Գլուխ Գ. - Հոդված 12. / ե) Վերջնական Դատաստանը
1038. Բոլոր մեռյալների՝ «արդարների ու անարդարների» (Գրծ 24, 15) հարությանը հետևելու է Վերջնական Դատաստանը: Լինելու է այն «ժամը, երբ բոլոր նրանք, որ գերեզմանների մեջ են, լսելու են իր [Մարդու Որդու] ձայնը և դուրս են գալու. ովքեր բարին են գործել, կյանքի հարության համար, իսկ ովքեր չարն են գործել, դատապարտության հարության համար» (Հվհ 5, 28-29): Այդ ժամանակ Քրիստոսը «գալու է իր փառքով, իր բոլոր հրեշտակների հետ [...] : Եվ իր առաջ համախմբվելու են երկրի բոլոր ազգերը և նա բաժանելու է մարդկանց մեկը մյուսից, ինչպես որ հովիվն է բաժանում գառներն այծերից, և կարգելու է գառներին իր աջ կողմը, իսկ այծերին՝ ձախ կողմը: [...] Եվ գնալու են, սրանք՝ հավիտենական տանջանքների, իսկ արդարները՝ հավիտենական կյանքի» (Մտթ 25, 31-33.46):
1039. Քրիստոսի առաջ, Ով Ճշմարտությունն է, վերջնականորեն կբացահայտվի յուրաքանչյուր մարդու Աստծո հետ ունեցած հարաբերության ճշմարտությունը[1]: Վերջին Դատաստանը տեսանելի կդարձնի, մինչև դրա վերջին հետևանքները, այն բարին, որը յուրաքանչյուր ոք գործած կամ զանց առած կլինի իր երկրային կյանքի ընթացքում.
«Ողջ չարիքը, որն ամբարիշտները գործում են, գրանցվում է, առանց իրենց գիտության: Բայց այն օրը, երբ Աստված չի լռելու (Սղմ 50, 3), [...] Նա դիմելու է չարագործներին և ասելու է նրանց. ''Ես երկրի վրա թողել էի իմ աղքատներին, ձե՛ր համար: Ես՝ նրանց Գլուխը, Երկնքում նստած էի Հորս աջ կողմում, բայց անդամներս երկրի վրա քաղցած էին: Եթե դուք ինչ որ մի բան նվիրեիք իմ անդամներին, ձեր նվիրատվությունը կհասներ Գլխին: Երբ իմ աղքատներին թողեցի երկրի վրա, նրանց որպես ձեր նամակատարները կարգեցի, որպեսզի ձեր բարի գործերը կրեին ու հավաքեին իմ գանձարանի մեջ: Դուք ոչինչ չդրեցիք նրանց ձեռքերի մեջ, դրա համար էլ ոչ մի ունեցվածք չունեք իմ մոտ''»[2]:
1040. Վերջնական Դատաստանը տեղի է ունենալու Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ: Միմիայն Հայրը գիտի օրը և ժամը, միմիայն Ինքն է որոշում կայացնում Նրա վերադարձի վերաբերյալ: Իր Հիսուս Որդու միջոցով, Հայրն այդ օրը արտասանելու է Իր վերջնական խոսքը ամբողջ պատմության վերաբերյալ: Ճանաչելու ենք արարչության ամբողջ գործի և փրկության ամբողջ Տնօրենության ամբողջական իմաստը, և հասկանալու ենք զարմանահրաշ ճանապարհները, որոնցով Աստվածային Նախախնամությունն առաջնորդել է ամեն բան դեպի իր վերջին նպատակակետը: Վերջնական Դատաստանը հայտնի է դարձնելու, որ Աստծո արդարությունը հաղթանակում է Իր արարածների կողմից գործված բոլոր անարդարությունների դեմ, և որ Իր սերն ավելի հզոր է, քան մահը[3]:
1041. Վերջնական Դատաստանի պատգամը կանչում է մեզ դարձի, քանի դեռ Աստված պարգևում է մարդկանց «հարմար պահը, փրկության օրը» (2Կր 6, 2): Սուրբ երկյուղ է ներշնչում Աստծո հանդեպ: Հանձնառու է դարձնում՝ ապրելու Աստծո Արքայության արդարության համար: Ավետում է «երանելի հույսը» (Տիտ 2, 13) Տիրոջ վերադարձի, Ով «գալու է փառավորվելու Իր սրբերի մեջ և որպես սքանչելի ճանաչվելու բոլոր նրանց մեջ, ովքեր հավատացին» (2Թղ 1, 10):