![](https://mashtoz.org/storage/files/aa975bb03394e7cde199a1a56010bbc7.jpg)
Գլուխ Բ. - Հոդված 5. / Հատված Բ. / բ) Հարությունը Ամենասուրբ Երրորդության գործն է
648. Քրիստոսի հարությունը հավատքի նյութ է, քանի որ Աստծո իսկ անդրանցական միջամտություններից մեկն է արարչության և պատմության մեջ: Նրանում, աստվածային երեք Անձերը գործում են միասին, և միաժամանակ՝ դրսևորում են Իրենց սեփական հատկությունները: Քրիստոսի հարությունը կատարվել է Հոր զորությամբ, Ով «հարություն է տվել» Քրիստոսին՝ Իր Որդուն (Գրծ 2, 24), և այդպես՝ Նրա մարդկային բնությունը, Նրա մարմնի հետ, կատարյալ կերպով ներածել է Երրորդության մեջ: Հիսուսը մեկընդմիշտ «Աստծո Որդի է կարգվել զորությամբ, սրբագործման Հոգու համաձայն, մեռելներից հարության միջոցով» (Հռմ 1, 4): Պողոս Առաքյալը պնդում է Աստծո զորության դրսևորման վրա[1], որ կատարվել է Հոգու ներգործությամբ, Ով կենագործել է Հիսուսի մահացած մարդկային բնությունը և այն կանչել է Տեր լինելու փառահեղ վիճակին:
649. Ինչ վերաբերվում է Որդուն, Նա գործում է Իր սեփական հարությունը Իր աստվածային զորության ուժով: Հիսուսը նախապես ծանուցել էր, որ մարդու Որդին պետք է շատ տառապեր, մեռներ և ապա հարություն առներ (բայի ներգործական իմաստով)[2]: Մի ուրիշ տեղում հստակ կերպով հաստատում է. «Ես ընծայաբերում եմ իմ կյանքը, հետո այն կրկին վերցնելու համար. [...] իշխանությունն ունեմ ընծայաբերելու այն և իշխանությունն ունեմ այն կրկին վերցնելու» (Հվհ 10, 17-18): «Մենք հավատում ենք, [...] որ Հիսուսը մեռել և հարություն է առել» (1Թղ 4, 14):
650. Հայրերը դիտում են հարությանը՝ Քրիստոսի աստվածային Անձից մեկնելով, Ով միացած մնաց Իր հոգուն և Իր մարմնին, որոնք միմյանցից բաժանվել էին մահվան պատճառով. «Մարդու երկու մասերից յուրաքանչյուրի մեջ միշտ ներկա մնացող աստվածային բնության հետ միության շնորհիվ՝ այդ երկուսը կրկին միանում են: Այսպիսով, մահը տեղի է ունենում, երբ մարդկային բաղադրությունը բաժանվում է, իսկ հարությունը՝ երբ բաժանված երկու մասերը կրկին միանում են»[3]: