Գլուխ Բ. - Հոդված 4. / Հատված Ա. / բ) Հիսուսը և Տաճարը
583. Հիսուսը, ինչպես որ Իրենից առաջ մարգարեները, ամենախորին հարգանքն էր դրսևորում Երուսաղեմի Տաճարի հանդեպ։ Իր ծննդից քառասուն օր հետո, Հովսեփի և Մարիամի կողմից ներկայացվել էր Տաճար[1]։ Տասներկու տարեկան հասակում որոշել էր Տաճարում մնալ՝ հիշեցնելու համար Իր ծնողներին, որ Ինքը պետք է Իր Հոր գործերով զբաղվեր[2]։ Ամեն տարի այցելում էր Տաճար, առնվազն Զատիկին, Իր ծածուկ կյանքի տարիներին[3]. Իր հանրային գործունեությունը նույնպես ծավալվում էր հրեական մեծ տոների կապակցությամբ դեպի Երուսաղեմ կատարված ուխտագնացությունների ռիթմով[4]։
584. Հիսուսն այցելում էր Տաճար որպես Աստծո հետ հանդիպման առանձնաշնորհյալ վայր։ Նրա համար Տաճարն Իր Հոր օթևանն էր, աղոթքի մի տուն, և զայրույթով էր բռնվում, երբ տեսնում էր, որ Տաճարի արտաքին բակը վերածվել էր շուկայի[5]։ Երբ Տաճարից վռնդում է վաճառականներին, դա անում է Իր Հոր հանդեպ նախանձախնդիր սիրուց մղված. «''Հորս տունը շուկայի մի՛ վերածեք''։ Աշակերտները հիշեցին, որ գրված է. ''Տանդ հանդեպ նախանձախնդրությունը լափում է ինձ'' (Սղմ 69, 10)» (Հվհ 2, 16-17)։ Իր հարությունից հետո էլ՝ Առաքյալները կրոնական հարգանք պահպանեցին Տաճարի հանդեպ[6]։
585. Իր չարչարանքների նախաշեմին, սակայն, Հիսուսը ծանուցեց կործանումը այդ հոյակերտ շինության, որից չէր մնալու քար քարի վրա[7]։ Այդպիսով ավետեց վերջին ժամանակների նշաններից մեկի կատարումը. վերջին ժամանակների, որոնք ուր որ է սկսվելու էին Իր Զատիկով[8]։ Բայց այս մարգարեությունը խեղաթյուրված կերպով ներկայացվեց կեղծ վկաների կողմից՝ քահանայապետի առաջ Նրա հարցաքննության ժամանակ[9], և կրկնվեց որպես նախատինք՝ մինչ Նա գամված էր խաչին[10]։
586. Տաճարի հանդեպ թշնամաբար տրամադրված լինելուց հեռու[11], – որտեղ Նա քարոզեց Իր ուսմունքի էական մասը[12], – Հիսուսը կամեցավ վճարել Տաճարի հարկը՝ միանալով Պետրոսին[13], ում որպես հիմք էր կարգել այն հասարակության համար, որը լինելու էր Իր Եկեղեցին[14]։ Է՛լ ավելին. Նա Ինքն Իրեն նույնացրեց Տաճարի հետ՝ ներկայանալով որպես մարդկանց մեջ Աստծո վերջնական բնակատեղի[15]։ Սրա համար է, որ Իր Մարմնի սպանումը[16] ծանուցում է Տաճարի կործանումը. կործանում, որից հետո մարդկությունը մուտք էր գործելու փրկության պատմության մի նոր հանգրվանից ներս. «Հասել է ժամը, երբ ո՛չ այս լեռան վրա և ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեք Հորը» (Հվհ 4, 21)[17]։