Գլուխ Բ. - Հոդված 2. ԾԻՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Հոդված 2. ԾԻՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

ԾԻՍԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1200. Երուսաղեմի առաջին քրիստոնյաների համայնքից սկսած մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը, Աստծո Եկեղեցիները, հավատարիմ մնալով Առաքյալների հավատքին, ամենուր ծիսակատարում են Զատկական միևնույն Խորհուրդը: Ծեսի մեջ հանդիսակատարված Խորհուրդը մեկն է, բայց միմյանցից տարբեր են ձևերը, որոնցով այն հանդիսակատարվում է:

 

1201. Քրիստոսի խորհրդի անքննելի հարստությունն այնպիսին է, որ ծիսական ավանդություններից ոչ մեկը չի կարող սպառիչ կերպով արտահայտել այն: Այս ծեսերի երևան գալու և զարգանալու պատմութունը վկայում է, որ դրանք բոլորն էլ ապշեցուցիչ կերպով փոխլրացնող են: Երբ Եկեղեցիները ծիսական այս ավանդություններն ապրել են միմյանց միջև հավատքի և հավատքի խորհուրդների մեջ հաղորդության մթնոլորտում, փոխադարձաբար հարստացրել են միմյանց, աճելով Ավանդության և ամբողջ Եկեղեցուն հատուկ առաքելության հանդեպ հավատարմության մեջ[1]:

 

1202. Ծիսական զանազան ավանդությունները ծնունդ են առել հե՛նց Եկեղեցու առաքելությանը ծառայելու նպատակով: Աշխարհագրական և մշակութային միևնույն տարածքի Եկեղեցիները հասել են ծիսակատարելու Քրիստոսի խորհուրդը մասնահատուկ արտահայտություններով, որոնք բնորոշ են տեղական մշակույթներին. «հավատքի ավանդի» փոխանցման[2], ծիսական խորհրդապատկերների այլաբանության, եղբայրական հաղորդության կազմակերպման, խորհուրդների աստվածաբանական ըմբռնման և սրբության զանազան կերպերի մեջ: Այս կերպ Քրիստոսը՝ բոլոր ժողովուրդների Լույսն ու Փրկությունը, տվյալ Եկեղեցու ծիսական կյանքի միջոցով ներկայացվում է այն ժողովրդին և մշակույթին, որոնց մոտ նա առաքված է և որոնց մեջ նա արմատացած է: Եկեղեցին ընդհանրական է. կարող է, հետևաբար, իր միության մեջ ընդունել – մաքրագործելով դրանք – մշակույթների բոլոր ճշմարիտ հարստությունները[3]:

 

1203. Ծիսական ավանդությունները, կամ Ծեսերը, որոնք ներկայումս գործածվում են Եկեղեցում, հետևյալներն են. Լատին Ծեսը (գլխավորաբար՝ Հռոմեական Ծեսը, բայց նաև որոշ տեղական Եկեղեցիների Ծեսերը, ինչպիսիք են Ամբրոսյան Ծեսը կամ կրոնավորական որոշ Միաբանությունների Ծեսերը) և Բյուզանդական, Ալեքսանդրյան կամ Ղպտի, Ասորական, Հայկական, Մարոնիթական և Քաղդեական Ծեսերը: «Սրբազան Ժողովը, ավանդության հանդեպ հավատարիմ հարգանքով, հայտարարում է, որ Սուրբ Մայր Եկեղեցին հավասար իրավունքով և պատվով է ընդունում օրինավոր կերպով ճանաչված բոլոր Ծեսերը, և կամենում է, որ ապագայում դրանք պահպանվեն և ամեն կերպ բարգավաճեն»[4]:

 

ԾԵՍ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐ

1204. Ծեսի հանդիսակատարությունը, հետևաբար, պետք է համապատասխանի տարբեր ժողովուրդների հանճարին և մշակույթին[5]: Որպես նպատակ հետապնդելով այն, որ Քրիստոսի խորհուրդը «հայտնվի [...] բոլոր ժողովուրդներին, որպեսզի նրանք հնազանդվեն հավատքին» (Հռմ 16, 26), այն պետք է քարոզվի, հանդիսակատարվի և ապրվի բոլոր մշակույթների մեջ, այնպես՝ որ դրանք չչեղարկվեն, այլ՝ Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ վերարժևորվեն և կատարելության հասցվեն[6]: Աստծո զավակների բազմությունն, իրոք, մուտքի իրավունք ունի Հոր մոտ՝ Նրան փառք մատուցելու համար, միայն մեկ Հոգու մեջ, իր սեփական մարդկային մշակույթի հետ և դրա միջոցով, որը Քրիստոսի կողմից ստանձնված է և փոխակերպված:

 

1205. «Ծեսի մեջ, և ընդգծված կերպով՝ Յոթ Խորհուրդների մեջ, կա մի անփոփոխելի մաս, քանի որ աստվածային հիմնարկություն ունի և դրա պահապանն է Եկեղեցին, և կան մասեր, որոնք կարող են փոփոխության ենթարկվել, որի իշխանությունը և երբեմն նաև պարտականությունն ունի Եկեղեցին, հարմարեցնելու համար դրանք մոտ ժամանակներում ավետարանված ժողովուրդների մշակույթներին»[7]:

 

1206. «Ծիսական բազմազանությունը կարող է հարստացման աղբյուր հանդիսանալ, բայց կարող է առաջ բերել նաև լարվածություններ, փոխադարձ անհասկացողություններ և մինչև իսկ հերձվածքներ: Այս դաշտում հստակ է, որ տարբերությունները չպետք է վնասեն միությանը, որն ա՛յլ կերպ չի կարող արտահայտվել, եթե ո՛չ միայն՝ համընդհանուր հավատքի, խորհրդական նշանների հանդեպ հավատարմության միջոցով, որոնք Եկեղեցին ստացել է Քրիստոսից, և նվիրապետական հաղորդության միջոցով: Մշակույթներին հարմարեցումը պահանջում է նաև սրտի դարձ, և, եթե դա անհրաժեշտ է, նաև պապենական սովորույթների խզում, երբ դրանք անհամատեղելի են նկատվում քրիստոնեական ընդհանրական հավատքի հետ»[8]:

[1] Հմմտ. Պողոս Վեցերորդ, Առաք. հորդոր Ավետարանը քարոզելու հանձնառությունը, 63-64: AAS 68 (1976) 53-55.
[2] Հմմտ. 2Տմ 1, 14
[3] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Ժողովուրդների Լույսը, 23 AAS 57 (1965) 28-29; նույն, Վճիռ Միության վերահաստատումը, 4: AAS 57 (1965) 95.
[4] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմ. Սրբազնասուրբ Ժողովը, 4: AAS 56 (1964) 98.
[5] Հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմ. Սրբազնասուրբ Ժողովը, 37-40: AAS 56 (1964) 110-111.
[6] Հմմտ. Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաք. հորդոր Քրիստոնեական ուսուցման ավանդումը, 53: AAS 71 (1979) 1319-1321.
[7] Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաք. նամակ Քսանհինգերորդ տարին, 16: AAS 81 (1989) 912-913; հմմտ. Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմ. Սրբազնասուրբ Ժողովը, 21: AAS 56 (1964) 105-106.
[8] Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաք. նամակ Քսանհինգերորդ տարին, 16: AAS 81 (1989) 913.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։