
Գլուխ Գ. - Հոդված 9. / Հատված Ա. - ԵԿԵՂԵՑԻՆ ԱՍՏԾՈ ԾՐԱԳՐԻ ՄԵՋ / ա) Եկեղեցու անունները և պատկերները
751. «Եկեղեցի» բառը [հունարեն «ἐκκλησία» - «էկկլեսի՛ա», «ἐκ-καλεῖν» - «էկ-կալեին» - «դուրս կանչել» բայից] նշանակում է «հավաք»: Մատնանշում է ժողովրդի – ընդհանրապես՝ կրոնական բնույթի – հավաքները[1]: Հունարեն Հին Կտակարանում ամենահաճախակի գործածված եզրն է՝ մատնանշելու համար ընտրյալ ժողովրդի ի մի ժողովումը, հավաքված՝ Աստծո առաջ, հատկապես՝ Սինայ լեռան հավաքը, ուր Իսրայելը ստացավ Օրենքը և Աստծո կողմից կարգվեց որպես Իր սուրբ (մյուսներից առանձնացված, հատուկ առաքելության համար ընտրված) ժողովուրդ[2]: Ինքն իրեն որպես «Եկեղեցի» սահմանելով, Քրիստոսին հավատացողների առաջին հասարակությունը ճանաչում էր իրեն որպես այդ հավաքի ժառանգորդն ու իրավահաջորդը: Քրիստոսի Եկեղեցու մեջ Աստված «ի մի է հավաքում» Իր ժողովրդին աշխարհի չորս ծագերից: «Κυριακή» - «Կյուրիակե» եզրը (Կիրակի), որից առաջացել են «Church», «Kirche» եզրերը, նշանակում է «Տիրոջը պատկանող»:
752. Քրիստոնեական բառապաշարում «Եկեղեցի» եզրը մատնանշում է ծիսական հավաքույթը[3], բայց նաև՝ հավատացյալների տեղական համայնքը[4] կամ համաշխարհային ամբողջ հասարակությունը[5]: Փաստացի, այս երեք նշանակություններն անբաժանելի են: Եկեղեցին այն ժողովուրդն է, որին Աստված ի մի է հավաքում ամբողջ աշխարհի մեջ: Եկեղեցին գոյություն ունի տեղական համայնքների մեջ և իրականանում է որպես ծիսական, հատկապես պատարագող հավաք: Եկեղեցին ապրում է Քրիստոսի Խոսքով և Մարմնով, այդպիսով ինքն իսկ դառնալով Քրիստոսի Մարմինը:
ԵԿԵՂԵՑՈՒ ԱՅԼԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ
753. Աստվածաշնչում գտնում ենք միմյանց կապակցված բազմաթիվ պատկերներ ու այլաբանություններ, որոնց միջոցով Հայտնությունը խոսում է Եկեղեցու անքննելի խորհրդի մասին: Հին Կտակարանի պատկերները «Աստծո ժողովուրդ» հիմնական գաղափարի տարբերակներն են: Նոր Կտակարանում[6] բոլոր այդ պատկերները գտնում են մի նոր կենտրոն, այն պատճառով, որ Քրիստոսը դառնում է այդ ժողովրդի «Գլուխը»[7], և հետևաբար՝ այդ ժողովուրդն էլ, իր հերթին, Նրա Մարմինը: Այս կենտրոնի շուրջն են համախմբվում պատկերները, «որ վերցված են հովվական կամ հողագործական կյանքից, շենքերի կառուցումից, կամ նաև ընտանեկան և ամուսնական կապերից»[8]:
754. «Այսպիսով, Եկեղեցին փարախն է, որի միակ և անհրաժեշտ դուռը Քրիստոսն է[9]: Ինչպես նաև հոտն է, որի վերաբերյալ Աստված կանխավ ավետել էր, որ Ինքը լինելու էր նրա հովիվը[10], և որի ոչխարները, թեև կառավարվում են մարդկային հովիվների կողմից, այդուհանդերձ, սակայն, անդադար դեպի արոտավայր են առաջնորդվում և կերակրվում են նույն Ինքն Քրիստոսի՝ Լավ Հովվի և հովիվների Իշխանի կողմից[11], Ով Իր կյանքը զոհեց ոչխարների համար[12]»[13]:
755. «Եկեղեցին Աստծո այգին է կամ դաշտը[14]: Այդ դաշտում աճում է հինավուրց ձիթենին, որի սուրբ արմատն են հանդիսացել նահապետները և որի մեջ տեղի է ունեցել և տեղի է ունենալու հաշտությունը հրեաների ու հեթանոսների միջև[15]: Այդ այգին երկնային Մշակի կողմից տնկվել է որպես ընտիր խաղողի այգի[16]: Քրիստոսը ճշմարիտ Որթատունկն է, որ կյանք և պտղաբերություն է տալիս ոստերին, այսինքն՝ մեզ, որ Եկեղեցու միջոցով մնում ենք Իր մեջ և առանց Իրեն ոչինչ չենք կարող անել[17]»[18]:
756. «Է՛լ ավելի հաճախ, Եկեղեցին անվանվում է Աստծո շինություն[19]: Տերն Ինքը նմանեցնում է Իրեն այն քարին, որը շինարարները մերժել են, բայց որը դարձել է շինության անկյունաքարը (Մտթ 21, 42 և զուգահեռները; Գրծ 4, 11; 1Պտ 2, 7; Սղմ 118, 22): Այդ հիմքի վրա Եկեղեցին կառուցվեց Առաքյալների ձեռամբ[20], և այդ հիմքից է Եկեղեցին ստանում ամրություն և միասնություն: Այս շինությունը տարբեր անուններով է մատնանշվում. Աստծո տուն[21], որտեղ բնակվում է Իր ընտանիքը. Աստծո օթևան՝ հանձինս Սուրբ Հոգու[22]. Աստծո բնակատեղին մարդկանց հետ[23]. և հատկապես՝ սուրբ տաճար, որ ներկայացվում է քարաշեն տաճարների կողմից, որ գովերգված է Սուրբ Հայրերի կողմից և որին Ծեսը իրավացիորեն համեմատում է Սուրբ Քաղաքի՝ Նոր Երուսաղեմի հետ: Նրա մեջ, իրոք, որպես կենդանի քարեր, միավորվում ենք՝ այս երկրի վրա կազմելու համար մի հոգեղեն տաճար[24]: Եվ այս Սուրբ Քաղաքն է տեսնում Հովհաննեսը, երբ աշխարհի նորոգման ավարտին այն իջնում է Երկնքից, Աստծո մոտից, ''պատրաստված՝ ինչպես մի հարս, որ զարդարվել է իր փեսայի համար'' (Հյտ 21, 1-2)»[25]:
757. «Եկեղեցին, որ անվանվում է ''Վերին Երուսաղեմ'' և ''մեր Մայրը'' (Գղտ 4, 26)[26], նկարագրվում է նաև որպես անարատ Գառան անարատ Հարսը[27]. Հարսը, որին Քրիստոսը ''սիրեց [...] և նրա համար զոհեց իր անձը, նրան սրբացնելու նպատակով'' (Եփս 5, 25-26), որին միացավ անլուծանելի դաշինքով և որին անդադար ''սնում է ու [...] խնամում'' (Եփս 5, 29)»[28]: