3. Ես այժմ ուզում եմ սիրել բոլորին – Գրադարան – Mashtoz.org

3. Ես այժմ ուզում եմ սիրել բոլորին

Եհովայի Վկաներին ճանաչեցի տասնմեկ տարեկան հասակում, Հռոմում, ուր ես և իմ ընտանիքը տեղափոխվել էինք գործի բերումով: Մի օր բախեցին մեր դուռը. հետաքրքրասեր էի և թույլատրեցի, որ ներս մտնեն: Մի քանի կիրակի ևս եկան, իսկ որոշ ժամանակ անց՝ համոզեցին իրենց հետ գնալ Արքայության Սրահ: Առաջին տպավորությունը, որ ունեցա, այն էր, որ գտնվում էի տարբեր տեսակի մարդկանց մեջ: Իսկույն աչքիս խփեց նրանց հագվածքը: Հատկապես տղամարդիկ ինձ կեղծ էին թվում, բայց ուշադրություն չդարձրեցի: Զարմացա տեսնելով նրանց քաղաքավարությունն ու տրամադրելիությունը: Ուշադրությամբ լսեցի քարոզչի ճառը, որն երբեմն երբեմն մեջբերումներ էր կատարում Աստվածաշնչից: Ինձ ընկերացող աղջկա օգնությամբ կարողացա գտնել այդ տողերն իմ Աստվածաշնչում և դա ինձ երջանկություն էր պատճառում: Երբեք չէի բացել այդ գիրքը: Աստծո մասին խոսքեր լսելն ինձ հիացնում էր, թեև շատ բաներ կային, որ ինձ հաճելի չէին, բայց աշխատում էի կարևորություն տալ միայն էականին:

Արքայության Սրահ հաճախեցի ևս երկու անգամ, ապա ինձ ընկերացող աղջկան ասացի, որ այլևս չէի կամենում շարունակել, որովհետև մտածելու կարիք ունեի:

Բազմապիսի փորձառություններ ունեցա կյանքիս ընթացքում: Նախ սկսեցի աշխատել սրճարանում որպես գանձող, հետո աշխատանք գտա խանութում, ապա՝ դեղատան մեջ: Դարձա կանացի իրավունքների մոլեռանդ պաշտպան, ապա անցա մի ուրիշ կուսակցության, հետո՝ դարձա կոմունիստ: Վերջում համոզվեցի, որ քաղաքականությունն իմ համար չէ, որովհետև կուսակցություններում տիրում են անազնվությունն ու պաշտոնների մրցարշավը: Միամիտ էի: Կարծում էի, թե աշխարհը կարող էր գեղեցիկ ու արդար դառնալ և պայքարելով կարող էի փոխել ամեն բան: Կուսակցական գործերս լքելով, մի որոշ ժամանակ անցկացրեցի առանց հատուկ փորձառությունների, աշխատանքիցս բացի: Լի էի ամեն ինչի հանդեպ անտարբերությամբ:

Մի օր, արձակուրդների ընթացքում, ճանաչեցի նրան, ով այժմ ամուսինս է: Երկու տարի անց ամուսնացանք և վերադարձա բնակվելու Մարքեում, որ ծննդավայրս էր: Չորս երջանիկ տարիներ անցկացրեցի: Ծնվեց մեր աղջիկը և մի վիթխարի, բայց կարճատև ուրախություն եղավ մեր համար: Սկսվեցին մտահոգություններն ու վշտերը, հատկապես աղջկաս պատճառով, որն այդ օրերին քաջառողջ չէր:

Միշտ սեղանիս վրա էր Եհովայի Վկաների Աստվածաշունչը, որ տվել էր ինձ Հռոմի այն աղջիկը: Երբեմն երբեմն թերթում էի էջերը, բայց քանի որ միշտ չէ, որ հասկանում էի կարդացածիս իմաստը, կրկին փակում էի մեծ տրտմությամբ: Հիշում եմ, որ մի գիշեր սենյակումս աղոթեցի Աստծուն: Անվանեցի նրան «Եհովա», որովհետև Եհովայի Վկաների հետ Հռոմում ունեցածս փորձառությունից հիշում էի միայն այդ անունը: Խնդրեցի Աստծուց հայտնել ինձ ճշմարտությունը, Իր կամքը: Հաջորդ առավոտյան, կիրակի, Եհովայի Վկաները բախեցին դուռս: Աչքերս տրորեցի: Կարծեցի, թե աղոթքիս պատասխանն էր և անմիջապես ներս հրավիրեցի: Բազում հարցեր տվեցի, որոնց պատասխանեցին իմ համար այն ժամանակ գոհացուցիչ կերպով: Հարցրեցին, թե արդյոք կկամենայի՞ աստվածաշնչյան ուսումներ կատարել: Չէի կարողանում որոշել, որովհետև վախենում էի խաբվել: Բայց հետո մտածեցի. «Եթե սկսեմ և ապա չուզենամ շարունակել, անշուշտ չեն կարող ինձ ստիպել»: Ամուսինս համաձայն էր, հետաքրքրասիրությունս՝ շատ: Եվ այդպես սկսվեցին “ուսումները”: Ամուսինս մասնակցեց երկու կամ երեք անգամ, ապա՝ թողեց: Որքան ավելի էի առաջ գնում “ուսումներում”, այնքան ավելի էի համոզվում, թե դա էր ճշմարտությունը:  Շարունակ հարցեր ու հարցեր էի տալիս, որովհետև շատ կասկածներ էին ծնվում, բայց նրանք պատրաստի պատասխաններ ունեին բոլոր հարցերի համար: Կամաց-կամաց, իմ կողմից՝ ներքին բախումներից, կասկածներից ու անվստահություններից, իրենց կողմից՝ պնդումներից, համոզումներից ու ստիպումներից հետո, հասա մկրտությանը: Մի մռայլ ու տխուր օր եղավ իմ համար (միայն այժմ կարող եմ ասել սա, որովհետև առաջ մեղք կթվար ինձ): Աբրուցոյում գտնվող Համաժողովների Սրահում գտնվող մի տեսակ ջրավազանի մեջ ընկղմեցին ինձ: Ասացին, որ ջրից դուրս չպետք է մնար և ո՛չ իսկ մատներիցս մեկը, այլապես մկրտությունն անվավեր կլիներ: Երբ տակավին մանուկ էի, դժբախտ պատահար էի ունեցել ջրի հետ: “Եղբայրները” չէին կարողանում ընկղմել ինձ: Երրորդ փորձին՝ կամենում էի փախչել: Վերջապես կարողացա: Երբ դուրս ելա ջրից, երեսիս մաշկը և աչքերս կաս կարմիր էին: Հագնվեցի ու անցա մյուս սրահ, ուր հավաքված էին բոլոր “եղբայրները”: Շատերը համբուրում էին ինձ ու շնորհավորում: Ասում էին. «Բարի գալուստ մեր մեջ»: Ես, սակայն, երջանիկ չէի, որովհետև սրտումս ոչինչ չկար: Չէի կարողանում սիրել Աստծուն այնպես, ինչպես զգում էի, ինչպես կամենում էի, և սա ծանրանում էր խղճիս վրա: Ինչպես նաև վստահ չէի, թե “եղբայրներն” իսկապես սիրում էին ինձ: Թերևս Եհովայի որոշ Վկաներ իրենք իրենք չեն և, հետևաբար, սերն իրական չէ:

Վերադարձա տուն և շարունակեցի կյանքս որպես կին, մայր և Եհովայի Վկա:

Երբ գնում էի դռնե դուռ քարոզելու, տնից դուրս գալուց առաջ աղոթում էի. «Տեր, եթե սա ճշմարտությունը չէ, այնպես արա, որ երբ բախում եմ դռները, հանդիպեմ ինչ-որ մեկի, որը հասկացնի ինձ դա»: Ապա դուրս էի գալիս: Բայց երբեք չհանդիպեցի մեկին, որը կարող կլիներ փաստել քարոզածներիս հակառակը և սա ավելի էր ամրապնդում համոզումս, թե ճշմարտության մեջ էի: Այդպիսով, առաջ էի ընթանում վերելքներով ու վայրէջքներով: Քիչ ժամեր էի հատկացնում քարոզչությանը, ժողովներում երբեք գործուն չէի: Ներսումս ինչ-որ մի բան կար, որ ինձ չէր համոզում. չէի զգում լավագույնս գործելու եռանդը, մղիչ ուժը: “Եղբայրներն” ինձ ասում էին. «Շարունակիր ուսումներդ, ավելի ժամանակ ընծայիր քարոզչությանը: Կտեսնես, թե ինչպես կզորանաս»: Բայց ես չէի կարողանում և շատ էի տառապում այդ պատճառով: Երբ երեկոյան խոսում էի Աստծո հետ, Նրան ասում էի. «Տե՛ս, այս կամ այն քույրը, ինչպե՛ս են Քեզ ծառայում, ինչպե՛ս են Քեզ սիրում: Իսկ ես, Եհովա, ի՞նչ եմ անում Քո համար: Ոչի՛նչ»: Եվ Նրանից խնդրում էի ավելի հավատք, ավելի իմաստություն: Մեկից ավելի անգամներ օգնություն խնդրեցի “եղբայրներից”: Շարունակ կրկնում էին. «Շարունակիր ուսումներդ, ավելի ժամանակ ընծայիր քարոզչությանը»: Ավելի ու ավելի միայնակ էի զգում ինձ, իսկ նրանք երեսները ցույց էին տալիս միմիայն նույն բաները կրկնելու համար: Միայն մկրտությունից առաջ էին շարունակ այցելում ինձ: Հետո մի անգամ չպատահեց, որ ասեին. «Գնանք մի քիչ զբոսնելու: Խոսենք ինչ-որ մի ուրիշ բանի մասին: Հանգստացի՛ր, հոգնած ես»: Երբե՛ք: Եհովան երբեք չի ուղարկում արձակուրդի: Միայն և միշտ ծառայություն ու ծառայություն, ժողովներ ու ժողովներ: Այնուամենայնիվ կարծում էի, թե դա է իրականը և սեփական աչքերիս առաջ թվում էի մի որդ, անարժան՝ Աստծուն: Բայց այն, ինչը Եհովայի Վկաները պահանջում էին ինձնից, հակառակ էր էությանս: Շատ էի տառապում: Միայն Աստված գիտի, թե որքան եմ աղոթել: Եթե Եհովայի Վկաներն ունեն ճշմարտությունը, ինչո՞ւ ես երբեք չեմ զգում ուրախությունը, խաղաղությունը, հոգու պտուղները, որոնք շատ եմ սիրում:

Կասկածներ ունեի նաև Աստվածաշնչի վերաբերյալ: Պատասխանեցին իրենց ձևով, բայց չհամոզվեցի: Այնուամենայնիվ, զգացումներս խեղդում էի ու առաջ գնում:

Մի օր, հավատակից քույրերից մեկն առաջարկեց իր հետ գնալ մի տարեց կնոջ տանը աստվածաշնչյան ուսումներ կատարելու: Համաձայնվեցի և գնացինք: Տիկինը, որին պետք է “դարձի բերեինք”, մի շատ քաղցր կին էր և ինձ հիշեցնում էր իմ տատիկին, որը մահացել է: Ինձ ընկերացող “քույրը” շատ ինքնավստահ կին էր և ուսումները ղեկավարում էր երկաթյա պնդությամբ: Ինձ թվում էր, թե ձեռքը շատ էր սեղմում, շատ էր պնդում, ինչը որ տհաճ էր իմ համար: Մյուս “եղբայրները”, սակայն, ասում էին, որ ճիշտ այդպիսի, այսինքն՝ եռանդոտ ու ինքնավստահ “քույրերն” ու “եղբայրներն” էին ավելի թվով հոգիներ որսում, որովհետև երկչոտությունը, սակավ ինքնավստահությունը արդյունքներ չէին տալիս: Խոսակցությունը առաջ էր գնում, երբ տարեց տիկինը հանկարծ ասաց, որ ունկնդրում էր ձայնասփյուռի «Մարիամ» ալիքը, որն ամեն օր խոսում էր Եհովայի Վկաների մասին: Ես, հետաքրքրված, հարցրեցի, թե ի՞նչ էին ասում: Պատասխանեց, թե շատ բան չէր հասկանում, բայց որ Ավետարանը շատ լավ էին բացատրում: Խոստացա ես նույնպես ունկնդրել, թեև ճշմարտության մեջ լինելուս մասին վստահ էի: Քույրը զարմացած նայեց ինձ, որովհետև Կազմակերպությունն արգելում է մեզ ունկնդրել ուրիշ կրոնների պատկանող հաղորդումներ, ասելով, թե դրանք պատկանում են Սատանային և, հետևաբար, վտանգավոր են: Այդպիսով, միացրեցի ձայնասփյուռը և գտա «Մարիամ» ալիքը: Ժամը 1230 էր: Խոսում էր մի տղամարդ, մի նախկին Եհովայի Վկա, որը պատմում էր Եհովայի Վկաների շարքերում քսան տարի տևած իր փորձառությունը: Զգացի իր խոր տրտմությունը, հուսախաբությունը: Կարծես իմ սրտի մեջ էի կարդում: Տակավին չգիտեի աղանդից հեռանալու իր պատճառները, սակայն ձայներանգը, դառնությունը, սիրով լի մի քանի խոսքերը, իր տառապանքը, հուզեցին սիրտս:

Անջատեցի ձայնասփյուռը և սկսեցի լալ: Մոլորված էի: Կայծակնային արագությամբ ոտքի ցատկեցի ու վազեցի հեռախոսի մոտ: Հեռաձայնեցի Անքոնայում գտնվող «Սուրբ Պողոս» վանքի մայրապետներին և ասացի, թե կասկածներ ունեցող Եհովայի Վկա էի և օգնություն էի փնտրում: Հեռախոսի մյուս կողմում գտնվող տիկինը պատասխանեց շատ ազնվորեն և խորհուրդ տվեց հեռաձայնել Օզիմոյի քահանա Տեր Պողոսին, որը ճիշտ այս հարցերով էր զբաղվում: Իսկույն հեռաձայնեցի նրան և Տեր Պողոսը եզակի տրամադրելիություն, քաղցրություն ու կարեկցանք ցուցաբերեց իմ նկատմամբ:

Եհովայի Վկաներից սովորել էի քահանաներին դև համարել, դրա համար էլ ինքս ինձ ասացի. «Բայց տե՛ս, թե ի՜նչ ազնիվ է Սատանան»: Տեր Պողոսն իմ համար հանդիպում կազմակերպեց Սան Բենեդետթո Դել Թրոնթոյի «Շալոմ» խմբակի ու մի նախկին Եհովայի Վկայի հետ: Այդտեղ ծանոթացա տիկին Լուչիային և պարոն Գաբրիելին, որոնք «Շալոմ» խմբակի անդամներից էին, երկու ազնվագույն անձնավորություններ, տվյալ նյութի շուրջ ծայր աստիճան պատրաստված: Եհովայի Վկաների ուսուցումներին ծանոթ էին ինձնից շատ ավելի լավ: Հարցումներ ներկայացրի և ստացա պատասխաններ: Ինձ տեղեկացրեցին նաև, իմ համար համոզիչ փաստարկներով, որ Եհովայի Վկաների Աստվածաշունչը աղավաղված է ու կեղծ: Ուրիշ շատ բաներ էլ լուսաբանեցին: Դեռևս ամեն բան չէի հասկացել, բայց զգացի, որ սիրտս այլևս ազատ էր: Միայն միտքս էր տակավին շփոթ վիճակում. Աստվածաշնչի տողերը մտքիս մեջ պտտվում էին մեկը մյուսի ետևից: Տարօրինակ է, բայց տուն վերադարձա միաժամանակ տխուր ու երջանիկ: Այսպես թե այնպես, սակայն, հաստատ որոշել էի շարունակել փնտրտուքս:

Հեռաձայնեցի տիկին Լուչիային և կրկին տեսակցելու փափագս հայտնեցի, շարունակելու համար փնտրտուքը: Նա մեր տուն եկավ պարոն Գաբրիելի հետ միասին, միշտ բացահայտելով իր քաղցրությունն ու տրամադրելիությունը: Հետո եկավ նաև Տեր Պողոսը: Քանդեցին այն թղթե դղյակը, որի մեջ բնակվում էի և որն անկործանելի էի համարում, բայց որը հողին հավասարվեց մի ակնթարթում և ես ինձ դրսում գտա: Տեսա արևը, որ փայլում էր մի լույսով, որն մինչ այդ երբեք չէի տեսել: Զգում էի ինձ ինչպես մի թռչնակ, որը բնից ներքև է ընկել և չգիտի, թե ո՛ւր պետք է գնա, բայց որին Աստված չի թողնի հեռանալ Իրենից, որովհետև սիրում է նրան:

Կաթողիկե Եկեղեցում ճանաչեցի բազում անձեր բարի ու զգայուն, փափկանկատ, գործուն, կարեկցող: Ես այժմ սիրում եմ բոլորին և այլևս երբեք որևէ մեկից չեմ հարցնի, թե ինչ կրոնի է պատկանում: Ուզում եմ բոլորին հավասար չափով սիրել:

Երախտագիտությունս եմ հայտնում Աստծուն, որովհետև այժմ հասկանում եմ, որ այս փորձառությունը հարստացրեց ինձ, նրբացրեց և հատկապես հասկացրեց, որ իրական սերը ոչ ոքի չի դատապարտում: Այժմ, վերջապես, կարող եմ խոսել Հիսուսի հետ. վաղուց էի փափագում խոսել Նրա հետ, բայց Եհովայի Վկաներին արգելված է աղոթել Հիսուսին:

«Տուր ինձ, Տեր, Քո բերկրանքն ու խաղաղությունը» (Հովհաննեսի Ավետարան 14, 27): «Ձեր տրտմությունը ուրախության է փոխվելու» (Հովհաննեսի Ավետարան 16, 20): Ես նույնպես, այժմ կամենում եմ ուրիշներին նվիրել իմ ուրախությունը:

Վստահ եմ, որ Աստված գործում է նաև Եհովայի Վկաների մեջ, որովհետև կան բազում անկեղծ ու բարի անձեր, որոնք երբ աղոթում են, աղոթում են ամբողջ սրտով: Միամիտ հավատքի մեջ են և Աստված լսում է նրանց աղոթքները: Բայց նույնքան համոզված եմ, որ ով իսկապես փնտրում է Աստծուն, Եհովայի Վկաների մոտ չի գտնի երբեք, և հետևաբար՝ այսօր կամ վաղը ստիպված կլինի լքել նրանց և շարունակել փնտրել: Կամենում եմ ասել Եհովայի Վկաներին թողած անձանց, որ չվախենան, որովհետև Աստված կհայտնի Իրեն, որովհետև Նա նույնպես փնտրում է մեզ: Մի փորձառություն էր, և եթե Աստված թույլատրել է դա, պետք է վստահ լինենք, որ մեր բարիքի համար էր:

Թերեզիտա Մանչինի, Մոյե

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։