Գլուխ Բ. - Հոդված 4. / Հատված Ա. / ա) Հիսուսը և Օրենքը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 4. / Հատված Ա. / ա) Հիսուսը և Օրենքը

577. Հիսուսը մի հանդիսավոր ճշգրտում կատարեց Լեռան Քարոզի սկզբում, երբ Նոր Ուխտի շնորհի լույսի ներքո ներկայացրեց Առաջին Ուխտի ժամանակ Սինայ Լեռան վրա Աստծո կողմից տրված Օրենքը.

«Մի՛ կարծեք, թե եկել եմ Օրենքն ու Մարգարեներին ջնջելու. չեմ եկել ջնջելու, այլ՝ լրացնելու։ Ճշմարիտ եմ ասում. քանի դեռ չեն անցել երկինքն ու երկիրը, ոչ մի հովտ կամ նշանագիր չի անցնի Օրենքից, մինչև որ չկատարվի։ Ով որ, ուրեմն, այս պատվիրաններից նույնիսկ փոքրագույնը զանց կառնի և այդպես կուսուցանի մարդկանց, փոքրագույն կլինի Երկնքի Արքայության մեջ։ Իսկ ով որ կգործադրի և այդպես կուսուցանի մարդկանց, մեծ կլինի Երկնքի Արքայության մեջ» (Մտթ 5, 17-19)։

 

578. Հիսուսը՝ Իսրայելի Մեսսիան, հետևաբար՝ ամենամեծը Երկնքի Արքայության մեջ, պարտավորությունն ուներ պահելու Օրենքը՝ այն իր ամբողջականության մեջ գործադրելով, զանց չառնելով անգամ փոքրագույն պատվիրանները, Իր իսկ խոսքերի համաձայն։ Եվ Ինքը նաև միակն է, որ կարողացավ կատարյալ կերպով կատարել դա[1]։ Հրեաները, ինչպես որ իրենք իսկ խոստովանում են, երբեք չեն կարողացել պահել Օրենքը իր ամբողջականության մեջ, առանց զանց առնելու պատվիրաններից որևէ մեկը[2]։ Այս պատճառով է, որ ամեն տարի, Քավության տոնին, Իսրայելի որդիները ներում են հայցում Աստծուց՝ Օրենքի նկատմամբ իրենց զանցառումների համար։ Իրոք, Օրենքը մեկ ամբողջական միություն է հանդիսանում, և, ինչպես հիշեցնում է Հակոբոս Առաքյալը, «ով ամբողջ Օրենքը գործադրի, բայց միայն մեկ կետ զանց առնի, հանցավոր է դառնում ամբողջի դեմ» (Հկբ 2, 10)[3]։

 

579. Օրենքի ամբողջական գործադրման սկզբունքը – դրա ո՛չ միայն տառի, այլ նաև՝ հոգու համաձայն – հոգեհարազատ էր փարիսեցիներին։ Ուժգին կերպով ընդգծելով սա Իսրայելի համար, նրանք Հիսուսի ժամանակվա հրեաներից շատերին հասցրել էին կրոնական ծայրահեղ եռանդի[4]։ Իսկ սա, եթե չէր ցանկանում «կեղծավոր» բարոյապաշտության վերածվել[5], ուրիշ ոչինչ չէր կարող անել, եթե ո՛չ միայն՝ պատրաստել ժողովրդին Աստծո այն չլսված միջամտությանը, որ լինելու էր Օրենքի կատարյալ գործադրումը միակ Արդարի կողմից, բոլոր մեղավորների փոխարեն[6]։

 

580. Օրենքի կատարյալ գործադրումը կարող էր գործը լինել միմիայն աստվածային Օրենսդրի, Ով ծնվել էր Օրենքի տակ, Որդու Անձի մեջ[7]։ Հիսուսի հետ՝ Օրենքն այլևս քանդակված չէ քարե տախտակների վրա, այլ՝ գրված է Ծառայի «հոգու» և «սրտի» մեջ (Երմ 31, 33). Ծառայի, Ով հռչակելով «իրավունքը հաստատությամբ» (Ես 42, 3)՝ դառնում է «ժողովրդի ուխտը» (Ես 42, 6)։ Հիսուսը գործադրում է Օրենքը այն աստիճան, որ մինչև իսկ Իր վրա է վերցնում «Օրենքի անեծքը»[8], որի տակ ընկնում էին նրանք, ովքեր հավատարիմ չէին մնացել «Օրենքի գրքում գրված բոլոր պատվիրաններին»[9]։ Իսկապես, Քրիստոսի մահը միջամտեց «Առաջին Ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար» (Եբր 9, 15)։

 

581. Հրեաների և նրանց հոգևոր առաջնորդների կողմից Հիսուսն անվանվում էր «ռաբբի»[10]։ Նա հաճախ էր գործածում փաստարկումներ, որոնք մաս էին կազմում Օրենքի ռաբբինական մեկնաբանությանը[11]։ Բայց միևնույն ժամանակ, Հիսուսը չէր կարող զայրույթ չպատճառել հրեա օրենսգետներին. հիրավի, Նա չէր սահմանափակվում Իր մեկնաբանությունը նրանց մեկնաբանությունների կողքին դնելով. Նա «ուսուցանում էր որպես մեկը, ով իշխունություն ունի, և ո՛չ թե ինչպես նրանց օրենսգետները» (Մտթ 7, 29)։ Հանձինս Հիսուսի, Աստծո նույն Խոսքն է, որ Սինայի գագաթին հնչել էր՝ Մովսեսին գրված Օրենքը տալու համար, որ կրկին լսվում է Երանությունների լեռան լանջին[12]։ Այս Խոսքն անվավեր չի հռչակում Օրենքը, այլ՝ այն հասցնում է կատարելության, աստվածային եղանակով տալով դրա վերջնական մեկնաբանությունը. «Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. [...] ։ Բայց ես ձեզ ասում եմ. [...] » (Մտթ 5, 33-34)։ Աստվածային այս նույն իշխանությամբ՝ Հիսուսն անվավեր էր հռչակում փարիսեցիներին հոգեհարազատ որոշ «մարդկային ավանդույթներ»[13], որոնք արժեզրկում էին Աստծո Խոսքը[14]։

 

582. Ավելի անդին մղվելով, Հիսուսը ամբողջացնում է կերակուրների ծիսական մաքրության վերաբերյալ Օրենքը, որը շա՜տ կարևոր էր հրեաների առօրյա կյանքում, աստվածային մեկնաբանությամբ քողազերծելով այդ պատվիրանի «մանկավարժական»[15] իմաստը. «Այն ամենը, որ մտնում է մարդու մեջ դրսից, չի կարող պղծել նրան։ [...] Այդպիսով սուրբ էր հռչակում բոլոր ուտելիքները։ [...] Այն, ինչը որ դուրս է գալիս մարդուց, դա՛ է, որ պղծում է նրան։ Իրոք որ, ներսից, այսինքն՝ մարդու սրտից են դուրս գալիս չար մտադրությունները» (Մրկ 7, 18-21)։ Աստվածային հեղինակությամբ տալով Օրենքի վերջնական մեկնաբանությունը՝ Հիսուսը դիմադրության հանդիպեց Օրենքի որոշ վարդապետների կողմից, որոնք չէին ընդունում Իր մեկնաբանությունը, թեև այն երաշխավորված էր աստվածային նշաններով, որոնք ընկերակցում էր նրան[16]։ Սա վավերական է հատկապես շաբաթ օրվա խնդրի վերաբերյալ. Հիսուսը հիշեցնում էր, հաճախ ռաբբինական փաստարկներ գործածելով[17], որ շաբաթ օրվա հանգիստը չի խախտվում Աստծուն[18] կամ մերձավորին[19] մատուցված ծառայությամբ. ծառայություն, որ ընծայում էին Իր կողմից կատարված բժշկումները։

[1] Հմմտ. Հվհ 8, 46
[2] Հմմտ. Հվհ 7, 19; Գրծ 13, 38-41; 15, 10
[3] Հմմտ. Գղտ 3, 10; 5, 3
[4] Հմմտ. Հռմ 10, 2
[5] Հմմտ. Մտթ 15, 3-7; Ղկս 11, 39-54
[6] Հմմտ. Ես 53, 11; Եբր 9, 15
[7] Հմմտ. Գղտ 4, 4
[8] Հմմտ. Գղտ 3, 13
[9] Հմմտ. Գղտ 3, 10
[10] Հմմտ. Հվհ 11, 28; 3, 2; Մտթ 22, 23-24.34-36
[11] Հմմտ. Մտթ 12, 5; 9, 12; Մրկ 2, 23-27; Ղկս 6, 6-9; Հվհ 7, 22-23
[12] Հմմտ. Մտթ 5, 1
[13] Հմմտ. Մրկ 7, 8
[14] Հմմտ. Մրկ 7, 13
[15] Հմմտ. Գղտ 3, 24
[16] Հմմտ. Հվհ 5, 36; 10, 25.37-38; 12, 37
[17] Հմմտ. Մրկ 2, 25-27; Հվհ 7, 22-24
[18] Հմմտ. Մտթ 12, 5; Թց 28, 9
[19] Հմմտ. Ղկս 13, 15-16; 14, 3-4
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։