
Գլուխ Բ. - Հոդված 1. ԿԱՏԱՐԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԵՍԸ / ա) Ո՞վ է ծիսակատարում
- 01
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
1136. Ծեսը «ամբողջական Քրիստոսի» «գործն» է: Նրանք, ովքեր այստեղ կատարում են Ծեսը, նշաններից այն կողմ՝ արդեն իսկ երկնային Ծեսի մեջ են, որտեղ ծիսակատարությունը ամբողջովին հաղորդություն է և տոն:
ԵՐԿՆԱՅԻՆ ԾԵՍԻ ԾԻՍԱԿԱՏԱՐՆԵՐԸ
1137. Հովհաննես Առաքյալի Հայտնությունը, որն ընթերցվում է Եկեղեցու Ծեսի մեջ, նախևառաջ հայտնում է մեզ մի գահ երկնքում, իսկ գահի վրա՝ Մեկին, բազմած[1]. «Տերը» (Ես 6, 1)[2]: Ապա Գառանը, «ոտքի կանգնած, [...] կարծես մորթված» (Հյտ 5, 6)[3]. խաչված և հարություն առած Քրիստոսը՝ ճշմարիտ սրբարանի միակ Քահանայապետը[4], նույն Ինքը, որ «ընծայում է և ընծայվում, տալիս է և տրվում»[5]: Եվ վերջում, «կենդանի ջրի գետը», որ բխում է «Աստծո և Գառան գահից» (Հյտ 22, 1). Սուրբ Հոգու այլաբանական ամենագեղեցիկ պատկերներից մեկը[6]:
1138. Վերստին ի Քրիստոս «բովանդակված», Աստծո գովաբանության և Նրա ծրագրի ամբողջական կատարման ծառայությանը մասնակցում են. երկնային Զորությունները[7], ողջ արարչությունը (կենդանի չորս էակները), Հին և Նոր Ուխտի ծառաները (քսանչորս երեցները), Աստծո նոր ժողովուրդը (հարյուր քառասունչորս հազարը)[8], ի մասնավորի՝ մարտիրոսները, ովքեր «մորթվեցին Աստծո Խոսքի համար» (Հյտ 6, 9), Աստծո ամենասուրբ Կույս Մայրը (Կինը[9], Գառան Հարսը[10]), և, ի վերջո, «մի վիթխարի բազմություն», որը ոչ ոք չի կարող հաշվել, «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից» (Հյտ 7, 9):
1139. Այս հավիտենական Ծեսին է, որ Հոգին և Եկեղեցին մեզ մասնակից են դարձնում, երբ խորհուրդների մեջ ծիսակատարում ենք Փրկության Խորհուրդը:
ԽՈՐՀՐԴԱԿԱՏԱՐ ԾԵՍԻ ԾԻՍԱԿԱՏԱՐՆԵՐԸ
1140. Ամբողջ Հասարակությունը՝ Քրիստոսի մարմինն է, միացած իր Գլխին, որ ծիսակատարում է: «Ծիսական արարքները անձնական արարքներ չեն, այլ՝ արարողություններն են Եկեղեցու, որը ''միության խորհուրդ է'', այսինքն՝ Եպիսկոպոսների առաջնորդության ներքո հավաքված և կազմակերպված սուրբ ժողովուրդ: Ուստի, [այդ արարքները] պատկանում են Եկեղեցու ամբողջ Մարմնին, դրսևորում են նրան և լուռիմաց կերպով մասնակից դարձնում. առանձին անդամներն, ապա, դրանց մասնակցում են տարբեր ձևերով՝ վիճակների, պաշտոնների և տվյալ դեպքում իրենց բերած մասնակցության համաձայն»[11]: Այս իսկ պատճառով, «ամեն անգամ, որ արարողակարգերը ենթադրում են, յուրաքանչյուր խորհրդի առանձնահատուկ բնույթի համաձայն, հասարակաց ծիսակատարում՝ հավատացյալների ներկայությամբ և գործուն մասնակցությամբ, հարկավոր է համոզվածություն հասունացնել առ այն, որ հասարակաց ծիսակատարությունը, որքան որ հնարավոր է, առավել նախընտրելի է, քան խորհրդի անհատական, գրեթե առանձնական ծիսակատարումը»[12]:
1141. Հավաքված ժողովուրդը, որ ծիսակատարում է, մկրտվածների հասարակությունն է, որոնք «Սուրբ Հոգուց ստացած վերածնությամբ և օծմամբ նվիրագործվում են՝ կազմելու մի հոգևոր օթևան և սուրբ քահանայություն, որպեսզի այդպիսով կարող լինեն իբրև հոգևոր զոհ մատուցել քրիստոնյայի մարդկային բոլոր գործերը»[13]: Այս «համընդհանուր քահանայությունը» Քրիստոսի՝ միակ Քահանայի քահանայությունն է, որին մասնակից են դարձվում Իր Մարմնի բոլոր անդամները[14]:
«Մայր Եկեղեցին վառ կերպով փափագում է, որ բոլոր հավատացյալներն առաջնորդվեն դեպի այն լիարժեք, գիտակից ու գործուն մասնակցությունը ծիսական արարողություններին, որը պահանջվում է Ծեսի բնույթով իսկ, և որին քրիստոնյա ժողովուրդը, ''ընտրյալ ցեղը, թագավորական քահանայությունը, սուրբ ազգը, ժողովուրդը, որին Աստված ձեռք է բերել» (1Պտ 2, 9)[15], իրավունքն ու պարտականությունն ունի՝ Մկրտության զորությամբ»[16]:
1142. Բայց «բոլոր անդամները նույն գործառույթները չունեն» (Հռմ 12, 4): Ոմանք Աստծո կողմից կանչված են, Եկեղեցու մեջ և Եկեղեցու անդամներից, կատարելու մի հատուկ ծառայություն՝ ի սպաս հասարակության: Այս սպասավորներն ընտրվում և նվիրաբերվում են Ձեռնադրության խորհրդի միջոցով, որով Սուրբ Հոգին նրանց իրավասու է դարձնում գործելու «յանձնէ» Քրիստոս-Գլխի («անձը ներկա դարձնելով»), ի ծառայություն Եկեղեցու բոլոր անդամների[17]: Ձեռնադրված սպասավորը Քրիստոս Քահանայի կարծես «պատկերն» է («εἰκόνα» - «իկոնա»): Քանի որ Եկեղեցու խորհուրդը լիարժեք կերպով դրսևորվում է Գոհաբանական Պատարագի մեջ, Գոհաբանական Պատարագին նախագահելու մեջ է հատկապես, որ դրսևորվում է Եպիսկոպոսի և, իր հետ հաղորդության մեջ, քահանաների և սարկավագների պաշտոնը:
1143. Հավատացյալների համընդհանուր քահանայության գործառույթներին ծառայելու նպատակով կան նաև ա՛յլ մասնավոր պաշտոններ, որոնք չեն ընդունվում Ձեռնադրության խորհրդի միջոցով, այլ՝ որոնց գործառույթները որոշվում են Եպիսկոպոսների կողմից՝ ծիսական ավանդությունների և հովվական կարիքների համաձայն: «Ծիսական ճշմարիտ սպասավորություն են կատարում նաև դպիրները, ընթերցողները, մեկնողները, և կղերական դասի բոլոր անդամները»[18]:
1144. Այսպիսով, խորհուրդների ծիսակատարման մեջ, ամբողջ հասարակությունը «ծիսակատար» է, յուրաքանչյուրն իրեն հատուկ գործառույթի համաձայն, բայց «Հոգու միության» մեջ, Ով գործում է բոլորի մեջ: «Ծիսական արարողությունների մեջ յուրաքանչյուր հավատացյալ, – ձեռնադրված սպասավոր լինի, թե աշխարհական, – իրեն հատուկ պաշտոնը վարելով, թող որ կատարի միայն այն բաները և բոլոր այն բաները, որոնք, ծիսական արարողության բնույթի և ծիսական կանոնների համաձայն, պատկանում են իր իրավասությանը»[19]: