Գլուխ Բ. - Հոդված 4. / Հատված Ա. - ՀԻՍՈՒՍԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 4. / Հատված Ա. - ՀԻՍՈՒՍԸ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ

574. Հիսուսի հանրային գործունեության սկզբից ևեթ մի քանի փարիսեցիներ ու հերովդեսականներ, մի քանի քահանաների ու օրենսգետների հետ միասին, համաձայնության էին եկել սպանելու Նրան[1]։ Իր որոշ գործերի համար (դիվահալածումներ[2], մեղքերի ներում[3], շաբաթ օրով կատարված բժշկումներ[4], իրավական մաքրությանը վերաբերվող պատվիրանների սեփական մեկնաբանություն[5], մաքսավորների ու բացահայտ կերպով մեղավոր հանդիսացող անձանց հետ մտերմություն[6]) Հիսուսը որոշ չարամիտների թվացել էր դիվահարության մեջ կասկածելի[7]։ Նրան մեղադրում էին Աստծո դեմ պղծախոսության[8] և կեղծ մարգարեության մեջ[9]. կրոնական ոճիրներ, որոնք Օրենքը պատժում էր մահվամբ՝ քարկոծության միջոցով[10]։

 

575. Հիսուսի գործերից ու խոսքերից շատերը, հետևաբար, «հակառակության նշան»[11] են եղել Երուսաղեմի կրոնական իշխանությունների համար, որոնց Հովհաննեսի Ավետարանը հաճախ անվանում է «Հրեաները»[12]. ավելի նրանց, քան թե Աստծո հասարակ ժողովրդի համար[13]։ Անկասկած, փարիսեցիների հետ ունեցած Նրա հարաբերությունները հիմնված չէին բացառապես հակաճառությունների վրա։ Կային որոշ փարիսեցիներ, որ Նրան տեղյակ էին պահում հնարավոր դավադրությունների մասին[14]։ Հիսուսը գովում է նրանցից ոմանց, ինչպես Մրկ 12, 34 հատվածի օրենսգետին, և բազմաթիվ անգամներ ճաշում է փարիսեցիների տանը[15]։ Հիսուսը հաստատում է Աստծո ժողովրդի կրոնական այս ընտրանու ուսմունքի կետերից շատերը. մեռյալների հարությունը[16], բարեպաշտության կերպերը (ողորմություն, աղոթք և պահեցողություն)[17], և Աստծուն որպես Հայր դիմելու սովորությունը, Աստծո ու մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի կենտրոնականությունը[18]։

 

576. Իսրայելում շատերի աչքին թվում էր, թե Հիսուսը գործում էր ընտրյալ ժողովրդի հիմնական գաղափարականների դեմ.

– Հնազանդությունը Օրենքին՝ դրա գրի առնված պատվիրանների ամբողջականության և, փարիսեցիների համաձայն, բանավոր ավանդության մեկնաբնության մեջ.

– Երուսաղեմի Տաճարի կենտրոնականությունը, որպես սուրբ վայր, ուր Աստված բնակվում է առանձնաշնորհյալ կերպով.

– Միակ Աստծո հանդեպ հավատքը, Ում փառքին չի կարող մասնակցել մարդկանցից ոչ մեկը։

[1] Հմմտ. Մրկ 3, 6
[2] Հմմտ. Մտթ 12, 24
[3] Հմմտ. Մրկ 2, 7
[4] Հմմտ. Մրկ 3, 1-6
[5] Հմմտ. Մրկ 7, 14-23
[6] Հմմտ. Մրկ 2, 14-17
[7] Հմմտ. Մրկ 3, 22; Հվհ 8, 48; 10, 20
[8] Հմմտ. Մրկ 2, 7; Հվհ 5, 18; 10, 33
[9] Հմմտ. Հվհ 7, 12; 7, 52
[10] Հմմտ. Հվհ 8, 59; 10, 31
[11] Հմմտ. Ղկս 2, 34
[12] Հմմտ. Հվհ 1, 19; 2, 18; 5, 10; 7, 13; 9, 22; 18, 12; 19, 38; 20, 19
[13] Հմմտ. Հվհ 7, 48-49
[14] Հմմտ. Ղկս 13, 31
[15] Հմմտ. Ղկս 7, 36; 14, 1
[16] Հմմտ. Մտթ 22, 23-34; Ղկս 20, 39
[17] Հմմտ. Մտթ 6, 2-18
[18] Հմմտ. Մրկ 12, 28-34
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։