
8) Մի՞թե Հիսուսն իրեն «Մարդու Որդի» չի անվանում և մի քանի անգամ չի հերքում իր աստվածությունը։
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն դեպքերի մասին, երբ Հիսուսը կարծես ժխտում է, որ Ինքն Աստված է: Մրկ 10, 17-ում Հիսուսն ասում է. «Ո՛չ ոք բարի չէ, բացի միայն մեկից՝ Աստծուց», իսկ Հվհ 14, 28-ում Նա ասում է. «Իմ Հայրն ավելի մեծ է, քան ես»: Արդյո՞ք Հիսուսն այս դեպքերում ժխտել է Իր Աստվածությունը: Առաջին օրինակում Հիսուսը փորձում է մի երիտասարդի, ով հարցրել էր Իրեն, թե ի՞նչ է հարկավոր՝ հավիտենական կյանքը ժառանգելու համար: Այս մարդը սկսում է Հիսուսին շողոքորթելով՝ հուսալով գոհացուցիչ պատասխան ստանալ: Հիսուսը տեսնում է դա և ասում. «Ինչո՞ւ ես ինձ "բարի" անվանում. ոչ ոք բարի չէ, բացի միայն մեկից՝ Աստծուց»։
Նկատենք, որ Հիսուսը չի ասում, որ ինքը լավը չէ կամ Աստված չէ: Ավելի շուտ, Հիսուսը գործում է գլխավոր տնօրենի նման, ով գաղտնի աշխատում է իր սեփական ընկերությունում որպես սովորական բանվոր։ Ինչ-որ մեկը փորձում է սիրաշահել միջին օղակի մենեջերին՝ ասելով. «Դու այստեղ ամենակարևոր շեֆն ես», ինչին քողարկված գործադիր տնօրենը պատասխանում է. «Ինչո՞ւ ես ասում, որ ես ամենակարևորն եմ: Միայն գլխավոր տնօրենն է ամենակարևոր շեֆը»: Նմանապես, Հիսուսն օգնում է ուրիշներին կենտրոնանալ Աստծո վրա, և ժամանակին Նա կբացահայտի, որ Ինքն է այն Աստվածը, որի վրա հարկավոր է կենտրոնանալ:
Երբ Հիսուսն ասում է. «Իմ Հայրն ինձնից մեծ է», Նա չի ժխտում, որ այդ Հայրն Աստված է, և որ Հիսուսի էությունն աստվածային է: Իր մարմնացումից հետո Հիսուսը եղել է (և կա) լիովին Աստված և լիովին մարդ, բայց որոշ ժամանակով թույլ է տվել, որ Իր աստվածային փառքը թաքցվի: Պողոսը դա մատնանշում է Փլպ 2, 7-ում, երբ գրում է, որ թեև Հիսուսը «Աստծո բնությունն ուներ», «Իրեն ունայնացրեց» և ընդունեց «ծառայի կերպարանք»։ Այսպիսով, այն նույն Հիսուսը, ով Աստծո Որդին է, կիսում է Հոր աստվածային էությունը և պնդում, որ մեկ է Նրա հետ, կարող է հայտարարել. «Իմ Հայրն ինձնից մեծ է»:
Ոմանք զարմանում են, թե ինչո՞ւ, եթե Հիսուսն Աստված էր, և հետևաբար՝ անմեղ, թույլ տվեց Իրեն մկրտել: Ավանդական քրիստոնեական ըմբռնումը բացատրել է Հուստինոս Փիլիսոփան, ով ապրել է Երկրորդ դարում, և ով ասել է, որ Հիսուսը մասնակցել է մկրտությանը «հանուն մարդկանց», որպես մարդու ապաշխարության անհրաժեշտության արտաքին նշան: Ինքը՝ Հիսուսն ասում է Հովհաննեսին, ով արդարացիորեն բողոքում է անմեղ Հիսուսի մկրտության դեմ. «Հիմա թույլ տուր» (Մտթ 3, 15): Հիսուսը ողորմածությամբ թույլ է տալիս, որ դա տեղի ունենա, որպեսզի մարդկանց արժեքավոր հոգևոր դաս տա:
Ի վերջո, երբ Հիսուսն Իրեն անվանում է «Մարդու Որդի», Նա չի ժխտում աստվածությունը, այլ՝ Իր նկատմամբ կիրառում է Մեսսիայի՝ Փրկչի տիտղոսը, որ գտնվում է Դանիելի գրքում, որտեղ Մարգարեն տեսնում է Երկնքի տեսիլքը և ասում. «Գիշերվա տեսիլքներում ես տեսա, որ ահա՛ երկնքի ամպերի վրայով մեկը եկավ՝ մարդու որդու նման, եկավ դեպի Հինավուրցը և նրան ներկայացվեց։ Եվ նրան իշխանություն, պատիվ ու թագավորություն տրվեցին, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուները նրան ծառայեն. նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնելու, և նրա թագավորությունը չի կործանվելու» (Դն 7, 13-14):