Գլուխ Ա. - Հոդված 1. / գ) Սուրբ Հոգին և Եկեղեցին Ծեսի մեջ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 1. / գ) Սուրբ Հոգին և Եկեղեցին Ծեսի մեջ

1091. Ծեսի մեջ, Սուրբ Հոգին Աստծո ժողովրդի հավատքի մանկավարժն է, «Աստծո գլուխգործոցների», այսինքն՝ Նոր Ուխտի Խորհուրդների հեղինակը: Եկեղեցու սրտի մեջ Սուրբ Հոգու փափագը և գործը այն է, որ մենք ապրենք հարուցյալ Քրիստոսի կյանքով: Երբ Նա մեր մեջ հանդիպում է Իր կողմից արթնացված հավատքի պատասխանին, իրականանում է մի ճշմարիտ համագործակցություն: Այս համագործակցության շնորհիվ՝ Ծեսը դառնում է Սուրբ Հոգու և Եկեղեցու ընդհանուր գործը:

 

1092. Քրիստոսի Խորհրդի այս խորհրդական (սակռամենտալ) հաղորդակցման մեջ Սուրբ Հոգին գործում է այն նույն եղանակով, որով որ գործում էր փրկության Տնօրենության մյուս ժամանակներում. Նա Եկեղեցուն պատրաստում է հանդիպելու իր Տիրոջը. Քրիստոսի մասին հիշեցնում և Քրիստոսին հայտնում է հավատացյալների հավաքի հավատքին. ներկա է դարձնում Քրիստոսի Խորհուրդը և այն առարկայացնում է շնորհիվ Իր փոխակերպիչ զորության. ի վերջո, հաղորդության Հոգին միացնում է Եկեղեցին Քրիստոսի կյանքին ու առաքելությանը:

 

ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՔՐԻՍՏՈՍԻՆ

1093. Խորհրդակատար Տնօրենության մեջ Սուրբ Հոգին ի կատար է ածում Հին Ուխտի պատկերները: Քանի որ Քրիստոսի Եկեղեցին «զարմանահրաշ կերպով պատրաստվել էր Իսրայելի ժողովրդի և Հին Ուխտի պատմության ընթացքում»[1], Եկեղեցու Ծեսն իրենն է դարձնում և որպես ամբողջացուցիչ և անփոխարիների մասեր պահպանում է Հին Ուխտի պաշտամունքի տարրերից մի քանիսը.
– մասնավորապես՝ Հին Կտակարանի ընթերցումը,
– Սաղմոսների աղոթքը,
– և հատկապես՝ փրկարար իրադարձությունների և ապագան նախապատկերող իրականությունների հիշատակումը, որոնք իրենց կատարումը գտան Քրիստոսի Խորհրդի մեջ (Խոստումը և Ուխտը, Ելքը և Զատիկը, Թագավորությունը և Տաճարը, Աքսորը և Վերադարձը):

 

1094. Երկու Կտակարանների հենց այս ներդաշնակության[2] շուրջն են ծավալվում Տիրոջ զատկական ուսուցումները[3], իսկ հետագայում՝ Առաքյալների և Եկեղեցու Հայրերի ուսուցումները: Այդ ուսուցումները բացահայտում են այն, ինչը որ ծածկված էր մնում Հին Կտակարանի տառի ներքո. Քրիստոսի Խորհուրդը: Այս տեսակ ուսուցումն անվանվել է «պատկերախոսական» (տիպոլոգիկ), քանի որ հայտնում է  Քրիստոսի նորությունը՝ մեկնելով «պատկերներից» (« τύποι » - « տիպոյ »), որոնք Նրան ավետում էին առաջին Ուխտի դեպքերի, խոսքերի ու այլաբանությունների միջոցով: Ճշմարտության Հոգու մեջ կատարված այս վերընթերցման միջոցով, Քրիստոսին որպես մեկնակետ ունենալով, պատկերները քողազերծվում են[4]: Այսպես, ջրհեղեղը և Նոյան տապանը նախապես պատկերում էին փրկությունը Մկրտության միջոցով[5], ինչպես նաև Ամպը և Կարմիր Ծովի անցումը. ժայռից բխած ջուրը Քրիստոսի հոգևոր պարգևների պատկերն էր[6]. անապատում տեղացած մանանան նախապես պատկերում էր Ամենասուրբ Հաղորդությունը՝ «Երկնքից իջած ճշմարիտ Հացը» (Հվհ 6, 32):

 

1095. Սրա համար է Եկեղեցին վերընթերցում ու վերապրում փրկության պատմության բոլոր այս մեծ իրադարձությունները իր Ծեսի «այսօրվա» մեջ, հատկապես Հինանց և Քառասնորդաց ծիսական ժամանակներում և հատկապես Զատիկի գիշերվա ընթացքում: Բայց սա նաև պահանջում է, որ կրոնուսուցումը օգնի հավատացյալներին բացվելու փրկության Տնօրենության այդօրինակ «հոգևոր» ընկալման առաջ, ինչպես որ Եկեղեցու Ծեսը ներկայացնում և մեզ ապրել է տալիս դրանք:

 

1096. Հրեական ծեսը և քրիստոնեական ծեսը: Հրեա ժողովրդի հավատքի և կրոնական կյանքի վերաբերյալ խորացված ծանոթությունը, – այնպես, ինչպես դրանք դավանված և ապրված են մինչև ներկա ժամանակները, – կարող է օգնել ավելի լավ հասկանալու քրիստոնեական ծեսի տարրերից մի քանիսը: Հրեաների և քրիստոնյաների համար Աստվածաշունչը իրենց ծեսերի էական մի մասն է. Աստծո Խոսքի հռչակումը, այդ Խոսքին տրված պատասխանը, գովաբանական աղոթքը և ողջերի ու ննջեցյալների համար կատարվող բարեխոսությունը, ապավինումը աստվածային ողորմությանը: Խոսքի պաշտամունքը, իր ինքնահատուկ կառուցվածքով, իր արմատները գտնում է հրեական աղոթքի մեջ: Ժամերգությունների աղոթքը և ծիսական ա՛յլ գրություններն ու բանաձևերը հրեական ծեսի մեջ են գտնում իրենց համապատասխանները, ինչպես նաև՝ մեր մեծարանքի ամենաարժանի աղոթքների բանաձևերը, որոնց շարքին՝ նաև «Հայր մեր»ը: Պատարագի գոհաբանական աղոթքները նույնպես ներշնչված են հրեական ավանդության բնօրինակներից: Հրեական և քրիստոնեական ծեսերի միջև գոյություն ունեցող հարաբերությունը, բայց նաև՝ նրանց միջև առկա տարբերությունները, տեսանելի են մասնավորապես ծիսական տարվա մեծ տոների համատեքստում, ինչպես օրինակ Զատիկը: Քրիստոնյաները և հրեաները տոնում են Զատիկը. հրեաների մոտ դա պատմական Զատիկն է, որ ձգտում է դեպի ապագան. քրիստոնյաների մոտ՝ Քրիստոսի մահվամբ և հարությամբ կատարված Զատիկը, թեև տակավին վերջնական ամբողջացման սպասման մեջ:

 

1097. Նոր Ուխտի Ծեսի մեջ ծիսական յուրաքանչյուր արարողություն, հատկապես Ամենասուրբ Հաղորդության և յոթ Խորհուրդների ծիսակատարումը, մի հանդիպում է Քրիստոսի և Եկեղեցու միջև: Ծիսական հավաքն իր սեփական միությունը ստանում է «Սուրբ Հոգու հաղորդությունից», որը Աստծո զավակներին վերամիավորում է Քրիստոսի միակ Մարմնի մեջ: Այն գերազանցում է մարդկային, ցեղային, մշակութային ու հասարակական ընդհանրություններին:

 

1098. Հավատացյալների հավաքը պետք է պատրաստվի հանդիպելու իր Տիրոջը, լինելու «լավ տրամադրված մի ժողովուրդ»[7]: Սրտերի այս նախապատրաստությունը համընդհանուր գործն է Սուրբ Հոգու և հավատացյալների իսկ հավաքի, հատկապես՝ իր պաշտոնյաների: Սուրբ Հոգու շնորհն աշխատում է վերարծարծել հավատքը, սրտի դարձը և հարումը Հոր կամքին: Այս տրամադրվածությունները նախադրյալն են՝ ընդունելու համար մյուս շնորհները, որ ընծայվում են բուն հանդիսակատարության մեջ, և նոր կյանքի պտուղների համար, որոնք ինքը սահմանված է հասունացնելու հետագայում:

 

ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՍԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

1099. Սուրբ Հոգին և Եկեղեցին համագործակցում են՝ հայտնի դարձնելու համար Քրիստոսին և Նրա փրկարար գործը Ծեսի մեջ: Հատկապես Գոհաբանական Պատարագի մեջ, և համանման եղանակով՝ մյուս Խորհուրդների մեջ, Ծեսը փրկության Խորհրդի Հիշատակումն է: Սուրբ Հոգին Եկեղեցու կենդանի հիշողությունն է[8]:

 

1100. Աստծո Խոսքը: Ծիսական հավաքին Սուրբ Հոգին նախևառաջ հիշեցնում է փրկությանը կապված իրադարձությունների իմաստը՝ կյանքի կոչելով Աստծո Խոսքը, որն ավետվում է, որպեսզի ընդունվի և ապրվի.

«Ծեսի հանդիսակատարման մեջ գերագույն աստիճանի կարևորություն ունի Աստվածաշնչի ընթերցումը: Արդարև, նրանից են քաղվում քարոզի ժամանակ բացատրվելիք հատվածները և երգվելիք Սաղմոսները. նրա շնչով և նրա հոգիով են օծված ծիսական մաղթանքները, աղոթքներն ու շարականները, և նրանից են իմաստ ստանում արարքներն ու նշանները»[9]:

 

1101. Սուրբ Հոգին է, որ ընթերցողներին և ունկնդրողներին, յուրաքանչյուրի սրտանց տրամադրվածության համաձայն, պարգևում է Աստծո Խոսքի հոգևոր ըմբռնումը: Ծիսական արարողությունների հյուսվածքը կազմող խոսքերի, արարքների ու խորհրդապատկերների միջոցով՝ Նա հավատացյալներին ու պաշտոնյաներին կենդանի հարաբերության մեջ է դնում Քրիստոսի՝ Հոր Խոսքի ու Պատկերի հետ, որպեսզի կարողանան իրենց կյանքի մեջ փոխադրել նշանակությունը այն բաների, որոնք լսում, տեսնում և կատարում են Ծեսի հանդիսակատարության ժամանակ:

 

1102. «Փրկարար խոսքի զորությամբ՝ հավատքը [...] սնվում է հավատացյալների սրտում, իսկ հավատքով սկիզբ է առնում և աճում է հավատացյալների հասարակությունը»[10]: Աստծո Խոսքի հռչակումը չի սահմանափակվում մի ուսուցման սահմաններում. այն խթանում է հավատքի պատասխանը, որպես հարում և հանձնառություն, որպես հեռանկար ունենալով Ուխտը Աստծո և Իր Ժողովրդի միջև: Տակավին Սուրբ Հոգին է, որ պարգևում է հավատքի շնորհը, այն զորացնում և աճեցնում է հասարակության մեջ: Ծիսական հավաքը նախևառաջ հավատքի հաղորդություն է:

 

1103. Վերհիշումը («ἀυάμνησις»): Ծիսակատարությունը միշտ հիմնվում է պատմության մեջ Աստծո փրկարար միջամտությունների վրա: «Հայտնության տնօրենությունը կատարվում է միմյանց միջև սերտորեն կապված դեպքերով ու խոսքերով: [...] Խոսքերը հռչակում են գործերը և լուսաբանում են դրանց մեջ պարունակված խորհուրդը»[11]: Խոսքի Պաշտամունքի մեջ Սուրբ Հոգին «հիշեցնում է» հավատացյալների հավաքին այն ամենը, ինչը որ Քրիստոսը կատարել է մեր համար: Եկեղեցիների ծիսական ավանդությունների ու արարողակարգերի կառուցվածքի համաձայն, ծիսակատարությունը «հիշատակում է» Աստծո հրաշագործությունները մի առավել կամ նվազ ընդարձակ Վերհիշման միջոցով: Սուրբ Հոգին, Ով այդպիսով վերարթնացնում է Եկեղեցու հիշողությունը, դրան որպես հետևանք արծարծում է երախտագիտության մատուցումը և գովաբանությունը («δοξολογία»):

 

ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԱՅԺՄԵԱՑՆՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՍԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

1104. Քրիստոնեական Ծեսը պարզապես չի հիշում իրադարձությունները, որոնց միջոցով կատարվել է մեր փրկագործությունը, այլ նաև՝ «այժմեացնում» է դրանք, դարձնում է ներկա: Քրիստոսի զատկական խորհուրդը ծիսակատարվում է, ո՛չ թե՝ կրկնվում. ծիսակատարություններն են, որ կրկնվում են. դրանցից յուրաքանչյուրի մեջ տեղի է ունենում Սուրբ Հոգու հեղումը, Ով ներկա է դարձնում միակ խորհուրդը:

 

1105. Վերակոչումը («կոչել կամ կանչել վրան», «ἐπίκλησις» – «invocatio-super») այն միջնորդությունն է, որով քահանան աղերսում է Հորը՝ առաքել Սրբագործող Հոգին, որպեսզի ընծայված հացն ու գինին դառնան Քրիստոսի Մարմինն ու Արյունը, և հավատացյալները, ճաշակելով դրանք, նրանք նույնպես դառնան կենդանի ընծաներ Աստծուն:

 

1106. Վերհիշման հետ միասին, Վերակոչումը սիրտն է խորհրդական բոլոր ծիսակատարությունների, յուրահատուկ կերպով՝ Պատարագի.

«Դու հարցնում ես, թե ինչպե՞ս է հացը դառնում Քրիստոսի Մարմինը, և գինին՝ [...] Քրիստոսի Արյունը: Ահա՛ պատասխանում եմ քեզ. Սուրբ Հոգին իջնում և կատարում է այն, ինչը որ գերազանցում է հնարավոր բոլոր խոսքերին ու մտածումներին։ [...] Թող որ քեզ բավական լինի իմանալը, որ սա կատարվում է Սուրբ Հոգու ներգործությամբ, այն միևնույն ձևով, որով Սուրբ Կույսից և Սուրբ Հոգու ներգործությամբ Տերը, Ինքն Իրենից և Ինքն Իր մեջ, ստանձնեց մարմինը»[12]:

 

1107. Ծեսի մեջ Սուրբ Հոգու փոխակերպող ուժը արագացնում է Արքայության գալուստը և փրկության Խորհրդի լիուլի կատարումը: Սպասման և հույսի մեջ, Նա մեզ իրապես կանխավ ճաշակել է տալիս Ամենասուրբ Երրորդության հետ լիակատար հաղորդությունը: Առաքվելով Հոր կողմից, Ով լսում և ընդունում է Եկեղեցու կողմից արտասանված Վերակոչումը, Սուրբ Հոգին կյանք է պարգևում նրանց, ովքեր ընդունում են այն, և նրանց համար – այժմվանի՛ց իսկ – հանդիսանում է «գրավականը» գալիք ժառանգության[13]:

 

ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

1108. Ծիսական որևէ արարողության մեջ Սուրբ Հոգու առաքելության նպատակը մարդկանց Քրիստոսի հետ հաղորդության մեջ դնելն է, կազմելու համար Նրա Մարմինը: Սուրբ Հոգին կարծես Հոր Որթատունկի ավիշն է, որն Իր պտուղն է տալիս ճյուղերի մեջ[14]: Ծեսի մեջ իրագործվում է ամենասերտ համագործակցությունը Սուրբ Հոգու և Եկեղեցու միջև: Նա՝ հաղորդության Հոգին, աննվազելի կերպով մնում է Եկեղեցու մեջ, և այս իսկ պատճառով՝ Եկեղեցին աստվածային հաղորդության մեծ խորհուրդն է, որ վերամիավորում է Աստծո ցիրուցան եղած զավակներին: Ծեսի մեջ Հոգու պտուղը անբաժանելի կերպով հաղորդություն է Ամենասուրբ Երրորդության հետ և եղբայրական հաղորդություն միմյանց միջև[15]:

 

1109. Վերակոչումը նաև աղոթք է Քրիստոսի Խորհրդին հավատացյալների հավաքի հաղորդության լիակատար իրագործման համար: «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը» (2Կր 13, 13) պետք է միշտ մեր հետ մնան և պտուղ տան գոհաբանական ծիսակատարությունից անդին: Եկեղեցին, հետևաբար, Հորից խնդրում է առաքել Սուրբ Հոգին, որպեսզի հավատացյալների կյանքը Աստծո համար մի կենդանի ընծա դարձնի՝ Քրիստոսի պատկերի համաձայն հոգևոր փոխակերպման միջոցով, Եկեղեցու միության հանդեպ հոգատարությամբ և մասնակցությամբ նրա առաքելությանը՝ վկայության և սիրո ծառայության միջոցով:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 2: AAS 57 (1965) 6.
[2] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 14-16: AAS 58 (1966) 824-825.
[3] Հմմտ. Ղկս 24, 13-49
[4] Հմմտ. 2Կր 3, 14-16
[5] Հմմտ. 1Պտ 3, 21
[6] Հմմտ. 1Կր 10, 1-6
[7] Հմմտ. Ղկս 1, 17
[8]Հմմտ. Հվհ 14, 26
[9] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմ. Սրբազնասուրբ Ժողովը, 24: AAS 56 (1964) 106-107.
[10] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վճիռ Երեցների կարգի արժանապատվությունը, 4: AAS 58 (1966) 996.
[11] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 2: AAS 58 (1966) 818.
[12] Սբ. Հովհան Դամասկացի, Հավատքի բացատրություն, 86 [Ուղղափառ հավատքի մասին, 4, 13]: PTS 12, 194-195 (PG 94, 1141.1145).
[13] Հմմտ. Եփս 1, 14; 2Կր 1, 22
[14] Հմմտ. Հվհ 15, 1-17; Գղտ 5, 22
[15] Հմմտ. 1Հվհ 1, 3-7
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։