
Թե ինչո´ւ է Սրբերի բարեխոսությունը 100% աստվածաշնչային (և ո´չ թե միջնադարյան հորինվածք)
- 01
- 02
Ընդհանրական Եկեղեցու վարդապետության դեմ ուղղված նորամուտ ամենատարածված քննադատություններից մեկը վերաբերվում է բարեխոսությանը (ուրիշի համար աղոթելուն)։ Ոմանք (հիմնականում բողոքական հոսանքների պատկանող անձինք) պնդում են, թե մեկ ուրիշին – լինի դա երկրի վրա ապրող հավատակից, թե Երկնքում գտնվող մի Սուրբ – խնդրելը, որ աղոթի մեր համար Աստծուն, նշանակում է «շրջանցել» միակ Միջնորդին՝ Հիսուս Քրիստոսին։
Բայց արդյո՞ք դա այդպես է։ Աստվածաշունչն ու վաղ շրջանի Եկեղեցու պատմությունը բոլորովին ա´յլ բան են փաստում։ Բարեխոսությունը ո´չ միայն աստվածաշնչային է, այլ նաև` փրկության պատմության գլխավոր առանցքներից մեկը։
Բացահայտենք այժմ, թե ինչո´ւ է այդպես, սկսելով Սուրբ Գրքից և հասնելով մինչև Քրիստոնեության առաջին դարերը։
1. Նոր Կտակարանի օրինակը. ուրիշների հավատքը, որ հրաշքներ է գործում
Ավետարանում տեսնում ենք մի տևական օրինաչափություն. Հիսուսը շատ հաճախ գործում է ո´չ թե հիվանդի ուղղակի խնդրանքով, այլ` նրա կողքին գտնվողների բարեխոսության ու հավատքի շնորհիվ։
– Հրեա ավագների միջնորդությունը հարյուրապետի ծառայի համար (Ղուկաս 7, 1-10). Մի հռոմեացի հարյուրապետի ծառա մահամերձ է։ Իրեն արժանի չհամարելով Հիսուսին հյուրընկալելու՝ նա հրեա ավագների մի պատվիրակություն է ուղարկում, որպեսզի նրանք բարեխոսեն իր համար։ Ծերերը Հիսուսին ասում են. «Նա արժանի է, որ այդ շնորհը անես նրան»։ Հիսուսը նրանց չի հանդիմանում՝ ասելով «Թող ինքը գա իմ մոտ», այլ` լսում է նրանց բարեխոսությունը և կատարում հրաշքը։
– Ընկերները, որոնք քանդում են տանիքը (Մարկոս 2, 1-12). Չորս հոգի մի անդամալույծի բերում են Հիսուսի մոտ և, ամբոխի պատճառով տեղ չգտնելով, նրան վար են իջեցնում առաստաղից։ Ավետարանը նշում է մի կարևոր մանրամասնություն. «Հիսուսը, տեսնելով նրանց հավատքը, անդամալույծին ասաց. ''Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են''», ապա բժշկում է նրան։ Շնորհը տրվում է բարեխոսների հավատքի շնորհիվ։
– Քանանացի մոր համառությունը (Մատթեոս 15, 21-28). Մի հեթանոս կին աղաչում է Հիսուսին իր դիվահար դստեր համար։ Մոր սիրառատ և համառ բարեխոսությունը հրաշք է կորզում Վարդապետի ձեռքից։
– Մարիամը Կանայի հարսանիքին (Հովհաննես 2, 1-11). Նորապսակները նեղության մեջ են և չգիտեն ի´նչ անել։ Մարիամը նկատում է խնդիրը և բարեխոսում Որդու առաջ՝ ասելով. «Գինի չունեն»։ Հովհաննեսի Ավետարանում պատմված Հիսուսի առաջին հրաշքը տեղի է ունենում հե´նց Իր Մոր բարեխոսության շնորհիվ։
– Եկեղեցին, որն աղոթում է Պետրոսի ազատման համար (Գործք 12, 1-17). Մինչ Պետրոսը շղթայված բանտում էր, «եկեղեցու կողմից նրա համար անդադար աղոթք էր արվում առ Աստված»։ Արդյունքը՞. հրեշտակ է ուղարկվում՝ նրա շղթաները հրաշքով խորտակելու համար։
2. Արմատները Հին Կտակարանում. մարդկային «կամուրջները» Աստծո և ժողովրդի միջև
Այն գաղափարը, որ արդարի աղոթքը առանձնահատուկ կշիռ ունի Աստծո առաջ, խորը արմատներ ունի նաև Հին Կտակարանում։
– Աբրահամը և Սոդոմի համար «սակարկությունը» (Ծննդոց 18). Աբրահամը կանգնում է Աստծո առաջ՝ բարեխոսելու մի ապականված քաղաքի համար՝ խնդրելով խնայել այն, եթե այնտեղ նույնիսկ տասը արդար գտնվի։
– Մովսեսը Աստծո և ժողովրդի միջև (Ելից 32). Ոսկե հորթի մեղքից հետո Աստված պատրաստ է կործանել ժողովրդին։ Մովսեսը աղոթքով դառնում է մարդկային վահան՝ Աստծուն հիշեցնելով Իր խոստումները։ Եվ տեքստն ասում է. «Եվ Տերը գթաց Իր ժողովրդին այն չարիքի համար, որ ասել էր, թե կբերի նրանց վրա»։
– Միրիամի բժշկությունը (Թվոց 12). Երբ Մովսեսի քույրը՝ Միրիամը, տրտնջալու պատճառով պատժվում է բորոտությամբ, Մովսեսը չի ուրախանում այդ պատժով, այլ` աղաղակում է. «Ո̃վ Աստված, աղաչում եմ քեզ, բժշկի՛ր նրան»։ Եվ նրա ձայնը լսելի է լինում։
– Հոբի դեպքը (Հոբ 42). Աստված բարկանում է Հոբի ընկերների վրա նրանց սխալ խոսքերի համար, բայց սահմանում է մի կանոն. «Իմ ծառա Հոբը կաղոթի ձեր համար, որովհետև ես նրա անձն եմ ընդունելու, որպեսզի ձեր հիմարության համեմատ չվարվեմ ձեր հետ»։ Աստված Ինքն է պահանջում բարեխոսի առկայությունը։
3. Եկեղեցու Հայրերի ձայնը (Առաջին դարեր)
Եթե երկրի վրա ապրողների միջև բարեխոսությունը լայնորեն ընդունված է, ապա քրիստոնեական ջատագովությունը (ապոլոգետիկան) պետք է պատասխանի հետևյալ հարցին. ինչո՞ւ էին վաղ քրիստոնյաները բարեխոսություն խնդրում նաև նրանցից, ովքեր արդեն մահացել էին ի Քրիստոս: Պատասխանը պարզ է. որովհետև նրանք հավատում էին, որ Եկեղեցին մեկ միասնական մարմին է, և ննջեցյալները կենդանի են Աստծո մեջ։
Ահա´ թե ի´նչ էին գրում առաջին դարերի Եկեղեցու հայրերն ու առաջնորդները.
– Հերմաս (մոտ 80-140թթ. - «Հովիվը»): Հնագույն ո´չ աստվածաշնչյան քրիստոնեական գրվածքներից մեկում մեղավորների համար արդարների աղոթքը նկարագրվում է որպես ծայրահեղ արդյունավետ և Աստծուն հաճելի մի բան։
– Կղեմես Ալեքսանդրացի (150-215թթ.): Բացատրում է, որ իսկական քրիստոնյան «աղոթում է հրեշտակների ընկերակցությամբ, որպես նրանց հավասար մեկը, և երբեք դուրս չէ նրանց սուրբ պահպանությունից. և նույնիսկ եթե նա մենակ է աղոթում, սրբերի երգչախումբն իր հետ է կանգնած»։
– Կիպրիանոս Կարթագենացի (200-258թթ.): Իր նամակներից մեկում Կիպրիանոսն առաջարկում է աղոթքի մի ուխտ, որը հաղթահարում է մահվանը. «Միշտ մտածենք միմյանց մասին: [...] Եթե մեզնից մեկն աստվածային շնորհի արագությամբ առաջինը տեղափոխվի այստեղից, թող որ մեր սերը շարունակվի Տիրոջ առաջ, և մեր աղոթքը մեր եղբայրների ու քույրերի համար չդադարի Հոր ողորմության առջև»։
– Կյուրեղ Երուսաղեմացի (313-386թթ.): Իր հռչակավոր «Կոչումն ընծայության» (Խրատական ճառեր) աշխատության մեջ նկարագրում է վաղ շրջանի Եկեղեցու Պատարագը. «Հիշատակում ենք նաև նրանց, ովքեր մեզնից առաջ են ննջել, [...] որպեսզի Աստված, նրանց աղոթքների և բարեխոսությունների շնորհիվ, ընդունի մեր աղաչանքը»։
– Օգոստինոս Հիպպոնացի (354-430թթ.): Իր գլուխգործոց աշխատության մեջ՝ «Աստծո քաղաքի մասին» գրքում, Օգոստինոսը փաստում է տասնյակ հրաշքներ և բժշկություններ, որոնք տեղի են ունեցել իր թեմում մարտիրոսների (հատկապես` Սուրբ Ստեփանոսի) բարեխոսությամբ՝ ապացուցելով, որ վաղ շրջանի քրիստոնյաները հաճախում էին մարտիրոսների գերեզմաններին հե´նց Աստծո առաջ նրանց աղոթքը խնդրելու համար։
4. Հպանցիկ ակնարկ հիմնական առարկություններից մեկին
Այս ամենը լսելուց հետո` հակառակ կողմը հիմնականում առաջ է քաշում հետևյալ առարկությունը. «Բայց այդտեղ խոսվում է ողջերի կողմից կատարված աղոթքների մասին և ո´չ թե` մեռածների: Մեռածները չեն կարող աղոթել ողջերի համար»:
Այս կետում լավ կլինի, որ նման առարկություն առաջ քաշող ''քրիստոնյան'' հիշի Հիսուսի հանդիսավոր հայտարարությունն այն մասին, որ «Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը ողջերի Աստված է, և ո´չ թե` մեռելների, որովհետև բոլորը ողջ են Իր մեջ» (հմմտ. Մտթ 22, 32; Ղկս 20, 38): Քրիստոսն Իր Չարչարանքներով, Մահվամբ և Հարությամբ ազատագրել է Իր հետևորդներին մահվան իշխանությունից և նրանց տեղափոխել է փրկության ու կյանքի Արքայության մեջ (հմմտ. Կղս 1, 13-14), որտեղ չկա այլևս ո´չ մահ, ո´չ ցավ, ո´չ ողբ, որովհետև նախկին բաներն այլևս անցել են (հմմտ. Հյտ 21, 4): Մահը զորություն և իշխանություն չունի պատնեշներ ստեղծելու Քրիստոսի Արքայության մեջ` բաժանելով Քրիստոսի աշակերտներին ''այստեղ'' և ''այնտեղ'', այլ` բոլորը – և´ երկնայինները, և´ երկրայինները – վերաբովանդակված ու միացած են ի Քրիստոս Հիսուս (հմմտ. Եփս 1, 10):
Երեկ չէ առաջի օրը ի հայտ եկած հոսանքներին հարող ''քրիստոնյան'', Ընդհանրական Եկեղեցու մշտական հավատքին մոլի քննադատություններ ուղղելուց առաջ լավ կլինի ազնվորեն հարցնի ինքն իրեն, թե արդյոք անկեղծորեն հավատո՞ւմ է Քրիստոսի կողմից իրականացված համընդհանուր փրկագործությանը, որով կործանվել է մահվան իշխանությունը, ինչպես երգում է Ընդհանրական Եկեղեցին Սուրբ Զատիկի շարականներից մեկում. «Մահուամբ զմահ կոխեաց» - «Իր մահվամբ ոտնակոխ արեց մահվանը»: Քրիստոսը իրավամբ Տեր է, որովհետև հաղթել է բաժանումներ սերմանող մեղքի ու մահվան թագավորությանը:
Եզրակացություն. Մեկ միջնորդ, միլիարդավոր բարեխոսներ
Ասել, հետևաբար, թե չի կարելի բարեխոսել, որովհետև «Հիսուսը միակ միջնորդն է» (1 Տիմոթեոս 2, 5), աստվածաբանական թյուրիմացություն է։ Հիսուսը միակ Միջնորդն է, որովհետև միայն Նա, լինելով Աստված և Մարդ, Խաչի վրա փրկեց մարդկությանը Իր Արյան հեղմամբ։
Այդուհանդերձ, նույն ինքը՝ Պողոս Առաքյալը, հե´նց նույն նամակի հե´նց այդ նույն գլխում (1 Տիմոթեոս 2, 1) հորդորում է. «Աղաչանքներ, աղոթքներ, պաղատանքներ և գոհություններ մատուցել բոլոր մարդկանց համար»։
Բարեխոսությունը չի նվազեցնում Աստծո զորությունը, այլ` փառաբանում է այն։ Այն ցույց է տալիս մի Աստծո, Ով չի ցանկանում լինել մեկուսացած միապետ, այլ` մի Հայր, ով սիրում է տեսնել, թե ինչպե´ս են Իր զավակներն օգնում ու խնամում իրար, և աղոթում միմյանց համար։ Աստվածաշունչը վկայում է դրան, Եկեղեցու պատմությունը հաստատում է. բարեխոսությունը գործում է, այն աստվածաշնչային է և քրիստոնեական համայնքի սրտի բաբախյունն է։