Գլուխ Բ. - Հոդված 3. / Հատված Գ. / բ) Հիսուսի մանկության և ծածուկ կյանքի խորհուրդները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 3. / Հատված Գ. / բ) Հիսուսի մանկության և ծածուկ կյանքի խորհուրդները

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

522. Աստծո Որդու գալուստը աշխարհ մի այնպիսի՜ տարողության իրադարձություն էր, որ Աստված կամեցավ նախապատրաստել այն դարերի ընթացքում։ «Առաջին Ուխտի»[1] ծիսակատարություններն ու զոհաբերությունները, կերպարներն ու խորհրդապատկերները, բոլորն էլ կողմնորոշեց – որպես միակ նպատակակետ – դեպի Քրիստոսը. Նրա գալուստն ավետեց մարգարեների բերանով, ովքեր միմյանց հաջորդում էին Իսրայելում. դրանից բացի, հեթանոսների սրտերում ևս մի խորհրդավոր սպասում վերարթնացրեց այդ գալստյան հանդեպ։

 

523. Սբ. Հովհաննես Մկրտիչը Տիրոջ անմիջական կարապետն էր[2], ով առաքված էր նախապատրաստելու Նրա ճանապարհները[3]։ Լինելով «Բարձրյալի Մարգարեն» (Ղկս 1, 76), բոլոր մարգարեներից ամենամեծն է[4] և վերջինը[5]. նա սկիզբ է տալիս Ավետարանին[6]. ողջունում է Քրիստոսի գալուստը, երբ տակավին իր մոր որովայնի մեջ էր[7], և իր ուրախությունը գտնում է «Փեսայի ընկերը» լինելու մեջ (Հվհ 3, 29), Որին մատնացույց է անում որպես «Աստծո Գառը, [...] որ քավում է աշխարհի մեղքը» (Հվհ 1, 29)։ Նախորդելով Հիսուսին «Եղիայի հոգով ու զորությամբ» (Ղկս 1, 17), Նրան վկայություն է տալիս իր քարոզչությամբ, ապաշխարության իր մկրտությամբ և, վերջում, նաև իր մարտիրոսությամբ[8]։

 

524. Եկեղեցին, ամեն տարի ծիսակատարելով Հինանց շրջանը, հիշատակում և այժմեացնում է Մեսսիայի այս սպասումը. հաղորդության մեջ մտնելով Փրկչի առաջին գալստյան երկարատև նախապատրաստության հետ՝ հավատացյալներն իրենց սրտերից ներս վերարծարծում են Նրա երկրորդ գալստյան բոցավառ իղձը[9]։ Նախակարապետի ծննդյան և մարտիրոսության հիշատակը ծիսակատարելով՝ Եկեղեցին միանում է նրա փափագին. «Նա պետք է աճի, իսկ ես՝ նվազեմ» (Հվհ 3, 30)։

 

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

525. Հիսուսը ծնվեց մսուրի խոնարհության մեջ, մի աղքատ ընտանիքում[10]. համեստ հովիվները եղան այդ իրադարձության առաջին վկաները։ Այս աղքատության մեջ բացահայտվում է Երկնքի փառքը[11]։ Եկեղեցին չի դադարում երգել այդ գիշերվա փառքը.

«Կույսն այսօր ծնում է Հավիտենականին,
և երկիրը քարայր է ընծայում Անհասանելիին։
Հրեշտակներն ու հովիվները օրհներգում են Նրան,
և մոգերն, աստղով առաջնորդված, գալիս են երկրպագելու։
Դու մեր համար ծնվեցիր,
Փոքրիկ Մանկիկ, Աստված հավիտենական»[12]։

 

526. Աստծո հետ ունեցած մեր հարաբերություններում «մանուկների նման դառնալը» Արքայություն մտնելու պայմանն է[13]. սրա համար՝ հարկավոր է խոնարհվել[14], հարկավոր է փոքրանալ. մանավանդ թե, հարկավոր է «ծնվել ի վերուստ» (Հվհ 3, 7), հարկավոր է ծնվել Աստծուց[15], դառնալու համար «Աստծո զավակներ»[16]։ Սուրբ Ծննդյան Խորհուրդը կատարվում է մեր մեջ այն ժամանակ, երբ Քրիստոսը «կազմավորվում է» մեր մեջ[17]։ Սուրբ Ծնունդը այս «զարմանահրաշ փոխանակման» Խորհուրդն է.

«Ո՜վ զարմանահրաշ փոխանակում։ Արարիչը հոգի և մարմին վերցրեց, և ծնվեց Կույսից։ Առանց մարդու միջամտության մարդանալով, պարգևեց մեզ Իր աստվածությունը»[18]։

 

ՀԻՍՈՒՍԻ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

527. Հիսուսի թլփատումը, ծննդից ութ օր անց[19], նշանն է Աբրահամի սերնդին՝ Ուխտի ժողովրդին Իր անդամակցության, Օրենքի առաջ Իր հնազանդության[20], Իսրայելի ծիսակատարություններին մասնակցելու Իր իրավունքի, որը գործադրելու էր Իր ամբողջ կյանքի ընթացքում։ Այս նշանը նախապատկերումն է «Քրիստոսի թլփատության», որը Մկրտությունն է[21]։

 

528. Հայտնությունը Հիսուսի բացահայտումն է որպես Իսրայելի Մեսսիա, Աստծո Որդի և աշխարհի Փրկիչ։ Հորդանանի մեջ Հիսուսի մկրտության և Կանայի հարսանիքի հետ միասին[22], այս Խորհուրդը տոնում է Հիսուսի երկրպագություն ստանալը Արևելքից եկած «մոգերի» կողմից[23]։ Հանձինս այդ «մոգերի», որ ներկայացնում են հարևան երկրների հեթանոս կրոնները, Ավետարանը տեսնում է ազգերի առաջին պտուղները, որոնք Մարդեղության մեջ ընդունում են փրկության Բարի Լուրը։ Մոգերի գալուստը Երուսաղեմ՝ երկրպագելու համար Հրեաների Թագավորին[24], ցույց է տալիս, որ նրանք, Դավթի մեսսիական աստղի լույսի ներքո[25], Իսրայելի մեջ են փնտրում Նրան, Ով լինելու է Ազգերի Արքան[26]։ Նրանց գալուստը նշանակում է, որ հեթանոսները չեն կարող ճանաչել Հիսուսին և երկրպագել Նրան որպես Աստծո Որդի և աշխարհի Փրկիչ, եթե նախ չդիմեն հրեաներին[27] և նրանցից չստանան մեսսիական խոստումը, այնպես՝ ինչպես որ այն պարունակված է Հին Կտակարանի մեջ[28]։ Հայտնության Խորհուրդը ցույց է տալիս, որ «ազգերի վիթխարի բազմությունը» մտնում է «Նահապետների ընտանիքի» մեջ[29] և ստանում է «Իսրայելի զարմին պատկանելու արժանապատվությունը»[30]։

 

529. Տյառնընդառաջը կամ Հիսուսի ընծայումը Տաճարին[31] ցույց է տալիս Նրան որպես Առաջնեկը, որ պատկանում է Տիրոջը[32]։ Հանձինս Սիմեոնի և Աննայի, Իսրայելի ողջ սպասումն է, որ հանդիպման է գալիս իր Փրկչի հետ (այս պատճառով է Արևելյան ավանդության Եկեղեցիներում այս իրադարձությունը կոչվում Տյառնընդառաջ)։ Հիսուսը ճանաչվում է որպես այդքա՜ն երկար սպասված Մեսսիա, «ազգերի լույս» և «Իսրայելի փառք», բայց նաև՝ «նշան հակառակության»։ Մարիամին կանխավ ծանուցված վշտի սուրն ավետում է մյուս ընծայումը, կատարյալն ու եզակին. Խաչի վրա կատարվածը, որով տրվելու էր «Աստծուց բոլոր ժողովուրդների առաջ պատրաստված» փրկությունը։

 

