Գլուխ Ա. - Հոդված 2. / դ) Փրկության խորհուրդները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 2. / դ) Փրկության խորհուրդները

1127. Հավատքի մեջ արժանապատիվ կերպով ծիսակատարվելով, խորհուրդները հաղորդում են շնորհը, որն իմաստավորում են[1]: Արդյունավետ են, որովհետև Քրիստոսն Ինքն է գործում դրանց մեջ. Նա է, որ մկրտում է, Նա է, որ գործում է Իր խորհուրդների մեջ՝ հաղորդելու համար յուրաքանչյուր խորհրդի կողմից իմաստավորված շնորհը: Հայրը միշտ լսում և ընդունում է Իր Որդու Եկեղեցու աղոթքը, որը, յուրաքանչյուր խորհրդի Վերակոչման մեջ, արտահայտում է իր հավատքը՝ Սուրբ Հոգու զորության հանդեպ: Ինչպես որ կրակն իրեն է փոխակերպում այն ամենը, ինչին որ հպվում է, այնպես էլ Սուրբ Հոգին աստվածային կյանքին է փոխակերպում այն ամենը, ինչը որ ենթարկված է Իր զորությանը:

 

1128. Սա՛ է Եկեղեցու կողմից կատարվող հաստատման իմաստը[2]. խորհուրդները գործում են «ex opere operato» - «ի գործոյ անտի գործելոյ» (բառացի՝ «արարքը կատարելու փաստի իսկ հետևանքում»), այսինքն՝ Քրիստոսի փրկարար ներգործության զորությամբ, որը կատարվել է մեկ անգամ բոլորի համար: Սրանից հետևում է, որ «խորհուրդը չի կատարվում այն մատակարարող կամ ընդունող մարդու արդարությամբ, այլ՝ Աստծո զորությամբ»[3]: Երբ խորհուրդներից մեկը ծիսակատարվում է Եկեղեցու դիտավորության համաձայն, Քրիստոսի և Իր Հոգու զորությունը գործում է խորհրդի մեջ և խորհրդի միջոցով, մատակարարողի անձնական սրբությունից անկախ: Այդուամենայնիվ, սակայն, խորհուրդների պտուղները կախում ունեն նաև տրամադրվածությունից նրա, ով դրանք ընդունում է:

 

1129. Եկեղեցին հաստատում է, որ Նոր Ուխտի խորհուրդները անհրաժեշտ են հավատացյալների փրկության համար[4]: «Խորհուրդների միջոցով ստացված շնորհը» Սուրբ Հոգու շնորհն է՝ Քրիստոսի կողմից պարգևված, բնորոշ՝ խորհուրդներից յուրաքանչյուրին: Սուրբ Հոգին բժշկում և փոխակերպում է նրանց, ովքեր ընդունում են դրանք, նրանց կերպարանակից դարձնելով Աստծո Որդուն: Խորհուրդներով սնված կյանքի պտուղն այն է, որ որդեգրության Հոգին աստվածացնում է[5] հավատացյալներին, նրանց կենսական զոդերով միացնելով միակ Որդուն՝ Փրկչին:

[1] Տրիդենտյան Ժողով, Յոթերորդ նիստ, Ընդհանուր կանոններ Խորհուրդների վերաբերյալ, կանոն 5: DS 1605; նույն, կանոն 6: DS 1606.
[2] Տրիդենտյան Ժողով, Յոթերորդ նիստ, Ընդհանուր կանոններ Խորհուրդների վերաբերյալ, կանոն 8: DS 1608.
[3] Սբ. Թովմա Աքուինացի, Համապարփակ աստվածաբանություն, 3, q. 68, a. 8, c: Ed. Leon. 12, 100.
[4] Տրիդենտյան Ժողով, Չորրորդ նիստ, Ընդհանուր կանոններ Խորհուրդների վերաբերյալ, կանոն 8: DS 1604.
[5] Հմմտ. 2Պտ 1, 4
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։