Գլուխ Գ. - Հոդված 9. / Հատված Ե. / բ) Երկնքի և երկրի Եկեղեցու հաղորդությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - Հոդված 9. / Հատված Ե. / բ) Երկնքի և երկրի Եկեղեցու հաղորդությունը

954. Եկեղեցու երեք վիճակները: «Մինչև որ Տերը չգա Իր փառքով և բոլոր հրեշտակներն Իր հետ, և մահը կործանելով՝ Իրեն չհպատակեցվեն բոլոր գոյությունները, Իր աշակերտներից ոմանք պանդուխտ են երկրի վրա, ուրիշներ, որ անցել են այս կյանքից, մաքրագործվում են, իսկ ուրիշներ էլ վայելում են փառքը՝ ''հստակ կերպով տեսնելով մեկ և եռանձն Աստծուն այնպես, ինչպես որ Նա է''»[1].

«Բոլորս, սակայն, թեև տարբեր աստիճանով ու ձևով, հաղորդակցվում ենք Աստծո և մերձավորի հանդեպ միևնույն սիրո մեջ, և մեր Աստծո համար երգում ենք փառքի միևնույն տաղը: Արդարև, բոլոր նրանք, որ Քրիստոսինն են, ունենալով Իր Հոգին՝ կազմում են միայն մեկ Եկեղեցի և, հանձինս Նրա, միացած են միմյանց միջև»[2]:

 

955. «Նրանք, հետևաբար, ովքեր դեռ քայլքի մեջ են, Քրիստոսի խաղաղության մեջ մահացած եղբայրների հետ նրանց միությունը խզված չէ և ո՛չ իսկ նվազագույն չափով, այլ՝ մանավանդ թե, Եկեղեցու մշտական հավատքի համաձայն, է՛լ ավելի է ամրապնդվում հոգևոր բարիքների հաղորդակցմամբ»[3]:

 

956. Սրբերի բարեխոսությունը: «Քրիստոսի հետ ունեցած իրենց ամենասերտ միության պատճառով, երկնաբնակներն ամբողջ Եկեղեցին ամրապնդում են սրբության մեջ, [...] չեն դադարում բարեխոսել մեր համար Հոր առաջ՝ ընծայելով Հիսուս Քրիստոսի՝ Աստծո և մարդկանց միջև միակ Միջնորդի միջոցով երկրի վրա ձեռքբերած իրենց արժանիքները: [...] Մեր տկարությունը, հետևաբար, մեծագույն օգնություններ է ստանում նրանց եղբայրական հոգատարությունից»[4].

«Մի՛ արտասվեք: Ձեզ ավելի օգտակար կլինեմ մահիցս հետո և ավելի արդյունավետ կերպով կօգնեմ ձեզ, քան երբ երկրի վրա էի»[5]:

«Երկինքս երկրի վրա բարեգործելով եմ անցկացնելու»[6]:

 

957. Հաղորդությունը Սրբերի հետ: «Սրբերի հիշատակը չենք պատվում նրանցից սոսկ օրինակ քաղելու համար, այլ է՛լ ավելի՝ որպեսզի Հոգու մեջ ողջ Եկեղեցու միությունն ամրապնդվի եղբայրական սիրո գործադրմամբ: Քանի որ, ինչպես քրիստոնեական հաղորդությունը նրանց միջև, ովքեր տակավին պանդխտության մեջ են գտնվում, մեզ ավելի է մոտեցնում Քրիստոսին, այնպես էլ հաղորդությունը Սրբերի հետ՝ մեզ միացնում է Քրիստոսին, որից – ինչպես աղբյուրից ու գլխից – բխում են ամբողջ շնորհն ու Աստծո ժողովրդի ամբողջ կյանքը»[7].

«Մենք պաշտում ենք Քրիստոսին որպես Աստծո Որդի, մինչդեռ մարտիրոսների հանդեպ արդարացիորեն հարգանք ենք տածում որպես Տիրոջ աշակերտների ու նմանվողների, և նրանց գերազանց հավատարմության համար՝ իրենց Թագավորին ու Վարդապետին: Եվ թող որ մեզ նույնպես տրվի՝ դառնալ նրանց ընկերներն ու աշակերտակիցները»[8]:

 

958. Հաղորդությունը ննջեցյալների հետ: «Պանդխտության մեջ գտնվողների Եկեղեցին, լավագույնս ճանաչելով Հիսուս Քրիստոսի միստիկ ամբողջ Մարմնի այս հաղորդությունը, քրիստոնեական կրոնի առաջին իսկ ժամանակներից սկսած՝ մեծ սեր է տածել ննջեցյալների հիշատակի հանդեպ և, քանի որ ''սուրբ և փրկարար է ննջեցյալների համար աղոթելու միտքը, որպեսզի թողություն տրվի նրանց մեղքերին'' (2Մկբ 12, 46), նրանց համար ընծայել է նաև իր օժանդակությունը»[9]: Նրանց համար կատարված մեր աղոթքները կարող են ո՛չ միայն նրանց օգնել, այլ նաև՝ արդյունավետ դարձնել մեզ ի նպաստ կատարած նրանց բարեխոսությունը:

 

959. Աստծո մեկ ընտանիքում: «Մենք բոլորս, որ Աստծո զավակներն ենք և Քրիստոսի մեջ կազմում ենք միայն մեկ ընտանիք, մինչ միմյանց միջև հաղորդակցվում ենք փոխադարձ սիրով և Ամենասուրբ Երրորդությանն ուղղված միակ գովաբանությամբ, համապատասխանում ենք Եկեղեցու կոչման ամենաէական կետին»[10]:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 49: AAS 57 (1965) 54.
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 49: AAS 57 (1965) 54-55.
[3] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 49: AAS 57 (1965) 55.
[4] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 49: AAS 57 (1965) 55.
[5] Մահամերձ Սբ. Դոմենիկոսը իր եղբայրակիցներին. Relatio iuridica 4 (Frater Radulphus de Faventia), 42: Acta sanctorun, Augustus I, p. 636; հմմտ. Հորդանոս Սասսոնացի, Վարք, 4, 69: Acta sanctorun, Augustus I, p. 551.
[6] Սբ. Թերեզա Հիսուս Մանկան, Խոսքեր (17 Հուլիս 1897): Derniers Entretiens, (Paris 1971) p. 270.
[7] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 50: AAS 57 (1965) 56.
[8] Սբ. Պողիկարպոս Զմյուռնացի, Սուրբ Պողիկարպոսի մարտիրոսությունը, 17, 3: SC 10bis, 232 (Funk 1, 336).
[9] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 50: AAS 57 (1965) 55.
[10] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 51: AAS 57 (1965) 58.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։