530. Փախուստը Եգիպտոս և անմեղ մանկանց կոտորածը[33] ակնհայտ են դարձնում խավարի դիմադրությունը լույսին. «Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները չընդունեցին Իրեն» (Հվհ 1, 11)։ Քրիստոսի ամբողջ կյանքն իր վրա կրեց հալածանքների կնիքը։ Իր աշակերտները մասնակցում են Իր այս ճակատագրին[34]։ Եգիպտոսից Իր վերադարձը[35] հիշեցնում է Ելքը[36] և Հիսուսին ներկայացնում է որպես վերջնական Ազատագրող։

 

ՀԻՍՈՒՍԻ ԾԱԾՈՒԿ ԿՅԱՆՔԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

531. Իր երկրային կյանքի մեծագույն մասի ընթացքում Հիսուսը կիսեց մարդկանց ճնշող մեծամասնության կենսակերպը. առօրյա գոյություն առանց տեսանելի մեծության, ֆիզիկական աշխատանքների կյանք, հրեական կրոնական կյանք՝ Աստծո Օրենքին ենթակա[37], կյանք հասարակության ներսում։ Այս ամբողջ ժամանակամիջոցի վերաբերյալ մեզ հայտնված է, որ Հիսուսը «ենթակա» էր Իր ծնողներին[38] և որ «աճում էր իմաստությամբ, տարիքով և շնորհով՝ Աստծո և մարդկանց առաջ» (Ղկս 2, 52)։

 

532. Հիսուսն Իր Մոր ու Հայրագրի հանդեպ ցուցաբերած Իր ենթակայությամբ գործադրում էր Չորրորդ Պատվիրանի կատարյալ պահպանումը։ Այդ ենթակայությունը պատկերն էր – ժամանակի մեջ – Իր երկնավոր Հոր հանդեպ Իր որդիական հնազանդության։ Հիսուսի հանապազօրյա ենթակայությունը Հովսեփին ու Մարիամին՝ ավետում և կանխում էր Ավագ Հինգշաբթի օրվա հնազանդությունը. «Ո՛չ [...] իմ կամքը [...] » (Ղկս 22, 42)։ Ամենօրյա ծածուկ կյանքի ընթացքում Քրիստոսի հնազանդությունը արդեն իսկ սկիզբ էր տալիս վերականգնման գործին այն ամենի, ինչը որ կործանվել էր Ադամի անհնազանդությամբ[39]։

 

533. Նազարեթի ծածուկ կյանքը յուրաքանչյուր մարդու թույլ է տալիս հաղորդության մեջ լինելու Հիսուսի հետ առօրյա կյանքի ամենասովորական ու ամենահասարակ արահետների վրա.

«Նազարեթը այն դպրոցն է, ուր սկսում ենք ըմբռնել Հիսուսի կյանքը, այսինքն՝ Ավետարանի դպրոցն է։ [...] Այն մեզ նախևառաջ ուսուցանում է լռությունը։ Ա՜հ, երանի՜ թե վերածնվեր մեր մեջ գիտակցումը լռության արժեքի, որը հոգու զմայլելի ու անհրաժեշտ տարերքն է [...] ։ Այն մեզ ուսուցանում է ընտանիքի մեջ ապրելու կերպը։ Նազարեթը հիշեցնում է մեզ, թե ի՛նչ է ընտանիքը, ի՛նչ է սիրո հաղորդությունը, դրա չարքաշ ու պարզ գեղեցկությունը, դրա սրբազան ու անխզելի բնույթը [...] ։ Ի վերջո, այստեղ տրվում են աշխատանքի դասեր։ Ա՜հ, Նազարեթի օթևան, «հյուսնի Որդու» տուն։ Այստեղ ամեն ինչից ավելի կամենում ենք ըմբռնել և հանդիսավոր կերպով պանծացնել օրենքը մարդկային ջանքի, որն անշուշտ հոգնաշատ է, բայց միաժամանակ՝ փրկարար [...] ։ Եվ վերջում, կամենում ենք ողջունել ամբողջ աշխարհի աշխատավորներին և նրանց առաջ մատնացույց անել իրենց մեծ Բնօրինակին, իրենց Աստվածային Եղբորը»[40]։

 

534. Հիսուսի վերագտնումը Տաճարում[41] միակ իրադարձությունն է, որ խախտում է Հիսուսի ծածուկ կյանքի տարիների մասին Ավետարանների լռությունը։ Հիսուսը թույլ է տալիս, որ այդ իրադարձության մեջ նշմարենք խորհուրդը Իր ամբողջական ընծայման՝ Իր աստվածային որդիությունից բխող առաքելությանը. «Չգիտեի՞ք, որ ես պետք է Հորս գործերով զբաղվեմ» (Ղկս 2, 49)։ Մարիամն ու Հովսեփը այդ պահին «չհասկացան» այս խոսքերը, բայց դրանք հավատքով ընդունեցին, իսկ Մարիամը «բոլոր այդ բաները պահում էր իր սրտում» (Ղկս 2, 51) բոլոր այն տարիների ընթացքում, որոնցում Հիսուսը թաքնված էր մնում ամենապարզունակ կյանքի լռության մեջ։

[1] Հմմտ. Եբր 9, 15
[2] Հմմտ. Գրծ 13, 24։ Կարապետ, այսինքն՝ նախորդող, առջևից քայլող։
[3] Հմմտ. Մտթ 3, 3
[4] Հմմտ. Ղկս 7, 26
[5] Հմմտ. Մտթ 11, 13
[6] Հմմտ. Գրծ 1, 22; Ղկս 16, 16
[7] Հմմտ. Ղկս 1, 41
[8] Հմմտ. Մրկ 6, 17-29
[9] Հմմտ. Հյտ 22, 17
[10] Հմմտ. Ղկս 2, 6-7
[11] Հմմտ. Ղկս 2, 8-20
[12] Սբ. Ռոմանոս Երգեցող, Տաղ 10, Քրիստոսի Սուրբ Ծննդյան, Նախամուտք: SC 110, 50.
[13] Հմմտ. Մտթ 18, 3-4
[14] Հմմտ. Մտթ 23, 12
[15] Հմմտ. Հվհ 1, 13
[16] Հմմտ. Հվհ 1, 12
[17] Հմմտ. Գղտ 4, 19
[18] Հռոմեական Ժամագիրք, Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի տոնի Տաղ. Liturgia delle Ore, v. 1 (Libreria Editrice Vaticana, 1981), p. 466 e 478.
[19] Հմմտ. Ղկս 2, 21
[20] Հմմտ. Գղտ 4, 4
[21] Հմմտ. Կղս 2, 11-13
[22] Հմմտ. Հռոմեական Ժամագիրք, Տիրոջ Աստվածահայտնության տոն, Մաղթանք «Մեծացուսցէ»ից առաջ. Liturgia delle Ore, v. 1 (Libreria Editrice Vaticana, 1981), p. 551.
[23] Հմմտ. Մտթ 2, 1
[24] Հմմտ. Մտթ 2, 2
[25] Հմմտ. Թց 24, 17; Հյտ 22, 16
[26] Հմմտ. Թց 24, 17-19
[27] Հմմտ. Հվհ 4, 22
[28] Հմմտ. Մտթ 2, 4-6
[29] Հմմտ. Սբ. Լևոն Մեծ, Ճառ 33, 3: CCL 138, 173 (PL 54, 242).
[30] Հռոմեական Պատարագամատույց, Աղոթք երրորդ ընթերցումից հետո. Messale Romano (Libreria Editrice Vaticana 1993), p. 171.
[31] Հմմտ. Ղկս 2, 22-39
[32] Հմմտ. Ել 13, 12-13
[33] Հմմտ. Մտթ 2, 13-18
[34] Հմմտ. Հվհ 15, 20
[35] Հմմտ. Մտթ 2, 15
[36] Հմմտ. Ովս 11, 1
[37] Հմմտ. Գղտ 4, 4
[38] Հմմտ. Ղկս 2, 51
[39] Հմմտ. Հռմ 5, 19
[40] Պողոս Վեցերորդ, Քարոզ Նազարեթի «Սուրբ Կույս Մարիամի Ավետման» տաճարում (5 Հունվար 1964): AAS 56 (1964) 167-168.
[41] Հմմտ. Ղկս 2, 41-52
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։