Գլուխ Ա. - ԶԱՏԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԺԱՄԱՆԱԿՎԱ ՄԵՋ / Հոդված 1. ԾԵՍԸ ԳՈՐԾՆ Է ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ / ա) Հայրը Ծեսի աղբյուրն է ու նպատակակետը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - ԶԱՏԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԺԱՄԱՆԱԿՎԱ ՄԵՋ / Հոդված 1. ԾԵՍԸ ԳՈՐԾՆ Է ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ / ա) Հայրը Ծեսի աղբյուրն է ու նպատակակետը

1077. «Օրհնյա՜լ է Աստված՝ Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ օրհնեց մեզ հոգևոր բոլոր օրհնություններով Երկնքում, ի Քրիստոս: Նրա մեջ ընտրեց մեզ աշխարհի արարումից առաջ արդեն, լինելու սուրբ և անարատ Իր առջև՝ սիրո մեջ, նախասահմանելով մեզ լինելու Իրեն որդեգիրներ Քրիստոս Հիսուսով, ըստ Իր կամքի հաճության: Եվ սա՝ ի գովեստ և ի փառս Իր շնորհի, որ տվեց մեզ Իր սիրեցյալ Որդու միջոցով» (Եփս 1, 3-6):

 

1078. Օրհնելը մի աստվածային գործ է, որ տալիս է կյանքը և որի աղբյուրը Հայրն է: Իր օրհնությունը միաժամանակ խոսք է և պարգև (հունարեն՝ « εὐ-λογία » - « էու-լոգի՛ա», լատիներեն՝ « bene-dictio » - « բե՛նե-դի՛կցիո », երկու դեպքում էլ իմաստը « բարիք ասել »ն է): Մարդու վերաբերյալ գործածվելով՝ այս եզրը մատնանշում է պաշտամունքը և երախտագիտության մատուցմամբ սեփական անձի հանձնումը սեփական Արարչին:

 

1079. Ժամանակների սկզբից մինչև վախճանը, Աստծո ողջ գործը օրհնություն է: Առաջին արարչության ծիսական բանաստեղծությունից մինչև երկնային Երուսաղեմի տաղերը, ներշնչված հեղինակների կողմից փրկության ծրագիրն ավետվում է որպես աստվածային մի անծայրածիր օրհնություն:

 

1080. Սկզբում, Աստված օրհնում է կենդանի էակներին, հատկապես՝ մարդուն և կնոջը: Նոյի և բոլոր շնչավոր էակների հետ կնքված ուխտը նորոգում է արգասավորության այս օրհնությունը, չնայած մարդու մեղքին, որի պատճառով երկիրը «անիծվել» էր: Բայց Աբրահամից սկսած է, որ աստվածային օրհնությունը ներթափանցում է մարդկանց պատմության մեջ, որն ընթանում էր դեպի մահը, այն դեպի կյանք, դեպի կյանքի ակունքը վերադարձնելու նպատակով. «հավատացյալների հոր» հավատքի շնորհիվ, որն ընդունում է օրհնությունը, սկիզբ է տրվում փրկության պատմությանը:

 

1081. Աստվածային օրհնությունները տեսանելի են դառնում սքանչելի և փրկարար իրադարձությունների միջոցով. Իսահակի ծնունդը, Եգիպտոսից ելքը (Զատիկ և Ելք), խոստացված Երկրի պարգևումը, Դավթի ընտրությունը, Աստծո ներկայությունը Տաճարի մեջ, մաքրագործող աքսորը և «փոքրիկ մնացորդի» վերադարձը: Օրենքը, Մարգարեներն ու Սաղմոսները, որ հյուսում են ընտրյալ ժողովրդի Ծեսը, հիշատակում են աստվածային այս օրհնությունները և միաժամանակ պատասխանում են դրանց՝ գովքի օրհնություններով ու երախտագիտության մատուցմամբ:

 

1082. Եկեղեցու Ծեսի մեջ աստվածային օրհնությունը լիովին հայտնվում է և հաղորդակցվում. Հայրը ճանաչվում և պաշտվում է որպես արարչության և փրկության բոլոր օրհնությունների Ակունքը և Վախճանը. հանձինս Իր Բանի, Ով մեր համար մարդացավ, մեռավ և հարություն առավ, Նա մեզ լիացնում է Իր օրհնություններով և Նրա միջոցով մեր սրտերից ներս հեղում է Պարգևը, որն Իր մեջ բովանդակում է բոլոր պարգևները. Սուրբ Հոգին:

 

1083. Հասկացվում է, այսպես, Քրիստոնեական Ծեսի երկկողմ ուղղվածությունը՝ որպես հավատքի և սիրո պատասխան այն «հոգևոր օրհնություններին», որոնք Հայրը պարգևում է մեզ: Մի կողմից Եկեղեցին, միացած իր Տիրոջը և Սուրբ Հոգու ներգործությամբ[1], օրհնում է Հորը «Իր անճառելի Պարգևի» համար (2Կր 9, 15) և դա անում է երկրպագությամբ, գովաբանությամբ և երախտագիտության (գոհության) մատուցմամբ: Մյուս կողմից, և մինչև Աստծո ծրագրի լիուլի կատարումը, Եկեղեցին չի դադարում Հորը ներկայացնել «իր սեփական ընծաների մատուցումը» և աղերսել, որ առաքի Սուրբ Հոգին ընծաների, իր, հավատացյալների և ողջ աշխարհի վրա, որպեսզի Քրիստոս Քահանայի մահվանն ու հարությանը հաղորդվելով և Հոգու զորությամբ՝ այդ աստվածային օրհնությունները կյանքի պտուղներ հասունացնեն «ի գովեստ և ի փառս Իր շնորհի» (Եփս 1, 6):

[1] Հմմտ. Ղկս 10, 21
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։