
9) Արդյո՞ք Հաղորդությունը պատճենվել է հեթանոսական ծիսակարգերից
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
Գոյություն ունեն երկու ուղղությունների պատկանող ''քննադատներ'', ովքեր պնդում են, թե իբր Հաղորդության Խորհուրդը փոխառված է հեթանոսական կրոններից. 1) հակակաթոլիկ բողոքականներ, ովքեր պնդում են, թե կաթոլիկ մոտեցումներն ակնհայտորեն բխում են հեթանոսական դիցաբանությունից, և 2) առասպելական Հիսուսի կողմնակիցները, ովքեր կարծում են, թե իբր Հիսուսը երբեք գոյություն չի ունեցել, և որ Նրա հետ կապված ամեն ինչ նույնպես փոխառված է նախկին դիցաբանություններից:
Բարտ Բրյուերը ներկայացնում է հակակաթոլիկ բողոքականներին բնորոշ դիրքորոշում, երբ ասում է, թե իբր Կոնստանդիանոսի դարձից և Քրիստոնեության օրինականացումից հետո «[նորադարձներն] իրենց հետ բերեցին հեթանոսական ծեսեր, որոնք նրանք համարձակորեն եկեղեցի ներմուծեցին քրիստոնեական եզրաբանության քողի տակ, այդպիսով աղավաղելով սկզբնական հավատքը»[1]։ Եկեղեցու կողմից ընդունված «ծեսերից» շատերը, սակայն, բոլորովին անվնաս սովորույթներ են, ինչպիսիք են հագուստի ոճերը կամ տաճարային ճարտարապետությունը: – Բողոքականներն էլ են նույնը անում, երբ, օրինակ, ամուսնական մատանիներ են փոխանակում, քանի որ այդ պրակտիկան Աստվածաշնչում չի հանդիպում, այլ՝ վերցված է հին հռոմեական սովորույթներից: – Ավելին, մենք արդեն քննարկել ենք, թե ինչի՛ էր հավատում Բրյուերի «մաքուր ու հավատարիմ» նախակոնստանդինյան Եկեղեցին Ամենասուրբ Հաղորդության մեջ Քրիստոսի իրական ներկայության վերաբերյալ (բազմաթիվ ա՛յլ բացահայտորեն կաթոլիկ ուսմունքների հետ միասին):
Հակակաթոլիկ գրող Ջեք Չիկն է՛լ ավելի անհիմն պնդումներ է կատարում Հաղորդության վերաբերյալ, այն անվանելով «The Death Cookie» («Մահվան Թխվածք»): Չիկն ասում է, թե իբր Հաղորդությունը վերցված է եգիպտական այն պրակտիկայից, որը եգիպտացիները կատարում էին՝ երկրպագելու համար արևի աստված Օսիրիսին, «անթթխմոր հացից պատրաստված արևի ձևով կլոր վաֆլիների» տեսքով։ Նա նույնիսկ պնդում է, թե իբր նշխարի վրա դաջված «IHS» մոնոգրամը[2] նշանակում է «Իսիս, Հորուս և Սեթ՝ եգիպտական աստվածությունները»[3]։ Բայց Չիկը, բնականաբար, իր պնդումները հիմնավորելու համար չի մեջբերում ոչ մի պատմական աղբյուր, և այդ պատճառով էլ՝ դրանք լիովին անհիմն են:
Նախ, Օսիրիսը արևի աստված չէր (այդ տիտղոսը պատկանում էր Ռային), և հետևաբար՝ նրա պատվին «արևի տեսքով» բլիթներ չեն պատրաստվել, և անվանի եգիպտագետները ոչինչ չգիտեն և ոչինչ չեն ասում Հաղորդության ժամանակ Օսիրիսի փոխակերպման մասին: Երկրորդ, «IHS» մոնոգրամը ոչ մի կապ չունի եգիպտական դիցաբանության հետ: I-ն, H-ը և S-ը Հիսուսի անվան առաջին երեք տառերն են հունարենում (ΙΗΣΟΥΣ - ՅԵՍՈՒՍ): Վերջապես, Հին Կտակարանում առաջարկվող հացերն ու բլիթները, ըստ երևույթին, նույնպես կլոր էին, բայց ո՛չ մի բողոքական չի ասի, թե դրանք հեթանոսական ծագում ունեն (Ծնդ 18, 1-8; Ել 29, 1-2):
Հիսուսի կերպարի առասպելական ծագման կողմնակիցները հաճախ մեջբերում են Սբ. Հուստինոս Նահատակի հետևյալ հատվածը. « ... նման ձևով վերցրեց գավաթը, գոհություն հայտնեց և ասաց. Սա իմ Արյունն է, և միայն նրանց տվեց: Նույնը չար դևերը կրկնօրինակում էին Միթրայի խորհուրդներում. քանի որ, ինչպես գիտեք կամ կարող եք պարզել, խորհրդի մեջ նվիրաբերվողին այնտեղ մատուցվում է հաց և մի բաժակ ջուր»[4]։
Ըստ այդպիսի հեղինակների, Միթրայականները Հաղորդությունը տոնել են քրիստոնյաներից դեռ շատ առաջ, և հետևաբար՝ Հուստինոսն իբր անտեղյակ է այն փաստի վերաբերյալ, որ իրականում քրիստոնյաներն են պատճենել այդ խորհուրդը հեթանոսությունից, և ո՛չ թե հեթանոսները, ովքեր դիվային կերպով այն պատճենել են քրիստոնյաներից: Միթրայագետ Մանֆրեդ Կլաուսը, սակայն, պնդում է, որ «ցանկացած ուղղությամբ նմանակումը բացառվում է։ Հացի և գինու ընծայումը հայտնի է գրեթե բոլոր հին մշակույթներում, իսկ կերակուրը՝ որպես հավատացյալներին համախմբելու և աստվածության հետ միավորելու միջոց, շատ կրոնների հատկանիշն էր [...] ։ Ծիսական ընթրիքը հավանաբար ուղղակի կանոնավոր ընդհանուր ճաշկերույթի մի մասն էր։ Նման ճաշատեսակները միշտ եղել են կրոնական հավաքույթների անբաժանելի մասը»[5]։
Պողոս Առաքյալն ասում է, որ քրիստոնյաներն ընթրիք էին անում նախքան Հաղորդությունը ստանալը (ինչը հաճախ կոչվում էր «ագապե» կամ «սիրո ընթրիք»): Պողոսը հանդիմանում է Կորնթացիներին, որ օգտվում էին նման առիթներից՝ հարբելու և շատակերության համար, մինչդեռ մյուսները քաղցած էին։ Իհարկե, քրիստոնյաները հեթանոսներից չեն «փոխառել» ընդհանուր կերակուրի գաղափարը, քանի որ բոլոր մարդիկ ունեն բնական ցանկություն՝ կիսելու սնունդը համայնքում: Միթրայական «հաղորդության ճաշը» պարզապես ընդհանուր ճաշ էր: Կլաուսը գրում է. «Միթրայականները ո՛չ միայն ճաշակում էին հաց, գինի կամ ջուր, ինչպես հուշում են որոշ գրական աղբյուրներ, այլև՝ նրանց մատուցում էին իրական ուտեստներ»[6]։
Ավելի կոնկրետ, եթե փոխառություններ լինեին, ապա դրանք միթրայական փոխառություններ կլինեին քրիստոնյաներից, քանի որ հռոմեական Միթրայի պաշտամունքն առաջացել է Հիսուսի կյանքից հետո և որևէ կապ չունի պարսկական Միթրայի պաշտամունքի հետ, որը գոյություն ուներ մինչև Քրիստոսի ժամանակները[7]։
Ճակատագրի հեգնանքով, երբ ֆունդամենտալիստ բողոքականներն ու աթեիստները իբր որպես փաստարկ են բերում «հեթանոսական ազդեցությունը», նրանք երկուսն էլ նույն սխալն են գործում: Նրանք փորձում են նմանություններ գտնել Եկեղեցու և հեթանոսության միջև և պնդում են, թե բոլոր դեպքերում կաթոլիկ ուսմունքի կետերն են գալիս հեթանոսությունից: Չեն ընդունում, որ փոխառություններն արվել են հակառակ ուղղությամբ, այսինքն՝ որ հեթանոսներն իրենք են պատճենել քրիստոնեականը, իսկ գոյություն ունեցող սոսկ արտաքին այս կամ այն նմանությունը մակերեսային է, առանց բովանդակային նույնության, ուստի փոխառություն ընդհանրապես չի կայացել։