մարդեղությանը, որպեսզի այդպիսով, ինչպես որ կինը նպաստել էր [անկմանն ու] մահվանը, նույն կերպով կինը նպաստեր [փրկությանն ու] կյանքին»[2]։
489. Հին Կտակարանի ժամանակաշրջանում Մարիամի առաքելությունը նախապատրաստվում է սուրբ կանանց կողմից։ Սկզբում Եվան է. չնայած իր անհնազանդությանը, նա ստանում է սերունդ ունենալու խոստումը, մի սերունդ, որ հաղթանակ է տոնելու չարի դեմ[3]. ինչպես նաև խոստումը, որ լինելու էր բոլոր կյանք ունեցողների մայրը[4]։ Այս խոստման ուժով Սառան զավակ է հղանում չնայած իր ծերությանը[5]։ Ընդդեմ մարդկային որևէ ակնկալիքի, Աստված ընտրում է այն, ինչը որ համարվում է անկարող ու տկար[6], ցույց տալու համար խոստման նկատմամբ Իր հավատարմությունը. Աննան՝ Սամուելի մայրը[7], Դեբորան, Հռութը, Հուդիթն ու Եսթերը, և ուրիշ շատ կանայք։ Մարիամը, սակայն, «առաջնային դիրք է զբաղեցնում Տիրոջ խոնարհների ու աղքատների մեջ, որոնք վստահությամբ սպասում և Նրանից ստանում են փրկությունը։ Ի վերջո, իր՝ Սիոնի գերընտիր դստեր միջոցով, խոստման երկարատև սպասումից հետո, ժամանակներն հասնում են իրենց լրմանը և հաստատվում է նոր տնօրենությունը»[8]։
ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅՈՒՆԸ
490. Փրկչի Մայրը լինելու համար՝ Մարիամը «Աստծո կողմից հարստացվել է այսքա՜ն մեծ առաքելությանը արժանի շնորհներով»[9]։ Գաբրիել հրեշտակապետը Ավետման պահին ողջունում է նրան որպես «շնորհներով լի» (Ղկս 1, 28)։ Իրոք, որպեսզի նա կարողանար իր հավատքի ազատ համաձայնությունը տալ իր կոչման ավետմանը, անհրաժեշտ էր, որ իրեն իբրև նեցուկ ունենար Աստծո շնորհը։
491. Դարերի ընթացքում Եկեղեցին հասել է գիտակցությանը, որ Մարիամը՝ Աստծուց «շնորհներով լցվածը»[10], փրկվել էր իր հղացման պահից ևեթ։ Սա այն է, ինչը որ հաստատվում է Անարատ Հղության դոգմայով, որ հռչակվել է Պիուս Իններորդ Պապի կողմից 1854թ.ին.
«Ամենասրբուհի Կույս Մարիամը իր հղացման առաջին պահին ևեթ, Ամենակարողն Աստծո շնորհով և մի ամբողջովին եզակի առանձնաշնորհմամբ, մարդկային զարմի Փրկիչ Հիսուս Քրիստոսի արժանիքների հեռանկարով, վերապահվել է սկզբնական մեղքի որևէ արատից»[11]։
492. Այս «ամբողջովին եզակի սրբության վայելչությունը», որով Մարիամը «զարդարված էր իր հղացման առաջին պահից ևեթ»[12], նրան ամբողջովին տրված է Քրիստոսի կողմից. նա «այսպիսի վսեմ կերպով փրկագնվել է իր Որդու արժանիքների հեռանկարով»[13]։ Ստեղծված ուրիշ որևէ անձից ավելի, Հայրը նրան «օրհնեց հոգևոր ամեն տեսակ օրհնություններով երկնքում, ի Քրիստոս» (Եփս 1, 3)։ Քրիստոսի մեջ ընտրեց նրան «աշխարհի ստեղծումից առաջ արդեն, լինելու համար սուրբ և անարատ Իր առջև՝ սիրով» (Եփս 1, 4)։
493. Արևելյան Ավանդության Հայրերն Աստվածամորն անվանում են «Ամբողջովին Սուրբ» («Παναγίαν» - «Պանագի՛ա»), մեծարում են նրան որպես «մեղքի որևէ բծից զերծ, Սուրբ Հոգու կողմից գրեթե կաղապարված և նոր արարած դարձված»[14]։ Մարիամը, Աստծո շնորհով, իր ողջ կյանքի ընթացքում չի գործել ոչ մի անձնական մեղք։
«ԹՈՂ ՈՐ ԼԻՆԻ ԻՆՁ ԱՅՆ, ԻՆՉ ԱՍԱՑԻՐ [...] »
494. Ավետմանը, ըստ որի՝ ինքը ծնելու էր «Բարձրյալի Որդուն» առանց այր ճանաչելու, Սուրբ Հոգու զորությամբ[15], Մարիամը պատասխանեց «հավատքի հնազանդությամբ» (Հռմ 1, 5), վստահ, որ «ոչինչ անհնարին չէ Աստծո համար». «Ահա՛ ես Տիրոջ աղախինն եմ, թող որ խոսքիդ համաձայն լինի ինձ» (Ղկս 1, 38)։ Այսպես՝ Աստծո Խոսքին տալով իր համաձայնությունը, Մարիամը դարձավ Հիսուսի Մայրը, և ամբողջ հոգով փարվելով փրկության աստվածային կամքին, – չունենալով իր ընթացքը կասեցնող ոչ մի մեղք, – ամբողջովին նվիրվեց իր Որդուն և Նրա գործին՝ ինքն իրեն ընծայելով Փրկության Խորհրդի ծառայությանը, Նրա ենթակայության ներքո և Նրա հետ, ամենակարող Աստծո շնորհով[16].
