Գլուխ Գ. - Հոդված 9. / Հատված Զ. / ա) Մարիամի մայրությունը Եկեղեցու հանդեպ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - Հոդված 9. / Հատված Զ. / ա) Մարիամի մայրությունը Եկեղեցու հանդեպ

ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՄԻԱՑԱԾ ԻՐ ՈՐԴՈՒՆ ...

964. Եկեղեցու հանդեպ ունեցած Մարիամի դերակատարությունն անբաժանելի է Քրիստոսի հետ ունեցած իր միությունից և ուղղակիորեն բխում է դրանից: «Փրկագնման գործի մեջ Մոր այս միությունը Որդու հետ՝ դրսևորվում է Քրիստոսի կուսական հղացման պահից սկսած մինչև Իր մահը»[1]: Այս միությունն ի մասնավորի դրսևորվում է Նրա չարչարանքների ժամին.

«Ամենասուրբ Կույսը առաջ գնաց հավատքի քայլքի մեջ և հավատարմորեն պահպանեց Որդու հետ ունեցած իր միությունը մինչև խաչի ստորոտը, ուր, ո՛չ առանց աստվածային ծրագրի, այնտեղ ոտքի կանգնած մնաց, խորապես տառապեց իր Միածին Որդու հետ և մայրական հոգիով միացավ Նրա զոհընծայմանը, սիրալիր հոժարությամբ ընդունելով իրենից ծնված Զոհի պատարագումը. իսկ վերջում, խաչի վրա մեռնող Քրիստոս Հիսուսի իսկ կողմից որպես մայր տրվեց աշակերտին, այս խոսքերով. ''Կի՜ն, ահա՛ քո որդին'' (հմմտ. Հվհ 19, 26-27)»[2]:

 

965. Իր Որդու համբարձումից հետո, Մարիամն «իր աղոթքներով օգնեց նորածին Եկեղեցուն»[3]: Առաքյալների և մի քանի կանանց հետ ի մի հավաքված, «Մարիամը նույնպես աղոթքներով աղերսում էր պարգևը Սուրբ Հոգու, Ով ավետման ժամանակ արդեն Իր հովանու ներքո էր վերցրել իրեն»[4]:

 

... ՆԱԵՎ ԻՐ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԻՑ ՀԵՏՈ ...

966. «Վերջում անարատ Կույսը, ով զերծ էր պահվել սկզբնական մեղքի որևէ բծից, իր երկրային կյանքի ընթացքն ավարտելով՝ իր մարմնով և իր հոգիով վերափոխվեց երկնային փառքին, և Տիրոջ կողմից մեծարվեց որպես տիեզերքի Թագուհի, որպեսզի առավել լիուլի կերպով կերպարանակից լիներ իր Որդուն՝ տերերի Տիրոջը, մեղքի ու մահվան դեմ Հաղթանակածին»[5]: Սուրբ Կույսի Վերափոխումը մի եզակի մասնակցություն է իր Որդու Հարությանը և նախապես տրված օրինակ՝ մյուս քրիստոնյաների հարության.

«Մայրությանդ մեջ պահպանեցիր կուսությունը, ննջմանդ մեջ չլքեցիր աշխարհը, ո՜վ Աստվածամայր. հասար Կյանքի ակունքին, դու, որ հղացար կենդանի Աստծուն և որ աղոթքներովդ կազատես մեր հոգիները մահից»[6]:

 

... ՆԱ ՄԵՐ ՄԱՅՐՆ Է ՇՆՈՐՀԻ ԿԱՐԳԻ ՄԵՋ

967. Սուրբ Կույս Մարիամը հավատքի և սիրո բնօրինակն է Եկեղեցու համար, որովհետև լիուլի հարեց Հոր կամքին, Որդու կողմից իրականացված փրկագնման գործին և Սուրբ Հոգու բոլոր ազդակներին: «Սրա համար՝ նա ճանաչված է որպես Եկեղեցու գերվսեմաշուք և ամբողջովին եզակի անդամ»[7]: Մարիամը «Եկեղեցու խորհրդապատկերն է (« typus »)»[8]:

 

968. Բայց Եկեղեցու և ողջ մարդկության հանդեպ ունեցած իր դերակատարությունն է՛լ ավելի հեռուներն է հասնում: «Նա ամբողջովին յուրահատուկ կերպով գործակցեց Փրկչի գործին՝ հնազանդությամբ, հավատքով, հույսով և բոցավառ սիրով, վերականգնելու համար հոգիների գերբնական կյանքը: Սրա համար՝ շնորհի կարգի մեջ դարձավ մեր համար Մայր»[9]:

 

969. «Մարիամի այս մայրությունը շնորհի տնօրենության մեջ տևում է անդադար՝ Ավետման ժամանակ հավատքի մեջ տրված համաձայնության պահից սկսած և խաչի տակ առանց վարանումների պահպանված, մինչև որ բոլոր ընտրյալները կթագադրվեն հավիտենական փառքով: Հիրավի, Երկինք վերափոխվելով՝ նա չթողեց փրկության այս առաքելությունը, այլ՝ իր հզոր բարեխոսությամբ շարունակում է ստանալ մեր համար հավիտենական փրկության պարգևները։ [...] Այս պատճառով է Եկեղեցին Սուրբ Կույսին դիմում Դատապաշտպան, Աջակից, Օգնական, Բարեխոս տիտղոսներով»[10]:

 

970. «Մարդկանց հանդեպ Մարիամի մայրության պաշտոնը ոչ մի կերպ չի խամրացնում կամ նվազեցնում [...] Քրիստոսի միակ միջնորդությունը, այլ՝ ցույց է տալիս դրա արդյունավետությունը: Հիրավի, Սուրբ Կույսի փրկարար յուրաքանչյուր ազդեցություն [...] բխում է Քրիստոսի արժանիքների գերառատությունից, հիմնվում է Նրա միջնորդության վրա, բացարձակ կերպով կախումնավոր է դրանից և դրանից է հայթայթում իր ողջ արդյունավետությունը»[11]: «Ոչ մի արարած, արդարև, չի կարող երբևէ համեմատվել մարդացած և փրկագնող Բանի հետ. բայց ինչպես որ Քրիստոսի քահանայությանը տարբեր եղանակներով մասնակից են դառնում սրբազան պաշտոնյաներն ու հավատացյալ ժողովուրդը, և ինչպես որ Աստծո միակ բարությունը զանազան եղանակներով իսկապես սփռված է արարածների մեջ, այդպես էլ Փրկչի միակ միջնորդությունը չի բացառում, այլ՝ արարածների մեջ հարուցում է միակ աղբյուրին մասնակցող մի բազմազան համագործակցություն»[12]:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 57: AAS 57 (1965) 61.
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 58: AAS 57 (1965) 61-62.
[3] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 69: AAS 57 (1965) 66.
[4] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 59: AAS 57 (1965) 62.
[5] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 59: AAS 57 (1965) 62; հմմտ. Պիուս Տասներկուերորդ, Առաք. Սահմ. Ամենաառատաձեռն Աստված (1 Նոյեմբեր 1950): DS 3903.
[6] Բյուզանդական Ծես, Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի Ննջման տոնի Ժամամուտ. Ὡρολόγιον τὸ μέγα (Romae 1876), p. 215.
[7] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 53: AAS 57 (1965) 59.
[8] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 63: AAS 57 (1965) 64.
[9] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 61: AAS 57 (1965) 63.
[10] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 62: AAS 57 (1965) 63.
[11] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 60: AAS 57 (1965) 62.
[12] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 62: AAS 57 (1965) 63.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։