
Գլուխ Բ. - Հոդված 1. / բ) Ինչպե՞ս ծիսակատարել
- 01
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ԱՅԼԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ
1145. Խորհրդակատար արարողությունը հյուսված է նշաններով ու այլաբանական պատկերներով: Փրկության աստվածային մանկավարժության համաձայն, դրանց նշանակությունն իր արմատները գտնում է արարչագործության և մարդկային մշակույթի մեջ, ճշգրտվում է Հին Ուխտի կոնկրետ իրադարձությունների մեջ և լիովին հայտնվում է Քրիստոսի անձի և գործի մեջ:
1146. Մարդկանց աշխարհի նշաններ: Նշաններն ու այլաբանական պատկերները կարևոր տեղ են գրավում մարդու կյանքում: Միաժամանակ մարմնեղեն և հոգեղեն էակ լինելով, մարդը հոգևոր իրականություններն արտահայտում և ընկալում է նյութական նշանների ու այլաբանական պատկերների միջոցով: Ընկերային էակ լինելով, մարդը նշանների ու այլաբանական պատկերների կարիքն ունի՝ ուրիշների հետ լեզվի, ժեստերի, արարքների միջոցով հաղորդակցվելու համար: Նույն բանը տեղի է ունենում Աստծո հետ ունեցած իր հարաբերության մեջ:
1147. Աստված մարդուն խոսում է տեսանելի արարչության միջոցով: Նյութական տիեզերքը ներկայանում է մարդու իմացականությանը, որպեսզի մարդն այնտեղ կարդա իր Արարչի հետքերը[1]: Լույսը և գիշերը, քամին և կրակը, ջուրը և հողը, ծառը և պտուղները խոսում են Աստծո մասին, այլաբանորեն պատկերում են միաժամանակ Նրա մեծությունն ու Նրա մոտիկությունը:
1148. Որպես արարածներ, այս զգալի իրականությունները կարող են դառնալ վայրը, որտեղ դրսևորվում է Աստծո ներգործությունը, որը սրբագործում է մարդկանց, և մարդկանց գործը, որոնք Աստծուն մատուցում են իրենց պաշտամունքը: Նույն կերպ է տեղի ունենում մարդկանց ընկերային կյանքի նշանների ու այլաբանական պատկերների դեպքում. լվանալ և օծել, բեկանել հացը և ինչ որ մեկի հետ կիսել գավաթը, կարող են արտահայտել Աստծո սրբարար ներկայությունը և մարդու երախտագիտությունը իր Արարչի հանդեպ:
1149. Մարդկության մեծ կրոնները վկայում են, հաճախ տպավորիչ կերպով, կրոնական ծիսակատարությունների այս տիեզերական ու այլաբանական իմաստին: Եկեղեցու Ծեսը ենթադրում, ամբողջացնում և սրբագործում է արարչության և մարդկային մշակույթի տարրերը՝ դրանց հաղորդելով շնորհի, Հիսուս Քրիստոսի մեջ նոր արարչության նշաններ լինելու արժանապատվությունը:
1150. Ուխտի նշաններ: Ընտրյալ ժողովուրդն Աստծուց ստացել էր տարբերակիչ նշաններ ու այլաբանական պատկերներ, որոնցով բնորոշվում էր իր ծիսական կյանքը. դրանք սոսկ տիեզերական պարբերաշրջանների և հասարակական կյանքի ժեստերի հանդիսակատարումներ չէին այլևս, այլ՝ Ուխտի նշաններ, այլաբանական պատկերներ այն մեծագործությունների, որոնք Աստված կատարել էր Իր ժողովրդի համար: Հին Ուխտի ծիսական այս նշաններից կարող են հիշատակվել թլպատումը, թագավորների ու քահանաների օծումն ու նվիրագործումը, ձեռնադրությունները, զոհերը, և հատկապես՝ Պասեխը (Զատիկը): Այս նշանների մեջ Եկեղեցին ճանաչում է Նոր Ուխտի խորհուրդների նախապատկերումը:
1151. Քրիստոսից վերցված նշաններ: Իր քարոզչության ընթացքում Տեր Հիսուսը հաճախ էր գործածում արարչությունից վերցված նշաններ՝ հասկացնելու համար Աստծո Արքայության խորհուրդները[2]: Այլաբանական նշաններով կամ արարքներով կատարում էր բժշկումներ կամ ընդգծում է Իր ուսուցումների կարևորությանը[3]: Նոր նշանակություն է հաղորդում Հին Ուխտի իրադարձություններին ու նշաններին, հատկապես՝ Ելքին ու Զատիկին[4], քանի որ հենց Ինքն է նշանակությունը այդ բոլոր նշանների:
1152. Խորհրդական նշաններ: Հոգեգալստից հետո, Իր Եկեղեցու խորհրդական նշանների միջոցով է, որ Սուրբ Հոգին ի կատար է ածում սրբացման գործը: Եկեղեցու խորհուրդները չեն չեղարկում, այլ՝ մաքրագործում ու ամբողջացնում են տիեզերքի և հասարակական կյանքի նշանների ու այլաբանական պատկերների հարստությունը: Ինչպես նաև, ամբողջական կատարելության են հասցնում Հին Ուխտի տիպարներն ու կերպարները, իմաստավորում և այժմեացնում են Քրիստոսի կողմից ի կատար ածված փրկագործությունը, նախապատկերում և կանխավ ճաշակել են տալիս երկնային փառքը:
ԽՈՍՔԵՐ ՈՒ ԱՐԱՐՔՆԵՐ
1153. Խորհրդական յուրաքանչյուր ծիսակատարություն Աստծո զավակների մի հանդիպումն է իրենց Հոր հետ, ի Քրիստոս և Սուրբ Հոգու մեջ, և այդ հանդիպումն արտահայտվում է որպես մի երկխոսություն, արարքների ու խոսքերի միջոցով: Թեև այլաբանական արարքներն ինքնըստինքյան արդեն մի խոսելաձև են, այդուամենայնիվ անհրաժեշտ է, որ Աստծո Խոսքը և հավատքի պատասխանը ընկերակցեն և կենագործեն այդ արարքներին, որպեսզի Արքայության սերմն իր պտուղը տա լավ հողի մեջ: Ծիսական արարքներն իմաստավորում են այն, ինչը որ Աստծո Խոսքն արտահայտում է. Աստծո ձրիաշնորհ նախաձեռնությունը և, միաժամանակ, Իր ժողովրդի հավատքի պատասխանը:
1154. Խոսքի Պաշտամունքը խորհրդական ծիսակատարությունների ամբողջացուցիչ մասերից մեկն է: Հավատացյալների հավատքը սնուցելու համար պետք է արժևորվեն Աստծո Խոսքի նշանները. Խոսքի գիրքը (Ճաշոց կամ Ավետարան), մեծարանքը, որի առարկան է այն (թափոր, խունկ, մոմեղեններ), վայրը, որտեղից այն հռչակվում է (ամբիոն կամ բեմ), նրա լսելի և ընկալելի հռչակումը, սպասավորի բացատրող քարոզը, որով շարունակվում է հռչակումը, հավաքվածների պատասխանները (բացականչություններ, խորհրդածության սաղմոսներ, բարեխոսական աղոթքներ, հավատքի դավանություն):
1155. Քանի որ, հանդես գալով որպես նշաններ և ուսուցում, միմյանցից անբաժանելի են, ծիսական խոսքերը և արարքները միմյանցից անբաժանելի են նաև այն պատճառով, որ իրագործում են այն, ինչը որ իմաստավորում են: Սուրբ Հոգին չի սահմանափակվում Աստծո Խոսքի իմացությունն ու հասկացողությունը պարգևելով՝ արթնացնելով հավատքը. խորհուրդների միջոցով Նա նաև իրագործում է Աստծո «մեծագործությունները», որոնք հռչակվում են Խոսքի կողմից. ներկա է դարձնում և հաղորդում է Հոր գործը, որն ի կատար է ածվել սիրեցյալ Որդու կողմից:
ԵՐԳ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
1156. «Ամբողջ Եկեղեցու երաժշտական ավանդությունը կազմում է մի անգնահատելի արժեք ունեցող գանձ, որ գերազանցում է արվեստի մյուս արտահայտություններին, հատկապես այն պատճառով, որ սրբազան երգեցողությունը, խոսքերին միացած, ներկայանում է որպես հանդիսավոր ծիսակատարությունների անհրաժեշտ և ամբողջացնող մասերից մեկը»[5]: Ներշնչված Սաղմոսների եղանակավորումն ու երգեցողությունը, որը հաճախ կատարվում է երաժշտական գործիքների ընկերակցությամբ, արդեն իսկ սերտորեն կապված են Հին Ուխտի ծիսակատարություններին: Եկեղեցին շարունակում և զարգացնում է այս ավանդությունը. «Խոսեցեք միմյանց հետ սաղմոսներով, օրհներգություններով, հոգևոր երգերով, երգելով ու սաղմոս ասելով Տիրոջը ձեր ողջ սրտով» (Եփս 5, 19)[6]: Ով երգում է, աղոթում է կրկնակի անգամ[7]:
1157. Երգն ու երաժշտությունը նշաններ լինելու իրենց գործառույթը կատարում են այնքան ավելի նշանակալի կերպով, «որքան որ ավելի սերտորեն են միացած լինում ծիսակատարությանը»[8], գլխավոր երեք չափանիշների համաձայն. աղոթքի արտահայտչական գեղեցկությունը, ժողովրդի միաձայն մասնակցությունը նախատեսված պահերին և ծիսակատարության հանդիսավոր բնույթը: Այս կերպ, դրանք մասնակցում են ծիսական խոսքերի ու արարքների նպատակին. Աստծո փառքը և հավատացյալների սրբագործումը[9].
«Որքա՜ն արցունքներ հեղեցի՝ ունկնդրելով օրհներգություններիդ ու շարականներիդ հնչերանգները, որոնք քաղցրորեն տարածվում էին Եկեղեցուդ ներսում: Մի բուռն հուզմունք. այդ մեղեդիները ծորում էին ականջներիս մեջ և թորմամբ կաթեցնում էին ճշմարտությունը սրտիս մեջ, բարեպաշտության մի ջերմ զգացում արծարծելով այնտեղ: Արցունքները, որ հոսում էին, լավ ազդեցություն էին թողնում իմ վրա»[10]:
1158. Նշանների ներդաշնակությունը (երգ, երաժշտություն, խոսքեր և արարքներ) այստեղ այնքան ավելի է նշանակալի ու արգասավոր, որքան ավելի է արտահայտվում Աստծո ծիսակատարող ժողովրդին բնորոշ մշակութային հարստության համաձայն[11]: Այս իսկ պատճառով, «թող որ հետևողականորեն քաջալերվի կրոնական ժողովրդական երգեցողությունը, այնպես՝ որ բարեպաշտ և սրբազան արարողությունների ժամանակ, ինչպես նաև ծիսակատարությունների ընթացքում», Եկեղեցու կանոնների համաձայն, «լսելի լինեն նաև հավատացյալների ձայները»[12]: Այդուհանդերձ, սակայն, «սրբազան երգեցողությանը սահմանված տեքստերը թող որ համապատասխան լինեն կաթողիկե վարդապետությանը. մանավանդ թե, թող որ նախընտրաբար քաղված լինեն Աստվածաշնչից և ծիսական աղբյուրներից»[13]:
ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ
1159. Սրբազան պատկերները՝ ծիսական սրբապատկերները, պատկերում են հատկապես Քրիստոսին: Չեն կարող պատկերել անտեսանելի ու անըմբռնելի Աստծուն. Աստծո Որդու Մարդեղությունն է, որ սկիզբ է տվել սրբապատկերների նոր «տնօրենությանը».
