Գլուխ Գ. - Հոդված 9. / Հատված Բ. - ԵԿԵՂԵՑԻՆ ԱՍՏԾՈ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է, ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՏԱՃԱՐԸ / ա) Եկեղեցին Աստծո ժողովուրդն է – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - Հոդված 9. / Հատված Բ. - ԵԿԵՂԵՑԻՆ ԱՍՏԾՈ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է, ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՏԱՃԱՐԸ / ա) Եկեղեցին Աստծո ժողովուրդն է

781. «Բոլոր ժամանակներում և բոլոր ազգերի մեջ ընդունելի է Աստծուն նա, ով երկնչում է Նրանից և գործում է Նրա արդարությունը: Այդուհանդերձ, սակայն, Աստծուն հաճելի եղավ սրբագործել և փրկել մարդկանց ո՛չ թե առանձին առանձին և առանց միմյանց միջև որևէ կապի, այլ՝ կամեցավ կարգել նրանց որպես մի ժողովուրդ, որը կճանաչեր Իրեն ճշմարտության մեջ և կծառայեր սրբորեն: Ուստի, ընտրեց Իր համար իսրայելացի ժողովրդին, կնքեց նրա հետ մի դաշինք և աստիճանաբար կրթեց նրան [...] : Այս ամենը, սակայն, կատարվեց որպես նախապատրաստություն և որպես պատկեր այն Նոր և կատարյալ Ուխտի, որ կնքվելու էր հանձինս Քրիստոսի [...] , այսինքն՝ Նոր Ուխտը Նրա արյան մեջ, կանչելով մարդկանց հրեաներից և հեթանոսներից, որպեսզի այդ Նոր Ուխտը հաստատվեր ո՛չ թե մարմնի համաձայն, այլ՝ ըստ Հոգու միության մեջ»[1]:

 

ԱՍՏԾՈ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

782. Աստծո ժողովուրդն ունի իրեն միայն բնորոշ հատկանիշներ, որոնցով էապես տարբերվում է մարդկության պատմության բոլոր կրոնական, ցեղային, քաղաքական կամ մշակութային խմբավորումներից.
Աստծո ժողովուրդն է. Աստված չի պատկանում ոչ մի ժողովրդի: Այլ՝ Նա Ինքը ձեռքբերեց մի ժողովուրդ նրանցից, ովքեր մի ժամանակ ոչ-ժողովուրդ էին. «ընտրյալ տոհմը, թագավորական քահանայությունը, սուրբ ազգը» (1Պտ 2, 9).
– Այս ժողովրդին անդամակցում ենք ո՛չ թե ֆիզիկական ծննդով, այլ՝ «ծննդով ի վերուստ», «ջրից և Հոգուց» (Հվհ 3, 3-5), այսինքն՝ Քրիստոսի հանդեպ հավատքի և Մկրտության միջոցով.
– Այս ժողովուրդն իրեն որպես Գլուխ ունի Հիսուս Քրիստոսին (Օծյալին, Մեսսիային). և քանի որ այդ նույն Օծումը՝ Սուրբ Հոգին, Գլխից հոսում է Մարմնի վրա, Եկեղեցին «մեսսիական ժողովուրդն» է.
– «Այս ժողովուրդը որպես գոյավիճակ ունի Աստծո զավակների արժանապատվությունն ու ազատությունը. Աստծո զավակների, որոնց սրտերում, ինչպես Իր տաճարի մեջ, բնակվում է Սուրբ Հոգին»[2].
– «Որպես օրենք ունի նոր պատվիրանը՝ սիրելու այնպես, ինչպես Քրիստոսն Ինքը սիրեց մեզ»[3]: Սուրբ Հոգու «նոր» օրենքն է[4].
– Իր առաքելությունն է լինել երկրի աղը և աշխարհի լույսը[5]: Եկեղեցին «ողջ մարդկության համար հանդիսանում է միության, հույսի և փրկության մի ապահով ծիլ»[6].
– «Եվ վերջում, որպես նպատակակետ ունի Աստծո Արքայությունը, որին Աստված Ինքը սկիզբ է տվել երկրի վրա, և որը պետք է տակավին ընդլայնվի ու տարածվի, մինչև որ ժամանակների վերջում Նրա իսկ կողմից կհասցվի իր ամբողջացմանը»[7]:

 

ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ, ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ԵՎ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ

783. Հիսուս Քրիստոսը Նա է, Ում Հայրը օծեց Սուրբ Հոգիով և կարգեց «Քահանա, Մարգարե և Թագավոր»: Աստծո ամբողջ ժողովուրդը մասնակցում է Քրիստոսի այս երեք պաշտոններին և կրում է առաքելության ու ծառայության պատասխանատվությունները, որոնք բխում են դրանից[8]:

 

784. Հավատքի և Մկրտության միջոցով անդամագրվելով Աստծո ժողովրդին, մասնակից ենք դառնում այս ժողովրդի միակ կոչմանը՝ քահանայությանը. «Քրիստոս Տերը՝ մարդկանց միջից ընտրված Քահանայապետը, դարձրեց նոր ժողովուրդը ''մի թագավորություն և քահանաներ Աստծո՝ Իր Հոր համար'': Իրոք, վերստին ծննդյան և Սուրբ Հոգու օծման զորությամբ, մկրտվածներն ընծայաբերվում են՝ կազմելու մի հոգևոր օթևան և մի սուրբ քահանայություն»[9]:

 

785. «Աստծո սուրբ ժողովուրդը մասնակցում է Քրիստոսի նաև մարգարեական պաշտոնին»: Սա հատկապես հավատքի գերբնական ընկալման միջոցով, ինչը որ հատուկ է ամբողջ ժողովրդին՝ աշխարհականներին ու նվիրապետությանը, երբ «անթերի կերպով հարում է հավատքին, որը մեկ անգամ ընդմիշտ ավանդվել է սրբերին»[10], խորացնում է այդ հավատքի շուրջ իր հասկացողությունը և դառնում է Քրիստոսի վկան այս աշխարհում:

 

786. Ի վերջո, Աստծո ժողովուրդը մասնակցում է Քրիստոսի թագավորական պաշտոնին: Քրիստոսն Իր թագավորական ինքնությունը գործադրում է՝ Իր մահվան և Իր հարության միջոցով դեպի Ինքը ձգելով մարդկանց[11]: Քրիստոսը՝ տիեզերքի Թագավորն ու Տերը, ինքնակամ ծառայեց բոլորին, քանի որ «չէր եկել ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու շատերի փրկության համար» (Մտթ 20, 28): Քրիստոնյայի համար՝ «թագավորել» նշանակում է «ծառայել» Քրիստոսին[12], հատկապես «հանձինս աղքատների ու տառապյալների», որոնց մեջ Եկեղեցին ճանաչում է «իր աղքատ ու տառապյալ Հիմնադրի պատկերը»[13]: Աստծո ժողովուրդն իր «թագավորական արժանապատվությունը» գործադրում է Քրիստոսի հետ ծառայելու այս կոչմանը համահունչ կերպով ապրելով:

«Բոլոր նրանք, ովքեր վերածնվել են Քրիստոսի մեջ, ձեռք են բերել թագավորական արժանապատվություն՝ խաչի նշանով: Սուրբ Հոգու օծմամբ սրբագործվել են որպես քահանաներ։ Չկա, հետևաբար, միայն այն հատուկ ծառայությունը, որ բնորոշ է մեր [նվիրապետական] պաշտոնին, քանի որ բոլոր քրիստոնյաները – հոգևոր պարգևաշնորհով օժտված և գործի դնելով իրենց բանականությունը – ճանաչում են իրենց որպես անդամներ այս թագավորական տոհմին և մասնակիցներ քահանայական պաշտոնին: Մի՞թե թագավորական պաշտոն չէ այն, երբ հոգին կառավարում է իր մարմինը՝ Աստծո ենթակայության մեջ: Մի՞թե քահանայական պաշտոն չէ ընծայել Տիրոջը մի մաքուր խիղճ և սեփական սրտի խորանի վրա մատուցել Նրան մեր պաշտամունքի անարատ զոհերը»[14]:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 9: AAS 57 (1965) 12-13.
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 9: AAS 57 (1965) 13.
[3] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 9: AAS 57 (1965) 13; հմմտ. Հվհ 13, 34
[4] Հմմտ. Հռմ 8, 2; Գղտ 5, 25
[5] Հմմտ. Մտթ 5, 13-16
[6] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 9: AAS 57 (1965) 13.
[7] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 9: AAS 57 (1965) 13.
[8] Հմմտ. Հովհաննես Պողոս Երկրորդ, Կոնդակ Մարդկանց Փրկիչը, 18-21: AAS 71 (1979) 301-320.
[9] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 10: AAS 57 (1965) 14.
[10] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 12: AAS 57 (1965) 16.
[11] Հմմտ. Հվհ 12, 32
[12] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 36: AAS 57 (1965) 41.
[13] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 8: AAS 57 (1965) 12.
[14] Սբ. Լևոն մեծ, Ճառ 4, 1: CCL 138, 16-17 (PL 54, 149).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։