Մասն Երկրորդ. ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

Մասն Երկրորդ. ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉՈ՞Ւ ԾԻՍԱԿԱՏԱՐԵԼ

1066. Հավատքի Հանգանակի մեջ Եկեղեցին դավանում է Ամենասուրբ Երրորդության խորհուրդը և ամբողջ արարչության վերաբերյալ «Նրա կամքի խորհուրդը, [...] Իր բարյացակամության համաձայն» (Եփս 1, 9). Հայրն ի կատար է ածում «Իր կամքի խորհուրդը»՝ տալով Իր սիրեցյալ Որդին և Իր Սուրբ Հոգին աշխարհի փրկության ու Իր Անվան փառքի համար: Սա Քրիստոսի խորհուրդն է[1], որը պատմության մեջ բացահայտվել և իրագործվել է մի ծրագրի, իմաստուն կերպով կարգավորված «տնօրինության» համաձայն, որը Պողոս Առաքյալն անվանում է «խորհրդի կատարում [οἰκονομία]» (Եփս 3, 9), և որը հայրախոսական ավանդության մեջ կոչվում է «Մարդացած Բանի տնօրենություն» կամ «Փրկության տնօրենություն»:

 

1067. «Մարդու փրկության և Աստծո կատարյալ փառավորման այս գործը, որ սկսվել էր Հին Կտակարանի ժողովրդի մեջ կատարված աստվածային հրաշագործություններով, ի կատար ածվեց Քրիստոս Տիրոջ կողմից, հատկապես Իր սրբազնասուրբ Չարչարանքների, մահից Հարության և փառահեղ Համբարձման զատկական խորհրդի միջոցով. խորհուրդ, որի համաձայն՝ ''մեռնելով կործանեց մեր մահը և հարություն առնելով մեզ վերստին պարգևեց կյանքը'': Իսկապես, Խաչի վրա ննջած Քրիստոսի կողից բխեց ողջ Եկեղեցու զարմանահրաշ խորհուրդը»[2]: Այս իսկ պատճառով, Ծեսի մեջ Եկեղեցին տոնախմբում է գլխավորապես Զատկական Խորհուրդը, որի միջոցով Քրիստոսն ի կատար ածեց մեր փրկության գործը:

 

1068. Քրիստոսի այս Խորհուրդը Եկեղեցին ավետում և տոնակատարում է իր Ծեսի մեջ, որպեսզի հավատացյալներն ապրեն դրանով և դրա վերաբերյալ վկայություն տան աշխարհում.

«Ծեսն, արդարև, որի միջոցով, և գերագույն չափով՝ Պատարագի Աստվածային Զոհընծայման մեջ, ''այժմեանում է մեր փրկագնման գործը'', գերագույն չափով նպաստում է այն բանին, որ հավատացյալները կարողանան արտահայտել իրենց կյանքի մեջ և ուրիշների համար նույնպես տեսանելի դարձնել Քրիստոսի Խորհուրդը և ճշմարիտ Եկեղեցու հարազատ բնությունը»[3]:

 

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԾԵՍ» ԵԶՐԸ

1069. «Ծես» եզրը իր սկզբնական իմաստով նշանակում է «հանրային գործ», «ժողովրդի կողմից և ժողովրդին ի նպաստ մատուցված ծառայություն»: Քրիստոնեական ավանդության մեջ նշանակում է, որ Աստծո ժողովուրդը մասնակցում է «Աստծո գործին»[4]: Ծեսի միջոցով Քրիստոսը՝ մեր Փրկիչն ու Քահանայապետը, Իր Եկեղեցու մեջ, Իր Եկեղեցու հետ և Իր Եկեղեցու միջոցով շարունակում է մեր Փրկագնման գործը:

 

1070. «Ծես» եզրը Նոր Կտակարանում գործածվել է մատնանշելու համար ո՛չ միայն աստվածային պաշտամունքի հանդիսակատարումը[5], այլ նաև՝ Ավետարանի քարոզչությունը[6] և գործի դրված սերը[7]: Բոլոր այս դեպքերում խոսքը վերաբերվում է Աստծուն և մարդկանց մատուցված ծառայությանը: Ծիսական հանդիսակատարության մեջ Եկեղեցին ծառայում է, իր Տիրոջ՝ միակ «Ծիսակատար»ի[8] նմանությամբ, քանի որ մասնակցում է Նրա մարգարեական (ավետում) և թագավորական (սիրո ծառայություն) քահանայությանը (պաշտամունք).

«Արդարացիորեն է, հետևաբար, Ծեսը նկատվում որպես գործադրումը Հիսուս Քրիստոսի քահանայական պաշտոնի, որի միջոցով՝ տեսանելի նշաններով իմաստավորվում և, յուրաքանչյուրին հատուկ կերպով, ի կատար է ածվում մարդու սրբագործումը, և Հիսուս Քրիստոսի միստիկ Մարմնի, այսինքն՝ Գլխի և Իր անդամների կողմից մատուցվում է հանրային ամբողջական պաշտամունքը: Ուստի, ծիսական յուրաքանչյուր հանդիսակատարում, քանի որ գործն է Քրիստոս Քահանայի և Իր Մարմնի, որ է Եկեղեցին, գերագույն աստիճանի սրբազան գործողություն է, և Եկեղեցու գործերից ուրիշ ոչ մեկը նրան չի հավասարվում նույն տիտղոսով և նույն աստիճանով»[9]:

 

ԾԵՍԸ ՈՐՊԵՍ ԿՅԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ

1071. Քրիստոսի գործը հանդիսանալով, Ծեսը նաև Նրա Եկեղեցու գործն է: Ծեսը իրագործում և բացահայտում է Եկեղեցուն որպես Քրիստոսի միջոցով Աստծո և մարդկանց միջև հաղորդության տեսանելի նշան: Հավատացյալներին հանձնառու է դարձնում ապրելու համայնքի նոր կյանքի մեջ: Պահանջում է, որ «հավատացյալները մասնակցեն դրան գիտակից, գործուն և արգասավոր կերպով»[10]:

 

1072. «Սրբազան Ծեսը չի սպառում Եկեղեցու ամբողջ գործունեությունը»[11]. Ծեսին պետք է նախորդեն ավետարանացումը, հավատքը և դարձը: Այդ ժամանակ Ծեսն ի զորու կլինի հասունացնելու իր պտուղները հավատացյալների կյանքում. Հոգու համաձայն ապրված նոր կյանքը, հանձնառությունը Եկեղեցու առաքելության մեջ և նրա միությանն ընծայված ծառայությունը:

 

ԱՂՈԹՔ ԵՎ ԾԵՍ

1073. Ծեսը նաև մասնակցություն է Քրիստոսի աղոթքին, որն ուղղված է Հորը՝ Սուրբ Հոգու մեջ: Ծեսի մեջ, քրիստոնեական յուրաքանչյուր աղոթք գտնում է իր աղբյուրն ու իր նպատակակետը: Ծեսի միջոցով, ներքին մարդն արմատավորվում և իր հիմքերը հաստատում է[12] այն «մեծ սիրո մեջ, որով Հայրը սիրեց մեզ» (Եփս 2, 4) հանձինս Իր սիրեցյալ Որդու: Այն, ինչը որ ապրվում և ներանձնականացվում է յուրաքանչյուր աղոթքից, «ամեն առիթով, Հոգու մեջ» (Եփս 6, 18), Աստծո միևնույն սքանչելագործությունն է:

 

ԿՐՈՆԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ԾԵՍ

1074. «Ծեսը այն գագաթնակետն է, դեպի որն է ձգտում Եկեղեցու գործունեությունը, և միաժամանակ՝ այն աղբյուրն է, որից բխում է իր ողջ ուժը»[13]: Ծեսը, հետևաբար, Աստծո ժողովրդի կրոնուսուցման առանձնաշնորհյալ վայրն է: «Կրոնի ուսուցումը խորապես կապակցված է ծիսական և խորհրդակատար ողջ գործունեությանը, որովհետև Խորհուրդների, հատկապես՝ Ամենասուրբ Հաղորդության մեջ է, որ Հիսուս Քրիստոսը ներգործում է ամբողջ լիությամբ՝ մարդկանց փոխակերպման նպատակով»[14]:

 

1075. Ծիսական կրոնուսուցումն իրեն որպես նպատակ ունի ներածել Քրիստոսի Խորհրդի մեջ (այն, հիրավի, կոչվում է « μυσταγωγία » - « միստագոգիա » - « խորհրդաբանություն »), քանի որ առաջ է գնում տեսանելիից դեպի անտեսանելին, իմաստավորողից՝ դեպի այն իրականությունը, որն իմաստավորված է, «նշաններից ու գործիքներից» («sacramentum») դեպի «խորհուրդները» («mysterium»): Այսպիսի կրոնուսուցումը տեղական և տարածաշրջանային ուսուցիչների գործն է: Ներկա Քրիստոնեականը, որի նպատակն է ծառայել ամբողջ Եկեղեցուն, իր ծեսերի ու իր մշակույթների բազմազանության մեջ[15], ներկայացնելու է այն, ինչը որ Ծեսի վերաբերյալ հիմնական և ընդհանուր է ամբողջ Եկեղեցու համար, որպես խորհուրդ և որպես ծիսակատարություն (Բաժին Առաջին). ապա Յոթ Խորհուրդներն ու խորհրդանմանները (Բաժին Երկրորդ):

[1] Հմմտ. Եփս 3, 4
[2] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմ. Սրբազնասուրբ Ժողովը, 5: AAS 56 (1964) 99.
[3] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմ. Սրբազնասուրբ Ժողովը, 2: AAS 56 (1964) 97-98.
[4] Հմմտ. Հվհ 17, 4
[5] Հմմտ. Գրծ 13, 2; Ղկս 1, 23
[6] Հմմտ. Հռմ 15, 16; Փլպ 2, 14-17.30
[7] Հմմտ. Հռմ 15, 27; 2Կր 9, 12; Փլպ 2, 25
[8] Հմմտ. Եբր 8, 2. 6
[9] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմ. Սրբազնասուրբ Ժողովը, 7: AAS 56 (1964) 101.
[10] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմ. Սրբազնասուրբ Ժողովը, 11: AAS 56 (1964) 103.
[11] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմ. Սրբազնասուրբ Ժողովը, 9: AAS 56 (1964) 101.
[12] Հմմտ. Եփս 3, 16-17
[13] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմ. Սրբազնասուրբ Ժողովը, 10: AAS 56 (1964) 102.
[14] Հովհաննես Պողոս Երկրորդ, Առաք. հորդոր Քրիստոնեական ուսուցման ավանդումը, 23: AAS 71 (1979) 1296.
[15] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմ. Սրբազնասուրբ Ժողովը, 3-4: AAS 56 (1964) 98.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։