1) Կա՞ որևէ ապացույց, որ Հիսուսն իրոք գոյություն է ունեցել որպես պատմական անձ։ – Գրադարան – Mashtoz.org

1) Կա՞ որևէ ապացույց, որ Հիսուսն իրոք գոյություն է ունեցել որպես պատմական անձ։

1) Կա՞ որևէ ապացույց, որ Հիսուսն իրոք գոյություն է ունեցել որպես պատմական անձ։

 

Դատելով վերջին շրջանի որոշ քննարկումներից՝ կարելի է կարծել, թե ուսումնասիրողներն այս հարցում կտրուկ բաժանված են։ Բայց իրականում Հիսուսի գոյությունը պատմության օբյեկտիվ փաստ է: Ինչպես գրում է Բարտ Էհրմանը, ով ագնոստիկ ուսումնասիրող և Նոր Կտակարանի լայնորեն ճանաչված փորձագետ է․ «Այն տեսակետը, որ Հիսուսը գոյություն է ունեցել, հաստատվում է աշխարհի գրեթե բոլոր փորձագետների կողմից»[1]:

Երբ անհավատները հարցնում են․ «Կա՞ն ապացույցներ Հիսուսի պատմական գոյության մասին», նրանք սովորաբար ի նկատի ունեն. «Կա՞ որևէ ոչ-աստվածաշնչային ապացույց Հիսուսի պատմական գոյության վերաբերյալ»: Այս հարցը կոչված է ենթադրելու, որ Աստվածաշունչը «պատմական փաստեր» չի պարունակում։ Բայց մի՞թե պետք է բացառենք Աստվածաշունչը՝ որպես Հիսուսի գոյության ապացույց։

Որոշ քննադատներ կասեն, թե Աստվածաշունչը կանխակալ տեքստ է, որ պարունակում է հրաշքների պատմություններ, ինչն իր հերթին նշանակում է, որ այն պատմության հետ կապ չունի։ Սակայն նման չափանիշը գրեթե անհնարին կդարձներ հին պատմության ուսումնասիրությունն ընդհանրապես, քանի որ հին պատմաբանները նույնպես կողմնակալ էին, և նրանցից շատերը (ինչպես Տակիտոսը կամ Հերոդոտը) նկարագրում էին նաև հրաշքների պատմություններ: Այդուամենայնիվ, ժամանակակից պատմաբանները չեն բացառում հնագույն վկայությունները, այլ՝ քննադատորեն ուսումնասիրում են դրանց պատմական բովանդակությունը։ Եվ նույնիսկ, եթե հոռետեսները պատրաստ են ժխտել Ավետարանների պատմական ճշգրտությունը, մենք կարող ենք օգտագործել պատմական հետազոտության սկզբունքները՝ ապացուցելու համար Հիսուսի պատմական գոյությունը աստվածաշնչյան մեկ ա՛յլ աղբյուրի հետ կապված․ Սբ. Պողոս Առաքյալի նամակները։

Առաջին դարի 30-ականների սկզբին մի օր Պողոսը դարձի եկավ. նորածին Եկեղեցուն հալածողը դարձավ Առաքյալ, ով բազմաթիվ Նամակներ գրեց՝ պաշտպանելով և բացատրելով քրիստոնեական աստվածաբանությունը: Նոր Կտակարանի գլխավոր նամակների նրա կողմից հեղինակված լինելը, ինչպիսիք են Հռոմեացիներին, Կորնթացիներին և Գաղատացիներին ուղղված Նամակները, ճանաչված փաստ է նույնիսկ անհավատ գիտնականների շրջանում: Այդ նամակներում Պողոսը միանգամայն հստակ կերպով ցույց է տալիս, որ Հիսուսը, որին նա հավատում է, Դավթի սերնդից է (Հռմ 1, 1-3), ծնվել է Կնոջից (Գղտ 4, 4), կիսել է Վերջին Ընթրիքը աշակերտների հետ (1Կր 11, 26), խաչվել և հարություն է առել մեռելներից (1Կր 15, 3-7):

Պողոսը կարող էր հաստատել այս տեղեկությունը, քանի որ հանդիպել էր Հիսուսի աշակերտներին։ Նա նման հանդիպում է արձանագրել Գղտ 1, 18–19 հատվածում։ Ընդհանրապես, հունարեն բառը, որ Պողոսը գործածում է Առաքյալների հետ Հիսուսի մասին «խոսելու» համար, «ἱστορῆσαι» - «հիստոռեսայ» եզրն էր, որից էլ առաջացել է մեր «պատմություն» եզրը։ Այս հատվածում Պողոսը նկարագրում է Երուսաղեմում իր անձնական հանդիպումը Պետրոսի և Հակոբոսի հետ. վերջինիս նա ներկայացնում է որպես «Տիրոջ եղբայր»։ Եթե ​​Հիսուսը պարզապես լեգենդ լիներ, ապա, անշուշտ, Նրա ենթադրյալ ազգականներից մեկը, էլ չասած՝ Նրա գլխավոր Առաքյալը, կիմանար դա:

Որոշ մարդիկ, ովքեր ժխտում են Հիսուսի պատմական գոյությունը, պնդում են, թե «Տիրոջ եղբայր» արտահայտությունը չի նշանակում, որ Հակոբոսը Հիսուսի արյունակից ազգակիցն էր (հունարեն բառը կարող է նշանակել եղբայր, զարմիկ կամ ա՛յլ մերձավոր ազգական), այլ՝ ավելի շուտ հոգևոր «ընկերակից», ինչպես այսօրվա քրիստոնյաները միմյանց եղբայրներ և քույրեր են անվանում: Բայց եթե դա ի նկատի ուներ Պողոսը, ինչո՞ւ նա չի նկարագրում Պետրոսին նույն խոսքերով: Ավելին, ինչո՞ւ է «եղբայր» բառից առաջ որոշիչ հոդ դնում։ Ա՛յլ քննադատներ պնդում են, որ գոյություն է ունեցել որոշակի հրեական վանական խումբ, որ կոչվել է «Տիրոջ եղբայրներ»: Բայց մենք այդ ժամանակ Երուսաղեմում նման խմբի գոյության ապացույց չունենք[2]։

Փոխարենը, Պողոսի գրվածքների անաչառ ընթերցումը ցույց է տալիս, որ նա համոզված էր, որ Հիսուսն իրական մարդ է եղել, քանի որ նա հանդիպել է Նրա Առաքյալներին, ովքեր իսկապես ճանաչում էին Հիսուսին և ականատես էին եղել Նրա գործունեությանը. և այստեղ մենք ունենք Հիսուսի պատմական գոյության հիանալի ապացույցներից մեկը:

[1] Bart Ehrman, Did Jesus Exist? The Historical Argument for Jesus of Nazareth, New York: HarperOne, 2012, p. 4.
[2] Գոյականից առաջ անորոշ հոդը նշանակում է «ոմանք», «մեկը»։ Մինչդեռ որոշյալ հոդը նշանակում է ունկնդրին արդեն հայտնի կոնկրետ առարկա։ Այսպիսով, անորոշ հոդով «Տիրոջ եղբայր» արտահայտությունը ինքնաբերաբար կնշանակի «Տիրոջ (շատ) եղբայրներից մեկը», բայց որոշյալ հոդով՝ «Տիրոջ նույն (ձեզ հայտնի) եղբայրը»: (Earl Doherty, Jesus: Neither God nor Man, Ottawa: Age of Reason Publications, 2009, p. 61).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։