
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԴԱ ՈՐԲ ՉԼԻՆԵԼՆ Է
Եթե ինձ հարցնեին, թե ո՞րն է Քրիստոնեության ամենաէական կետը, ես առաջին հերթին չէի պատասխանի՝ բարոյականությունը, որ պետք է պահպանել, ծեսերը, որոնց պետք է մասնակցել, հասարակական որոշակի վարքագիծը, որ պետք է որդեգրել, կամ նյութական օգնությունը, որ պետք է ցուցաբերել ուրիշներին։
Այս ամենն իսկապես պատկանում է Քրիստոնեությանը։ Մանավանդ թե, այս ամենը դրա անհրաժեշտ հետևանքն է։ Բայց դրանք կենտրոնը չեն։
Կենտրոնում մի ավելի արմատական բան կա. իմանալը, որ մենք որբ չենք։
Մենք պատահական կերպով նետված չենք մի տիեզերքի մեջ, որը մեզ չի ճանաչում։ Մենք պատահականության զավակներ չենք՝ լքված մի իրականության մեջ, որը գործում է անանձնական օրենքներով և շարժվում դեպի մի վերջնակետ, որի մասին մենք ոչինչ չգիտենք։
Մենք միայնակ չենք մահվան առաջ և վերջնականապես հանձնված չենք ցավի անհեթեթությանը։
Քրիստոնեությունը մի չլսված բան է հռչակում․ մենք զավակներ ենք։
Եվ ո՛չ թե պարզապես ինչ որ մեկի զավակները, այլ` Արարչի զավակները։ Նրա, Ումից է գալիս ամեն ինչ և որի մեջ է ամեն ինչ գտնում իր գոյությունն ու հաստատությունը։ Եվ այս Արարիչը անանձնական ուժ չէ, մաթեմատիկական սկզբունք չէ, տիեզերական անհրաժեշտություն չէ․ Նա Սեր է։
«Աստված սեր է», ասում է Հովհաննես Առաքյալի Ընդհանրական Առաջին Նամակը (1Հվհ 4, 8)։
Հե՛նց այստեղ է, թերևս, ամեն ինչի սիրտը։
ՆԱԽՔԱՆ ԱՅՆ, ԻՆՉԸ ՈՐ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ
Կրոնը, հեշտությամբ, կարող է վերածվել պարտականությունների ցանկի․ պետք է աղոթես, պետք է եկեղեցի գնաս, պետք է ծոմ պահես, պետք է լավ վարք դրսևորես, պետք է օգնես աղքատին, պետք է որոշակի պատվիրաններ պահպանես, և այլն։
Եվ այս ամենը կարող է ճշմարիտ լինել։
Բայց Ավետարանը ցանկով չի սկսվում։
Սկսվում է մի հարաբերությունից։
Նախքան հարցնելը, թե մենք ի՛նչ պետք է անենք Աստծո համար, Քրիստոնեությունը մեզ հրավիրում է բացահայտելու, թե Աստված Ինքը ի՛նչ է արել և շարունակում է անել մեր համար։
Բարոյականությունից առաջ կա մի հայրություն։
Բարոյականությունից առաջ կա մի հայրություն։
Օրենքից առաջ կա մի խոստում։
Մեր պատասխանից առաջ կա մի կանչ։
Աստծո հանդեպ ցուցաբերված մեր սիրուց առաջ կա այն ապշեցուցիչ հայտնությունը, որ Աստված առաջինն է սիրել մեզ։
Ճշգրիտ կերպով սա՛ է, որ փոխում է նաև քրիստոնեական բարոյականության իմաստը։ Քրիստոնյան չի սիրում մերձավորին Աստծո առաջ արժանիքներ կուտակելու համար․ սիրում է, որովհետև բացահայտել է, որ ինքն իսկ սիրված է ձրաբար ու անշահախնդիր կերպով։ Չի ներում ցույց տալու համար իրեն իբրև բարի մարդ․ ջանք է թափում ներելու, որովհետև ինքն առաջինն է ողորմություն ստացել։ Չի օգնում աղքատին ինքն իրեն ինչ որ մի բան ապացուցելու նպատակով, այլ` որովհետև մյուսի մեջ ճանաչել է իր եղբայրներից մեկին։
Քրիստոնեական կյանքն, այս իմաստով, նախևառաջ Աստծո սիրույն արժանի դառնալու ջանքը չէ։ Սովորելն է` ապրել այն գիտակցությունից մեկնելով, որ մենք արդեն սիրված ենք։
ԱՄԵՆԱԴԺՎԱՐԻՆ ՀԱՎԱՏՔԸ
Բայց հե՛նց այստեղ էլ սկսվում է դժվարությունը։
Որովհետև «Աստված Հայր է» ասելը, երբ ամեն ինչ հոյակապ ընթացքի մեջ է, համեմատաբար հեշտ է։
Շատ ավելի դժվարին է դա ասելը, երբ կյանքը կարծես ամեն օր հերքում է այդ գաղափարի յուրաքանչյուր խոսքը։
Երբ մահանում է սիրելի մարդկանցից մեկը։
Երբ հիվանդությունը ավերում է մարմինը։
Երբ մի անմեղ մարդ տառապում է։
Երբ պատերազմը տակնուվրա է անում ամբողջական ժողովուրդներ։
Երբ չարը կարծես հաղթում է, իսկ Աստված թվում է, թե լռում է։
Երբ աղոթում ենք, իսկ Երկինքը կարծես թե փակ է մնում։
Երբ աշխարհը բնավ չի թվում մի Հոր տունը, այլ` լքվածության մի հսկայական վայր է հիշեցնում։
Քրիստոնեական հավատքը այս հակասությունը տեսնելու անկարողությունը չէ։ Ընդհակառակը, այն տեսնում է մինչև ամենախորին խորքերը։
Քրիստոնեությունը մեզ չի առաջարկում ձևացնել, թե ցավը գոյություն չունի։ Չի առաջարկում բարիք անվանել այն, ինչը որ չարիք է, ո՛չ էլ` հեշտ ու մակերեսային բացատրություններ հորինել տառապանքի առաջ։
Մեզնից ակնկալում է շա՜տ ավելի դժվարին մի բան․ շարունակել վստահել Աստծուն նույնիսկ այն ժամանակ, երբ անմիջական իրականությունը թվում է, թե հակասում է Աստծուն։
Քրիստոնեական հավատքը նախևառաջ այս վստահությունն է։
Քրիստոնեական հավատքը պարզապես լավատեսություն չէ։
Լավատեսությունն ասում է․ «Վերջում ամեն ինչ լավ կլինի»։
Հավատքն ասում է մի անսահմանորեն ավելի համարձակ բան․ նույնիսկ երբ ես չեմ տեսնում, թե ինչպե՛ս, վերջնական իրականությունը, ամեն ինչի հանգուցալուծումը շարունակում է մնալ Աստծո ձեռքերում։
ԹԵ ԻՆՉՈ՛Ւ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ
Եվ այստեղ հասկանում ենք, թե ինչո՛ւ Քրիստոնեության կենտրոնը չի կարող պարզապես բարի Աստծո գաղափարը լինել։
Որովհետև գաղափարը, որքան էլ որ վսեմ լինի, բավարար չէ, երբ վրա է հասնում մահը։
Մենք ինչ որ մեկի կարիքն ունենք։
Մենք Քրիստոսի կարիքն ունենք։
Քրիստոնեությունն իր հույսը չի հիմնավորում տիեզերքի մասին բանաձևված ինչ որ մի տեսության, այլ` մի պատմական իրադարձության վրա․ Հիսուս Քրիստոսը մահացել և հարություն է առել։
Նա իսկապես սպանվել է։
Նրա մարմինը մատնվել է մահվանը։
Չարը կարծես թե ունեցել և կիրառել է վերջին խոսքի իրավունքը։
Ընկերները փախել են։ Վարդապետը դատապարտվել, նվաստացվել և խաչվել է։
Եվ սակայն, դա վերջը չէր։
Նա, Ով սպանվել էր, ապրում է։
Սա՛ է Քրիստոնեության չլսված համարձակ պնդումը։
Ո՛չ միայն պարզապես այն, որ Հիսուսը մի մեծ ուսմունք է թողել իբրև մշակութային ժառանգություն։ Ո՛չ միայն պարզապես այն, որ Նրա հիշատակը շարունակում է ոգեշնչել միլիոնավոր մարդկանց։ Ո՛չ միայն պարզապես այն, որ Նրա մահն ունի խորհրդանշական նշանակություն։
Այլ` այն, որ Խաչյալը հարություն է առել։
Եվ եթե Քրիստոսը հարություն է առել, ապա ողջ իրականության իմաստն ու նշանակությունը փոխվել է։
Վերջին խոսքի իրավունքն այլևս չի պատկանում մահվանը։
Չարի տիրապետությունն այլևս ինքնիշխան իրականություն չէ։
Պատմությունը հանձնված չէ պատահականության ու լքվածության քմահաճույքին։
Մարդկության ընթացքը ուղղված չէ դեպի ոչնչություն։
Եվ ամենակարևորը. մենք որբ չենք։
« ԻՆՁ Է ՏՐՎԱԾ ԱՄԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ »
Մատթեոսի Ավետարանում Հարուցյալ Քրիստոսն ասում է․ «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա» (Մտթ 28, 18)։
Սա վիթխարի նշանակություն ունեցող խոսք է։
Նշանակում է, որ մարդկության վերջնական ճակատագիրը իշխանավորների, կառավարությունների, պատերազմների, շուկաների, գաղափարախոսությունների, մեր վախերի կամ մեր պարտությունների ձեռքերում չէ։
Նույնիսկ մահվան ձեռքերում չէ։
Հարուցյալի ձեռքերում է։
Սրա համար քրիստոնյան կարող է իրատեսորեն նայել պատմությանը՝ առանց հուսահատության մեջ ընկնելու։
Չպետք է ժխտի չարիքի գոյությունը։ Պետք է անցնի չարիքի միջով՝ իմանալով, որ վերջին խոսքի իրավունքը չի պատկանում չարիքին։
Խաչը մնում է իրական։
Բայց իրական է նաև Հարությունը։
Եվ քրիստոնյան ապրում է հե՛նց այս լարվածության ներսում։
« ԹԵ ՈՒՇԱՆԱ, ՍՊԱՍԻՐ ՆՐԱՆ »
Հավատքի ամենադժվարին փորձառություններից մեկը Աստծո լռությունն է։
Ամբակում մարգարեն արդեն արտահայտել էր այս տագնապը․ «Եթե հապաղի, սպասիր նրան» (Ամբ 2, 3)։
Ամբակում մարգարեն արդեն արտահայտել էր այս տագնապը․ «Եթե հապաղի, սպասիր նրան» (Ամբ 2, 3)։
Առաջին քրիստոնյաները նույնպես ճանաչում էին այս հարցադրումը։ Եթե Քրիստոսը հարություն է առել, ուրեմն ինչո՞ւ է աշխարհը շարունակում այսպիսին մնալ։ Եթե Արքայությունը եկել է, ինչո՞ւ է դեռ շարունակվում չարիքի ներկայությունը։ Եթե Աստված հաղթել է, ինչո՞ւ ենք մենք տակավին մահանում։
Սա քրիստոնեական յուրաքանչյուր սերնդի հարցադրումն է։
Եվ պատասխանը թերևս սկսվում է նաև այն փաստից, որ ժամանակի մեր ընկալումը արմատապես անհամաչափ է պատմության և Աստծո հավիտենականության համեմատ։
Մենք ապրում ենք յոթանասուն, ութսուն, իննսուն տարի։ Մեր համար մեկ կյանքը հսկայական ժամանակ է։ Մեկ սերունդը թվում է, թե տևում է հավերժ։ Հարյուր տարին կարող է մեզ մի ամբողջ դարաշրջան թվալ։ Եվ այդպես էլ անվանում ենք. դար։
Մենք ապրում ենք յոթանասուն, ութսուն, իննսուն տարի։ Մեր համար մեկ կյանքը հսկայական ժամանակ է։ Մեկ սերունդը թվում է, թե տևում է հավերժ։ Հարյուր տարին կարող է մեզ մի ամբողջ դարաշրջան թվալ։ Եվ այդպես էլ անվանում ենք. դար։
Բայց ի՞նչ են հարյուր տարիները տիեզերքի պատմության մեջ։
Եվ ի՞նչ են մի քանի հազարամյակները հավիտենության տեսանկյունից դիտված։
Պետրոս Առաքյալը գրում է․ «Տիրոջ առաջ, մեկ օրը հազար տարվա պես է, և հազար տարին՝ մեկ օրվա նման» (2Պտ 3, 8)։
Սա չի նշանակում պարզապես, որ Աստված մերինից տարբեր օրացույց ունի` սոսկ քանակական իմաստով։ Սա ինչ որ մի ավելի խորը բան է նշանակում․ ժամանակի մեր փորձառությունը իրականության վերջնական չափանիշը չէ։
Մենք պատմության մեջ ենք։ Աստված պատմության գերին չէ։
Եվ մենք, կրելով մեր վիրավոր գոյության ծանրությունը, բնականաբար հակված ենք ամեն ինչ մեր տառապանքի ժամացույցով չափելու փորձությանը։
Աստված, մինչդեռ, տեսնում է ամբողջը։
Թերևս, մարդկության պատմության մասշտաբով չափված, այն, ինչը որ մեզ անվերջանալի է թվում, իրականում հազիվ մի քիչ ավելին է, քան մեկ ակնթարթը։
Իսկ հավիտենության մասշտաբով չափված, մարդկության ողջ պատմությունը գուցե ավելի քիչ է, քան մեկ շունչն անգամ։
Իսկ հավիտենության մասշտաբով չափված, մարդկության ողջ պատմությունը գուցե ավելի քիչ է, քան մեկ շունչն անգամ։
ՕԳՈՍՏԻՆՈՍԸ ԵՎ ԱՆՀԱՆԳԻՍՏ ՍԻՐՏԸ
Այստեղ է, որ հնչում է Սուրբ Օգոստինոսի ամենախորաթափանց մտքերից մեկը։
«Խոստովանություններ» գրքի սկզբում նա գրում է․ «Դու մեզ ստեղծել ես Քո համար, և մեր սիրտն անհանգիստ է, քանի դեռ չի հանգստանում Քո մեջ»։
Մարդու անհանգստությունը, Օգոստինոսի համար, պարզապես հոգեբանական թերություն չէ։ Այն մեր սահմանման նշանն է։
Մարդը շարունակ փնտրում է ինչ որ մի բան, որը ոչ մի սահմանափակ իրականություն չի կարող տալ նրան վերջնական եղանակով։
Փնտրում ենք սեր, ապահովություն, ճանաչում, գիտելիք, հաճույք, հաջողություն, իշխանություն, գեղեցկություն։ Եվ ամեն անգամ, երբ ինչ որ մի բանի հասնում ենք, բացահայտում ենք, որ այն բավարար չէ։
Ո՛չ թե այն պատճառով, որ չափազանց շատ բան ենք ցանկանում։
Այլ` որովհետև ստեղծված ենք ինչ որ մի անսահմանորեն ավելի մեծ բանի համար, քան այն ամենը, ինչ աշխարհը կարող է մեզ տալ։
Մարդը, խորքում, մի էակ է, որը պահանջում է ունենալ մի Հայր։
Եվ թերևս սա է մարդկային վիճակի ամենախորը բնորոշումներից մեկը․ մենք տուն փնտրող արարածներ ենք։
ԾԵՍԸ, ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՐԸ
Այդ ժամանակ հասկանում ենք նաև, թե ինչո՛ւ է Ծեսը էական, բայց կենտրոնը չէ։
Քրիստոնյան Սուրբ Պատարագին չի մասնակցում կրոնական ձևականություն կատարելու համար։ Մասնակցում է, որովհետև կամենում է վերադառնալ աղբյուրին, կրկին լսել Խոսքը, կրկին ընդունել Հարուցյալի Մարմինը և ինքն իրեն հիշեցնել, թե ո՛վ է ինքը։
Քրիստոնեական բարոյականությունը էական է, բայց կենտրոնը չէ։
Որովհետև եթե ես զավակ եմ, ապա փոխվում է նաև այն կերպը, որով ես նայում եմ ուրիշներին․ մյուսն այլևս օտար չէ, մրցակից չէ, թշնամի չէ, և իմ նպատակներին հասնելու միջոց չէ։ Նա, ինչպես և ես, Աստծուն պատկանող անձ է։
Աղքատին տրվող նյութական օգնությունը էական է, բայց կենտրոնը չէ։
Որովհետև եթե Աստված Հայր է, ապա մյուսի ցավը չի կարող այլևս անտարբեր թողնել ինձ։
Աղոթքը էական է, բայց կենտրոնը չէ։
Որովհետև աղոթել` նշանակում է սովորել, աստիճանաբար, ապրել Նրա ներկայության մեջ, Ումից գիտենք, որ սիրված ենք։
Մինչև իսկ Եկեղեցին, իր ողջ պատմական ու մարդկային իրականությամբ, վերջնական նպատակը չէ։
Եկեղեցին գոյություն ունի՝ պահպանելու և հռչակելու համար այս խորհուրդը․ Աստված չի լքել մարդուն։
Մնացած ամեն ինչ այստեղից է բխում։
ՄԵՆՔ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՉԵՆՔ
Եթե այս գիտակցությունն իսկապես դառնա մերը, այն արմատապես կփոխի նաև մեր ապրելակերպը։
Մենք մեր գոյության բացարձակ սեփականատերը չենք։
Մենք զավակներ ենք։
Եվ զավակը չպետք է անընդհատ ապացուցի իր գոյության իրավունքը։
Չպետք է ամեն վայրկյան ցույց տա, որ բավականաչափ ուժեղ է, բավականաչափ խելացի է, բավականաչափ կարևոր է։
Կարող է վերջապես շունչ քաշել։
Կարող է նաև ձախողվել։
Կարող է զղջալ։
Կարող է նորից սկսել։
Կարող է մահանալ։
Որովհետև նրա վերջնական ապահովությունը կախված չէ իր կատարյալ լինելուց, այլ` Մեկ Ուրիշի սիրուց։
Սա, թերևս, քրիստոնեական ազատության ամենախորը ձևն է։
Չպետք է ինքս ինձ փրկեմ։
Փրկությունն արդեն իսկ մտել է պատմության մեջ։
ՀԱՎԱՏՔԸ ՈՐՊԵՍ ԱՊԱԳԱՅԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Սրա համար քրիստոնեական հավատքն ավելին է, քան մտավոր համոզմունքը։
Մի տեսակ հիշողություն է։
Քրիստոնյան հիշում է այն, ինչը որ դեռ չի տեսնում։
Հիշում է, որ Քրիստոսը հարություն է առել, նաև երբ մի գերեզմանի է նայում։
Հիշում է, որ Արքայությունը գալիս է, նաև երբ աշխարհը երևութապես քաոսի տիրապետության տակ է տեսնում։
Հիշում է, որ Աստված Հայր է, նաև երբ անցնում է լռության միջով։
Այս իմաստով, հավատքը գրեթե ապագայի հիշողությունն է․ ապրել ներկայի մեջ՝ այն բանի լույսի ներքո, ինչը որ Աստված խոստացել է, և ինչը որ, Հարուցյալ Քրիստոսի մեջ, արդեն սկսել է իրականանալ։
Հարությունը պարզապես երկու հազար տարի առաջ տեղի ունեցած իրադարձություն չէ։
Սկիզբն է այն ճակատագրի, դեպի որն ուղղված է ողջ արարչությունը։
Քրիստոսը «մեռելներից հարություն առածների անդրանիկն է» (Կղս 1, 18)։
Նրա ապագան դարձել է մեր հույսը։
ՈՐԲ ՉԵՆՔ
Ուստի, «Ո՞րն է Քրիստոնեության ամենաէական կետը» հարցին թերևս կարելի է պատասխանել միայն մեկ նախադասությամբ․
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ Է ԱՅՆ ՓԱՍՏԻ, ՈՐ ՄԵՆՔ ՈՐԲ ՉԵՆՔ։
Սիրված արարածներ ենք։
Զավակներ ենք։
Աշխարհը անդեմ մեքենա չէ։
Պատմությունը իրադարձությունների անհեթեթ շղթա չէ։
Վերջնական իշխանությունը մահվան ձեռքերում չէ։
Վերջին խոսքի իրավունքը չարիքին չի պատկանում։
Եվ Աստծո լռությունը չի նշանակում Նրա բացակայությունը։
Որովհետև պատմության կենտրոնում կա մի Մարդ, որը խաչվել է և որն այժմ ապրում և թագավորում է։
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ։
Եվ Նրան է տրվել ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա։
Սրա համար քրիստոնյան կարող է շարունակել քայլել նաև այն ժամանակ, երբ չի հասկանում։
Կարող է աղոթել, երբ պատասխան չի ստանում։
Կարող է սիրել, երբ սերն անօգուտ է թվում։
Կարող է ներել, երբ ներումն անհեթեթ է թվում։
Կարող է աղքատին օգնել, երբ գիտի, որ չի վերացնելու աշխարհի ամբողջ աղքատությունը։
Կարող է ծիսակատարել Սուրբ Պատարագը, երբ աշխարհը նրան զրկված է թվում սրբազան դիմագծերից։
Կարող է մինչև իսկ մահանալ՝ առանց սեփական մահը վերջակետ համարելու։
Ո՛չ թե այն պատճառով, որ գտել է ամեն ինչի բացատրությունը։
Այլ` որովհետև գտել է Ինչ Որ Մեկին։
Եվ թերևս հե՛նց սա է հիմնարար տարբերությունը Քրիստոնեության և մի պարզ կրոնական փիլիսոփայության միջև։
Քրիստոնեությունը չի ասում միայն, որ տիեզերքն իմաստ ունի։
Ասում է, որ տիեզերքի Իմաստը ճանաչում է մեզ, սիրում է մեզ և մեզ զավակներ է կոչում։
Եվ որ, մեր պատմության մեջ մտնելուց, մեր իսկ երկրի վրա մահանալուց և մեր իսկ մահվան մեջ իջնելուց հետո, դուրս է եկել այնտեղից՝ ողջ։
Ուստի, մենք կարող ենք սպասել։
Նաև երբ թվում է, թե Նա ուշանում է։
Կարող ենք հուսալ։
Նաև երբ ամեն ինչ կարծես հերքում է հույսը։
Կարող ենք ապրել։
Որովհետև, ի վերջո, քրիստոնեական առաջին ավետիսը պատվիրան չէ։
Մի բարի, լավ լուր է․
Մենակ չես։
Լքված չես։
Որբ չես։
Հայրը փնտրում է քեզ։
Եվ Որդին արդեն եկել է՝ ձեռքդ բռնելու, տալով քեզ Իր Հոգին։