
Գլուխ Գ. - Հոդված 9. / Հատված Գ. / դ) Եկեղեցին առաքելական է
857. Եկեղեցին առաքելական է, որովհետև հիմնված է Առաքյալների վրա, և սա՝ մի եռակի իմաստով.
ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
858. Հիսուսը Հոր Առաքյալն է, Նրա կողմից Ուղարկվածը: Իր գործունեության սկզբից ևեթ Նա «Իր մոտ կանչեց նրանց, որոնց Ինքը կամեցավ [...] : Նրանցից ընտրեց Տասներկուսին, որպեսզի Իր հետ մնային, ինչպես նաև՝ որպեսզի նրանց ուղարկեր քարոզելու» (Մրկ 3, 13-14): Այդ պահից սկսած՝ նրանք լինելու էին Իր «առաքվածները» (սա՛ է հունարեն «ἀπόστολοι» եզրի նշանակությունը): Հանձինս նրանց՝ Հիսուսը շարունակում է Իր առաքելությունը. «Ինչպես որ Հայրը առաքեց ինձ, ես նույնպես առաքում եմ ձեզ» (Հվհ 20, 21)[7]: Նրանց պաշտոնը, հետևաբար, Հիսուսի առաքելության շարունակությունն է. «Ով ձեզ ընդունի, ի՛նձ է, որ ընդունած կլինի», ասում է Տասներկուսին (Մտթ 10, 40)[8]:
859. Հիսուսը նրանց մասնակից է դարձնում առաքելությանը, որ ստացել է Հորից: Ինչպես որ «Որդին ինքն իրենից չի կարող անել ոչինչ» (Հվհ 5, 19.30), այլ՝ ամեն ինչ ստանում է Հորից, Ով Իրեն առաքել է, նմանապես նրանք, որոնց Հիսուսն է առաքում, ոչինչ չեն կարող անել առանց Իրեն[9]. Նրանից են ստանում առաքելության մանդատը և այդ առաքելությունն ի կատար ածելու կարողությունը: Քրիստոսի Առաքյալները գիտեն, որ Աստծո կողմից դարձվել են «մի Նոր Ուխտի հարմար պաշտոնյաներ» (2Կր 3, 6), «Աստծո պաշտոնյաներ» (2Կր 6, 4), «Քրիստոսի դեսպաններ» (2Կր 5, 20), «Քրիստոսի պաշտոնյաներ և Աստծո խորհուրդների տնտեսներ» (1Կր 4, 1):
860. Առաքյալների առաքելության մեջ կա մի կետ, որ չի կարող փոխանցվել. լինելը Տիրոջ հարության ընտրյալ վկաները և Եկեղեցու հիմքերը: Բայց կա նաև մի մնայուն կետ նրանց առաքելության մեջ. Քրիստոսը խոստացել է նրանց հետ մնալ մինչև աշխարհի վախճանը[10]: «Քրիստոսի կողմից Առաքյալներին հանձնված աստվածային առաքելությունը տևելու է մինչև դարերի վախճանը, քանի որ Ավետարանը, որը նրանք պետք է ավանդեն, բոլոր ժամանակներում Եկեղեցու համար հանդիսանում է իր ողջ կյանքի սկզբունքը: Սրա համար է, որ Առաքյալները [...] հոգացին հաջորդներ կարգել իրենց համար»[11]:
ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԸ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՀԱՋՈՐԴՆԵՐՆ ԵՆ
861. «Որպեսզի իրենց հանձնված առաքելությունը շարունակվեր իրենց մահից հետո», Առաքյալներն «իրենց անմիջական գործակիցներին գրեթե որպես կտակ թողեցին իրենց սկսած գործն ամբողջացնելու և ամրապնդելու հանձնարարությունը, պատվիրելով հոգալ կարիքները ամբողջ հոտի, որի մեջ Սուրբ Հոգին իրենց կարգել էր՝ հովվելու համար Աստծո Եկեղեցին: Առաքյալներն, ուստի, կարգեցին այս մարդկանց և հետագայում նաև պատվիրեցին, որ նրանց մահից հետո՝ ուրիշ փորձառու այրեր ստանձնեին նրանց պաշտոնը որպես նրանց հաջորդներ»[12]:
862. «Ինչպես որ, հետևաբար, տևում է Տիրոջ կողմից անհատաբար Պետրոսին՝ Առաքյալներից առաջինին տրված և նրա հաջորդներին փոխանցվող պաշտոնը, այսպես տևում է նաև Առաքյալների պաշտոնը՝ հովվելու Եկեղեցին, որը և առանց ընդհատումների կիրառվում է Եպիսկոպոսների սրբազան դասի կողմից»: Եկեղեցին, հետևաբար, ուսուցանում է, որ «Եպիսկոպոսները աստվածային կարգմամբ հաջորդել են Առաքյալներին որպես Եկեղեցու Հովիվներ. ով ընդունում է նրանց, ընդունում է Քրիստոսին, և ով արհամարհում է նրանց, արհամարհում է Քրիստոսին և Նրան, Ով Քրիստոսին առաքել է»[13]:
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
863. Ամբողջ Եկեղեցին առաքելական է, որովհետև հավատքի և կյանքի հաղորդության մեջ է մնում իր ակունքի հետ՝ Սուրբ Պետրոսի և Առաքյալների հաջորդների միջոցով: Ամբողջ Եկեղեցին առաքելական է, որովհետև «առաքված է» ամբողջ աշխարհով մեկ. Եկեղեցու բոլոր անդամները, թեև տարբեր ձևերով, մասնակցում են այդ առաքելությանը: «Քրիստոնեական կոչումն, իսկապես, իր բնույթով նաև առաքելական գործունեության կոչում է»: «Առաքելական գործունեություն» է կոչվում «միստիկ Մարմնի ողջ գործունեությունը», որ նպատակաուղղված է «ամբողջ աշխարհով մեկ Քրիստոսի Արքայության տարածմանը»[14]:
864. «Քանի որ Եկեղեցու առաքելական ողջ գործունեության սկիզբն ու աղբյուրը Հորից առաքված Քրիստոսն է, ակնհայտ է, որ առաքելական գործունեության արգասավորությունը» – լինի ձեռնադրված պաշտոնյաներինը, թե «աշխարհական հավատացյալներինը – կախում ունի Քրիստոսի հետ ունեցած նրանց կենսական միությունից»[15]: Կոչումների, ժամանակների պահանջների, Սուրբ Հոգու տարբեր պարգևների համաձայն, առաքելական գործունեությունը ստանձնում է ամենաբազմազան կերպարանքները: Բայց սերը, որ հայթայթում ենք հատկապես Ամենասուրբ Հաղորդության խորհրդի մեջ, միշտ մնում է «որպես առաքելական ողջ գործունեության հոգին»[16]:
865. Եկեղեցին մեկ, սուրբ, ընդհանրական և առաքելական է իր խորին ու ամենաներքին ինքնության մեջ, որովհետև նրա մեջ արդեն իսկ գոյություն ունի և ժամանակների վերջում ամբողջանալու է «Երկնքի Արքայությունը», «Աստծո Արքայությունը»[17], որը եկավ հանձինս Քրիստոսի և որը խորհրդավոր կերպով աճում է սրտերի մեջ նրանց, ովքեր պատվաստվել են Նրան, մինչև իր վախճանաբանական լիակատար հայտնության օրը: Այդ ժամանակ, Նրա կողմից փրկագնված բոլոր մարդիկ, Նրա մեջ «սուրբ և անարատ» դարձած՝ Աստծո առաջ «սիրո մեջ»[18], վերամիավորվելու են որպես Աստծո միակ ժողովուրդ, որպես «Գառան Հարսը»[19], «Սուրբ Քաղաքը», որ իջնում է «Երկնքից, Աստծո մոտից, փայլելով Աստծո փառքով»[20]. իսկ «քաղաքի պարիսպները հենվում են տասներկու հիմքերի վրա, որոնց վրա գրված են Գառան տասներկու Առաքյալների տասներկու անունները» (Հյտ 21, 14):