
Գլուխ Բ. - Հոդված 7. / բ) Դատելու ողջերին ու մեռածներին
678. Ինչպես երբեմն մարգարեները[1] և Հովհաննես Մկրտիչը[2], Հիսուսն Իր քարոզչության մեջ հռչակեց Վերջին Օրվա Դատաստանը: Այդ ժամանակ ի լույս պիտի հանվեն յուրաքանչյուր մարդու գործերը[3] և սրտերի գաղտնիքները[4]: Այդ ժամանակ դատապարտվելու է հանցավոր անհավատությունը, որն ամբողջական արհամարհանքով է պատասխանել Աստծուց ընծայված շնորհին[5]: Մերձավորի հանդեպ ցուցաբերված դիրքորոշումը հայտնի կդարձնի, թե տվյալ անձն ընդունել կամ մերժել է շնորհը և աստվածային սերը[6]: Հիսուսն ասելու է վերջին օրը. «Ամեն անգամ, որ այս բաներն արեցիք իմ այս ամենափոքր եղբայրներից գոնե մեկի համար, ի՛մ համար արեցիք» (Մտթ 25, 40):
679. Քրիստոսը հավիտենական կյանքի Տերն է: Մարդկանց գործերն ու սրտերը վերջնական կերպով դատելու լիակատար իրավունքը պատկանում է Նրան, քանի որ Ինքն է աշխարհի Փրկիչը: Նա այս իրավունքը «ձեռք է բերել» Իր խաչով: Նաև Հայրը «ամեն դատաստան հանձնել է Որդուն» (Հվհ 5, 22)[7]: Արդ, Որդին չի եկել դատելու, այլ՝ փրկելու[8] և պարգևելու կյանքը, որն Իր մեջ է[9]: Ներկա կյանքի ընթացքում շնորհի մերժման արդյունքում է, որ յուրաքանչյուր ոք արդեն իսկ դատում է ինքն իրեն[10], ստանում է իր գործերի համաձայն[11] և կարող է նաև հավիտյան դատապարտվել՝ մերժելով սիրո Հոգին[12]: