Գլուխ Բ. - Հոդված 7. - «ԱՅՆՏԵՂԻՑ ԳԱԼՈՒ Է ԴԱՏԵԼՈՒ ՈՂՋԵՐԻՆ ՈՒ ՄԵՌԱԾՆԵՐԻՆ» / ա) «Նա վերադառնալու է փառքով» – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 7. - «ԱՅՆՏԵՂԻՑ ԳԱԼՈՒ Է ԴԱՏԵԼՈՒ ՈՂՋԵՐԻՆ ՈՒ ՄԵՌԱԾՆԵՐԻՆ» / ա) «Նա վերադառնալու է փառքով»

ՔՐԻՍՏՈՍՆ ԱՐԴԵՆ ԹԱԳԱՎՈՐՈՒՄ Է ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻՋՈՑՈՎ ...

668. «Սրա համար Քրիստոսը մեռավ և վերադարձավ կյանքի. որպեսզի մեռյալների ու ողջերի Տերը լինի» (Հռմ 14, 9): Քրիստոսի համբարձումը Երկինք՝ նշանակում է Իր մասնակցությունը, Իր մարդկային բնությամբ, Աստծո իսկ զորությանն ու իշխանությանը: Հիսուս Քրիստոսը Տեր է. Նա Իր ձեռքերում է պահում ամբողջ իշխանությունը Երկնքում և երկրի վրա: Նա «բոլոր իշխանություններից ու հեղինակություններից, բոլոր զորություններից ու տերություններից վեր է», որովհետև Հայրը «ամեն բան հպատակեցրել է Նրա ոտքերի տակ» (Եփս 1, 21-22): Քրիստոսը տիեզերքի Տերն է[1] և պատմության Տերը: Նրա մեջ մարդու պատմությունը, ինչպես և ողջ արարչությունը, գտնում են իրենց «վերաբովանդակումը»[2], իրենց անդրանցական կատարումը:

 

669. Որպես Տեր, Քրիստոսը նաև Գլուխն է Եկեղեցու, որն Իր խորհրդավոր Մարմինն է[3]: Երկինք բարձրացած և փառավորված, այդպիսով լիովին կատարած լինելով Իր առաքելությունը, Նա շարունակում է մնալ երկրի վրա, Իր Եկեղեցու մեջ: Փրկագործությունն է աղբյուրը այն իշխանության, որը Քրիստոսը, Սուրբ Հոգու զորությամբ, կիրառում է Եկեղեցու վրա[4], որը «Քրիստոսի թագավորությունն է, որն արդեն իսկ ներկա է որպես խորհուրդ»[5]: Եկեղեցին «այդ թագավորության ծիլը և սկիզբն է երկրի վրա»[6]:

 

670. Համբարձումից հետո, Աստծո ծրագիրը մտել է իր կատարման վերջին փուլի մեջ: Մենք արդեն գտնվում ենք «վերջին ժամի» մեջ (1Հվհ 2, 18)[7]: «Հետևաբար, մեր համար արդեն հասել է ժամանակների վերջին փուլը և աշխարհի վերանորոգումն անհետսկոչելի կերպով սահմանվել է, և որոշակի կերպով իսկապես կանխավ ներկա է դարձվել այս աշխարհում: Իրոք, Եկեղեցին երկրի վրա արդեն զարդարված է թեև թերի, բայց ճշմարիտ սրբությամբ»[8]: Քրիստոսի Արքայությունն արդեն իսկ դրսևորում է իր ներկայությունը հրաշալի նշանների միջոցով[9], որոնք ընկերանում են Եկեղեցու կողմից նրա ավետմանը[10]:

 

... ՍՊԱՍՄԱՆ ՄԵՋ, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՀՊԱՏԱԿԵՑՎԻ ԻՐԵՆ

671. Իր Եկեղեցու մեջ արդեն իսկ ներկա լինելով հանդերձ, Քրիստոսի թագավորությունն իր լրմանը դեռ չի հասել «զորությամբ և մեծ փառքով» (Ղկս 21, 27)[11], երկրի վրա Արքայի վերադարձի միջոցով: Այս թագավորությունը տակավին հարձակումների է ենթարկվում ամբարիշտ ուժերի կողմից[12], թեև դրանք արմատական կերպով հաղթվել են Քրիստոսի մահով և հարությամբ: Մինչև այն պահը, երբ ամեն բան կհպատակեցվի Իրեն[13], «քանի դեռ չեն հաստատվել նոր երկինքն ու նոր երկիրը, որոնց մեջ կբնակվի արդարությունը, պանդուխտ Եկեղեցին – իր խորհուրդների և իր հիմնարկների մեջ, որոնք պատկանում են ներկա աշխարհակարգին – կրում է այս աշխահի վաղանցուկ կերպարանքը և ապրում է արարածների մեջ, որոնք հեծեծանքի ու երկունքի ցավերի մեջ են մինչև այսօր, և սպասում են Աստծո որդիների հայտնությանը[14]»: Այս պատճառով է, որ քրիստոնյաներն աղոթում են, հատկապես Գոհաբանական Պատարագի ժամանակ[15], արագացնելու համար Քրիստոսի վերադարձը[16], ասելով. «Ե՜կ, Տեր» (Հյտ 22, 20)[17]:

 

672. Համբարձումից առաջ Քրիստոսը հաստատեց, որ ժամանակը դեռ չի հասել՝ փառահեղ կերպով հաստատելու համար Իսրայելի կողմից սպասված մեսսիական թագավորությունը[18]. մի թագավորություն, որը բոլոր մարդկանց համար բերելու էր – մարգարեների համաձայն[19] – արդարության, սիրո և խաղաղության վերջնական աշխարհակարգը: Ներկա ժամանակը, Տիրոջ համաձայն, ժամանակն է Հոգու և վկայության[20], բայց նաև՝ մի ժամանակ է, որն իր վրա տակավին կրում է կարիքի[21] և չարիքի փորձության կնիքը[22], որը չի խնայում Եկեղեցուն[23] և սկիզբ է տալիս վերջին ժամանակների մաքառումներին[24]: Սպասման և հսկումի ժամանակ է[25]:

 

ՔՐԻՍՏՈՍԻ ՓԱՌԱՀԵՂ ԳԱԼՈՒՍՏԸ՝ ԻՍՐԱՅԵԼԻ ՀՈՒՅՍԸ

673. Համբարձումից հետո, Քրիստոսի փառահեղ վերադարձը մոտ է[26], թեև մեզ «տրված չէ իմանալ ժամանակներն ու պահերը, որոնք Հայրը վերապահել է Իր ընտրությանը» (Գրծ 1, 7)[27]: Վախճանաբանական այս գալուստը կարող է տեղի ունենալ որևէ պահի[28], թեև դա և վերջին փորձությունը, որ դրան նախորդելու է, հանդիպում են «խոչընդոտների»[29]:

 

674. Փառահեղ Մեսսիայի գալուստը պատմության որևէ պահին կախված է[30] «ամբողջ Իսրայելի» կողմից Նրա ճանաչումից (Հռմ 11, 26)[31]. դա ուշանում է Հիսուսի հանդեպ «հավատքի պակասի» մեջ (Հռմ 11, 20) նրանց մի մասի կարծրանալու պատճառով[32]: Հոգեգալստից հետո, Պետրոս Առաքյալը Երուսաղեմի հրեաներին ասում է. «Զղջացե՛ք, ուրեմն, և բարեփոխեցե՛ք ձեր կյանքը, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն և այդպիսով կարողանան հասնել Տիրոջ կողմից մխիթարության ժամանակները, և Նա ուղարկի Նրան, Ում սահմանել էր լինել ձեր համար Մեսսիան, այսինքն՝ Հիսուսին: Նա պետք է ընդունված մնա Երկնքում, մինչև բոլոր գոյությունների վերանորոգման ժամանակները, ինչպես որ Աստված ասել է հնուց ի վեր, Իր սուրբ մարգարեների բերանով» (Գրծ 3, 19-21): Եվ Պողոս Առաքյալը նույնպես արձագանքում է նրան. «Եթե, արդարև, նրանց մերժումը աշխարհի հաշտեցումը նշանակեց, ի՞նչ կլինի, ուրեմն, նրանց վերստին ընդունումը, եթե ո՛չ՝ մեռելներից հարություն» (Հռմ 11, 15): Հրեաների «ամբողջական մասնակցութունը» մեսսիական փրկությանը[33], հեթանոսների ամբողջական մասնակցությունից հետո[34], Աստծո Ժողովրդին թույլ կտա հասնել «Քրիստոսի լիակատար հասունությանը» (Եփս 4, 13), երբ «Աստված ամեն ինչ կլինի ամեն ինչի մեջ» (1Կր 15, 28):

 

ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐՋԻՆ ՆԵՂՈՒԹՅՈՒՆԸ

675. Քրիստոսի գալստից առաջ Եկեղեցին անցնելու է մի վերջին փորձության միջով, որը սասանելու է բազմաթիվ հավատացյալների հավատքը[35]: Հալածանքները, որոնք երկրի վրա ուղեկցում են Եկեղեցու ուխտագնացությանը[36], քողազերծելու են «ամբարշտության խորհուրդը» կրոնական խաբեության կերպարանքի ներքո, որը մարդկանց ընծայելու է իրենց խնդիրների երևութական լուծում, վճարել տալով ճշմարտության ուրացմամբ: Կրոնական մեծագույն խաբեությունը լինելու է Հակաքրիստոսինը, այսինքն՝ մի կեղծ մեսսիականություն, որի հետևորդները փառավորելու են իրենք իրենց՝ Աստծո և մարմնով եկած Իր Մեսսիայի փոխարեն[37]:

 

676. Հակաքրիստոսական այս խաբեությունն արդեն իսկ ուրվագծվում է աշխարհում ամեն անգամ, երբ մարդիկ հավակնում են պատմության ներսում իրագործել մեսսիական հույսը, որը չի կարող իր լրմանը հասնել, եթե ո՛չ միայն՝ պատմությունից անդին, Վախճանաբանական Դատաստանի միջոցով: Գալիք թագավորության այս կեղծումը Եկեղեցին մերժել է նաև դրա մեղմացված տարբերակի ներքո, որ ներկայանում է «միլլենարիզմ» անվան տակ[38], հատկապես՝ երբ այն ընդունում է «էապես այլասերված»[39], ապակրոնականացած մեսսիանականության քաղաքական կերպարանք:

 

677. Այս վերջին Զատիկի միջով անցնելով է միայն, որ Եկեղեցին կկարողանա մտնել Արքայության փառքի մեջ. վերջին Զատիկ, որի ժամանակ Եկեղեցին կհետևի Իր Տիրոջը Նրա մահվան ու հարության մեջ[40]: Արքայությունը չի հաստատվելու, հետևաբար, Եկեղեցու պատմական հաղթանակի միջոցով[41], դեպի վեր սլացող առաջխաղացման համաձայն, այլ՝ չարի վերջին սանձարձակման դեմ Աստծո հաղթանակի միջոցով[42], Ով Երկնքից իջնել կտա Իր Հարսին[43]: Չարի ապստամբության դեմ Աստծո հաղթանակը կստանա Վերջին Դատաստանի կերպարանքը[44], այս անցողիկ աշխարհի վերջին տիեզերական խռովումից հետո[45]:

[1] Հմմտ. Եփս 4, 10; 1Կր 15, 24.27-28
[2] Հմմտ. Եփս 1, 10
[3] Հմմտ. Եփս 1, 22
[4] Հմմտ. Եփս 4, 11-13
[5] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 3: AAS 57 (1965) 6.
[6] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 5: AAS 57 (1965) 8.
[7] Հմմտ. 1Պտ 4, 7
[8] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 48: AAS 57 (1965) 53.
[9] Հմմտ. Մրկ 16, 17-18
[10] Հմմտ. Մրկ 16, 20
[11] Հմմտ. Մտթ 25, 31
[12] Հմմտ. 2Թղ 2, 7
[13] Հմմտ. 1Կր 15, 28
[14] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 48: AAS 57 (1965) 53.
[15] Հմմտ. 1Կր 11, 26
[16] Հմմտ. 2Պտ 3, 11-12
[17] Հմմտ. 1Կր 16, 22; Հյտ 22, 17
[18] Հմմտ. Գրծ 1, 6-7
[19] Հմմտ. Ես 11, 1-9
[20] Հմմտ. Գրծ 1, 8
[21] Հմմտ. 1Կր 7, 26
[22] Հմմտ. Եփս 5, 16
[23] Հմմտ. 1Պտ 4, 17
[24] Հմմտ. 1Հվհ 2, 18; 4, 3; 1Տմ 4, 1
[25] Հմմտ. Մտթ 25, 1-13, Մրկ 13, 33-37
[26] Հմմտ. Հյտ 22, 30
[27] Հմմտ. Մրկ 13, 32
[28] Հմմտ. Մտթ 24, 44; 1Թղ 5, 2
[29] Հմմտ. 2Թղ 2, 3-12
[30] Հմմտ. Հռմ 11, 31
[31] Հմմտ. Հռմ 11, 26; Մտթ 23, 39
[32] Հմմտ. Հռմ 11, 25
[33] Հմմտ. Հռմ 11, 12
[34] Հմմտ. Հռմ 11, 25; Ղկս 11, 24
[35] Հմմտ. Ղկս 18, 8; Մտթ 24, 12
[36] Հմմտ. Ղկս 21, 12; Հվհ 15, 19-20
[37] Հմմտ. 2Թղ 2, 4-12; 1Թղ 5, 2-3; 2Հվհ 7; 1Հվհ 2, 18.22
[38] Հմմտ. Հավատքի Վարդապետության Ժողով, Վճռագիր միլլենարիզմի մասին (19 Հուլիս 1944)։ DS 3839.
[39] Հմմտ. Պիուս Տասնմեկերորդ, Կոնդակ «Աստվածային Փրկչի խոստումը» (19 Մարտ 1937): AAS 29 (1937) 65-106, ուր դատապարտվում է այս «խոնարհների փրկության կեղծման» «խարդախ միստիցիզմը» (էջ 69); Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հով. Սահմ. Բերկրանք և Հույս, 20-21: AAS 58 (1966) 1040-1042.
[40] Հմմտ. Հյտ 19, 1-9
[41] Հմմտ. Հյտ 13, 8
[42] Հմմտ. Հյտ 20, 7-10
[43] Հմմտ. Հյտ 21, 2-4
[44] Հմմտ. Հյտ 20, 12
[45] Հմմտ. 2Պտ 3, 12-13
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։