
Գլուխ Բ. - Հոդված 1. / գ) Ե՞րբ ծիսակատարել
- 01
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
ԾԻՍԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
1163. «Սուրբ Մայր Եկեղեցին իր պարտականությունն է համարում սրբազան հիշատակությամբ ծիսակատարել իր աստվածային Փեսայի կողմից ի կատար ածված փրկարար գործը՝ տարվա մեջ սահմանված որոշակի օրերի ընթացքում: Ամեն շաբաթ, այն օրը, որին տվել է Կիրակի[1] անունը, հիշատակում է Տիրոջ Հարությունը, որը տարին մեկ անգամ, Նրա երանելի Չարչարանքների հետ միասին, տոնում է Զատիկին, որը հանդիսավոր տոներից ամենամեծն է: Տարվա ընթացքում, ապա, ներկայացնում է Քրիստոսի ամբողջ խորհուրդը։ [...] Այս կերպ հիշատակելով փրկագնման խորհուրդները, նա հավատացյալների առջև բացում է իր Տիրոջ փրկագործ արարքների ու արժանիքների հարստությունները, այնպես՝ որ դրանք որոշակի կերպով ներկա են դարձվում յուրաքանչյուր ժամանակվա մեջ, որպեսզի հավատացյալները կարողանան հաղորդակցվել դրանց հետ և լցվել փրկության շնորհով»[2]:
1164. Մովսեսական Օրենքի ժամանակներից սկսած, Աստծո ժողովուրդն ունեցել է սահմանված օրերում կատարվող տոներ, սկսած Պասեքից (Զատիկը), հիշատակելու համար Փրկիչ Աստծո մեծագործությունները, դրանց համար Նրան ժողովրդի երախտագիտությունը հայտնելու նպատակով, հավերժացնելու համար դրանց հիշատակը և ուսուցանելու համար նոր սերունդներին՝ դրանց համապատասխան դարձնել իրենց կյանքի վարքը: Եկեղեցու ժամանակվա մեջ, – որը սկսվել է Քրիստոսի Զատիկից, որն արդեն կատարվել է մեկ անգամ ընդմիշտ, և իր ամբողջացմանը հասնելու է Աստծո Արքայության մեջ, – սահմանված օրերում հանդիսակատարվող Ծեսն ամբողջովին դրոշմված է Քրիստոսի խորհրդի նորությամբ:
1165. Երբ Եկեղեցին ծիսակատարում է Քրիստոսի խորհուրդը, բառերից մեկը ռիթմ է հաղորդում իր աղոթքին. «Այսօր», որպես արձագանք այն աղոթքի, որն իրեն սովորեցրել է իր Տերը[3], և Սուրբ Հոգու կողմից հնչեցված կոչի[4]: Կենդանի Աստծո այս «այսօրը», որի մեջ մարդը հրավիրված է մտնելու, Հիսուսի զատիկի «Ժամն» է, որը կտրում անցնում է ամբողջ պատմության միջով և հանդիսանում է այդ պատմության գլխավոր տարրը.
«Կյանքը իջավ բոլոր էակների վրա և բոլորը զգեստավորվեցին մի մեծ լույսով. արևելքների Արևելքը տարածվեց ամբողջ տիեզերքով մեկ, և Նա, Ով առավոտյան աստղից և բոլոր աստղերից առաջ էր, անմահ ու անպարփակ, մեծն Քրիստոսը, փայլում է բոլոր էակների վրա առավել, քան արևը: Ուստի, մեր համար, որ հավատում ենք Իրեն, ծագում է լույսի մի օր, երկարատև, հավիտենական, որ այլևս չի խավարելու. միստիկ Զատիկը»[5]:
ՏԻՐՈՋ ՕՐԸ
1166. «Առաքելական Ավանդության համաձայն, որը սկիզբ է առել Քրիստոսի հարության իսկ օրվանից, Եկեղեցին զատկական խորհուրդը ծիսակատարում է յուրաքանչյուր ութ օրը մեկ, այն օրը, որն արդարացիորեն կոչվում է Տիրոջ Օր կամ Կիրակի»[6]: Քրիստոսի հարության օրը միաժամանակ «շաբաթվա առաջին օրն» է, արարչագործության առաջին օրվա հիշատակը, և «ութերորդ օրը», որում Քրիստոսը, մեծ Շաբաթ օրվա Իր «հանգստից» հետո, սկիզբ տվեց այն Օրվան, որը «պատրաստել է Տերը» (Սղմ 118, 24), «անմայրամուտ օրվան»[7]: «Տիրոջ Ընթրիքը» հանդիսանում է այդ օրվա կենտրոնը, քանի որ դրա ժամանակ հավատացյալների ամբողջ հասարակությունը հանդիպում է հարուցյալ Տիրոջը, Ով նրան հրավիրում է Իր խնջույքին[8].