«Մի ժամանակ Աստված, չունենալով ո՛չ մարմին, ո՛չ էլ կերպարանք, ոչ մի ձև չէր կարող ներկայացվել մի պատկերով: Բայց հիմա, երբ տեսանելի դարձրեց Իրեն մարմնի մեջ և ապրեց մարդկանց հետ, կարող եմ պատկերել այն, ինչը որ տեսել եմ Աստծուց: [...] Բաց դեմքով մենք վայելքով տեսնում ենք Տիրոջ փառքը»[14]:
1160. Քրիստոնեական սրբանկարչությունը պատկերի միջոցով ընդօրինակում է ավետարանական պատգամը, ինչը որ Աստվածաշունչն ավանդում է խոսքի միջոցով: Պատկերը և խոսքը փոխադարձաբար լուսավորում են միմյանց.
«Համառոտ կերպով ասած, մեր նպատակն է նախանձախնդիր կերպով անաղարտ պահել Եկեղեցու բոլոր՝ և՛ գրավոր, և՛ բանավոր ավանդությունները: Դրանցից մեկը վերաբերվում է բնօրինակի պատկերմանը նկարի միջոցով, որքանով որ այն համաձայնվում է ավետարանական պատգամի տառին, որքանով որ ծառայում է հաստատելու Աստծո Բանի ճշմարիտ և ո՛չ երևութական Մարդեղությունը, և մեր համար հայթայթում է համանման օգուտ, որովհետև դրանք հղում են կատարում մեկը մյուսին, այն բաների մեջ, որոնք պատկերում են, այնպես՝ ինչպես այն բաների մեջ, որոնք առանց երկդիմության իմաստավորում են»[15]:
1161. Ծիսական արարողության բոլոր նշանները վերաբերվում են Քրիստոսին. այդպիսիք են նաև Սուրբ Աստվածածնի և Սրբերի սրբազան պատկերները, քանի որ իմաստավորում են Քրիստոսին, Ով փառավորված է նրանց մեջ: Դրանք ներկայացնում են «վկաների բազմությունը» (Եբր 12, 1), նրանց, ովքեր շարունակում են մասնակցել աշխարհի փրկությանը և որոնց մենք միացած ենք, հատկապես խորհրդական ծիսակատարման մեջ: Նրանց սրբապատկերների միջոցով մեր հավատքի առջև ներկայանում է «Աստծո պատկերով» ստեղծված և «Աստծո նմանությամբ» այլակերպված մարդը[16], ինչպես նաև հրեշտակները, նրանք նույնպես ի Քրիստոս վերաբովանդակված.
«Արքայական ճանապարհի վրա առաջ ընթանալով, հետևելով մեր Սուրբ Հայրերի աստվածորեն ներշնչված վարդապետությանը և Ընդհանրական Եկեղեցու Ավանդութանը, – ընդունում ենք, իրոք, որ Սուրբ Հոգին բնակվում է նրա մեջ, – մենք ամենայն ճշտապահանջությամբ ու հոգատարությամբ սահմանում ենք, որ այսպես, թանկարժեք և կենարար խաչի պատկերման նմանությամբ, պատվելի և սուրբ պատկերները, լինեն դրանք նկարված, թե խճանկար, կամ ուրիշ որևէ ա՛յլ հարմար նյութով պատրաստված, պետք է ցուցադրված լինեն Աստծո սուրբ եկեղեցիներում, սրբազան սպասների վրա, սրբազան հանդերձների վրա, պատերի ու կահույքների վրա, տների մեջ և փողոցներում. լինեն դրանք մեր Տեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, թե մեր անարատ Տիրուհու՝ Սուրբ Աստվածածնի, սուրբ հրեշտակների, բոլոր սրբերի ու արդարների պատկերները»[17]:
1162. «Պատկերների գեղեցկությունը և գույնը խթան են աղոթքիս համար: Տոն են աչքերիս համար, այնպես՝ ինչպես գեղատեսիլ բնության տեսիլքն է բացում սիրտս՝ փառք մատուցելու Աստծուն»[18]: Սուրբ պատկերների դիտումը, Աստծո Խոսքի շուրջ խորհրդածությանը և ծիսական օրհներգությունների երգեցողությանը միացած, մաս է կազմում ծիսակատարության նշանների ներդաշնակությանը, այնպես՝ որ ծիսակատարված խորհուրդը տպավորվի սրտի հիշողության մեջ և ապա արտահայտվի հավատացյալների կյանքի նորության մեջ: