Գլուխ Բ. - Հոդված 3. / Հատված Գ. / գ) Հիսուսի հանրային կյանքի խորհուրդները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 3. / Հատված Գ. / գ) Հիսուսի հանրային կյանքի խորհուրդները

ՀԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

535. Հիսուսի հանրային կյանքի սկիզբը[1] Նրա մկրտությունն է Հովհաննեսի ձեռամբ, Հորդանանի ջրերի մեջ[2]։ Հովհաննեսը քարոզում էր «ապաշխարության մկրտություն մեղքերի թողության համար» (Ղկս 3, 3)։ Մեղավորներից, մաքսավորներից ու զինվորներից[3], փարիսեցիներից ու սադուկեցիներից[4] ու պոռնիկներից[5] կազմված բազմություններ գալիս էին նրա մոտ մկրտվելու։ «Այդ ժամանակ Հիսուսը գնաց»։ Մկրտիչը երկմտում է, Հիսուսը՝ պնդում. ստանում է մկրտությունը։ Այդ ժամանակ Սուրբ Հոգին, աղավնակերպ, իջնում է Հիսուսի վրա և «մի ձայն Երկնքից» ասում է. «Սա՛ է իմ Որդին՝ Սիրելին» (Մտթ 3, 13-17)։ Հիսուսի հայտնությունն է («ἐπιϕάνεια») որպես Իսրայելի Մեսսիա և Աստծո Որդի։

 

536. Հիսուսի մկրտությունը տառապող Ծառայի Իր առաքելության ընդունումն է Իր կողմից ու դրան սկիզբ տալը։ Հիսուսը թողնում է մեղավորների հետ դասել Իրեն[6]. արդեն իսկ «Աստծո Գառն» է, «որ քավում է աշխարհի մեղքը» (Հվհ 1, 29). արդեն իսկ կանխում է «մկրտությունը» Իր արնաթաթախ մահվան[7]։ Արդեն իսկ գալիս է ի կատար ածելու «ամեն արդարություն» (Մտթ 3, 15), այսինքն՝ անմնացորդ կերպով ենթարկվում է Իր Հոր կամքին. հանուն սիրո՝ ընդունում է մահվան մկրտությունը մեր մեղքերի թողության համար[8]։ Այս համակամությանը պատասխանում է Հոր ձայնը, Ով հռչակում է Իր սերը Իր Որդու հանդեպ[9]։ Սուրբ Հոգին, որով Հիսուսը լի էր Իր հղացման պահից ևեթ, հանգչում և «մնում է» Նրա վրա[10]։ Այդուհետև Հիսուսն է լինելու Սուրբ Հոգու աղբյուրը ողջ մարդկության համար։ Իր մկրտության ժամանակ «բացվում է Երկինքը» (Մտթ 3, 16), որ փակվել էր Ադամի մեղքով. ջրերը սրբագործվում են Հիսուսի և Սուրբ Հոգու իջմամբ, որպես նոր արարչության նախերգանք։

 

537. Մկրտությամբ՝ քրիստոնյան խորհրդի զորությամբ պատվաստվում է Հիսուսին, Ով Իր մկրտությամբ կանխում է Իր մահն ու Իր հարությունը. քրիստոնյան պետք է մուտք գործի այս խոնարհ ինքնացածրացման ու զղջման խորհրդից ներս, Հիսուսի հետ սուզվի ջրի մեջ՝ Նրա հետ կրկին վեր բարձրանալու, ջրից և Հոգուց վերածնվելու, դառնալու համար – Որդու մեջ – Հորից սիրված որդի, «ընթանալով նոր կյանքի մեջ» (Հռմ 6, 4).

«Մկրտության միջոցով, Քրիստոսի հետ միասին իջնում ենք գերեզման, այնպես՝ որ կարողանանք նաև հարություն առնել Նրա հետ միասին. իջնում ենք Նրա հետ՝ Նրա հետ նաև կրկին վեր բարձրանալ կարողանալու համար. կրկին վեր ենք բարձրանում Նրա հետ, որպեսզի կարողանանք նաև փառավորվել Նրա հետ միասին»[11]։

«Այն ամենը, ինչը որ կատարվեց Քրիստոսի մեջ, հասկացնում է մեզ, որ ջրի մեջ սուզվելուց հետո՝ Սուրբ Հոգին ճախրելով իջնում է մեր վրա երկնային բարձունքներից, և որ, Հոր Ձայնի կողմից որդեգրվելով, դառնում ենք Աստծո զավակներ»[12]։

 

ՀԻՍՈՒՍԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

538. Ավետարանները պատմում են անապատում Հիսուսի ապրած միայնության ժամանակահատվածի մասին, Հովհաննեսի ձեռամբ մկրտությունն ընդունելուց անմիջապես հետո. «Հոգին մղեց Նրան անապատ» (Մրկ 1, 12), և Նա այնտեղ մնաց քառասուն օր՝ ծոմ պահելով. վայրի գազաններն ընկերակցում էին Նրան, իսկ հրեշտակները՝ ծառայում[13]։ Այս ժամանակահատվածը ավարտվելով՝ սատանան երեք անգամ փորձության ենթարկեց Նրան, ջանալով սասանել Նրա որդիական տրամադրվածությունը Աստծո հանդեպ։ Հիսուսը ետ մղեց այդ հարձակումները, որոնք իրենց մեջ վերաբովանդակում էին Ադամի փորձությունները Դրախտում և Իսրայելի ժողովրդի փորձությունները անապատում։ Եվ սատանան հեռանում է Նրանից, «սահմանված ժամանակին վերադառնալու համար» (Ղկս 4, 13)։

 

539. Ավետարանիչները երևան են հանում այդ խորհրդավոր իրադարձության փրկարար իմաստը։ Հիսուսը նոր Ադամն է, Ով հավատարիմ մնաց, մինչ առաջինը տեղի էր տվել փորձությանը։ Հիսուսը կատարյալ կերպով իրագործում է Իսրայելի կոչումը. տարբերվելով նրանցից, ովքեր անցյալում բորբոքել էին Աստծո զայրույթը անապատում անցկացված քառասուն տարիների ընթացքում[14], Քրիստոսն ընդհակառակը՝ ներկայանում է որպես Աստծո Ծառան, ամեն ինչում հնազանդ աստվածային կամքին։ Այսպես Հիսուսը հաղթեց սատանային. «կապեց զորեղ մարդուն» և նրանից ետ վերցրեց նրա տարած ավարը[15]։ Փորձողի դեմ Հիսուսի հաղթանակը անապատում՝ կանխում է չարչարանքների հաղթանակին, որը Հոր հանդեպ Իր որդիական սիրո գերագույն հնազանդությունն էր։

 

540. Հիսուսի փորձությունը բացահայտում է, թե ինչպիսի՛ն է Աստծո Որդու Մեսսիա լինելու բնույթը, ի հակադրություն սատանայի կողմից Նրան առաջարկվածի, և որը մարդիկ[16] ցանկանում էին վերագրել Նրան։ Սրա համար է, որ Քրիստոսը փորձողին հաղթեց մեր համար. «Իրոք որ, մենք չունենք մի քահանայապետ, որն ընդունակ չէ կարեկցելու մեր տկարություններին, քանի որ Ինքն էլ է փորձվել ամեն ինչում, մեր նման, մեղքից բացի» (Եբր 4, 15)։ Եկեղեցին Քառասնորդացի քառասուն օրերի ժամանակահատվածում ամեն տարի միանում է Հիսուսի անապատում ապրած խորհրդին։

 

«ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ Է»

541. «Հովհաննեսի ձերբակալությունից հետո Հիսուսը գնաց Գալիլեա, քարոզում էր Աստծո Ավետարանը և ասում. ''Ժամանակը լրացել է և Աստծո Արքայությունը մոտ է. դարձի եկեք և հավատացեք Ավետարանին''» (Մրկ 1, 14-15)։ «Քրիստոսը, Հոր կամքը կատարելու համար, երկրի վրա սկիզբ տվեց Երկնքի Արքայությանը»[17]։ Արդ, Հոր կամքն այն է, որ «մարդիկ բարձրանան աստվածային կյանքի մասնակցությանը»[18]։ Իր այս կամքը Հայրը իրագործում է համախմբելով մարդկանց Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի շուրջը։ Հավաքված այս ժողովուրդը Եկեղեցին է, որը երկրի վրա հանդիսանում է Աստծո Արքայության «ծիլն ու սկիզբը»[19]։

 

542. Քրիստոսը «Աստծո ընտանիքի» մեջ մարդկանց այս միավորման կենտրոնն է։ Նա նրանց Իր շուրջն է հավաքում Իր խոսքով, Իր «նշաններով», որոնք ակներև են դարձնում Աստծո Արքայությունը, Իր աշակերտների առաքմամբ։ Նա Իր Արքայության գալուստն իրականացնում է հատկապես Իր Զատիկի մեծ Խորհրդով. խաչի վրա Իր մահը և Իր հարությունը։ «Երբ վեր կբարձրացվեմ երկրի վրա, բոլորին դեպի ինձ կձգեմ» (Հվհ 12, 32)։ «Բոլոր մարդիկ կանչված են Քրիստոսի հետ այս միությանը»[20]։

 

ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԵՏՈՒՄԸ

543. Բոլոր մարդիկ կանչված են մտնելու Արքայության մեջ։ Նախևառաջ Իսրայելի որդիներին ավետված լինելով[21], մեսսիական այս Արքայությունը սահմանված է ընդունելու բոլոր ազգերի մարդկանց[22]։ Արքայությունից ներս մուտք գործելու համար՝ հարկավոր է ընդունել Հիսուսի խոսքը.

«Տիրոջ խոսքն արդարև նմանեցվում է դաշտի մեջ ցանվող սերմին. նրանք, ովքեր այն լսում են հավատքով և պատկանում են Քրիստոսի փոքրիկ հոտին, ընդունել են Աստծո Արքայությունն իսկ. ապա սերմն իր սեփական ուժով ծլարձակում է և աճում մինչև հունձքի ժամանակը»[23]։

 

544. Արքայությունը պատկանում է աղքատներին ու փոքրերին, այսինքն՝ նրանց, ովքեր այն ընդունել են խոնարհ սրտով։ Հիսուսն ուղարկվել է «մի ուրախալի պատգամ ավետելու աղքատներին» (Ղկս 4, 18)[24]։ Նա նրանց հռչակում է երանելի, որովհետև «նրանցն է Երկնքի Արքայությունը» (Մտթ 5, 3). «փոքրերին» Հայրը բարեհաճել է հայտնել այն, ինչը որ ծածկված է մնում գիտուններից ու իմաստուններից[25]։ Հիսուսը աղքատների կյանքով ապրեց, մսուրից մինչև խաչը. գիտի, թե ի՛նչ է քաղցը[26], ծարավն[27] ու չքավորությունը[28]։ Ավելին. Նա հասնում է նույնացնելու Իրեն ամեն տեսակ աղքատների հետ և նրանց հանդեպ գործերով փաստված սերը դնում է որպես պայման՝ Իր Արքայությունից ներս մտնելու համար[29]։

 

545. Հիսուսը մեղավորներին հրավիրում է Արքայության խնջույքին. «Չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին» (Մրկ 2, 17)[30]։ Նրանց Նա հրավիրում է դարձի, առանց որի անհնարին է մտնել Արքայություն, բայց Իր խոսքերի ու վարմունքի մեջ նրանց ցույց է տալիս Հոր անսահման սերն ու ողորմությունը իրենց հանդեպ[31] և այն անսահման «ուրախությունը, որ Երկնքում լինելու է դարձի եկած յուրաքանչյուր մեղավորի համար» (Ղկս 15, 7)։ Այդ սիրո գերագույն ապացույցը տալիս է Ինքը՝ զոհաբերելով Իր սեփական կյանքը «մեղքերի թողության համար» (Մտթ 26, 28)։

 

546. Հիսուսը հրավիրում է Արքայություն մտնել՝ գործածելով առակներ, որոնք Իր ուսուցման բնորոշ տարրն են[32]։ Առակներով հրավիրում է Արքայության խնջույքին[33], բայց պահանջում է նաև մի արմատական ընտրություն. Արքայությունը ձեռքբերելու համար հարկավոր է «վաճառել» ամեն բան[34]. խոսքերը բավական չեն, անհրաժեշտ են գործերը[35]։ Առակները կարծես հայելիներ են մարդու համար. արդյոք Խոսքն ընդունում է անբե՞ր, թե՞ բերրի հողի նման[36]. ինչպե՞ս է գործածում ստացած տաղանդները[37]։ Առակների սրտում քողարկված գտնվում են Հիսուսը և Արքայության ներկայությունը այս աշխարհի մեջ։ Հարկավոր է մտնել Արքայության մեջ, այսինքն՝ Քրիստոսի աշակերտները դառնալ, «ճանաչելու համար Երկնքի Արքայության խորհուրդները» (Մտթ 13, 11)։ Նրանց համար, ովքեր մնում են «դրսում» (Մրկ 4, 11), ամեն բան մութ ու առեղծվածային է մնում[38]։

 

ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ

547. Հիսուսն Իր խոսքերն ընկերակցում էր բազմաթիվ «հրաշքներով, զարմանալի գործերով ու նշաններով» (Գրծ 2, 22), որոնք բացահայտում էին, որ Իր մեջ Արքայությունը ներկա էր։ Փաստում էին, որ Հիսուսը ավետված Մեսսիան էր[39]։

 

548. Հիսուսի կողմից գործված նշանները վկայում են, որ Հայրն է Նրան ուղարկել[40]։ Խրախուսում են հավատալու Նրան[41]։ Նրանց, ովքեր Իրեն դիմում են հավատքով, Նա տալիս է այն, ինչ նրանք խնդրում են[42]։ Այդպիսի դեպքերում հրաշքներն ավելի հաստատահիմն են դարձնում հավատքը Նրա հանդեպ, Ով Իր Հոր գործերն է գործում. վկայում են, որ Նա Աստծո Որդին է[43]։ Բայց կարող են նաև գայթակղության պատճառ դառնալ[44]։ Դրանց նպատակը հետաքրքրասիրության և ինչ որ մի մոգական բանի ցանկության բավարարումը չէ։ Հակառակ Իր այդքա՜ն ակնհայտ հրաշքների, Հիսուսը մերժվում է ոմանց կողմից[45]. մինչև իսկ մեղադրում են Նրան, թե իբր դևերի միջոցով է գործում[46]։

 

549. Որոշ մարդկանց ազատելով երկրային չարիքներից՝ քաղցից[47], անարդարությունից[48], հիվանդությունից ու մահից[49], Հիսուսը մեսսիական նշաններ տվեց։ Նա, սակայն, չէր եկել երկրի երեսից վերացնելու բոլոր չարիքները[50], այլ՝ մարդկանց ազատագրելու ամենածանր ստրկությունից. մեղքի ստրկությունը[51], որը խոչընդոտ է Աստծո զավակներ լինելու նրանց կոչման ճանապարհին և հանդիսանում է նրանց բոլոր ստրկացումների պատճառը։

 

550. Աստծո Արքայության գալուստը սատանայի իշխանության պարտությունն է[52]. «Եթե դևերին հալածում եմ Աստծո Հոգու զորությամբ, ուրեմն անկասկած հասել է ձեր մեջ Աստծո Արքայությունը» (Մտթ 12, 28)։ Հիսուսի կողմից կատարված դիվահալածումները որոշ մարդկանց ազատում էին դևերի պատճառած տվայտանքից[53]։ Կանխում էին Հիսուսի մեծ հաղթանակը «այս աշխարհի իշխանի» դեմ[54]։ Աստծո Արքայությունը վճռական կերպով հաստատվելու էր Քրիստոսի խաչի միջոցով. «Աստված գահ բարձրացավ խաչի վրա»[55]։

 

«ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ»

551. Իր հանրային կյանքի սկզբից ևեթ Հիսուսն ընտրում է տասներկու այրեր, որպեսզի Իր հետ լինեն և մասնակցեն Իր առաքելությանը[56]. նրանց մասնակից է դարձնում Իր հեղինակությունը և նրանց ուղարկում է «ավետելու Աստծո Արքայությունը և բժշկելու հիվանդներին» (Ղկս 9, 2)։ Նրանք ընդմիշտ զուգորդված են մնում Քրիստոսի Արքայությանը, Ով, նրանց միջոցով, առաջնորդում է Եկեղեցին.

«Ես պատրաստում եմ ձեր համար մի Թագավորություն, ինչպես որ Հայրը պատրաստել է այն իմ համար. որպեսզի կարողանաք ուտել և խմել իմ սեղանից իմ Թագավորության մեջ, և բազմելու եք գահի վրա՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին» (Ղկս 22, 29-30)։

 

552. Տասներկուսի խմբի մեջ Սիմոն Պետրոսը զբաղեցնում է առաջին տեղը[57]։ Հիսուսը նրան մի եզակի առաքելություն է վստահել։ Հայր Աստծուց իրեն շնորհված մի հայտնության շնորհիվ Պետրոսը դավանել էր. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո Որդին» (Մտթ 16, 16)։ Այդ ժամանակ մեր Տերը նրան ասել էր. «Դու վեմ ես և այդ վեմի վրա ես կառուցելու եմ իմ Եկեղեցին, և դժոխքի դռները չեն կարողանալու հաղթել նրան» (Մտթ 16, 18)։ Քրիստոսը՝ «կենդանի Վեմը»[58], Պետրոսի վրա հիմնված Իր Եկեղեցուն ապահովում է հաղթանակ մահվան ուժերի դեմ։ Պետրոսը, իր դավանած հավատքի պատճառով, մնալու է Եկեղեցու անկործանելի վեմ-հիմքը։ Կատարելու է հավատքն իր ամբողջականության մեջ պահպանելու և իր եղբայրներին հավատքի մեջ վերահաստատելու առաքելությունը[59]։

 

553. Հիսուսը Պետրոսին մի մասնահատուկ իշխանություն տվեց. «Քեզ եմ տալու Երկնքի Արքայության բանալիները, և այն ամենը, ինչը որ կկապես երկրի վրա, կապված կլինի Երկնքում, և ինչը որ արձակես երկրի վրա, արձակված կլինի Երկնքում» (Մտթ 16, 19)։ «Բանալիների իշխանությունը» մատնանշում է Աստծո տունը՝ Եկեղեցին կառավարելու իշխանությունը։ Հիսուսը՝ «Լավ Հովիվը» (Հվհ 10, 11), հարությունից հետո վերահաստատեց Պետրոսի այդ պաշտոնը. «Հովվի՛ր իմ գառնուկներին» (Հվհ 21, 15-17)։ «Կապելու և արձակելու» իշխանությունը մատնանշում է մեղքերին արձակում տալու, վարդապետության վերաբերյալ վճիռներ և Եկեղեցու ներսում կարգապահական որոշումներ կայացնելու իշխանությունը։ Հիսուսն այս իշխանությունը տվեց Եկեղեցուն՝ Առաքյալների պաշտոնի միջոցով[60], և մասնավոր կերպով Պետրոսին, ով միակն է, որին հստակ կերպով հանձնեց Արքայության բանալիները։

 

ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՍՐԱՀՈՒՄ. ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

554. Այն օրից ի վեր, ինչ Պետրոսը դավանեց, որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդի, Վարդապետը «սկսեց բացահայտ կերպով ասել Իր աշակերտներին, որ պետք է Երուսաղեմ գնար, և շատ տառապեր, [...] և սպանվեր ու երրորդ օրը հարություն առներ» (Մտթ 16, 21)։ Պետրոսն ընդդիմանում է այդ խոսքին[61], մյուսներն ուղղակի չեն հասկանում[62]։ Այդպիսի համատեքստի մեջ է տեղ գտնում Հիսուսի Պայծառակերպության խորհրդավոր դեպքը[63], մի բարձր լեռան վրա, Իր կողմից ընտրված երեք վկաների առաջ. Պետրոսը, Հակոբոսն ու Հովհաննեսը։ Հիսուսի երեսն ու զգեստները սկսում են շողալ փայլակնացայտ լույսով, հայտնվում են Մովսեսն ու Եղիան, որ խոսում են «Նրա վախճանի մասին, որ տեղի էր ունենալու Երուսաղեմում» (Ղկս 9, 31)։ Մի ամպ պատում է նրանց և մի ձայն Երկնքից ասում է. «Դա իմ Որդին է, Ընտրյալը. լսեցե՛ք Նրան» (Ղկս 9, 35)։

 

555. Հիսուսը մի պահ ցույց է տալիս Իր աստվածային փառքը, այդպիսով հաստատելով Պետրոսի դավանությունը։ Նաև հայտնում է, որ «Իր փառքի մեջ մտնելու համար» (Ղկս 24, 26) պետք է խաչի ճանապարհով անցնի Երուսաղեմում։ Մովսեսն ու Եղիան տեսել էին Աստծո փառքը լեռան վրա. Օրենքն ու Մարգարեները կանխավ ավետել էին Մեսսիայի տառապանքները[64]։ Հիսուսի չարչարանքներն իսկապես համապատասխանում են Հոր կամքին. Որդին գործում է որպես Աստծո Ծառան[65]։ Ամպը մատնանշում է Սուրբ Հոգու ներկայությունը. «Հայտնվեց ամբողջ Երրորդությունը. Հայրը ձայնի մեջ, Որդին՝ մարդու, Հոգին՝ լուսեղեն ամպի»[66]։

«Պայծառակերպվեցիր լեռան վրա և, որքան որ կարող էին, աշակերտներդ տեսան փառքդ, Քրիստո՜ս Աստված, որպեսզի երբ տեսնեին Քեզ խաչված, հասկանային, որ խաչելությունդ կամովին էր, և ավետեին աշխարհին, որ Դու ճշմարտապես Հոր ճառագայթումն ես»[67]։

 

556. Հանրային կյանքի սեմին՝ Մկրտությունը, Զատկի սեմին՝ Պայծառակերպությունը։ Հիսուսի մկրտությամբ «ակնհայտ դարձվեց առաջին վերածնության խորհուրդը». մեր Մկրտությունը։ Պայծառակերպությունը «խորհուրդն է երկրորդ վերածնության». մեր Հարությունը[68]։ Մենք արդեն իսկ մասնակցում ենք Տիրոջ Հարությանը շնորհիվ Սուրբ Հոգու, որ գործում է Քրիստոսի Մարմնի խորհրդի մեջ։ Պայծառակերպությունն ընծայում է մեզ մի նախաճաշակ՝ Քրիստոսի փառահեռ գալստյան, որը «փոխակերպելու է մեր թշվառ մարմինը՝ այն կերպարանակից դարձնելու համար Իր փառավոր մարմնին» (Փլպ 3, 21)։ Բայց նաև հիշեցնում է մեզ, որ «հարկավոր է բազմաթիվ նեղությունների միջով անցնել՝ Աստծո Արքայություն մտնելու համար» (Գրծ 14, 22).

«Պետրոսը դեռ չէր հասկանում, թե ի՛նչ էր ասում, երբ լեռան վրա փափագ էր հայտնում ապրել Քրիստոսի հետ[69]։ Այդ երանությունը, ո՜վ Պետրոս, Քրիստոսը քո համար վերապահել է մահիցդ հետո։ Հիմա, մինչդեռ, Նա Ինքն ասում է քեզ. ''Իջի՛ր ճիգ ու ջանքով աշխատելու երկրի վրա, ծառայելու երկրի վրա, արհամարհվելու, խաչվելու երկրի վրա''։ Կյանքը երկիր իջավ սպանվելու, Հացը՝ քաղցելու, Ճանապարհը՝ քայլքի հոգնությունը զգալու, Աղբյուրը՝ ծարավելու։ Իսկ դու հրաժարվո՞ւմ ես տառապել»[70]։

 

ՀԻՍՈՒՍԻ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ

557. «Մինչ լրանալու մոտ էին այն օրերը, երբ Նա վերցվելու էր աշխարհից, վճռակամորեն ուղղվեց դեպի Երուսաղեմ» (Ղկս 9, 51)[71]։ Այս որոշմամբ՝ Նա ցույց էր տալիս, որ գնում էր Երուսաղեմ՝ պատրաստ մեռնելու։ Երեք անգամ կանխավ ավետել էր Իր չարչարանքներն ու Իր հարությունը[72]։ Ուղղվելով դեպի Երուսաղեմ, ասում է. «Անհնարին է, որ մի մարգարե մեռնի Երուսաղեմից դուրս» (Ղկս 13, 33)։

 

558. Հիսուսը հիշատակում է մարգարեների մարտիրոսությունը, որոնք սպանվել էին Երուսաղեմում[73]։ Այդուհանդերձ, սակայն, չի հրաժարվում Երուսաղեմին հորդորելուց՝ հավաքվելու Իր շուրջը. «Քանի՜ անգամ կամեցա ի մի հավաքել քո զավակներին, ինչպես հավն է իր ճուտիկներին հավաքում իր թևերի տակ, բայց դուք չցանկացաք» (Մտթ 23, 37)։ Երբ հեռվից տեսնում է Երուսաղեմը, Հիսուսը ողբում է քաղաքի վրա[74] և ևս մեկ անգամ հայտնում է Իր սրտի փափագը. «Երանի՜ թե դու էլ հասկանայիր այսօր խաղաղության ճանապարհը։ Բայց այն այլևս թաքցվեց քո աչքերից» (Ղկս 19, 42)։

 

ՀԻՍՈՒՍԻ ՄԵՍՍԻԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ

559. Երուսաղեմն ինչպե՞ս էր ընդունելու իր Մեսսիային։ Իրեն թագավոր դարձնելու ժողովրդի փորձերից միշտ խուսափած լինելուց հետո[75], Հիսուսն ընտրում է ժամանակը և մանրամասնորեն պատրաստում է Իր մեսսիական մուտքը «Դավթի՝ Իր հոր» քաղաք (Ղկս 1, 32)[76]։ Հռչակվում է «Դավթի Որդի», «Նա, Ով փրկություն է բերում» («Օվսաննա՜» նշանակում է «Օ՜հ այո՛, փրկի՜ր մեզ», «Տո՜ւր մեզ փրկությունը»)։ Արդ, «փառքի Թագավորը» (Սղմ 24, 7-10) մտնում է Իր քաղաք՝ ավանակի վրա հեծած (Զքր 9, 9). Նա Սիոնի Դստերը՝ Իր Եկեղեցու պատկերին, չի նվաճում ո՛չ խորամանկությամբ, ո՛չ էլ բռնությամբ, այլ՝ խոնարհությամբ, որը վկայում է ճշմարտությանը[77]։ Դրա համար է, որ այդ օրվա ընթացքում Իր Արքայության գործուն դերակատարները մանուկներն էին[78] և «Աստծո աղքատները», որոնք հռչակում էին Իրեն՝ ինչպես հրեշտակները հովիվներին[79]։ Նրանց բացականչությունը՝ «Օրհնյա՜լ է Նա, Ով գալիս է Տիրոջ Անունով» (Սղմ 118, 26), Եկեղեցին երգում է «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ» օրհներգի մեջ, Գոհաբանական Պատարագի ժամանակ, որպես մուտք և ներածություն Տիրոջ Զատկի հիշատակմանը։

 

560. Հիսուսի մուտքը Երուսաղեմ հռչակում է գալուստը Արքայության, որը Մեսսիա-Թագավորը պատրաստվում է իրականացնել Իր մահվան ու հարության Զատիկով։ Հիսուսի Երուսաղեմ մուտքի ծիսակատարմամբ՝ Ծաղկազարդի Կիրակի օրը, Եկեղեցու Ծեսը սկիզբ է տալիս Ավագ Շաբաթվան։

[1] Հմմտ. Ղկս 3, 23
[2] Հմմտ. Գրծ 1, 22
[3] Հմմտ. Ղկս 3, 10-14
[4] Հմմտ. Մտթ 3, 7
[5] Հմմտ. Մտթ 21, 32
[6] Հմմտ. Ես 53, 12
[7] Հմմտ. Մրկ 10, 38; Ղկս 12, 50
[8] Հմմտ. Մտթ 26, 39
[9] Հմմտ. Ղկս 3, 22; Ես 42, 1
[10] Հմմտ. Հվհ 1, 32-33; Ես 11, 2
[11] Սբ. Գրիգոր Նազիանզացի, Ճառ 40, 9: SC 358, 216 (PG 36, 369).
[12] Սբ. Հիլարիուս Պիկտավիումացի, Մեկնություն Մատթեոսի Ավետարանի, 2, 6: SC 254, 110 (PL 9, 927).
[13] Հմմտ. Մրկ 1, 13
[14] Հմմտ. Սղմ 95, 10
[15] Հմմտ. Մրկ 3, 27
[16] Հմմտ. Մտթ 16, 21-23
[17] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 3: AAS 57 (1965) 6.
[18] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 2: AAS 57 (1965) 5-6.
[19] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 5: AAS 57 (1965) 8.
[20] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 3: AAS 57 (1965) 6.
[21] Հմմտ. Մտթ 10, 5-7
[22] Հմմտ. Մտթ 8, 11; 28, 19
[23] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 5: AAS 57 (1965) 7.
[24] Հմմտ. Ղկս 7, 22
[25] Հմմտ. Մտթ 11, 25
[26] Հմմտ. Մրկ 2, 23-26; Մտթ 21, 18
[27] Հմմտ. Հվհ 4, 6-7; 19, 28
[28] Հմմտ. Ղկս 9, 58
[29] Հմմտ. Մտթ 25, 31-46
[30] Հմմտ. 1Տմ 1, 15
[31] Հմմտ. Ղկս 15, 11-32
[32] Հմմտ. Մրկ 4, 33-34
[33] Հմմտ. Մտթ 22, 1-14
[34] Հմմտ. Մտթ 13, 44-45
[35] Հմմտ. Մտթ 21, 28-32
[36] Հմմտ. Մտթ 13, 3-9
[37] Հմմտ. Մտթ 25, 14-30
[38] Հմմտ. Մտթ 13,10-15
[39] Հմմտ. Ղկս 7, 18-23
[40] Հմմտ. Հվհ 5, 36; 10, 25
[41] Հմմտ. Հվհ 10, 38
[42] Հմմտ. Մրկ 5, 25-34; 10, 52; և այլն.
[43] Հմմտ. Հվհ 10, 31-38
[44] Հմմտ. Մտթ 11, 6
[45] Հմմտ. Հվհ 11, 47-48
[46] Հմմտ. Մրկ 3, 22
[47] Հմմտ. Հվհ 6, 5-15
[48] Հմմտ. Ղկս 19, 8
[49] Հմմտ. Մտթ 11, 5
[50] Հմմտ. Ղկս 12, 13-14; Հվհ 18, 36
[51] Հմմտ. Հվհ 8, 34-36
[52] Հմմտ. Մտթ 12, 26
[53] Հմմտ. Ղկս 8, 26-39
[54] Հմմտ. Հվհ 12, 31
[55] Սբ. Վենանցիուս Ֆոռտունատուս, Օրհներգ « Թագավորի դրոշը »: MGH 1/4/1, 34 (PL 88, 96).
[56] Հմմտ. Մրկ 3, 13-19
[57] Հմմտ. Մրկ 3, 16; 9, 2; Ղկս 24, 34; 1Կր 15, 5
[58] Հմմտ. 1Պտ 2, 4
[59] Հմմտ. Ղկս 22, 32
[60] Հմմտ. Մտթ 18, 18
[61] Հմմտ. Մտթ 16, 22-23
[62] Հմմտ. Մտթ 17, 23; Ղկս 9, 45
[63] Հմմտ. Մտթ 17, 1-8 և զուգահեռ հատվածները; 2Պտ 1, 16-18
[64] Հմմտ. Ղկս 24, 27
[65] Հմմտ. Ես 42, 1
[66] Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ աստվածաբանություն, III, q. 45, a. 4, ad 2: Ed. Leon. 11, 433.
[67] Բյուզանդական Ծես, Պայծառակերպության տոնի շարական. « Μηναῖα τοῦ ὅλου ἐνιαυτοῦ », v. 6 (Roma 1901) p. 341.
[68] Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ աստվածաբանություն, III, q. 45, a. 4, ad 2: Ed. Leon. 11, 433.
[69] Հմմտ. Ղկս 9, 33
[70] Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Ճառ 78, 6: PL 38, 492-493.
[71] Հմմտ. Հվհ 13, 1
[72] Հմմտ. Մրկ 8, 31-33; 9, 31-32; 10, 32-34
[73] Հմմտ. Մտթ 23, 37ա
[74] Հմմտ. Ղկս 19, 41
[75] Հմմտ. Հվհ 6, 15
[76] Հմմտ. Մտթ 21, 1-11
[77] Հմմտ. Հվհ 18, 37
[78] Հմմտ. Մտթ 21, 15-16; Սղմ 8, 3
[79] Հմմտ. Ղկս 19, 38; 2, 14
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։