Գլուխ Ա. - Հոդված 2. / գ) Հավատքի խորհուրդները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 2. / գ) Հավատքի խորհուրդները

1122. Քրիստոսն ուղարկեց Իր Առաքյալներին, որպեսզի «Իր Անունով» «բոլոր ժողովուրդներին քարոզվեին դարձն ու մեղքերի թողությունը» (Ղկս 24, 47): «Ուսուցանեցե՛ք բոլոր ժողովուրդներին՝ մկրտելով նրանց հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» (Մտթ 28, 19): Մկրտելու առաքելությունը, հետևաբար՝ խորհրդակատար առաքելությունը, ներառված է ավետարանման առաքելության մեջ, քանի որ խորհրդի կատարումը նախապատրաստվում է Աստծո Խոսքի և հավատքի կողմից. հավատքի, որը Աստծո Խոսքին տրված համաձայնությունն է.

«Աստծո Ժողովուրդը հավաքվում է նախևառաջ կենդանի Աստծո Խոսքի միջոցով: [...] Խոսքի քարոզումն անհրաժեշտ է խորհուրդների մատակարարման իսկ համար, քանի որ խոսքը վերաբերվում է հավատքի խորհուրդների. հավատքի, որը ծնվում և սնվում է Խոսքով»[1]:

 

1123. «Խորհուրդները սահմանված են մարդկանց սրբացմանը, Քրիստոսի Մարմնի կերտմանը և, ի վերջո, Աստծուն պաշտամունք մատուցելուն. քանի որ նշաններ են, ապա, ունեն նաև կրթելու գործառույթ: Ո՛չ միայն ենթադրում են հավատքի առկայությունը, այլ նաև՝ խոսքերով և ծիսական տարրերով սնուցում են այն, ամրապնդում են այն և արտահայտում. ուստի, կոչվում են հավատքի խորհուրդներ»[2]:

 

1124. Եկեղեցու հավատքը ընթանում է հավատացյալի հավատքի առջևից, ուստի հավատացյալի հավատքը կանչված է հարելու Եկեղեցու հավատքին: Երբ Եկեղեցին ծիսակատարում է խորհուրդները, դավանում է Առաքյալներից ստացած հավատքը: Այստեղից է ծնունդ առել հնագույն ասացվածքը. «Lex orandi, lex credendi»[3], «Աղոթքի օրենքը հավատքի օրենքն է». Եկեղեցին հավատում է այն բաներին, որոնք ներկա են իր աղոթքի մեջ: Ծեսը սրբազան և կենդանի Ավանդության բաղադրիչ տարրերից մեկն է[4]:

 

1125. Այս իսկ պատճառով, ծիսական խորհրդակատար արարողություններից ոչ մեկը չի կարող փոխվել կամ ձեռնմխության ենթարկվել քահանայի կամ հավատացյալների հասարակության կողմից՝ ըստ իրենց քմահաճույքի: Եվ ո՛չ իսկ Եկեղեցու գերագույն իշխանությունը կարող է փոխել Ծեսը ըստ իր հայեցողության, այլ՝ միմիայն հավատքի հնազանդությամբ և Ծեսի խորհրդի հանդեպ կրոնական հարգանքով:

 

1126. Ինչպես նաև, քանի որ խորհուրդներն արտահայտում և զարգացնում են հավատքի հաղորդութունը Եկեղեցու մեջ, «աղոթքի օրենքը» էական չափանիշներից մեկն է այն երկխոսության, որով ջանք է գործադրվում վերահաստատելու քրիստոնյաների միությունը[5]:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վճիռ Երեցների կարգի արժանապատվությունը, 4: AAS 58 (1966) 995-996.
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմ. Սրբազնասուրբ Ժողովը, 59: AAS 56 (1964) 116.
[3] Եվ կամ. «Legem credendi lex statuat supplicandi» - «Հավատքի օրենքով սահմանվում է աղոթքի օրենքը», ըստ Սբ. Պրոսպերոս Աքուիտանացու (մոտ 390-463), Ցանկ, 8: DS 246 (PL 51, 209).
[4] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Աստծո Խոսքը, 8: AAS 58 (1966) 821.
[5] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վճիռ Միության վերահաստատումը, 2: AAS 57 (1965) 91-92; նույն, 15: AAS 57 (1965) 101-102.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։