Գլուխ Գ. - Հոդված 12. / գ) Վերջնական մաքրագործումը կամ Քավարանը
1030. Նրանք, ովքեր մեռնում են Աստծո շնորհի ու մտերմության մեջ, բայց տակավին թերի կերպով են մաքրագործված, իրենց հավիտենական փրկությանը ապահով լինելով հանդերձ՝ մահից հետո ենթարկվում են մաքրագործման՝ Երկնքի ուրախության մեջ մտնելու համար անհրաժեշտ սրբությանը հասնելու նպատակով:
1031. Ընտրյալների այս վերջնական մաքրագործումը Եկեղեցին անվանում է Քավարան, որն ամբողջովին ա՛յլ բան է, քան դատապարտվածների պատիժը: Քավարանի վերաբերյալ հավատքի ուսմունքը Եկեղեցին բանաձևել է հատկապես Ֆլորենցիայի[1] և Տրիդենտյան[2] Ժողովների գործերում: Եկեղեցու Ավանդությունը, Աստվածաշնչի մի քանի հատվածների վրա հիմնվելով[3], խոսում է մաքրագործող կրակի մասին.
«Ինչ վերաբերվում է որոշ թեթև հանցանքների, հարկավոր է հավատալ, որ գոյություն ունի, Դատաստանից առաջ, մի մաքրագործող կրակ: Նա, Ով Ճշմարտությունն է, հաստատում է, արդարև, որ, եթե ինչ որ մեկը պիղծ խոսք ասի Սուրբ Հոգու դեմ, դա նրան չի ներվի ո՛չ այս և ո՛չ էլ մյուս կյանքում (Մտթ 12, 32): Այս հաստատումից հետևում է, որ որոշ հանցանքներ կարող են արձակվել այս կյանքում, իսկ ուրիշներ էլ՝ գալիք կյանքում»[4]:
1032. Այս ուսուցումը հիմնվում է նաև ննջեցյալների համար կատարվող աղոթքների պրակտիկայի վրա, որի մասին Աստվածաշունչն արդեն հիշատակում է. Հուդա Մակաբայեցին, «քավիչ զոհեր մատուցել տվեց հանգուցյալների համար, որպեսզի թողություն տրվեր նրանց մեղքերին» (2Մկբ 12, 45): Առաջին ժամանակներից իսկ սկսած, Եկեղեցին պատվել է ննջեցյալների հիշատակը և նրանց համար ընծաներ է մատուցել, հատկապես՝ Պատարագի Սուրբ Զոհը[5], որպեսզի, մաքրագործվելով, կարողանան հասնել Աստծո երանելի տեսությանը: Եկեղեցին խրախուսում է նաև աղքատներին օգնություններ հատկացնելը, ներողությունների գործադրումը և ապաշխարության գործերը՝ ի նպաստ հանգուցյալների.
«Օգնության հասնենք և հիշատակենք նրանց: Եթե Հոբի որդիները մաքրագործվեցին իրենց հոր կողմից մատուցված զոհի ընծայմամբ[6], ինչո՞ւ պետք է կասկածենք, թե արդյոք մեռյալների համար մատուցված մեր ընծաներն ինչ որ մի մխիթարություն կհասցնե՞ն նրանց: [...] Չվարանենք օգնության հասնել նրանց, ովքեր մահացել են, և նրանց համար ընծայել մեր աղոթքները»[7]: