
Գլուխ Ա. - Հոդված 2. / բ) Եկեղեցու խորհուրդները
- 01
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
1117. Սուրբ Հոգու միջոցով, Ով իրեն առաջնորդում է դեպի «ամբողջական ճշմարտությունը» (Հվհ 16, 13), Եկեղեցին հանգրվան առ հանգրվան խորացրել է Քրիստոսից ստացած այս գանձի վերաբերյալ ունեցած իր ծանոթությունը և ճշգրտել է դրա «մատակարարումը», այնպես՝ ինչպես որ վարվել է Աստվածային Գրությունների կանոնի և Հավատքի վարդապետության հետ, որպես Աստծո խորհուրդների հավատարիմ տնտես[1]: Այսպիսով Եկեղեցին, դարերի ընթացքում, կարողացել է կշռադատել և զանազանել, որ իր ծիսական արարողությունների շարքում յոթն են, որ հանդիսանում են, բառի բուն իմաստով, Տիրոջ կողմից հաստատված խորհուրդները:
1118. Խորհուրդները «Եկեղեցունն» են մի կրկնակի իմաստով. «նրանից են» և «նրա համար են»: «Եկեղեցուց» են, որովհետև Եկեղեցին խորհուրդն է (նշանն ու գործիքը) Քրիստոսի ներգործության, որը գործում է Եկեղեցու մեջ շնորհիվ Սուրբ Հոգու առաքելության: Եվ «Եկեղեցու համար» են, այսինքն՝ այն «խորհուրդներն են, [...] որոնք կազմավորում են Եկեղեցին»[2], քանի որ տեսանելի են դարձնում և մարդկանց հաղորդում են – հատկապես Ամենասուրբ Հաղորդության միջոցով – Սեր Աստծո հաղորդության խորհուրդը, Ով Մեկ է Երեք Անձերով:
1119. Քանի որ Քրիստոս Գլխի հետ կազմում է «գրեթե մեկ միակ [...] միստիկ անձ»[3], Եկեղեցին խորհուրդների մեջ գործում է որպես «օրգանական կերպով համակարգված» «քահանայական հասարակություն»[4]. Մկրտության և Դրոշմի միջոցով՝ քահանայական ժողովուրդն ունակ է դարձվել կատարելու Ծեսը. մյուս կողմից՝ հավատացյալներից ոմանք, սրբազան Կարգով օժտվելով, «Քրիստոսի Անունով կարգված են՝ Աստծո խոսքով և շնորհով հովվելու Եկեղեցին»[5]:
1120. Ձեռնադրված սպասավորությունը կամ «պաշտոնեական քահանայությունը»[6] ծառայում է մկրտական քահանայությանը: Այն երաշխավորում է, որ, խորհուրդների կատարման մեջ, հենց Քրիստոսն է, որ գործում է Սուրբ Հոգու միջոցով՝ ի նպաստ Եկեղեցու: Փրկության առաքելությունը, որը Հոր կողմից վստահված է Իր մարդացած Որդուն, հանձնվել է Առաքյալներին, իսկ նրանց կողմից՝ իրենց հաջորդներին. նրանք ստանում են Հիսուսի Սուրբ Հոգին, որպեսզի կարողանան գործել Իր Անունից և ներկայացնելով Իր Անձը[7]: Ձեռնադրված պաշտոնյան, հետևաբար, այն խորհրդական կապն է, որը ծիսական արարքը կապակցում է այն բաներին, որոնք ասել և արել են Առաքյալները, և, նրանց միջոցով, այն բաներին, որոնք ասել և գործել է Քրիստոսը՝ խորհուրդների աղբյուրն ու հիմքը:
1121. Մկրտության, Դրոշմի և Ձեռնադրության երեք խորհուրդները հաղորդում են, շնորհից բացի, մի խորհրդական նկարագիր կամ «կնիք», որի զորությամբ քրիստոնյան մասնակցում է Քրիստոսի քահանայությանը և մաս է կազմում Եկեղեցուն՝ տարբեր վիճակների ու պաշտոնեությունների համաձայն: Քրիստոսի և Եկեղեցու հետ այս ներպատվաստումը, որն իրականացվում է Սուրբ Հոգու կողմից, անջնջելի է[8]. այն ընդմիշտ մնում է քրիստոնյայի մեջ որպես շնորհի հանդեպ դրական տրամադրվածություն, որպես աստվածային պաշտպանության խոստում և երաշխիք, և որպես կոչում՝ աստվածային պաշտամունքին և Եկեղեցու ծառայությանը: Այս խորհուրդների մատակարարումը, հետևաբար, երբեք չի կարող կրկնվել: