Գլուխ Բ. - Հոդված 4. / Հատված Բ. - ՀԻՍՈՒՍԸ ՄԵՌԱՎ ԽԱՉՎԱԾ / ա) Հիսուսի դատավարությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 4. / Հատված Բ. - ՀԻՍՈՒՍԸ ՄԵՌԱՎ ԽԱՉՎԱԾ / ա) Հիսուսի դատավարությունը

ՀՐԵԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՍՈՒՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

595. Երուսաղեմի կրոնական իշխանությունների շարքերում միայն փարիսեցի Նիկոդեմոսն[1] ու երևելի Հովսեփ Արիմաթեացին չէին, որ ծածուկ կերպով աշակերտել էին Հիսուսին[2], այլ՝ Նրա շուրջը երկար ժամանակ տիրում էին զանազան տարաձայնություններ[3], այն աստիճան, որ Հովհաննես Ավետարանիչը Նրա չարչարանքների նախօրեին կարողանում է վկայել. «Իշխանավորների միջից էլ շատերը հավատացին Նրան» (Հվհ 12, 42)։ Սա ոչնչով զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Հոգեգալստից շատ չանցած՝ «մեծ թվով քահանաներ հարում էին հավատքին» (Գրծ 6, 7) և «փարիսեցիներից ոմանք դարձել էին հավատացյալ» (Գրծ 15, 5), այն աստիճան, որ Հակոբոս Առաքյալը կարողանում է Պողոս Առաքյալին ասել. «Տեսնո՞ւմ ես, Եղբայր, քանի՜ հազարավոր հրեաներ են դարձի եկել հավատքի և բոլորն էլ նախանձախնդիր կերպով պահում են Օրենքը» (Գրծ 21, 20)։

 

596. Երուսաղեմի կրոնական իշխանությունները միակարծիք չէին Հիսուսի հանդեպ որդեգրվելիք դիրքորոշման հարցում[4]։ Հիսուսի հետևորդներին փարիսեցիները սպառնում էին ժողովարաններից արտաքսումով[5]։ Նրանց, ովքեր վախենում էին, թե՝ «Բոլորն ահա՛ հավատալու են Նրան և հռոմեացիները գալու և կործանելու են մեր Սուրբ Վայրն ու մեր ազգը» (Հվհ 11, 48), Կայիաֆաս քահանայապետն առաջարկեց՝ մարգարեանալով. «Ավելի լավ է, որ միայն մի մարդ մեռնի ժողովրդի համար և ամբողջ ազգը չբնաջնջվի» (Հվհ 11, 50)։ Ատյանը, Հիսուսին «մահվան արժանի» հայտարարելով [6] իբրև սրբապղծություն գործած մեկը, բայց կորցրած լինելով մահապատժի ենթարկելու իրավունքը[7], Հիսուսին հանձնեց հռոմեացիներին՝ մեղադրելով Նրան քաղաքական ապստամբության մեջ[8]. մի զրպարտություն, որը Հիսուսին նույնացնում էր «խռովարար» Բարաբբայի հետ (Ղկս 23, 19)։ Ինչպես նաև՝ քաղաքական սպառնալիքներ կիրառելով է, որ քահանայապետները Պիղատոսին ստիպում են մահվան դատապարտել Հիսուսին[9]։

 

ՀՐԵԱՆԵՐՆ ԱԶԳՈՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ

597. Հաշվի առնելով Հիսուսի դատավարության պատմական բարդությունը, այնպես՝ ինչպես որ այն նկարագրված է ավետարանական պատմություններում, և ինչի՛ մեջ էլ որ կարող է կայացած լինել անձնական մեղքը նրանց, ովքեր այդ դատավարության դերակատարներն են եղել (Հուդան, Ատյանը, Պիղատոսը), ինչը որ միայն Աստծուն է հայտնի, չի կարելի դրա պատասխանատվությունը բարդել Երուսաղեմի բոլոր հրեաների վրա, հակառակ քահանայապետների կողմից կառավարված ամբոխի աղաղակներին[10] և այն հավաքական հանդիմանություններին, որ պարունակված են դարձի գալու կոչերի մեջ, Հոգեգալստից հետո[11]: Հիսուսն Ինքը, ներելով խաչի վրայից[12], և Պետրոսը՝ հետևելով Նրա օրինակին, ճանաչեցին Երուսաղեմի հրեաների և նաև նրանց իշխանավորների «անգիտությունը»[13]: Է՛լ ավելի չի կարելի, մեկնելով ամբոխի աղաղակներից, թե. «Դրա արյունը մեր և մեր զավակների վրա թող լինի» (Մտթ 27, 25), – որը պարզապես որոշումը վավերացնող բանաձև է[14] – , պատասխանատվությունը տարածել ուրիշ ժամանակներում և ուրիշ վայրերում ապրող հրեաների վրա.

Եկեղեցին իրավացիորեն հայտարարեց Վատիկանյան Երկրորդ Ժողովի ընթացքում. «Այն, ինչը որ կատարվեց Չարչարանքների ժամանակ, չի կարող անխտիր կերպով վերագրվել ո՛չ այն ժամանակ ապրող բոլոր հրեաներին, ո՛չ էլ մեր ժամանակվա հրեաներին: [...] Հրեաները չպետք է ներկայացվեն ո՛չ իբրև Աստծուց մերժվածներ, ո՛չ էլ իբրև անիծվածներ, կարծես թե դա բխում է Աստվածաշնչից»[15]:

 

ԲՈԼՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏՃԱՌ ԵՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻՆ

598. Եկեղեցին – իր հավատքի վարդապետության և իր սրբերի վկայության մեջ – երբեք չի մոռացել, որ «յուրաքանչյուր անհատ մեղավոր իսկապես պատճառ և գործիք է հանդիսանում» Աստվածային Փրկչի «տառապանքների համար»[16]: Հաշվի առնելով այն փաստը, որ մեր մեղքերը խոցում են նույն Ինքն Քրիստոսին[17], Եկեղեցին չի վարանում նաև քրիստոնյաներին վերագրել Հիսուսի չարչարանքների ամենածանր պատասխանատվությունը. մի պատասխանատվություն, որը նրանք շատ հաճախ բարդել են միայն հրեաների վրա.

«Հստակ է, որ ավելի ծանր կերպով հանցավոր են նրանք, ովքեր ավելի հաճախ են ընկնում մեղքի մեջ: Եթե, իրոք, մեր հանցանքերը Քրիստոսին ենթարկեցին խաչի տառապանքներին, նրանք, ովքեր ընկղմվում են ամբարշտության մեջ, կրկին խաչում են Աստծո Որդուն, յուրաքանչյուրն իր չափով, և ծաղրում են Նրան, գործելով մի ոճիր, որն առավել ծանր է իրենց մեջ, քան հրեաների: Նրանք, իսկապես, ինչպես որ հաստատում է Պողոս Առաքյալը, ''եթե ճանաչած լինեին Նրան, չէին խաչի փառքի Տիրոջը'' (1Կր 2, 8): Մենք՝ քրիստոնյաներս, մինչդեռ, դավանելով հանդերձ, թե ճանաչում ենք Նրան, փաստացի ուրանում ենք Նրան մեր գործերով և Նրա դեմ ենք բարձրացնում բռնությամբ ու մեղքով կեղտոտված մեր ձեռքերը»[18]:

«Եվ ո՛չ իսկ դևերը Նրան խաչեցին, այլ՝ դու էիր, որ նրանց հետ միասին խաչեցիր Նրան, և դեռ շարունակում ես խաչել Նրան, երբ թավալվում ես մոլությունների ու մեղքերի մեջ»[19]:

[1] Հմմտ. Հվհ 7, 50
[2] Հմմտ. Հվհ 19, 38-39
[3] Հմմտ. Հվհ 9, 16-17; 10, 19-21
[4] Հմմտ. Հվհ 9, 16; 10, 19
[5] Հմմտ. Հվհ 9, 22
[6] Հմմտ. Մտթ 26, 66
[7] Հմմտ. Հվհ 18, 31
[8] Հմմտ. Ղկս 23, 2
[9] Հմմտ. Հվհ 19, 12.15.21
[10] Հմմտ. Մրկ 15, 11
[11] Հմմտ. Գրծ 2, 23. 36; 3, 13-14; 4, 10; 5, 30; 7, 52; 10, 39; 13, 27-28; 1Թղ 2, 14-15
[12] Հմմտ. Ղկս 23, 34
[13] Հմմտ. Գրծ 3, 17
[14] Հմմտ. Գրծ 5, 28; 18, 6
[15] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հայտ. Մեր դարաշրջանում, 4: AAS 58 (1966) 743.
[16] Հռոմեական կրոնուսույց, 1, 5, 11: ed. P. Rodriguez (Città del Vaticano-Pamplona 1989), p. 64; հմմտ. Եբր 12, 3
[17] Հմմտ Մտթ 25, 43, Գրծ 9, 4-5
[18] Հռոմեական կրոնուսույց, 1, 5, 11: ed. P. Rodriguez (Città del Vaticano-Pamplona 1989), p. 64.
[19] Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացի, Հորդորներ, 5, 3: Opuscula sancti Patris Francisci Assisiensis, ed. C. Esser (Grottaferrata 1978), p. 66.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։