«Ինչպես ասում է Սուրբ Իրենեուսը, [Մարիամը] ''հնազանդվելով՝ փրկության պատճառ դարձավ իր և ողջ մարդկության համար''[17]։ Նրա հետ, հին շրջանի Հայրերից շատերը նույնպես հաստատում են. ''Եվայի անհնազանդության հանգույցը արձակվեց Մարիամի հնազանդությամբ. այն, ինչը որ կույս Եվան կապել էր իր անհավատությամբ, Կույս Մարիամն արձակեց իր հավատքով''[18]։ Ինչպես նաև, Եվայի հետ համեմատելով, Մարիամին անվանում են ''կյանք ունեցողների Մայր'', և շատ հաճախ կրկնում են. ''Մահը Եվայի միջոցով եղավ, կյանքը՝ Մարիամի''[19]»։
ՄԱՐԻԱՄԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ
495. Մարիամը, ով Ավետարաններում կոչվում է «Հիսուսի Մայրը» (Հվհ 2, 1; 19, 25)[20], իր Որդու ծննդից առաջ արդեն, Սուրբ Հոգու մղմամբ, անվանվել էր «իմ Տիրոջ Մայրը» (Ղկս 1, 43)։ Իրոք որ, Նա, Ում Մարիամը Սուրբ Հոգու ներգործությամբ հղացավ որպես մարդ և Ով ճշմարտապես դարձավ իր Որդին ըստ մարմնի, Հոր հավիտենական Որդին է, Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը։ Եկեղեցին դավանում է, որ Մարիամն իսկապես Աստվածամայր է («Θεοτόκος» - «Թեոտո՛կոս» - «Աստվածածին»)[21]։
ՄԱՐԻԱՄԻ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ
496. Հավատքի առաջին բանաձևումներից սկսած[22], Եկեղեցին դավանել է, որ Հիսուսը Կույս Մարիամի արգանդում հղացվել է միմիայն Սուրբ Հոգու զորությամբ, ինչպես նաև հաստատել է այդ իրադարձության մարմնեղեն բնույթը. Հիսուսը հղացվել է «անսերմնաբար [...] , Սուրբ Հոգու ներգործությամբ»[23]։ Կուսական հղացման մեջ Հայրերը նշմարում են փաստը, որ խոսքը ճշմարտապես վերաբերվում է Աստծո Որդուն, Ով եկել է մեր բնության նման մարդկային բնությամբ.
Այդպիսիներից է Սբ. Իգնատիոս Անտիոքացին (Երկրորդ դարի սկիզբ). «Մեր Տիրոջ վերաբերյալ դուք լիովին համոզված եք, որ ճշմարտապես Դավթի սերնդից է ըստ մարմնի[24], Աստծո Որդին է ըստ Աստծո կամքի և զորության[25], ճշմարտապես ծնվել է Կույսից, [...] ճշմարտապես գամվել է [Խաչին] մեր համար, Իր մարմնով, Պոնտացի Պիղատոսի օրոք։ [...] Ճշմարտապես չարչարվել է, այնպես՝ ինչպես որ ճշմարտապես հարություն է առել»[26]։
497. Ավետարանական պատմությունները[27] կուսական հղությունը նկատում են որպես աստվածային գործ, որ գերազանցում է մարդկային որևէ ըմբռնողության ու որևէ կարողության[28]. «Նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է», ասում է հրեշտակը Հովսեփին, Մարիամի՝ նրա նշանածի վերաբերյալ (Մտթ 1, 20)։ Եկեղեցին այս իրադարձության մեջ տեսնում է Եսայի մարգարեի միջոցով տրված աստվածային խոստման կատարումը. «Ահա՛ կույսը կհղանա և կծնի որդի» (Ես 7, 14), ըստ Մտթ 1, 23-ի հունարեն տարբերակի։
498. Մարիամի կուսական հղիության մասին Մարկոսի Ավետարանի և նորկտակարանյան Նամակների լռությունը երբեմն պատճառ է հանդիսացել զարմանքի ու հարցադրումների համար։ Ոմանք անգամ հարց են առաջ քաշել, թե խոսքն արդյոք չի՞ վերաբերվում առասպելների կամ աստվածաբանական մշակումների, որոնք զուրկ են պատմականությունից։ Այս հարցադրմանը հարկավոր է պատասխանել. Հիսուսի կուսական հղացման վերաբերյալ հավատքը բուռն դիմադրությունների, ծաղրալի հեգնանքի կամ անհասկացողությունների է հանդիպել անհավատների՝ հրեաների ու հեթանոսների կողմից[29]. այն ոչ մի նմանություն չունի հեթանոսական առասպելաբանության հետ, և ո՛չ էլ հարմարեցված է իր ժամանակվա գաղափարներին։ Այս իրադարձության իմաստը հասանելի է միմիայն հավատքի միջոցով, որովհետև միայն հավատքի աչքերին է տեսանելի «այն կապը, որ միմյանց է կապակցում զանազան խորհուրդները»[30], Քրիստոսի Խորհուրդների ամբողջության մեջ, Իր Մարդեղությունից մինչև Իր Զատիկը։ Սբ. Իգնատիոս Անտիոքացին արդեն վկայում է այդ կապի գոյությանը. «Այս աշխարհի իշխանից ծածկված մնացին Մարիամի կուսությունն ու նրա ծննդաբերությունը, ինչպես նաև Տիրոջ մահը. երեք վսեմ Խորհուրդներ, որ կատարվեցին Աստծո լռության մեջ»[31]։
ՄԱՐԻԱՄԸ «ՄԻՇՏ ԿՈՒՅՍ»
499. Կուսական մայրության վերաբերյալ հավատքի խորացումը մղեց Եկեղեցուն դավանելու Մարիամի իրական և մշտական կուսությունը[32] նաև Աստծո մարդացած Որդու ծննդի ժամանակ[33]։ Հիրավի, Քրիստոսի ծնունդը «չի նվազեցրել Մարիամի կուսական անխախտությունը, այլ՝ նվիրագործել է այն»[34]։ Եկեղեցու Ծեսը Մարիամին մեծարում է որպես «ἀειπαρθένος» - «միշտ Կույս»[35]։
500. Այս կետում երբեմն որպես առարկություն է ներկայացվում այն, որ Աստվածաշունչը խոսում է Հիսուսի եղբայրների ու քույրերի մասին[36]։ Եկեղեցին միշտ համոզված է եղել, որ խոսքը չի վերաբերվում Կույս Մարիամի ենթադրյալ ա՛յլ զավակների. իրոք, Հակոբոսն ու Հովսեփը՝ «Հիսուսի եղբայրները» (Մտթ 13, 55), որդիներն էին Քրիստոսին հավատացած կանանցից մեկի, որի անունը նույնպես Մարիամ էր[37] և որին Ավետարանը նշանակալի կերպով անվանում է «մյուս Մարիամը» (Մտթ 28, 1)։ Խոսքը վերաբերվում է Հիսուսի մոտիկ ազգականներին՝ զարմիկներին, Հին Կտակարանում սովորաբար գործածվող արտահայտության համաձայն[38]։
501. Հիսուսը Մարիամի միակ Որդին է։ Բայց Մարիամի հոգևոր մայրությունը[39] տարածվում է բոլոր մարդկանց վրա, որոնց Հիսուսը եկավ փրկելու. «Մարիամը ծնեց մի Որդի, Որին Աստված դարձրեց ''առաջնեկը եղբայրների մի բազմության'' (Հռմ 8, 29), այսինքն՝ հավատացյալների, որոնց ծննդին ու կազմավորմանը Մարիամը գործակցում է մայրական սիրով»[40]։
ՄԱՐԻԱՄԻ ԿՈՒՍԱԿԱՆ ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏԾՈ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
502. Հավատքի հայացքը կարող է բացահայտել, Հայտնության ամբողջության հետ կապակցության մեջ, այն խորհրդավոր դրդապատճառները, որոնցից մղված՝ Աստված Իր փրկարար ծրագրի մեջ կամեցավ, որ Իր Որդին ծնվեր Կույսից։ Այդ դրդապատճառները վերաբերվում են ինչպես Քրիստոսի Անձին ու Նրա փրկագործ առաքելությանը, այնպես էլ այդ առաքելության ընդունմանը Մարիամի կողմից, ի նպաստ բոլոր մարդկանց։
503. Մարիամի կուսությամբ հայտնվում է Աստծո բացարձակ նախաձեռնությունը Մարդեղության գործում։ Հիսուսը որպես Հայր ունի միմիայն Աստծուն[41]։ «Մարդկային բնությունը, որը Նա ստանձնեց, Նրան երբեք չբաժանեց Հորից [...] ։ Բնությամբ Հոր Որդի՝ ըստ աստվածության, բնությամբ Մոր Որդի՝ ըստ մարդկության, բայց բուն կերպով՝ Աստծո Որդի Իր երկու բնություններով»[42]։
504. Հիսուսը Կույսի արգանդի մեջ հղացվեց Սուրբ Հոգու ներգործությամբ, որովհետև Ինքը նոր Ադամն է[43], որ սկիզբ է տալիս նոր արարչությանը. «Առաջին մարդը հող էր՝ հողից վերցված, երկրորդ մարդը Երկնքից եկավ» (1Կր 15, 47)։ Քրիստոսի մարդկային բնությունը, Իր հղացման պահից ևեթ, լի է Սուրբ Հոգով, որովհետև Աստված Նրան «չափով չէ, որ տալիս է Հոգին» (Հվհ 3, 34)։ Իր «լիությունից», – Իր, որ փրկված մարդկության Գլուխն է[44], – «մենք բոլորս ստացանք, նաև շնորհ շնորհի վրա» (Հվհ 1, 16)։
505. Հիսուսը՝ նոր Ադամը, Իր կուսական հղացմամբ սկիզբ է տալիս որդեգրության զավակների վերստին ծննդյանը Սուրբ Հոգու մեջ, հավատքի միջոցով։ «Ինչպե՞ս է դա հնարավոր» (Ղկս 1, 34)[45]։ Մասնակցությունը աստվածային կյանքին չի ծնվում «ո՛չ արյունից, ո՛չ մարմնի կամքից, և ո՛չ էլ այր մարդու կամքից, այլ՝ Աստծուց» (Հվհ 1, 13)։ Այս կյանքի ընդունումը կուսական է, որովհետև ամբողջովին պարգևված է մարդուն Հոգուց։ Աստծո հետ մարդու միստիկ ամուսնության կոչման իմաստը[46] կատարյալ կերպով ամբողջանում է Մարիամի կուսական մայրության մեջ։
506. Մարիամը Կույս է, որովհետև իր կուսությունը նշանն է իր հավատքի, որը եղծված չէր ոչ մի կասկածով[47], և իր ամբողջական ինքնահանձնման՝ Աստծո կամքին[48]։ Իր հավատքով նա դարձավ Փրկչի Մայրը. «Մարիամն ավելի երջանիկ է Քրիստոսի հավատքն ընդունելու, քան թե՝ Քրիստոսի մարմինը հղանալու համար»[49]։
507. Մարիամը միաժամանակ Կույս է և Մայր, որովհետև Եկեղեցու ամենակատարյալ պատկերն ու իրագործումն է[50]. «Եկեղեցին նույնպես [...] հավատարմությամբ ընդունված Աստծո Խոսքի միջոցով դառնում է մայր, քանի որ քարոզչությամբ և Մկրտությամբ՝ զավակներ է ծնում մի նոր ու անմահ կյանքի. զավակներ, որոնք հղացված են Սուրբ Հոգու ներգործությամբ և ծնված են Աստծուց։ Եկեղեցին նաև այն կույսն է, որն ամբողջական ու անապական է պահում Փեսային տված հավատարմության խոստումը»[51]։