«Տիրոջ օրը՝ հարության օրը՝ քրիստոնյաների օրը, մեր օրն է: Հե՛նց սրա համար է Տիրոջ օր կոչվում. որովհետև այս օրը Տերը հաղթական բարձրացավ Հոր մոտ: Հեթանոսներն այն անվանում են արևի օր. շատ լավ, մենք նույնպես հոժարությամբ այն անվանում ենք այս կերպ. այսօր, արդարև, ծագեց աշխարհի լույսը, այսօր հայտնվեց արդարության արեգակը, որի ճառագայթները մեզ պարգևում են փրկությունը»[9]:
1167. Կիրակին ծիսական հավաքի համար գերազանց աստիճանի պատշաճ օրն է, այն օրը, որում հավատացյալները հավաքվում են, «որպեսզի Աստծո Խոսքն ունկնդրելով և Գոհաբանական Պատարագին մասնակցելով՝ հիշատակեն Տեր Հիսուսի չարչարանքները, հարությունն ու փառքը, և երախտագիտություն հայտնեն Աստծուն, Ով իրենց վերածնել է կենդանի հույսի համար, մեռելներից Հիսուս Քրիստոսի հարության միջոցով»[10].
«Ո՜վ Քրիստոս, երբ զմայլանքով դիտում ենք սքանչելիքները, որ գործեցիր Քո Սուրբ Հարության այս Կիրակի օրը, մենք ասում ենք. Թող որ օրհնյա՜լ լինի Կիրակի օրը, որովհետև նրանում սկիզբ առավ արարչագործությունը, [...] աշխարհի փրկությունը, [...] մարդկային զարմի նորոգումը [...] : Նրանում երկինքն ու երկիրը ուրախացան, և տիեզերքը համայն լցվեց լույսով: Թող որ օրհնյա՜լ լինի Կիրակի օրը, որովհետև նրանում բացվեցին դրախտի դռները, այնպես՝ որ Ադամը և բոլոր նրանք, ովքեր այնտեղից հեռացվել էին, այժմ կարող են ներս մտնել անվախ»[11]:
ԾԻՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ
1168. Զատկական Եռօրյայից՝ որպես իր լույսի աղբյուրից մեկնելով, հարության նոր ժամանակը ծիսական ամբողջ տարին լիացնում է իր պայծառությամբ: Աստիճանաբար, այս աղբյուրի մեկ և մյուս կողմերից, տարին փոխակերպվում է Ծեսի կողմից: Այն իսկապես կազմում է Տիրոջ շնորհի տարին[12]: Փրկության տնօրինությունը գործում է ժամանակի հոսքի մեջ, բայց Հիսուսի զատիկի և Սուրբ Հոգու հեղման մեջ իր կատարվելուց հետո՝ պատմության ավարտը կանխվում է, «նախաճաշակվում», և Աստծո Արքայությունը ներս է մտնում մեր ժամանակվա մեջ:
1169. Այս իսկ պատճառով, Զատիկը պարզապես տոներից մեկը չէ մյուսների շարքին. «Տոների Տոնն» է, «Հանդիսությունների Հանդիսությունը», այնպես՝ ինչպես որ Գոհաբանական Պատարագը խորհուրդների խորհուրդն է (Մեծ, կամ Ավագ, կամ Ահեղ Խորհուրդը): Սուրբ Աթանասն այն անվանում է «Ավագ Կիրակի» (կամ «Մեծ Կիրակի»)[13], այնպես՝ ինչպես որ Սուրբ Շաբաթն է Արևելքում կոչվում «Ավագ Շաբաթ» կամ «Մեծ Շաբաթ»: Հարության խորհուրդը, որի մեջ Քրիստոսը ոչնչացրեց մահը, իր հզոր ուժականությամբ թափանցում է մեր հին ժամանակվա մեջ, մինչև այն օրը, երբ ամեն ինչ կհպատակեցվի Իրեն:
1170. Նիկեայի Առաջին Ժողովի ժամանակ (325թ.) բոլոր Եկեղեցիները համաձայնվեցին, որ քրիստոնեական Զատիկը տոնակատարվի լիալուսնին (Նիսան ամսվա 14-ին) հաջորդող առաջին Կիրակի օրը, գարնանային գիշերահավասարից հետո: Նիսան ամսվա 14-րդ օրը հաշվելու համար գործածվող տարբեր մեթոդների պատճառով, սակայն, Զատիկի օրը միշտ չէ, որ նույն օրն է ընկնում միաժամանակ Արևմտյան և Արևելյան Եկեղեցիներում։ Ուստի նրանք ներկայումս փորձում են համաձայնության հասնել՝ վերադառնալու համար տոնելու Տիրոջ հարությունը տարվա միևնույն օրը:
1171. Ծիսական տարին զատկական միակ խորհրդի տարբեր տեսանկյունների ընդարձակումն է: Սա վավերական է հատկապես Մարդեղության խորհրդին վերաբերվող տոների ցիկլի դեպքում (Ավետում, Ծնունդ, Մկրտություն և Աստվածահայտնություն), որոնք կատարում են մեր փրկության սկզբի ժամանակների հիշատակը և մեզ հաղորդում են Զատկվա խորհրդի առաջին պտուղները:
ՍՐԲԵՐԻ ՏՈՆԵՐԸ ԾԻՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
1172. «Քրիստոսի խորհուրդների այս տարեկան ցիկլի ծիսակատարման ընթացքում Սուրբ Եկեղեցին հատուկ սիրով մեծարում է Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնին, ով անբաժանելիորեն միացած է իր Որդու կողմից ի կատար ածված փրկագործությանը. հանձինս Մարիամի՝ հիացմունքով տեսնում և մեծարում է փրկության ամենավսեմ պտղին, և բերկրանքով տեսնում է, ինչպես մի մաքրագույն պատկերի մեջ, այն, ինչը որ ինքը ուժգին փափագում է և ինչը որ լինելու հույսն ունի»[14]:
1173. Երբ, տարեկան ցիկլի ընթացքում, Եկեղեցին հիշատակում է մարտիրոսներին և մյուս սրբերին, «հռչակում է զատկական խորհուրդը» նրանց մեջ, ովքեր «տառապեցին Քրիստոսի հետ և Նրա հետ փառավորվեցին. հավատացյալներին ներկայացնում է նրանց օրինակները, որոնք, Քրիստոսի միջոցով, բոլորին ձգում են դեպի Հայրը, և նրանց արժանիքներով աղերսում է Աստծո շնորհները»[15]:
ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1174. Քրիստոսի խորհուրդը՝ Նրա Մարդեղությունը և Նրա Զատիկը, որ ծիսակատարում ենք Պատարագի ժամանակ, հատկապես կիրակնօրյա հավաքի ընթացքում, ներթափանցում և փոխակերպում է յուրաքանչյուր օրվա ժամանակը Ժամերգությունների՝ «Աստվածային Պաշտոնի[16]» հանդիսակատարման միջոցով[17]: «Անդադար աղոթելու»[18] առաքելական հորդորների հանդեպ հավատարմությամբ՝ այս հանդիսակատարումները «կազմակերպված են այնպես, որ սրբացնեն ցերեկվա և գիշերվա ամբողջ ընթացքը Աստծո գովքի միջոցով»[19]: Ժամերգությունները «Եկեղեցու հասարակաց աղոթքներն» են[20], որոնց ժամանակ հավատացյալները (կղերականներ, կրոնավորներ և աշխարհականներ) կիրառում են մկրտվածների իրենց թագավորական քահանայությունը: Եկեղեցու կողմից «վավերացված ձևով» հանդիսակատարվելով՝ Ժամերգությունը «ճշմարտապես Հարսի իսկ ձայնն է, ով խոսում է Փեսային, մանավանդ թե՝ Քրիստոսի աղոթքն է, Իր Մարմնի հետ, ուղղված՝ Հորը»[21]:
1175. Ժամերգությունները սահմանված են լինելու Աստծո ողջ ժողովրդի աղոթքը: Դրանց մեջ Քրիստոսն Ինքը «շարունակում է» կիրառել Իր «քահանայական պաշտոնը՝ Իր իսկ Եկեղեցու միջոցով»[22]. յուրաքանչյուր ոք դրանց մասնակցում է այն դերի համաձայն, որ ունի Եկեղեցու ներսում, և սեփական կյանքի հանգամանքների համաձայն. քահանաները՝ որպես հովվական սրբազան պաշտոնը ստանձնածներ, քանի որ կանչված են հարատևելու աղոթքի և խոսքի ծառայության մեջ[23]. կրոնավորներն ու կրոնավորուհիները՝ նվիրման իրենց կյանքի պարգևաշնորհի զորությամբ[24]. բոլոր հավատացյալները՝ իրենց հնարավորությունների համաձայն: «Հոգիների Հովիվները թող որ այնպես հոգան, որ գլխավոր Ժամերգությունները, հատկապես Երեկոյան Ժամերգությունը, հանդիսակատարվեն եկեղեցիներում ընդհանուր մասնակցությամբ, Կիրակի և ամենահանդիսավոր տոների օրերին: Հանձնարարվում է, որ աշխարհականները նույնպես աղոթեն Ժամերգությունները, կա՛մ քահանաների հետ, կա՛մ իրար հետ հավաքված, կա՛մ էլ միայնակ»[25]:
1176. Ժամերգությունների հանդիսակատարումը պահանջում է ո՛չ միայն համաձայնեցնել ձայնը սրտին, որն աղոթում է, այլ նաև՝ օժտվել «ծիսական և աստվածաշնչյան առավել հարուստ կրթությամբ, հատկապես՝ Սաղմոսների վերաբերյալ»[26]:
1177. Ժամերգությունների շարականների ու աղոթքների միջոցով Սաղմոսների աղոթքը ներմուծվում է Եկեղեցու ժամանակի մեջ, արտահայտություն հաղորդելով օրվա ժամի, ծիսական ժամանակի կամ կատարվող տոնի այլաբանությանը: Սրանից բացի, Աստծո Խոսքի ընթերցումը յուրաքանչյուր Ժամին (դրան հետևող աղոթքների ու մաղթանքների հետ միասին), և, որոշ Ժամերին, Եկեղեցու Հայրերի և հոգևոր ուսուցիչների գործերից կատարվող ընթերցումները, առավել խորը կերպով հայտնում են հանդիսակատարվող խորհրդի իմաստը, օգնում են հասկանալ Սաղմոսները և նախապատրաստում են լուռ աղոթքին: Աստվածային ընթերցումը («lectio divina»), որի ժամանակ Աստծո Խոսքը կարդացվում և խորհրդածվում է՝ աղոթքի փոխակերպվելու համար, այսպիսով արմատավորվում է ծիսական արարողությունների մեջ:
1178. Ժամերգությունները, որոնք Գոհաբանական Պատարագի ծիսակատարության գրեթե երկարացումն են հանդիսանում, չեն բացառում, այլ՝ պահանջում են, որպես ամբողջացնող հավելյալ մասեր, Աստծո ժողովրդի տարբեր բարեպաշտությունները, հատկապես՝ Ամենասուրբ Հաղորդության պաշտամունքն ու երկրպագությունը: