Գլուխ Գ. - Հոդված 11. / բ) Մեռնել ի Քրիստոս Հիսուս
1005. Քրիստոսի հետ հարություն առնելու համար՝ հարկավոր է Քրիստոսի հետ մեռնել, հարկավոր է «դուրս գալ մարմնից և բնակվել Տիրոջ մոտ» (2Կր 5, 8): Այս «արձակման»[1] մեջ, որ մահն է, հոգին բաժանվում է մարմնից: Կրկին միանալու է իր մարմնին՝ մեռելների հարության օրը[2]:
ՄԱՀԸ
1006. «Մահվան դիմաց, մարդկային վիճակի առեղծվածը հասնում է գերագույն աստիճանի»[3]: Մի կողմից, մարմնական մահը բնական է, բայց հավատքի համար՝ մահն իրականում «մեղքի վարձն» է (Հռմ 6, 23)[4]: Իսկ նրանց համար, ովքեր մեռնում են Քրիստոսի շնորհի մեջ, մասնակցություն է Տիրոջ Մահվանը, մասնակցել կարողանալու համար նաև Իր Հարությանը[5]:
1007. Մահը երկրային կյանքի ավարտն է: Մեր կյանքերը չափվում են ժամանակով, որի ընթացքում մենք փոխվում ենք, ծերանում և, ինչպես որ երկրի բոլոր կենդանի էակների պարագան է, մահը ներկայանում է որպես կյանքի բնական ավարտը: Մահվանը այս տեսանկյունից դիտելը ահազանգ է հնչեցնում մեր կյանքերի համար. հիրավի, մեր մահկանացու լինելու փաստի մտաբերումը ծառայում է նաև հիշեցնելու մեզ, որ միայն մեկ սահմանափակ ժամանակ ունենք՝ իրագործելու համար մեր գոյությունը:
«Հիշի՛ր Արարչիդ երիտասարդությանդ օրերում, [...] քանի դեռ փոշին չի վերադարձել երկրին, ո՛ւր որ գտնվում էր առաջ, և հոգին չի վերադարձել Աստծուն, Ով տվել է այն» (Ժղվ 12, 1.7):
1008. Մահը մեղքի հետևանքներից է: Աստվածաշնչի[6] և Ավանդության հաստատումների վավերական մեկնաբանողը հանդիսանալով, Եկեղեցու Վարդապետությունն ուսուցանում է, որ մահը մուտք է գործել աշխարհ մարդու մեղքի պատճառով[7]: Թեև մարդը մահկանացու բնություն ուներ, Աստված նրան սահմանել էր չմահանալու: Մահը, հետևաբար, հակառակ էր Արարիչ Աստծո ծրագրերին և աշխարհ մտավ որպես մեղքի հետևանք[8]: «Մարմնական մահը, որից մարդը զերծ պահված կլիներ, եթե չմեղանչեր»[9], հետևաբար՝ մարդու «վերջին թշնամին» է (1Կր 15, 26), որին հարկավոր է հաղթել:
1009. Մահը փոխակերպվել է Քրիստոսի կողմից: Հիսուսը՝ Աստծո Որդին ևս կրեց մահը, որն հատուկ է մարդկային վիճակին: Բայց, մահվան դիմաց զգացած Իր անձկությամբ հանդերձ[10], Նա այն հանձն առավ Իր Հոր կամքին ամբողջական ու ազատակամ ենթարկվելու գործողությամբ: Հիսուսի հնազանդությունը՝ մահվան անեծքը վերափոխեց օրհնության[11]:
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՀՎԱՆ ԻՄԱՍՏԸ
1010. Քրիստոսի շնորհիվ, քրիստոնեական մահը դրական նշանակություն ունի: «Իմ համար՝ ապրելը Քրիստոսն է, և մահը՝ շահ» (Փլպ 1, 21): «Ապահով է այս խոսքը. եթե Նրա հետ մեռնենք, Նրա հետ էլ կապրենք» (2Տմ 2, 11): Այստեղ է գտնվում քրիստոնեական մահվան էական նորությունը. Մկրտության միջոցով՝ քրիստոնյան արդեն իսկ խորհրդական կերպով «մեռած է Քրիստոսի հետ», մի նոր կյանք ապրելու համար. և եթե մենք մեռնում ենք Քրիստոսի շնորհի մեջ, ֆիզիկական մահն իր լրմանն է հասցնում այս «Քրիստոսի հետ մեռնելը» և դրանով իսկ իրագործում է մեր լիակատար պատվաստումը Նրան, Նրա փրկագնող գործի մեջ.
«Իմ համար ավելի լավ է մեռնել Քրիստոսի համար (« εἰς »), քան թե արքա լինել մինչև աշխարհի ծայրերը: Ես փնտրում եմ Նրան, Ով մեռավ մեր համար. ես ուզում եմ Նրան, Ով մեր համար հարություն առավ: Երկունքը մոտ է։ [...] Թողե՜ք, որ ես հասնեմ ջինջ լույսին. այնտեղ հասնելով՝ ճշմարտապես մարդ կլինեմ»[12]:
1011. Մահվան մեջ, Աստված Իր մոտ է կանչում մարդուն: Սրա համար է, որ քրիստոնյան կարող է մահվան նկատմամբ զգալ Պողոս Առաքյալի իղձերին նմանվող մեծ փափագ. «Արձակվել մարմնից՝ Քրիստոսի հետ լինելու համար» (Փլպ 1, 23). և կարող է, Քրիստոսի օրինակին հետևելով, Հոր հանդեպ հնազանդության ու սիրո գործի փոխակերպել իր սեփական մահը[13].
«Երկրային բոլոր ցանկություններս խաչված են: [...] Կենդանի մի ջուր կարկաչում է ներսումս և ասում. ''Արի՜ Հոր մոտ''»[14]:
«Ուզում եմ տեսնել Աստծուն, բայց Նրան տեսնելու համար՝ հարկավոր է մեռնել»[15]:
«Չեմ մեռնում, մտնում եմ կյանքի մեջ»[16]:
1012. Մահվան քրիստոնեական տեսությունը[17] անզուգական կերպով արտահայտված է Եկեղեցու Ծեսի մեջ.
«Հավատացյալներիցդ, ո՜վ Տեր, կյանքը չի խլվում, այլ՝ փոխակերպվում է. և մինչ քանդվում է այս երկրային աքսորի բնակարանը, մի հավիտենական օթևան է պատրաստվում Երկնքում»[18]:
1013. Մահը մարդու երկրային պանդխտության վերջնակետն է, վերջին սահմանագիծն է շնորհի ու ողորմության ժամանակի, որն Աստված նրան պարգևում է իրագործելու համար իր երկրային կյանքը աստվածային ծրագրի համաձայն, և որպեսզի որոշի իր հավիտենական ճակատագիրը: Երբ «վերջանում է մեր երկրային կյանքի միակ ընթացքը»[19], մենք այլևս երբեք չենք վերադառնում ապրելու երկրային ուրիշ կյանքեր: «Մարդկանց համար սահմանված է, որ մեռնեն միայն մեկ անգամ» (Եբր 9, 27): Գոյություն չունի ոչ մի «վերամարմնավորում» (ռեինկարնացիա) մահից հետո:
1014. Եկեղեցին հորդորում է մեզ՝ նախապատրաստվել մեր մահվան ժամին («Անակնկալ մահից ազատի՜ր մեզ, Տե՜ր», աղերսում ենք հնագույն աղոթքներից մեկում), խնդրել Աստվածամորից՝ բարեխոսել մեր համար «մեր մահվան ժամին» («Ողջո՜ւյն քեզ, Մարիամ» աղոթքից), և ապավինել Սուրբ Հովսեփին, ով «բարի մահվան» պաշտպան սուրբն է.
«Բոլոր գործերիդ ու մտածումներիդ մեջ այնպես վարվիր, որ կարծես այսօր իսկ մեկնելու ես: Եթե խիղճդ մաքուր լիներ, մահից չէիր վախենա: Նախընտրելի է մեղքից զգուշանալ, քան փախչել մահից: Եթե այսօր պատրաստ չես, վաղը ինչպե՞ս ես պատրաստ լինելու»[20]: