
Գլուխ Բ. - Հոդված 4. / Հատված Բ. / բ) Քրիստոսի ազատարար մահը փրկության աստվածային ծրագրերում
«ՔՐԻՍՏՈՍԸ ԽԱՉՎԵՑ ԱՍՏԾՈ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ»
599. Հիսուսի բռնի մահը պատահականության հետևանք չի եղել՝ պարագաների անհաջող ընթացքի արդյունքում: Այն պատկանում է Աստծո ծրագրի խորհրդին, ինչպես որ բացատրում է Պետրոս Առաքյալը Երուսաղեմի հրեաներին, Հոգեգալստյան օրվա իր առաջին քարոզից իսկ սկսած. «Նա ձեր ձեռքը հանձնվեց Աստծո նախասահմանված ծրագրի և նախագիտության համաձայն» (Գրծ 2, 23): Արտահայտվելու աստվածաշնչյան սույն կերպը չի նշանակում, թե նրանք, ովքեր «հանձնեցին» Հիսուսին[1], սոսկ կրավորական կատարողներն էին դեպքերի մի ընթացքի, որը նախապես որոշվել էր Աստծո կողմից:
600. Ժամանակի բոլոր պահերը ներկա են Աստծուն իրենց այժմեության մեջ: Նա հաստատեց, հետևաբար, «նախասահմանման» Իր հավիտենական ծրագիրը՝ ներառնելով այնտեղ յուրաքանչյուր մարդու կողմից Իր շնորհին տրված ազատ պատասխանը. «Իսկապես, Քո Սուրբ Ծառայի՝ Հիսուսի դեմ, որին Դու օծեցիր որպես Քրիստոս, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսն ու Պոնտացի Պիղատոսը, հեթանոսների և Իսրայելի ժողովուրդների հետ միասին[2], անելու համար այն, ինչը որ Քո ձեռքը և Քո կամքը նախապես կարգավորել էին, որ կատարվի» (Գրծ 4, 27-28): Աստված թույլատրեց, որ կատարվեին այն գործերը, որոնք բխում էին նրանց կուրությունից[3], փրկության Իր ծրագիրն ի կատար ածելու նպատակով[4]:
«ՄԵՌԱՎ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԻ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ԳՐՎԱԾՔՆԵՐԻ»
601. Որպես զոհ ընծայվող «Արդար Ծառայի»[5] մահվան միջոցով ի կատար ածվող փրկության աստվածային այս ծրագիրը նախապես ավետվել էր Սրբազան Գրվածքներում որպես համընդհանուր փրկության մի խորհուրդ, այսինքն՝ մի փրկագնում, որը մարդկանց ազատում է մեղքի ստրկությունից[6]: Պողոս Առաքյալը դավանում է, – հավատքի մի դավանությամբ, որի վերաբերյալ ասում է, թե այն «ստացել է»[7], – որ «Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար, ըստ Գրվածքների» (1Կր 15, 3)[8]: Հիսուսի փրկարար մահն ի կատար է ածում հատկապես Տառապող Ծառայի մասին մարգարեությունը[9]: Հիսուսն Ինքը, Իր կյանքի և Իր մահվան իմաստը ներկայացնում էր Տառապող Ծառայի կերպարի լույսի ներքո[10]: Հարությունից հետո, Նա Գրվածքների վերաբերյալ այս մեկնաբանությունը տվեց Էմմաուսի աշակերտներին[11], ապա Առաքյալներին իսկ[12]:
«ԱՍՏՎԱԾ ՆՐԱՆ ՄԵՂՔ ԴԱՐՁՐԵՑ ՄԵՐ ՀԱՄԱՐ»
602. Պետրոս Առաքյալը կարող էր, հետևաբար, այս կերպ բանաձևել փրկության աստվածային ծրագրի հանդեպ առաքելական հավատքը. «Ձեր հայրերից ժառանգած ձեր սին վարքից ազատվեցիք [...] Քրիստոսի թանկագին արյամբ, որպես անթերի ու անարատ գառան: Նա նախասահմանված էր, աշխարհի հիմնումից առաջ արդեն, բայց հայտնվեց վերջին ժամանակներում ձեր համար» (1Պտ 1, 18-20): Մարդկանց մեղքերը, որոնք սկզբնական մեղքի հետևանքներն են, պատժված են մահվամբ[13]: Իր սեփական Որդուն ծառայի վիճակի մեջ ուղարկելով[14], որը անկյալ և մեղքի պատճառով մահվան սահմանված մարդկության վիճակն է[15], «Նա, ով մեղք չէր ճանաչել, Աստված Նրա հետ իբրև մեղքի հետ վարվեց՝ ի նպաստ մեր, որպեսզի մենք կարողանայինք դառնալ, Նրա՛ միջոցով, Աստծո արդարություն» (2Կր 5, 21):
603. Հիսուսը մեղքի պարսավանքն ու դատապարտությունը չճանաչեց այնպես, կարծես անձամբ Ինքն էր մեղանչել[16], այլ՝ այն փրկարար սիրո մեջ, որով Ինքը մշտապես միացած էր մնում Հորը[17], Նա ստանձնեց մեզ՝ մեղքի պատճառով Աստծուց մեր բաժանվածության մեջ, այն աստիճան, որ խաչի վրա կարողացավ մեր անունից ասել. «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Մրկ 15, 34)[18]: Նրան այսքա՜ն համերաշխ դարձրած լինելով մեր՝ մեղավորներիս հետ, «Աստված չխնայեց Իր սեփական Որդուն, այլ՝ ընծայեց Նրան մեր բոլորիս համար» (Հռմ 8, 32), որպեսզի մենք «հաշտվեինք Իր հետ՝ Իր Որդու մահվան միջոցով» (Հռմ 5, 10):
ԱՍՏԾՈՒՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՐԿՈՂ ՍԻՐՈ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
604. Իր Որդուն մեր մեղքերի համար զոհաբերելով՝ Աստված ցույց է տալիս, որ մեր վերաբերյալ Իր ծրագիրը բարյացակամ սիրո ծրագիր է, որ գալիս է մեր կողմից հնարավոր որևէ արժանիքից առաջ. «Սրա մեջ է կայանում սերը. ո՛չ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ՝ Ինքն է, որ սիրեց մեզ և Իր Որդուն ուղարկեց որպես քավության զոհ մեր մեղքերի համար» (1Հվհ 4, 10)[19]: «Աստված փաստում է մեր հանդեպ ունեցած Իր սերը, որովհետև, մինչ մենք տակավին մեղավորներ էինք, Քրիստոսը մեռավ մեր համար» (Հռմ 5, 8):
605. Այս սերն առանց բացառությունների է. Հիսուսն ընդգծեց դա կորած ոչխարի մասին առակի ավարտին. «Այսպես էլ ձեր երկնավոր Հայրը չի կամենում, որ այս փոքրիկներից և ո՛չ իսկ մեկը կորստյան մատնվի» (Մտթ 18, 14): Նա հաստատում է, որ Իր կյանքն ընծայաբերում է «շատերի փրկության համար» (Մտթ 20, 28). այս վերջին արտահայտությունը սահմանափակող չափանիշ չէ, այլ՝ մեկը մյուսի դիմաց է դնում մարդկության ամբողջությունը և Փրկչի միակ Անձը[20], Ով ընծայվում է՝ մարդկության փրկության համար: Եկեղեցին, Առաքյալներին հետևելով[21], ուսուցանում է, որ Քրիստոսը մեռել է բոլորի համար առանց բացառության. «Գոյություն չունի, գոյություն չի ունեցել և գոյություն չի ունենա մի մարդ, որի համար Քրիստոսը չարչարված չլինի»[22]: