
Գլուխ Գ. - Հոդված 9. / Հատված Դ. / գ) Նվիրաբերյալ կյանքը
914. Կյանքի այն «վիճակը, որ ստանձնվում է ավետարանական խրատների ուխտադրությամբ, Եկեղեցու նվիրապետական կառուցվածքին չպատկանելով հանդերձ, այնուամենայնիվ՝ անվիճելիորեն հետաքրքրում է նրա կյանքին ու սրբությանը»[1]:
ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԽՐԱՏՆԵՐԸ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐՅԱԼ ԿՅԱՆՔԸ
915. Ավետարանական խրատներն, իրենց բազմակիության մեջ, առաջարկված են Քրիստոսի յուրաքանչյուր աշակերտի: Սիրո կատարելությունը, որին բոլոր հավատացյալները կանչված են, նրանց համար, ովքեր ազատորեն հանձն են առնում նվիրաբերյալ կյանքը, ենթադրում է պարտականություն՝ գործադրելու կուսակրոնությունը Արքայության համար, աղքատությունը և հնազանդությունը: Այս խրատների՝ Եկեղեցու կողմից ճանաչված կյանքի կայուն վիճակներից մեկի ներսում կատարված ուխտադրությունն է, որ բնորոշում է Աստծուն «նվիրաբերված կյանքը»[2]:
916. Նվիրաբերյալ կյանքի վիճակը ներկայանում է, հետևաբար, որպես «առավել արմատական» ինքնանվիրման փորձառությունն ունենալու ձևերից մեկը, որն իր արմատները գտնում է Մկրտության մեջ և անմնացորդ կերպով ընծայվում է Աստծուն[3]: Նվիրաբերյալ կյանքի մեջ, Քրիստոսի հավատացյալներն իրենց առջև առաջադրանք են դնում – Սուրբ Հոգու մղման ներքո – հետևել Քրիստոսին ավելի մոտիկից, նվիրվել ամեն ինչից վեր սիրված Աստծուն, և, ձգտելով սիրո կատարելությանը՝ ի ծառայություն Արքայության, Եկեղեցու մեջ նշան հանդիսանալ և ավետել գալիք աշխարհի փառքը[4]:
ԲԱԶՄԱԹԻՎ ՃՅՈՒՂԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՄԵԾ ԾԱՌ
917. «Կարծես Աստծուց տնկված և Տիրոջ դաշտի մեջ զարմանահրաշ ու բազմապիսի կերպերով ճյուղավորված ծառի վրա, առաջ են եկել մենակեցական կամ հասարակաց կյանքի տարբեր ձևեր և տարբեր Ընտանիքներ, որոնք աճում են՝ նպաստելով թե՛ իրենց անդամների և թե՛ Քրիստոսի ամբողջ Մարմնի բարիքին»[5]:
918. «Եկեղեցու առաջին ժամանակներից սկսած, եղան այրեր և կանայք, ովքեր ավետարանական խրատների գործադրման միջոցով նպատակ ունեցան հետևել Քրիստոսին առավել մեծ ազատությամբ և նմանվել Նրան առավել մեծ չափով, և ապրեցին, յուրաքանչյուրն իր ձևով, Աստծուն նվիրաբերված կյանք: Նրանցից շատերը, Սուրբ Հոգու մղմամբ, կա՛մ ապրեցին որպես մենակյացներ, կա՛մ հիմնեցին կրոնավորական Ընտանիքներ, որոնց Եկեղեցին իր հեղինակությամբ հոժարակամ ընդունեց և վավերացրեց»[6]:
919. Եպիսկոպոսները պետք է միշտ հոգատարություն ցուցաբերեն՝ կշռադատությամբ քննելու նվիրաբերյալ կյանքի նոր պարգևները, որոնք Սուրբ Հոգին հանձնել է Իր Եկեղեցուն: Նվիրաբերյալ կյանքի նոր ձևերի վավերացումը վերապահված է Առաքելական Աթոռին[7]:
ՄԵՆԱԿԵՑԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ
920. Ավետարանական երեք խրատները ո՛չ միշտ հրապարակային եղանակով ուխտելով, մենակյացները, «աշխարհից մի առավել արմատական բաժանման, միայնության լռության, և հարատև աղոթքի ու ապաշխարության մեջ, սեփական կյանքը ձոնում են Աստծո գովաբանությանը և աշխարհի փրկությանը»[8]:
921. Նրանք յուրաքանչյուր մարդու ցույց են տալիս Եկեղեցու խորհրդի այն ներքին տեսանկյունը, որ կայանում է Քրիստոսի հետ անձնական մտերմության մեջ: Մարդկանց աչքերից թաքնված, մենակյացի կյանքը լուռ քարոզչություն է՝ Նրա, Ում ինքը հանձնել է իր կյանքը, քանի որ Նա ամեն ինչ է իր համար: Մենակեցական կյանքը մի յուրահատուկ կոչում է՝ անապատի, հենց հոգևոր պայքարի մեջ գտնելու Խաչյալի փառքը:
ՆՎԻՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՒՅՍԵՐՆ ՈՒ ԱՅՐԻՆԵՐԸ
922. Առաքելական ժամանակներից սկսած, եղան քրիստոնյա կույսեր[9] և այրիներ[10], ովքեր, Տիրոջից կանչված՝ սրտի, մարմնի և հոգու մի առավել մեծ ազատությամբ նվիրվելու բացառապես Իրեն, Եկեղեցու կողմից վավերացված որոշում կայացրեցին՝ ապրելու համապատասխանաբար կուսության կամ մշտնջենավոր ողջախոհության վիճակում, «Երկնքի Արքայության համար» (Մտթ 19, 12):
923. «Քրիստոսին ավելի մոտիկից հետևելու սուրբ առաջադրանքն ընդունելով, [կույսերը] թեմական Եպիսկոպոսի կողմից ընծայվում են Աստծուն, ծիսական վավերացված արարողակարգի համաձայն, և, միստիկ պսակադրությամբ միանալով Քրիստոսին՝ Աստծո Որդուն, նվիրվում են Եկեղեցու ծառայությանը»[11]: Այս հանդիսավոր ծիսակատարությամբ՝ «կույսը կարգվում է որպես նվիրաբերյալ անձ», որպես «Քրիստոսի հանդեպ Եկեղեցու սիրո անդրանցական նշան, Երկնային Հարսի և գալիք կյանքի վախճանաբանական պատկեր»[12]:
924. Նվիրաբերյալ կյանքի մյուս ձևերին գումարվելով[13], կույսերի կարգը աշխարհի մեջ ապրող կնոջը (կամ միանձնուհուն) հաստատում է աղոթքի, ապաշխարության, մերձավորների ծառայության և առաքելական գործունեության աշխատանքի մեջ, յուրաքանչյուրի վիճակի և ստացած համապատասխան պարգևաշնորհների համաձայն[14]: Նվիրաբերյալ կույսերը կարող են միաբանվել՝ իրենց առաջադրանքն առավել հավատարիմ կերպով պահպանելու նպատակով[15]:
ԿՐՈՆԱՎՈՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ
925. Արևելքում, քրիստոնեության առաջին դարերի ընթացքում առաջացած[16] և Եկեղեցու կողմից կանոնական կերպով ճանաչված հաստատությունների մեջ շարունակված լինելով[17], կրոնավորական կյանքը նվիրաբերյալ կյանքի մյուս ձևերից տարբերվում է իր պաշտամունքային դիմագծով, ավետարանական խրատների հրապարակային ուխտադրությամբ, միասին ապրված եղբայրական կյանքով, Քրիստոսի և Եկեղեցու միությանը տրված վկայությամբ[18]:
926. Կրոնավորական կյանքը բխում է Եկեղեցու խորհրդից: Մի պարգև է, որը Եկեղեցին ստանում է իր Տիրոջից և որն ինքը, ավետարանական խրատների ուխտադրության միջոցով, որպես կյանքի կայուն վիճակ առաջարկում է Աստծուց կանչված հավատացյալին: Այսպես՝ Եկեղեցին կարող է տեսանելի դարձնել Քրիստոսին, և միաժամանակ՝ ինքն իրեն ճանաչել որպես Փրկչի Հարսը: Կրոնավորական կյանքից, իր բազմապիսի կերպերի մեջ, պահանջվում է ներկա ժամանակվա բառապաշարով արտահայտել Աստծո իսկ սերը:
927. Բոլոր կրոնավորները, ազատված լինեն նման ծառայությունից, թե ո՛չ[19], թեմական Եպիսկոպոսի հովվական պաշտոնի մեջ դասվում են նրա գործակիցների շարքին[20]: Եկեղեցու հիմնադրումն ու միսսիոներական տարածումը պահանջում են կրոնավորական կյանքի ներկայությունը նրա բոլոր ձևերով, ավետարանման գործի ամենասկզբից ևեթ[21]: «Պատմությունը վկայում է կրոնավորական Ընտանիքների մեծամեծ արժանիքները հավատքի տարածման և նոր Եկեղեցիների հիմնման գործում, վանական հնագույն հիմնարկումներից ու միջնադարյան Կարգերից մինչև արդի Միաբանությունները»[22]:
ԱՇԽԱՐՀԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
928. «Աշխարհական կարգի հաստատությունը նվիրաբերյալ կյանքի հաստատություն է, որտեղ հավատացյալները, աշխարհի մեջ ապրելով, ձգտում են սիրո կատարելությանը և գործի են լծվում ի նպաստ աշխարհի սրբացման, հատկապես՝ գործելով նրա ներսում»[23]:
929. Այդ «սրբացմանը կատարյալ և ամբողջական կերպով նվիրաբերյալ կյանքի»[24] միջոցով, այս հաստատությունների անդամները «մասնակցում են Եկեղեցու ավետարանող գործունեությանը», «աշխարհի մեջ և աշխարհից»[25], որտեղ իրենց ներկայությունը գործում է թթխմորի նման[26]: Քրիստոնեական կյանքի վերաբերյալ տված նրանց վկայությունը որպես նպատակ ունի Աստծո համաձայն կանոնակարգել երկրային իրողությունները և կենագործել աշխարհը Ավետարանի ուժով: Նրանք սրբազան կապերով հանձն են առնում ավետարանական խրատները և միմյանց միջև պահպանում են հաղորդությունն ու եղբայրությունը, որոնք հատուկ են աշխարհում վարվող իրենց կենսաձևին[27]:
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
930. Նվիրաբերյալ կյանքի տարբեր ձևերին «գումարվում են առաքելական կյանքի ընկերությունները, որոնց անդամները, առանց կրոնավորական ուխտերի, հետամուտ են լինում տվյալ ընկերությանը հատուկ առաքելական նպատակների իրականացմանը և, սեփական կենսաոճի համաձայն՝ համատեղ եղբայրական կյանք վարելով, ձգտում են սիրո կատարելությանը՝ իրենց կանոնադրությունների պահպանման միջոցով: Այս ընկերությունների շարքին կան այնպիսիները, որոնց անդամները հանձն են առնում ավետարանական խրատները», իրենց կանոնադրությունների համաձայն[28]:
ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ. ԱՎԵՏԵԼ ԹԱԳԱՎՈՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
931. Հանձնվելով գերագույն աստիճանի սիրված Աստծուն, նա, ով արդեն Մկրտությամբ ընծայվել էր Նրան, այսպիսով՝ անմնացորդ կերպով նվիրաբերվում է աստվածային ծառայությանը և հետամուտ լինում Եկեղեցու բարիքին: Աստծուն նվիրաբերվելու վիճակի մեջ Եկեղեցին տեսանելի է դարձնում Քրիստոսին և ցույց է տալիս, թե Սուրբ Հոգին ինչպե՛ս է զարմանահրաշ կերպով գործում իր մեջ: Նրանք, ովքեր ուխտադրությամբ հանձն են առնում ավետարանական խրատները, որպես առաջնահերթ առաքելություն ունեն, հետևաբար, ապրել իրենց նվիրաբերումը: Բայց, «քանի որ իրենց նվիրաբերման իսկ պատճառով նվիրվում են նաև Եկեղեցու ծառայությանը, պարտականությունն ունեն իրենց նպաստը բերելու հատկապես միսսիոներական գործունեությանը, իրենց հաստատությանը բնորոշ նկարագրի համաձայն»[29]:
932. Եկեղեցու մեջ, որը կարծես խորհուրդն է («սակռամենտում»), այսինքն՝ նշանն ու գործիքը Աստծո կյանքի, նվիրաբերյալ կյանքը ներկայանում է որպես Փրկագնման Խորհրդի մի յուրահատուկ նշան: Հետևել և նմանվել Քրիստոսին «առավել մոտիկից», «առավել հստակ կերպով» տեսանելի դարձնել Նրա ինքնազոհողությունը, նշանակում է «առավել խորը կերպով» ներկա գտնվել, Քրիստոսի Սրտի մեջ, սեփական ժամանակակիցների կողքին: Իրոք որ, նրանք, ովքեր ընթանում են այս «առավել նեղ» ճանապարհով, իրենց օրինակով խթանում են իրենց եղբայրներին և «սքանչելի կերպով վկայում են, որ աշխարհը չի կարող փոխակերպվել և Աստծուն ընծայվել առանց Երանությունների հոգու»[30]:
933. Ե՛վ այն դեպքում, երբ այս վկայությունը հրապարակային է, ինչպես կրոնավորական վիճակի դեպքում, և՛ երբ ավելի վերապահված է, կամ մինչև իսկ ծածուկ, բոլոր նվիրաբերյալների համար Քրիստոսի վերադարձը մնում է իրենց կյանքի ակունքն ու կողմնորոշումը.
«Քանի որ Աստծո ժողովուրդն այստեղ չունի մնայուն քաղաք», կրոնավորական վիճակը «բոլոր հավատացյալների համար տեսանելի է դարձնում, այս աշխարհում արդեն, երկնային բարիքների ներկայությունը. առավել լավ կերպով վկայում է նոր ու հավիտենական կյանքին, որը ձեռք է բերվել Քրիստոսի կողմից ի կատար ածված Փրկագործությամբ, և առավել լավ կերպով նախապես ավետում է գալիք հարությունը և երկնային Արքայության փառքը»[31]: