« ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ »

ԸՆՏԱՆԻՔԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻՆ ԲՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անձի և հասարակության համար ընտանիքի կարևորությունն ու կենտրոնականությունը բազմաթիվ անգամներ ընդգծվում է Աստվածաշնչում. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի» (Ծնդ 2, 18): Սկսած հատվածներից, ուր պատմվում է մարդու արարումը (հմմտ. Ծնդ 1, 26-28; 2, 7-24), ակներև է դառնում, թե ինչպես – Աստծո ծրագրում – զույգը հանդիսանում է «անձանց միջև հաղորդության առաջին ձևը»1: Եվան ստեղծվում է Ադամի նման, իբրև նա, ով – իր այլության մեջ – լրացնում է նրան (հմմտ. Ծնդ 2, 18), նրա հետ «մի մարմին» կազմելու համար (Ծնդ 2, 24; հմմտ. Մտթ 19, 5-6)2: Միաժամանակ, երկուսին էլ հանձնարարվում է որդեծնության առաջադրանքը, որով նրանք դառնում են Աստծո համագործակիցները. «Արգասավոր եղեք և բազմացեք, լցրեք երկիրը» (Ծնդ 1, 28): Արարչի ծրագրում ընտանիքն ուրվագծվում է որպես «անձի և հասարակության ''մարդկայնացման'' առաջնակարգ վայրը» և «կյանքի ու սիրո օրրանը»3:
 
Ընտանիքում անհատը սովորում է ճանաչել Տիրոջ սերն ու հավատարմությունը և դրանց համապատասխանելու անհրաժեշտությունը (հմմտ. Ել 12, 25-27; 13, 8.14-15; 2Օր 6, 20-25; 13, 7-11; 1Թագ 3, 13). երեխաները ստանում են առաջին և ամենավճռական դասերը գործնական իմաստության, որի հետ են կապված առաքինությունները (հմմտ. Առկ 1, 8-9; 4, 1-4; 6, 20-21; Սիր 3, 1-16; 7, 27-28): Այս ամենի պատճառով է, որ Տերը ներկայանում է որպես ամուսնական սիրո և հավատարմության երաշխավոր (հմմտ. Մաղ 2, 14-15):
Հիսուսը ծնվեց և ապրեց մի կոնկրետ ընտանիքում, ընդունելով դրան բնորոշ բոլոր հատկությունները4, և վեհ ու վսեմ արժանապատվություն հաղորդեց ամուսնական հիմնարկին, հաստատելով այն որպես Նոր Ուխտի խորհուրդ (հմմտ. Մտթ 19, 3-9): Այս հեռանկարում զույգը գտնում է իր ողջ արժանապատվությունը, իսկ ընտանիքը՝ իրեն բնորոշ ամրությունը:
 
Աստվածաշնչյան պատգամի լույսով լուսավորված, Եկեղեցին նկատում է ընտանիքը որպես առաջին բնական հասարակությունը, որն ունի սեփական ու ինքնատիպ իրավունքներ, և այն դնում է հասարակական կյանքի կենտրոնում. հեռացնել ընտանիքն իր այս կենտրոնական դիրքից և դատապարտել «ստորադաս ու երկրորդական դերի, բացառելով այն դիրքից, որն իրեն իրավամբ պատկանում է հասարակությունում, նշանակում է ծանր վնաս հասցնել հասարակական ողջ կառույցի իրական աճին»5: Արդարև, ընտանիքը, որ ծնվում է մի տղամարդու և մի կնոջ միջև ամուսնության վրա հիմնված կյանքի սերտ հաղորդությունից ու ամուսնական սիրուց6, ի սկզբանե ունի իրեն միայն հատուկ հասարակական ծավալ ու տարողություն, քանի որ միջանձնային հարաբերությունների առաջնակարգ վայրն է, հասարակության առաջին և կենսական բջիջը7. այն աստվածային հիմնարկ է, որ գտնվում է անձանց կյանքի հիմքում, որպես հասարակական որևէ կարգի նախատիպար:

1) Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հովվական Սահմանադրություն Gaudium et spes (Ուրախություններն ու հույսերը), 12: AAS 58 (1966) 1034.
2) Հմմտ. Կաթողիկե Եկեղեցու Քրիստոնեական, 1605.
3) Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաքելական Հորդոր Christifideles laici (Քրիստոսի աշխարհական հավատացյալները), 40: AAS 81 (1989) 469.
4) Սուրբ Ընտանիքն ընտանեկան կյանքի տիպար օրինակն է. «Թող որ Նազարեթը մեզ հիշեցնի, թե ի՛նչ է ընտանիքը, ի՛նչ է սիրո հաղորդությունը, նրա չարքաշ ու պարզունակ գեղեցկությունը, նրա սրբազան ու անձեռնմխելի նկարագիրը. թող որ մեզ տեսնել տա, թե որքա՜ն քաղցր ու անփոխարինելի է ընտանիքում ստացած դաստիարակությունը. թող որ մեզ ուսուցանի նրա բնական դերը հասարակական կարգում: Ի վերջո, սովորում ենք աշխատանքի դասը». Պողոս Վեցերորդ, Քարոզ Նազարեթում (5 Հունվար 1964թ.): AAS 56 (1964) 168.
5) Հովհաննես Պողոս Երկրորդ, Նամակ ընտանիքներին Gratissiman sane (Բարեհաճ առիթ), 17: AAS 86 (1994) 906.
6) Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Հովվական Սահմանադրություն Gaudium et spes (Ուրախություններն ու հույսերը), 48: AAS 58 (1966) 1067-1069.
7) Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վճռագիր Apostolicam actuositatem (Առաքելական գործունեությունը), 11: AAS 58 (1966) 848.

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։