« ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ »

ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՁԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ա) Ընտանիքի կարևորությունն անձի համար

Ընտանիքը կարևոր և կենտրոնական է անձի համար: Կյանքի և սիրո այդ օրրանում մարդը ծնվում և աճում է. երբ երեխա է ծնվում, հասարակությանը տրվում է պարգևը մի նոր անձի, որն «իր ներաշխարհից կանչված է ուրիշների հետ հաղորդության և ուրիշներին նվիրվելու»1: Ընտանիքում, ուստի, ամուսնության մեջ միավորված տղամարդու և կնոջ փոխադարձ ինքնանվիրումը ստեղծում է կյանքի մի միջավայր, ուր երեխան կարող է «զարգացնել իր պոտենցիալ կարողությունները, գիտակցել իր արժանապատվությունը և նախապատրաստվել իր եզակի ու անկրկնելի ճակատագիրը դիմագրավելուն»2:
Ընտանեկան համայնքի անդամներին միմյանց կապող բնական գորովի մթնոլորտում անձերն ընդունվում և պատասխանատվության գիտակցություն են ձեռքբերում իրենց ամբողջականության մեջ. «''Մարդկային էկոլոգիային'' նպաստող առաջին և հիմնական կառույցը ընտանիքն է, որի գրկում մարդը ստանում է ճշմարտության և բարու մասին առաջին և որոշիչ գիտելիքները, սովորում է, թե ի՛նչ է նշանակում սիրել և սիրված լինել, և հետևաբար՝ կոնկրետ ի՛նչ է նշանակում լինել անձ»3: Ընտանիքի անդամների պարտականություններն, արդարև, սահմանափակված չեն պայմանագրի դրույթներով, այլ՝ բխում են ինքնին ընտանիքի էությունից, որն հիմնված է ամուսնական անհետսկոչելի դաշինքի վրա և համակարգվում է հարաբերություններով, որոնք առաջանում են երեխաների ծննդյան կամ որդեգրման հետևանքում:


բ) Ընտանիքի կարևորությունը հասարակության համար

Ընտանիքը, որպես բնական համայնք, որտեղ անհատը փորձառությունն է ունենում մարդկային սոցիալականության, եզակի ու անփոխարինելի ձևով նպաստում է հասարակության բարիքին: Ընտանեկան համայնքն, արդարև, ծնվում է անձերի հաղորդությունից. «''Հաղորդությունը'' վերաբերվում է ''ես''ի և ''դու''ի միջև անձնական հարաբերությանը: ''Համայնքը'', մինչդեռ, գերազանցում է այդ պատկերը ''հասարակության'', ''մենք''ի ուղղությամբ: Ուստի ընտանիքը, որպես անձերի համայնք, մարդկային առաջին ''հասարակությունն'' է»4:
Ընտանիքին համապատասխանող հասարակությունը լավագույն երաշխիքն է ընդդեմ անհատապաշտական (ինդիվիդուալիստական) կամ հավաքապաշտական (կոլեկտիվիստական) շեղումների, քանի որ նման հասարակության մեջ անձը միշտ գտնվում է ուշադրության կենտրոնում որպես նպատակ և երբե՛ք որպես միջոց: Միանգամայն ակնհայտ է, որ անձանց բարիքը և հասարակության անխափան աշխատելը սերտորեն շաղկապված են «ամուսնական և ընտանեկան համայնքի բարենպաստ կարգավիճակի հետ»5: Առանց հաղորդության մեջ ուժեղ և հանձնառության մեջ կայուն ընտանիքների, ժողովուրդները տկարանում են: Ընտանիքում են կյանքի առաջին իսկ տարիներից սկսած երեխայի մտքում տպավորվում բարոյական արժեքները, ավանդվում են կրոնական համայնքի հոգևոր ժառանգությունը և Ազգի մշակութային ժառանգությունը: Ընտանիքում է անհատը արհեստ սովորող աշկերտի նման ուսանում սոցիալական պատասխանատվություններն ու համերաշխությունը6:

Հարկավոր է հաստատել ընտանիքի առաջնայնությունը հասարակության և Պետության նկատմամբ: Ընտանիքն, արդարև, առնվազն իր որդեծնական դերակատարությամբ, նրանց գոյության իսկ նախապայմանն է: Իր անդամներից յուրաքանչյուրին ի նպաստ կատարվող իր մյուս պաշտոններում ընտանիքն առավել առաջնային դիրք է գրավում - կարևորությամբ և արժեքով - քան այն պաշտոններն ու դերակատարությունը, որոնք իրականացվում են հասարակության և Պետության կողմից7: Ընտանիքը, որպես անկապտելի իրավունքների տեր հանդիսացող ենթակա, իր օրինականացումը գտնում է մարդկային բնության մեջ, այլ ո՛չ թե՝ Պետության կողմից ճանաչման մեջ: Ընտանիքը, հետևաբար, հասարակության և Պետության համար չէ, այլ՝ հասարակությունն ու Պետությունն են ընտանիքի համար:
Սոցիալական որևէ մոդել, որ նպատակ ունի ծառայելու մարդու բարիքին, չի կարող հաշվի չառնել ընտանիքի սոցիալական կենտրոնականությունն ու պատասխանատվությունը: Հասարակությունն ու Պետությունը, մինչդեռ, ընտանիքի հետ ունեցած իրենց հարաբերություններում պարտավոր են հետևել օժանդակության սկզբունքին: Այդ սկզբունքի ուժով, հանրային իշխանությունները չպետք է ընտանիքից խլեն այն դերակատարությունը, պաշտոններն ու իրավասությունները, որոնք նա կարող է հաջողությամբ իրականացնել ինքնուրույն կերպով կամ ուրիշ ընտանիքների հետ ազատ ընկերակցությամբ. մյուս կողմից, այդ միևնույն իշխանությունները պարտականությունն ունեն աջակցելու ընտանիքին, նրա համար ապահովելով այն բոլոր օգնությունները, որոնց կարիքը նա ունի՝ իր բոլոր պարտականությունները պատշաճ կերպով ստանձնելու համար8:

1) Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաքելական Հորդոր Christifideles laici (Քրիստոսի աշխարհական հավատացյալները), 40: AAS 81 (1989) 468.
2) Հովհաննես Պողոս Երկրորդ, Կոնդակ Centesimus annus (Հարյուրերորդ տարին), 39: AAS 83 (1991) 841.
3) Հովհաննես Պողոս Երկրորդ, Կոնդակ Centesimus annus (Հարյուրերորդ տարին), 39: AAS 83 (1991) 841.
4) Հովհաննես Պողոս Երկրորդ, Նամակ ընտանիքներին Gratissiman sane (Բարեհաճ առիթ), 7: AAS 86 (1994) 875; հմմտ. Կաթողիկե Եկեղեցու Քրիստոնեական, 2206.
5) Վատիկան. Բ. Ժողով, Հով. Սահմ. Gaudium et spes (Ուրախություններն ու հույսերը), 47: AAS 58 (1966) 1067; հմմտ. Կաթողիկե Եկեղեցու Քրիստոնեական, 2210.
6) Հմմտ. Կաթողիկե Եկեղեցու Քրիստոնեական, 2224.
7) Հմմտ. Սուրբ Աթոռ, Ընտանիքի իրավունքների Հիմնաթուղթ (22 Հոկտեմբեր 1983թ.), Նախաբան, D-E, TPV, Città del Vaticano 1983, p. 6.
8) Հմմտ. Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաքելական Հորդոր Familiaris consortio (Ընտանեկան հիմնարկը), 45: AAS 74 (1982) 136-137; Կաթողիկե Եկեղեցու Քրիստոնեական, 2209.

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։