Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

1187. Ծեսը գործն է ամբողջական Քրիստոսի՝ Գլխի և Մարմնի: Մեր Քահանայապետն այն անդադար հանդիսակատարում է Երկնային Ծեսի մեջ՝ Սուրբ Աստվածածնի, Առաքյալների, բոլոր Սրբերի և արդեն Արքայություն մտած մարդկանց բազմության հետ միասին:

 

1188. Ծիսական արարողության մեջ բոլոր հավաքվածները «ծիսակատար» են, յուրաքանչյուրն ըստ իր գործառույթի: Մկրտական քահանայությունը պատկանում է Քրիստոսի ամբողջ Մարմնին: Այդուհանդերձ, սակայն, որոշ հավատացյալներ Ձեռնադրության խորհրդի միջոցով կարգվում են՝ ներկայացնելու Քրիստոսին որպես Մարմնի Գլուխ:

 

1189. Ծիսական հանդիսակատարությունը ենթադրում է գործածումը նշանների և այլաբանական պատկերների, որոնք վերաբերվում են արարչությանը (լույս, ջուր, կրակ), մարդկային կյանքին (լվանալ, օծել, հացը բեկանել) և փրկության պատմությանը (Զատիկի արարողությունները): Հավատքի աշխարհ ներմուծվելով և Սուրբ Հոգու զորությանը ենթարկվելով՝ այս տիեզերական տարրերը, այս մարդկային արարողությունները, Աստծո այս հիշարժան ժեստերը դառնում են Քրիստոսի կողմից ի կատար ածված փրկագործության և սրբագործության կրիչները:

 

1190. Խոսքի Պաշտամունքը ծիսակատարության ամբողջացուցիչ մասերից է: Ծիսակատարության նշանակությունն արտահայտվում է Աստծո Խոսքի կողմից, որն ավետարանվում է, և հավատքի հանձնառության կողմից, որը դրան պատասխանում է:

 

1191. Երգեցողությունն ու երաժշտությունը սերտորեն կապված են ծիսակատարությանը: Դրանց վավերական գործածության չափանիշներն են. աղոթքի արտահայտչական գեղեցկությունը, հավաքվածների միաձայն մասնակցությունը, և արարողության սրբազան նկարագիրը:

 

1192. Սրբապատկերները, որ ներկա են մեր եկեղեցիներում և մեր տներում, գործառույթն ունեն վերարթնացնելու և սնուցելու մեր հավատքը Քրիստոսի խորհրդի հանդեպ: Քրիստոսի և Իր փրկարար գործերի սրբապատկերների միջոցով մենք Իրեն է, որ երկրպագում ենք: Սուրբ Աստվածածնի, Հրեշտակների և Սրբերի սրբապատկերների միջոցով մենք պատվում ենք այն անձանց, ովքեր դրանցում պատկերված են:

 

1193. Կիրակին՝ «Տիրոջ Օրը», Գոհաբանական Պատարագի մատուցման գլխավոր օրն է, քանի որ Հարության օրն է: Գերազանցապես նախընտրելի օրն է ծիսական հավաքման համար, քրիստոնյա ընտանիքի օրն է, ուրախության և աշխատանքից հանգստանալու օրը: «Ծիսական ամբողջ տարվա հիմքն է և կորիզը»[1]:

 

1194. Եկեղեցին «տարեկան ցիկլի ընթացքում ներկայացնում է Քրիստոսի ամբողջ խորհուրդը՝ Մարդեղությունից ու Ծննդից մինչև Համբարձում, մինչև Հոգեգալուստ և մինչև երանելի հույսի և Տիրոջ վերադարձի սպասումը»[2]:

 

1195. Ծիսական տարվա սահմանված օրերին Սրբերի հիշատակը կատարելով, առաջին հերթին Սուրբ Աստվածածնի, ապա Առաքյալների, Մարտիրոսների և մյուս Սրբերի, Եկեղեցին երկրի վրա ցույց է տալիս, որ միացած է Երկնային Ծեսին. փառք է մատուցում Քրիստոսին այն բանի համար, որ փրկության գործն ամբողջացրել է Իր փառավորված անդամների մեջ. նրանց օրինակն իր համար խթան է՝ դեպի Հայրն ուղղված իր քայլքի ընթացքում:

 

1196. Ժամերգությունները հանդիսակատարող հավատացյալները միանում են Քրիստոսին՝ մեր Քահանայապետին, Սաղմոսների աղոթքի, Աստծո Խոսքի խորհրդածման, շարականների և օրհնութունների աղոթքի միջոցով, մասնակից դարձվելու համար Նրա անդադար և ընդհանրական աղոթքին, որը փառավորում է Հորը և աղերսում է Սուրբ Հոգու պարգևը ամբողջ աշխարհի վրա:

 

1197. Քրիստոսը Աստծո ճշմարիտ Տաճարն է, «վայրը, որտեղ բնակվում է Նրա փառքը». Աստծո շնորհի միջոցով քրիստոնյաները նույնպես դառնում են Սուրբ Հոգու տաճարները, կենդանի քարերը, որոնցով կառուցվում է Եկեղեցին:

 

1198. Իր երկրային վիճակում Եկեղեցին կարիքն ունի վայրերի, որտեղ հավատացյալների հասարակությունը կարող է հավաքվել. այսինքն՝ մեր տեսանելի եկեղեցիները, սուրբ վայրերը, որոնք պատկերներն են Սուրբ Քաղաքի՝ Երկնային Երուսաղեմի, դեպի որն ենք քայլում մենք որպես ուխտավորներ:

 

1199. Այդ եկեղեցիներում Եկեղեցին ծիսակատարում է հասարակաց պաշտամունքը ի փառս Ամենասուրբ Երրորդության, ունկնդրում է Աստծո Խոսքը և երգում է Նրա գովքը, վեր է բարձրացնում իր աղոթքը, մատուցում է Քրիստոսի Զոհը, Ով խորհրդական կերպով ներկա է հավաքված հասարակության մեջ: Ինչպես նաև, այս եկեղեցիները ամփոփման և անձնական աղոթքի վայրեր են:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմ. Սրբազնասուրբ Ժողովը, 106: AAS 56 (1964) 126.
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմ. Սրբազնասուրբ Ժողովը, 102: AAS 56 (1964) 125.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։