Ա. – Եհովայի Վկաները և Աստվածաշունչը – Գրադարան – Mashtoz.org

Ա. – Եհովայի Վկաները և Աստվածաշունչը

Աստվածաշունչը մի ժողովածու է, զանազան գրությունների հավաքածու, որոնք միմյանցից տարբերվում են գործածված գրական կերպերով (ժանրերով), շարադրման կամ խմբագրման ժամանակաշրջանով, միջավայրով, ինչպես նաև ուսուցումների տարողությամբ: Մի ժողովածու է, որ ձևացել է կամաց-կամաց, մոտավորապես հազար տարվա ընթացքում, և ունեցել է բազմաթիվ ներշնչված հեղինակներ, որոնց անձնական ինքնությունն ու նկարագիրը միշտ չէ, որ ներդաշնակվում են միմյանց: Աստվածաշունչը բաժանվում է երկու մասի. Հին Կտակարան և Նոր Կտակարան: Հին Կտակարանն իրենում ներառնում է 48 գիրք, իսկ Նոր Կտակարանը՝ 27: Բոլոր այս գրքերը միասին բաղկացած են 1.300ից ավելի գլուխներից, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են տասնյակ հազարավոր հատվածների:

Ներածական այս սակավաքանակ տեղեկությունները չկարծածից ավելի կարևոր են, որովհետև թույլատրում են իսկույն հասկանալ, որ Աստվածաշնչին հարկավոր է մոտենալ պատշաճ պատրաստվածությամբ: Եթե գործի չեն դրվում գիտականորեն փորձված միջոցներ, հնարավոր է Աստվածաշնչում բացահայտել հիմքեր մարդկային ամենատարբեր գաղափարախոսությունների և ուսմունքների համար: Կան աստվածաշնչյան մեկնողական գիտության կանոններ, որոնք համընդհանուր կերպով ընդունված են գիտնականների կողմից, բացառությամբ եհովականների (և բողոքական որոշ հոսանքների), որոնց մոտեցումը Աստվածաշնչին քիչ հետո կբացահայտենք միասին:

 

ա) Նախևառաջ ասենք, որ աստվածային հայտնությունը կատարվել է աստիճանաբար: Այս աստիճանական առաջադիմությունը, որն արդեն ներկա է Հին Կտակարանում, առավել մեծ չափեր է ստանում, երբ Հին Կտակարանը համեմատում ենք Նորի հետ: Կա որակի մի ցատկ, ոստում: Լսենք Պողոս Առաքյալին. «Աստված բազում եղանակներով և զանազան օրինակներով անցյալում խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. այս վերջին օրերին մեր հետ խոսեց Իր Որդու միջոցով, որին Ժառանգ նշանակեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը» (Պողոս Առաքյալի Նամակը Եբրայեցիներին 1, 1-2): Ուշադրություն պետք է դարձնել, թե սրբազան հեղինակը ի՛նչ տարբերություն է հաստատում Հին և Նոր Կտակարանների միջև, վերաբերյալ հայտնության ձևին («բազում եղանակներով և զանազան օրինակներով»), ժամանակին («անցյալում» - «այս վերջին օրերին»), հասցեատերերին («հայրերի հետ» - «մեր հետ»), հաղորդակցության միջոցին («մարգարեներ» - «Որդին»): Նոր Հայտնությունը կապված է Հնին, բայց միևնույն ժամանակ գերազանցում է նրան:

Հին Կտակարանի հայտնությունն իր նպատակակետը գտնում է Հիսուս Քրիստոսի Անձում. «Բայց նրանց (տակավին քրիստոնյա չդարձած հրեաների) միտքը կուրացավ, քանի որ մինչև այսօր նույն քողը ձգված մնում է Հին Կտակարանի ընթերցվածների վրա և չի վերանում, որովհետև Քրիստոսի միջոցով է այն վերանում» (Պողոս Առաքյալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին 3, 14): Հին Կտակարանը լուսավորվում է Քրիստոսի միջոցով: Նաև Առաքյալների ժամանակվա Եկեղեցին, երբ կամենում էր ավետել Քրիստոսի կյանքի և գործի հիմնական երկու պահերը, այսինքն՝ Խաչելությունն ու Հարությունը, շարունակ հիմնվում էր Հին Կտակարանի վրա (հմմտ. Գործք Առաքելոց 2, 14-41; 3, 11-24; 13, 16-42; և այլն):

Եհովականները չեն զանազանում Հին և Նոր Կտակարանները, ինչպես նաև հաշվի չեն առնում աստիճանական հայտնությունը, որով առաջինը նպատակաուղղված է երկրորդի ծառայությանը: Հայտնության առաջադիմյալ հանգրվանները փորձում են բացատրել հինկտակարանյան նվազ առաջադիմյալ հանգրվաններով: Իրականում, եհովականությունը հիմնականում մնում է հինկտակարանյան (կարելի է ասել՝ հրեական) աղանդ, հրեական սեկտա:

 

բ) Աստվածաշնչի արմատները խոր կերպով մխրճված են մարդկության պատմության մեջ: Յուրաքանչյուր գրություն, հետևաբար, գործածում է իր ժամանակվա լեզուն, հասցեագրված է նախևառաջ ներշնչված հեղինակին ժամանակակից մարդկանց, ներկայացնում է իրականությունը այդ ժամանակվա գաղափարների համաձայն (օրինակի համար, տիեզերքի ըմբռնումը Ծննդոց գրքի առաջին գլխում): Մարգարեներն ուղղակի կարիքն էին զգում ճշտելու իրենց կոչման թվականը. Ամոսը կանչվում է Իսրայելի թագավոր Հերոբովամ Երկրորդի և Հուդայի թագավոր Ոզիայի օրերին, երկրաշարժից երկու տարի առաջ (Ամոս 1, 1). Եսային կանչվեց այն տարին, որում մահացավ Ոզիա թագավորը (Եսայի 6, 1): Երեմիան՝ Հոսիայի թագավորության 13րդ տարին (Երեմիա 1, 2), և այլն:

Տանք աստվածաշնչյան մի քանի օրինակ: Թիվը Աստվածաշնչում կարող է ունենալ զանազան տեսակի գործածություններ: Թիվը միշտ չէ, որ ունի տեղեկություն տալու պաշտոն: Այսպես, 7 թիվը և իր բազմապատիկները իմաստավորում են առատություն, միասնություն և ամբողջականություն: Կայենից վրեժ է առնվում 7 անգամ, իսկ Ղամեքից՝ 70 անգամ 7 (Ծննդոց 4, 15.24): Ղամեքն ապրեց 777 տարի (Ծննդոց 5, 31): Մարդն օրեկան ընկնում է 7 անգամ (Առակներ 24, 16): Հարկավոր է ներել ո՛չ թե 7 անգամ, այլ՝ 70 անգամ 7 (Մատթեոս 18, 21): Նմանապես, 100 թիվը և իր բազմապատիկները, հատկապես 1.000ը, ակնարկում են հեքիաթային վիթխարի թվերին (գրեթե ինչպես միլիարդը կամ տրիլիոնը մեր համար): Աստված ողորմում է մինչև հազարերորդ սերունդը (Ելից 20, 6): Արդարների համար, տաճարում անցկացված մեկ օրն ավելի արժե, քան հազարն այլուր (Սաղմոս 83, 11): Աստծո համար հազար տարիները երեկվա պես են, որ անցած է (Սաղմոս 89, 4): Սրբերը Քրիստոսի հետ թագավորելու են հազար տարի (Հովհաննեսի Հայտնություն 20, 6; հմմտ. Դանիել 7, 10): Նույն ձևով է գործածվում նաև 40 թիվը, որը պարզապես նկատվում է որպես սովորական տևողությունը մեկ սերնդի: Այս թվերը փակ աչքերով վերցնելը որպես ճշգրիտ թվեր՝ առաջնորդում է խոշոր սխալների:

Վերոհիշյալ պայմանական իմաստից բացի, թիվը Աստվածաշնչում կարող է ունենալ նաև սրբազան նշանակություն: Այսպես, օրինակի համար, 12 թիվը վերջիվերջո դառնում է Աստծո Ժողովրդի սրբազան թիվը. Իսրայելի 12 տոհմերը: Քրիստոսը նույնպես հարգում է այս խորհրդաբանական թիվը և ընտրում է 12 առաքյալներ (Մատթեոս 19, 28), իսկ Հովհաննեսի Հայտնությունը 12 թիվը գործածում է նկարագրելու համար երկնքի Եկեղեցին (Հայտնություն 7, 5-8) և նոր Երուսաղեմը (Հայտնություն 21, 12):

Գրական կերպերին (ժանրերին) է պատկանում նաև վախճանաբանությունը (apocalittica): Գրական այս կերպը տարածվում է Ք.ա. 2րդ դարից մինչև Ք.հ. 2րդ դարը: Իր նախապատրաստական հողը գտնում է հինկտակարանյան մի շարք հատվածներում. Եզեկիել 38-39; 40-48; Եսայի 24-27; Զաքարիա 9-14; հատկապես՝ Դանիել 7-12: Նոր Կտակարանում գրական այս կերպը հանդիպում է հետևյալ հատվածներում. Մարկոս 13 և մյուս Ավետարանների զուգահեռ հատվածներում; Պողոս Առաքյալի Թեսաղոնիկեցիներին գրած Երկրորդ Նամակում 2, 1-12; և հատկապես՝ Հովհաննեսի Հայտնությունում: Ներկա տխրությունը մղում է խորհրդածելու բարիների ապագա փառքի շուրջ: Նկարագրելու համար սեփական դարաշրջանը, ինչպես նաև Աստծո և բարիների վերջնական հաղթանակի ճանապարհը, գործածվում է մի յուրահատուկ ոճ, որը և կոչվում է վախճանաբանական. ահավոր աղետներ, թվային քննարկումներ, գազանների ու հրեշտակների պատմություններ, վախճանին նախորդող նշաններ, վերջին փորձություններ, աշխարհի դատաստանը, ոմանց երանություն և ոմանց դատապարտություն: Վախճանաբանական այս տեքստերի պատգամը հասկանալու համար հարկավոր է, որ դրանք ընթերցվեն և ուսումնասիրվեն հիմնվելով գրական այդ կերպի յուրահատկությունների վրա: Եհովականները, սակայն, անգիտանում ու մերժում են գրական կերպերի գոյությունը Աստվածաշնչում, հակառակվելով գիտական համընդհանուր հասկացողությանը: Ճիշտ այս պատճառով է, որ տառացի կերպով են հասկանում 144.000 ընտրյալների թիվը, ինչպես նաև – ծիծաղելի բան – երկնային Երուսաղեմը երևակայում են որպես կատարյալ խորանարդ, 12.000 ասպարեզ երկարությամբ, լայնությամբ ու բարձրությամբ: 144.000 թվի խնդրին դեռ կանդրադառնանք, միայն խորանարդի վերաբերյալ կարճառոտ ասենք, որ աստվածաշնչյան պատկերի իմաստն այն է, որ նոր Երուսաղեմը լինելու է կատարյալ քաղաք, բաղկացած 12 թվից (որը թիվն է Նոր Իսրայելի՝ Եկեղեցու), բազմապատկված հազար անգամ (որն արտահայտում է անհաշվելիորեն մեծ բազմության իմաստը):

 

գ) Սակավաթիվ չեն դեպքերը, որոնցում եհովականները աստվածաշնչյան նախադասություններից մեկը կղզիացնում են այն պարբերությունից կամ գլխից, որին պատկանում է, տալով նրան ամբողջովին տարբեր իմաստ, քան ուներ իր հարազատ հատվածում (այս մեթոդը գործածվում է նաև բողոքական որոշ հոսանքների մոտ): Այս առումով, օրինակներն առատազեղ են: Տակավին առիթը կունենանք դրանց հանդիպելու: Առայժմ թող բավական լինի միայն այս օրինակը. «Այս սերունդը չի անցնելու, նախքան այս ամենի կատարումը» (Մատթեոս 24, 34). նախադասության «այս սերունդը» արտահայտությունը վերաբերվում է Հիսուսի ժամանակակիցներին, ո՛չ թե Ք.հ. 1914 թվականին ծնվածներին: Բայց այս օրինակին նույնպես կանդրադառնանք հետո:

Միայն ասենք, որ Աստվածաշնչի առանձին նախադասություններին կարելի է տալ ամեն տեսակ և ամեն ինչին հակառակ իմաստ: Օրինակի համար ներկայացնում ենք աստվածաշնչյան մի քանի տողեր, որոնք իրենց պարբերություններից կամ զուգահեռ հատվածներից կղզիացնելով, կարող են առաջնորդել հակասական, անբարոյական, ծիծաղելի եզրակացությունների:

1) Հակասական եզրակացություններ.

– Աստված զղջում է (Ծննդոց 6, 6), չի զղջում (Թվոց 23, 19):
– Կարելի է երդվել (Սաղմոս 94, 11; Գործք Առաքելոց 2, 30; Պողոս Առաքյալի Նամակը Եբրայեցիներին 6, 17; Հայտնություն 10, 6), չի կարելի երդվել (Մատթեոս 5, 34):
– Մեղավորը ներվում է (Եզեկիել 33, 11) և չի ներվում (Սաղմոս 3, 8; 103, 35):
– Մարդու գործերը նրան հաճո են դարձնում Աստծուն (Հակոբոս Առաքյալի Ընդհանրական Նամակը 2, 17) և ոչնչի էլ չեն ծառայում (Պողոս Առաքյալի Նամակը Հռոմեացիներին 1, 20):
– Մարդը բաղկացած է երկու տարրերից (միտք և մարմին. Պողոս Առաքյալի Նամակը Հռոմեացիներին 7, 25) կամ էլ երեք (հոգի, շունչ և մարմին. Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Թեսաղոնիկեցիներին 5, 23):
 

2) Անբարոյական եզրակացություններ.

– Երանի՜ նրան, ով կբռնի քո մանուկներին ու կխփի քարին (Սաղմոս 136, 9). Աստված մի՞թե պատվիրում է մանկասպանությունը:
– Ով չի ատում իր հորն ու մորը (Ղուկասի Ավետարան 14, 26). Հիսուսը մի՞թե հրամայում է չհարգել չորրորդ պատվիրանը:
– Ինչ անելու ես, արա՛ (Հովհաննեսի Ավետարան 13, 27). Հիսուսն ի՞նչ է, հրամայո՞ւմ է Հուդային դավաճանել Իրեն:
 

3) Ծիծաղելի եզրակացություններ.

– Իշխանություն չունես մազերիցդ մեկն անգամ սև կամ սպիտակ դարձնելու (Մատթեոսի Ավետարան 5, 36). մոտ ապագայում եհովականները թերևս կսկսեն դատապարտել նաև վարսավիրներին:

 

դ) Ահավոր կերպով դժվար է եհովականների հետ երկխոսելը: Նրանց մտքում երբեք չի առաջանում կասկածի մի փոքրիկ նշույլ, որ Աստվածաշնչի իրենց մեկնաբանությունը կարող է անհիմն լինել: Ամեն անգամ նրանց հետ հանդիպելիս յուրաքանչյուր ոք համոզվում է, որ ինքնաբավարարության համոզումը նրանց մոտ համաքայլ է իրենց անընդունակության հետ: Որքան ավելի տգետ են, այնքան ավելի գոռոզ են:

Տակավին քսանամյա Ռասըլը համոզված էր, մեծամիտ հավակնոտությամբ, թե Քրիստոնեության երկու հազար տարիների ընթացքում իրենից առաջ ոչ ոք ճշմարտությամբ չէր հասկացել Աստվածաշունչը և շտապեց տալ իր բացատրությունները: Իր առաջին եզրակացությունները բովանդակեց «Մեր Տիրոջ վերադարձի նպատակն ու կերպը» հատորում, ուր ավետում էր Քրիստոսի անտեսանելի վերադարձը 1874 թվականին, նախապատրաստելու համար աշխարհի դատաստանը 1914ին և սկսելու համար Իր հազարամյա թագավորությունը այս երկրի վրա: 1877 թվականին գրեց «Երեք աշխարհները և փրկության ծրագիրը» գիրքը, որում զանազանում է երեք ժամանակաշրջաններ. առաջինը, արարչությունից մինչև նախածնողների անկումը, ղեկավարված՝ հրեշտակների կողմից. երկրորդը, անկումից մինչև 1914 թվականը, սատանայի սահմանափակ իշխանության ներքոյ. երրորդը, 1914ից սկսած մինչև անսահմանափակ հավիտենությունը, արժանավորների հարությամբ և երկրի վրա դրախտային խաղաղությամբ: Ուշադրություն դարձրեք այս երկու կետերի վրա. ըստ Ռասըլի, 1914ին պետք է սկսվեր դրախտային հավիտենությունը: Քանի որ հարյուր տարուց ավելի է արդեն անցել և տակավին ոչինչ չի պատահել, – մանավանդ թե, 1914 թվականից սկսած տեղի են ունեցել ամենամեծ աղետներն ու կոտորածները մարդկության պատմության մեջ, ինչպիսիք էին Համաշխարհային Առաջին և Երկրորդ Պատերազմները, Հայոց Մեծ Եղեռնը և ա՛յլ ազգերի ցեղասպանությունները, կոմունիստական բռնությունները և այլն, – կարող ենք ամենայն հստակությամբ տեսնել Եհովայի Վկաների հերետիկոսության հիմնադրի լիակատար կեղծիքը: Երկրորդ. նախածնողների մեղքից մինչև 1914 թվականն ընկած ժամանակաշրջանը հայտարարում է սատանայի իշխանության ներքո, այսինքն՝ նաև Քրիստոսի կյանքի տարիները, Խաչելությունն ու Հարությունը: Ըստ Ռասըլի, ոչինչ էլ չի պատահել. Քրիստոսի կյանքը, ուսուցումներն ու բերած փրկագործությունը Ռասըլին չեն հետաքրքրում (կամ թերևս ժամանակ չուներ Քրիստոսով հետաքրքրվելու, որովհետև զբաղված էր կնոջ հետ ամուսնալուծվելու դատավարություններով, ունեցվածքի բաժանման քաշքշուկներով, աշխատակցուհիների հետ սիրաբանությամբ, մեդուզայի նմանվելով): Բայց անշուշտ այդ ժամանակաշրջանը չէ, որ գտնվում էր սատանայի իշխանության ներքո, այլ՝ ինքը Ռասըլն էր իր հոգին սատանային ծախել և գրում էր այդ հերետիկոսությունները:

Ռասըլը մեծագույն կարևորություն էր տալիս իր “Աստվածաշնչյան Ուսումնասիրություններ”ին, որոնք վեց հատորով լույս տեսան 1886ից մինչև 1904 թվականը: Տեսնենք, թե ինչպիսի համեմատություն է կատարում իր “ուսումնասիրությունների” և բուն Աստվածաշնչի միջև.

«Քանի որ “Աստվածաշնչյան Ուսումնասիրություններ”ի վեց հատորները իրականում նույն ինքն Աստվածաշունչն են նյութերի կարգով տեղավորված և իրենց հիմք հանդիսացող աստվածաշնչյան հատվածներով, կարելի է անվանել դրանք “հարմարեցված Աստվածաշունչ”: Խոսքն, ուրեմն, չի վերաբերվում աստվածաշնչյան պարզ մեկնաբանությունների. դրանք գործնականում Աստվածաշունչն են: Իրոք, ոչ միայն դյուրին է նկատել, որ անհնարին է աստվածային ծրագիրը տեսնել ուսումնասիրելով միայն Աստվածաշունչը, այլ նաև՝ որ երբ մի կողմ են թողնվում “Աստվածաշնչյան Ուսումնասիրությունները”, նույնիսկ դրանք ընթերցելուց հետո, դրանց հետ ընտանություն ձեռքբերելուց հետո, նույնիսկ դրանք տասը տարի կարդալուց հետո, եթե դրանք մի կողմ են թողնվում, ասում էի, միմիայն Աստվածաշունչն ընթերցելու համար, թեև Աստվածաշունչն ըմբռնելու մակարդակին էին տասը տարիներից ի վեր, մեր փորձառությունը ցույց է տալիս, որ այդ անձինք երկու տարվա ընթացքում վերադառնում են խավարի մեջ: Իսկ եթե կարդում են միայն “Աստվածաշնչյան Ուսումնասիրությունները” մեջբերումներով, առանց կարդալու Աստվածաշնչի էջերից ոչ մեկը, երկու տարվա ընթացքում հայտնվում են լույսի մեջ, որովհետև ստանում են Աստվածաշնչի լույսը» (Դիտարան, 15.09.1910):

Այս տողերում դժվարին չէ տեսնելը Ռասըլի լիրբ համարձակությունը, որով իր մեկնաբանությունները ավելի բարձր է դասում նույն ինքն Աստվածաշնչից: Բայց ճիշտ այս տողերով, Ռասըլն ինքը խոստովանում է, որ Քրիստոնյա Եկեղեցու հավատքը հիմնված է Աստվածաշնչի վրա (ասում է՝ միայն Աստվածաշունչը կարդալով երկու տարվա ընթացքում հեռանում են իր հերետիկոսությունից), մինչ իր ուսուցումները պարզապես իր խելառ մտքի ցնորքներն են ու հորինվածքները:

 

ե) Այս հանդգնությունն ու հավակնոտությունը, սակայն, միայն Ռասըլինը չէին: Եհովականության հայրն իր ախտերը փոխանցել է իր ծնունդներին: Ահա թե ինչ է գրում 01.08.1955 թվականի Դիտարանը. գոյություն ունեցող քրիստոնյա 251 կրոններից 214ը հավատում են Երրորդությանը, ուրեմն կեղծ են: Մնացած 37ից 18ը հավատում են հոգու անմահությանը, ուրեմն կեղծ են: Մնացած 19ից 6ը հավատում են Օրենքին (Աստծո պատվիրաններին), ուրեմն կեղծ են: Մնացած 13ից 3ը չեն հավատում սատանայի գոյությանը, ուրեմն կեղծ են: Մնացած 10ից 4ը ընդունում են Աստվածաշնչին հավասար կամ գերադաս հեղինակություններ, ուրեմն կեղծ են: Մնացած 6ից 5ը միակերպ ուսուցումներ չունեն, ուրեմն որպես ճշմարիտ մնում է միմիայն Եհովայի Վկաների կրոնը:

Դեռ մի կողմ թողնենք, որ նշված թվերը չեն համապատասխանում իրականությանը: Առայժմ քննենք էականը: Նախևառաջ, Եհովայի Վկաների հերետիկոսությունը քրիստոնյա հարանվանությունների շարքում դասելն անհնարին է, որովհետև այն ամբողջովին դուրս է Քրիստոնեության ծիրից, չնայած որ ինքն իրեն անվանում է քրիստոնյա ընկերություն: Եհովականությունը հրեական աղանդ է, հրեական հերետիկոսական սեկտա՝ ամերիկյան բողոքականության երանգավորումներով: Բայց այս շարժումը սկսվել է միայն անցյալ դարի վերջավորությանը, իսկ այն դիմագծերով, որ ունի այսօր, գոյություն ունի միայն 1919 թվականից սկսած: Սա ըստ իրենց նշանակում է, որ մինչև այդ օրը մարդկությունը երբեք չի ունեցել ճշմարիտ կրոն: Ըստ իրենց, ճշմարիտ կրոնը հայտնվել է, երբ հայտնվել են եհովականները: Հետևաբար, Քրիստոսի գործն ամբողջական ձախողմա՞ն է ենթարկվել այս երկու հազար տարիների ընթացքում: Բայց եթե, գործածելով իրենց կողմից նշված թվերը, 251 քրիստոնյա կրոններից 214ը հավատում է Երրորդությանը, և այդ կրոնները հիմնվում են Աստվածաշնչի վրա, արդյոք չե՞նք կարող համոզվել, որ այդ 214 քրիստոնյա կրոններն Աստվածաշունչը հասկանում են եհովականներից ավելի լավ:

 

զ) Աստվածաշունչն ինքն ասում է, որ իր էջերը լավ հասկանալու համար հարկավոր է ունենալ Հոգու առաջնորդությունը և Առաքյալների Ավանդությունը. «Բայց նախ սա իմացեք. մարգարեական գրություններից ոչ մեկը ենթակա չէ անձնական մեկնությունների, որովհետև մարգարեություններից ոչ մեկը մարդկային կամքի համաձայն չի տրվել, այլ՝ Սուրբ Հոգուց մղված խոսեցին մարդիկ Աստծո կողմից» (Պետրոս Առաքյալի Ընդհանրական Երկրորդ Նամակը 1, 20): Զգուշացնում է նաև, թե կան դժվարիմաց բաներ. «Նրանցում (=Պողոսի Նամակներում) կան որոշ դժվար ըմբռնելի բաներ, որոնք տգետներն ու տատամսողները ծուռ են մեկնաբանում, ինչպես նաև մյուս Գրությունները, իրենց անձերի կորստի համար» (Պետրոս Առաքյալի Ընդհանրական Երկրորդ Նամակը 3, 16): Բացի սա, Պողոս Առաքյալը պահանջում է քրիստոնյաներից, որ հարգեն ինչպես իր գրավոր նամակները, այնպես էլ բանավոր ավանդածները. «Ուրեմն, եղբայրներ, հաստատուն մնացեք և պահպանեցեք ավանդությունները, որ ստացաք մեր խոսքից, ինչպես և թղթից» (Պողոս Առաքյալի Երկրորդ Նամակը Թեսաղոնիկեցիներին 2, 14). «Պատվիրում եմ ձեզ, եղբայրներ, հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի, հեռու մնացեք այն բոլոր եղբայրներից, որոնք անկանոն կյանք են վարում, ինչը չի համապատասխանում այն ավանդությանը, որ ստացաք մեզնից» (Պողոս Առաքյալի Երկրորդ Նամակը Թեսաղոնիկեցիներին 3, 6):

 

է) Արդյոք Եհովայի Վկաների Դիտարան Ընկերությունը մեկնաբանում է ամբո՞ղջ Աստվածաշունչը, թե՞ նրա մի մասը: Հետաքրքիր է, շարքային եհովականներից որևէ մեկը երբևէ իր առջև դրե՞լ է այս հարցը: Պատասխանն անմիջական է. իրենց տոննաներով տպագրված հրատարակություններում, եհովական հերետիկոսության ղեկավարները մեջբերում են Աստվածաշնչի միայն այն տողերը, – միշտ կղզիացված, համատեքստից անջատված, – որոնք թվում է, թե ծառայում են իրենց ուսուցումներին: Բայց այդ մեջբերումները (ըստ Վիլիամ Շնելլի, որը հեղինակն է «Երեսուն տարի “Դիտարան”ի ստրուկն էի» գրքի) ամբողջ Աստվածաշնչի հազիվ 6,5 տոկոսն են կազմում: Մնացած 93,5 տոկոսը երբեք չի մեջբերվում: Բայց սրա համար մեր խորին շնորհակալություններն ենք հայտնում եհովականների Բրուքլինի Ղեկավար Մարմնին, որովհետև մեզ է թողնում Աստծո պատգամի ճնշող մեծամասնությունը, և ճիշտ այս մասն է, որ կասկածներ է առաջացնում այն խելացի Վկաների մտքում, որոնք փորձում են ինքնուրույն ուսումնասիրել Աստվածաշունչը և վերջում վերադառնում են քրիստոնեական հարազատ հավատքին:

Բայց էական հարցն այն է, թե արդյոք եհովականներն իրենց սխալների մեջ ընկնում են ակամա՞, առանց անդրադառնալո՞ւ, թե՞ գիտակից են և այնուամենայնիվ ընտրում են մնալ սխալի մեջ, մղված ինչ ինչ շահերից: Եթե խոսքը այս երկու հնարավորություններից առաջինին վերաբերվեր, եհովականները թերևս հանցավոր չէին լինի ծանր կերպով, բայց ցավալին այն է, որ այդ բոլոր սխալները կատարում են գիտակցաբար և դրամական շահից մղված՝ համարձակվել են նույնիսկ կեղծել Աստծո Խոսքը: Տեսնենք, թե ինչպես:

Մինչև 1950 թվականը եհովականները չունեին Աստվածաշնչի իրենց թարգմանությունը: 1950-1960 թվականներին Դիտարանի Ընկերությունը հրատարակեց, անգլերենով, վեցհատորյա մի “աստվածաշունչ”, «Սուրբ Գրությունների Նոր Աշխարհ Թարգմանություն» (New World Translation of the Holy Scriptures) տիտղոսով և ծանոթագրություններով: Թարգմանիչները խնդրել էին մնալ անանուն, “համեստության” համար: Բայց իրականությունն այն է, որ եհովականները չէին կարողացել գտնել գոնե մի գիտնական լեզվաբան, որն հանձն առներ ներկայացնել իրենց “թարգմանությունը”: Ահա մի քանի գիտնականների կարծիքը, որ հրատարակվել է ավստրալիական «Australian Record» պարբերականի 20.05.1974 համարի 6րդ էջում.

 

Anthony Hoekema. «”Նոր Աշխարհ” կոչվող նրանց թարգմանությունը Աստվածաշնչի առարկայական (օբյեկտիվ) թարգմանություն չէ արդի անգլերենով, այլ՝ կողմնապահ թարգմանություն է, ուր մաքսանենգորեն ներմուծվել են “Դիտարանի Ընկերության” ուսուցումները»:

Ray Stedman. «Մանրամասն քննությունը, որ հասնում է թարգմանիչների կրթության արտաքին երևույթներից այն կողմ, բացահայտում է իրական շաղախում ֆանատիկության, տգիտության, նախապաշարումների ու կողմնապահության, ինչը խախտում է աստվածաշնչյան քննական գիտությունների կանոնները»:

R. Mantey. «Նոր Կտակարանի բազում հատվածներում նրանց թարգմանությունը ուսումնասիրելուց հետո եկա այն եզրակացության, որ երբ Աստվածաշունչը համաձայն չի գտնվել իրենց ուսուցումներից որևէ մեկի հետ, նրանք կամովին թարգմանել են այն սխալ տերմիններով, կամ էլ այն աստիճան են աղավաղել տեքստը, որ հնարավորություն են ստեղծել կարծելու, թե որոշ հիմքեր ունեն իրենց ոչ-աստվածաշնչյան կարծիքները: [...] Բայց այն, ինչը որ վատթարագույնն է, հանցավոր են դարձել կամովին ստախոսելու մեջ: Սա իրենց թարգմանությունը դարձնում է պախարակելի» (A. AVETA, Analisi di una setta, ed. Filadelfia, Altamura 1985, pp. 30-31):

 

Այս անվանի գիտնականներից հետո, իմ մեկնաբանություններն ավելորդ են: Բայց անցնենք առաջ և տանք մի քանի օրինակ:

 

Հովհաննեսի Ավետարան 14, 26

Եհովական թարգմանություն. «Բայց օգնականը, սուրբ հոգին, որին Հայրը ուղարկելու է իմ անունով, այն կուսուցանի ձեզ ամեն բան ու կպատմի այն ամենը, որ ձեզ ասել եմ»:

Քրիստոնյա թարգմանություն. «Բայց Մխիթարիչը, Սուրբ Հոգին, որին Հայրը առաքելու է իմ անունով, նա կուսուցանի ձեզ ամեն բան ու կհիշեցնի այն ամենը, որ ձեզ ասել եմ»:

 

Եհովական թարգմանության մեջ հունարեն «ekeinos» դերանունը թարգմանվել է «այն»: Այդպիսով, տեքստում Սուրբ Հոգին չի ներկայանում որպես Անձ, այլ՝ առարկա, որովհետև եհովականները չեն ընդունում Ամենասուրբ Երրորդության հավատքը (նաև այս պատճառով են Սուրբ Հոգին միշտ փոքրատառ գրում): Բոլոր գիտնական լեզվագետները թարգմանում են «նա», որովհետև «ekeinos»ը արական է և վերաբերվում է «Pneuma»ին (Հոգի), որը չեզոք սեռի է: Եհովական թարգմանությունը ճիշտ կլիներ, եթե դերանունը նույնպես չեզոք լիներ («ekeino»):

 

Պողոս Առաքյալի Նամակը Կողոսացիներին 1, 15-17

Եհովական թարգմանություն. «Նա պատկերն է աներևույթ Աստծո, անդրանիկը բոլոր արարածների, որովհետև նրա միջոցով (մյուս) բոլոր բաները ստեղծվեցին երկնքում և երկրի վրա, տեսանելիներն ու անտեսանելիները, լինեն դրանք գահեր, թե տերություններ, պետություններ, թե իշխանություններ:

Բոլոր (մյուս) բաները ստեղծվել են նրա միջոցով և նրա համար: Նա (մյուս) բոլոր բաներից առաջ է եւ նրա միջոցով (մյուս) բոլոր բաները ստեղծվեցին»:

Քրիստոնյա թարգմանություն. «Նա պատկերն է աներևույթ Աստծո, անդրանիկը բոլոր արարածների. որովհետև նրա միջոցով բոլոր բաները ստեղծվեցին երկնքում և երկրի վրա, տեսանելիներն ու անտեսանելիները, գահերը, տերությունները, պետությունները, իշխանությունները:

Բոլոր բաները ստեղծվեցին նրա միջոցով և նրա համար: Նա բոլոր բաներից առաջ է և նրա միջոցով բոլոր բաները գոյություն ունեն»:

 

Եհովականների նպատակն ակնհայտ է. քանի որ չեն ընդունում Ամենասուրբ Երրորդությունը և Քրիստոսի աստվածությունը, իրենց “թարգմանությունում” Նրան դարձրել են «մյուս» բոլոր արարածներից մեկը, մինչդեռ իրական Աստվածաշնչի համաձայն՝ Քրիստոսը ոչ միայն բոլոր բաների Արարիչն ու Նպատակն է («ստեղծվեցին նրա միջոցով և նրա համար»), այլ նաև Քրիստոսն Ինքն է կյանքի տևական աղբյուրը («նրա միջոցով բոլոր բաները գոյություն ունեն»):

 

Հովհաննեսի Ավետարան 8, 58

Եհովական թարգմանություն. «Հիսուսը նրանց ասաց. ''Ճշմարտագույն կերպով եմ ձեզ ասում. Աբրահամի գոյություն ունենալուց առաջ ես էի''»:

Քրիստոնյա թարգմանություն. «Ասաց նրանց Հիսուսը. ''Ճշմարիտ, ճշմարիտ եմ ձեզ ասում. Աբրահամի լինելուց առաջ ես եմ''»:

 

Երբ եհովականները սկսում են քարոզել, առաջին խոսքերից մեկը լինում է. «Չպետք է աղոթել Հիսուսին, իսկ Աստծուն աղոթելիս պետք է ասել “Եհովա”»: Բայց Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Հիսուսը նույնպես կրում է աստվածային YHWH անունը: Այս հարցին տակավին կանդրադառնանք ավելի մանրամասն կերպով, այստեղ բավարարվենք մի քանի խոսքով: «Յահվէ» անունը, որը եհովականները սխալ կերպով կարդում են «Եհովա», Աստված հայտնեց Մովսեսին. «Աստված ասաց Մովսեսին. “Ես Նա Եմ, Որ Եմ”: Ապա ասաց. Կասես իսրայելացիներին. “ԵՍ ԵՄը ուղարկեց ինձ ձեր մոտ” » (Ելից 3, 13-14): «ԵՍ ԵՄ» անունը (Յահվէ) ցույց է տալիս Աստծո էությունը որպես Հավիտենական Էակ («Ես եմ»ը «Լինել» բայի ներկա ժամանակի եզակի առաջին դեմքն է): Եթե բոլոր արարածները ենթակա են անցյալի, ներկայի ու ապագայի փոփոխություններին, Աստված միշտ ներկայի մեջ է, որովհետև դուրս է ժամանակի սահմաններից: Միմիայն Աստված կարող է ասել «ԵՍ ԵՄ» բառիս բացարձակ իմաստով: Եվ ահա, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Հիսուսը նույնպես կրում է աստվածային «Յահվէ» անունը, ամբողջովին հավասար է Հորը և կարողանում է ասել «ԵՍ ԵՄ»: Եհովականների նման կույր պետք է լինել, կամ՝ կամենալ լինել, չտեսնելու համար: Ահա նախադասության հունարենը տառադարձությամբ.

Prin Abraam genesthai, ego eimi.

Նախքան Աբրահամ լիներ, ես եմ:

 

Պողոս Առաքյալի Նամակը Եբրայեցիներին 1, 8

Եհովական թարգմանություն. «Բայց Որդու վերաբերյալ. Աստված ինքն է քո գահը հավիտյան»:

Քրիստոնյա թարգմանություն. «Որդու մասին, մինչդեռ, հաստատում է. Քո գահը, ո՜վ Աստված, հավիտյան է»:

 

Կարծում եմ, թե մեկնաբանության կարիք չկա: Լիրբ խարդախությունը երևում է ինքնստինքյան:

 

Ղուկասի Ավետարան 23, 43

Եհովական թարգմանություն. «Եվ Հիսուսը ասաց նրան. ''Ճշմարտապես եմ քեզ ասում այսօր. Դու կլինես իմ հետ Դրախտում''»:

Քրիստոնյա թարգմանություն. «Եվ Հիսուսը նրան պատասխանեց. ''Ճշմարիտ եմ քեզ ասում. այսօր կլինես իմ հետ Դրախտում''»:

 

Թերևս արդեն նկատեցիք, որ կետը եհովականների մոտ անցել է «այսօր» բառից հետո և ավելացել է «Դու» դերանունը: Փոքրիկ մի բան, բայց որն ամբողջովին փոխում է նախադասության իմաստը: Ինչպե՞ս: Եհովականները չեն հավատում կյանքին մահից հետո: Մահն իրենց համար անձի ամբողջական ոչնչացումն է: Այս հարցին նույնպես տակավին կանդրադառնանք, բայց արդեն այստեղ իսկ կարող ենք նկատել, որ Հիսուսի խոսքերը համաձայն չեն եհովականների ուսուցումների հետ, որովհետև Հիսուսը զղջացած ավազակին շատ պարզ բառերով ասում է, որ մահից անմիջապես հետո («այսօր») միասին լինելու են Դրախտում:

 

Առակներ 11, 9

Եհովական թարգմանություն. «Իր բերանով՝ ուրացողն իր մերձավորին տանում է դեպի կործանում, բայց ճանաչողության միջոցով՝ արդարներն ազատված են»:

Քրիստոնյա թարգմանություն. «Իր բերանով՝ կեղծավորը կործանում է իր մերձավորին, մինչ արդարներն ազատվում են իրենց կորովամտությամբ»:

 

Եբրայեցերեն «khanef» բառը նշանակում է «խաբեբա, կեղծավոր, չարախոս, զրպարտող»: Այս խարդախությունը եհովականներն անում են Աստվածաշնչի “օգնությամբ” վարկաբեկելու համար այն խելացի մարդկանց, որոնք եհովական լինելու դժբախտությունն ունենալուց հետո՝ բացահայտել են ճշմարտությունը և վերադարձել են Քրիստոնեությանը (տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ): Բայց եթե նույնիսկ այստեղ խոսվեր ուրացության մասին, ինչպես պատահում է ա՛յլ տեղեր Աստվածաշնչում, այդպիսի տողերն անկասկած պետք է վերագրվեն ո՛չ թե եհովական հերետիկոսությունից հեռացածներին, այլ՝ դրա մեջ մնացողներին:

 

Մատթեոսի Ավետարան 26, 26-28

Եհովական թարգմանություն. «Առեք, կերեք, սա նշանակում  է իմ մարմինը»:

Քրիստոնյա թարգմանություն. «Առեք, կերեք, սա իմ մարմինն է»:

 

Հունարեն «estin»ը «einai» (լինել) բայի ներկա ցուցականն է (է), որը եհովականները փոխարինում են «նշանակում է»ով, մերժել կարողանալու համար Սուրբ Պատարագն ու Հաղորդությունը: Ինչ-որ մի բան մերժելու այնքան էլ պատվաբեր միջոց չէ – կարծում եմ – կեղծիքը:

 

 

Աստվածաշնչի սրբազան էջերում եհովականների կողմից կատարված խարդախումների ցանկը կարող էի տակավին շատ երկարել, բայց այսքանը արդեն բավական եմ համարում յուրաքանչյուր խելացի մարդու համար:

Հավատում ենք, որ Աստվածաշունչը Աստծո Խոսքն է:

Երկրորդումն Օրինաց 4, 2 հատվածում կարդում ենք. «Ոչինչ չավելացնեք այն ամենի վրա, որ պատվիրում եմ ձեզ, և ոչինչ չպակասեցնեք»:

Իսկ Հովհաննեսի Հայտնության գրքում (22, 19) գրված է. «Եթե մեկը այս մարգարեական գրքից պակասեցնի ինչ-որ մի բան, Աստված նրան կզրկի կյանքի ծառից և սուրբ Քաղաքից»:

Կոչս է Եհովայի Վկաներին միամիտ անկեղծ հավատքով հարած անձանց. ընթերցե՛ք Աստվածաշունչը (իրականը) առանձին, առանց Դիտարանի հսկողության: Գործածեցե՛ք ձեր բանականությունը, որն Աստծո մեծագույն շնորհներից մեկն է ձեզ տրված: Առանց խոր կերպով, կամ գեթ մակերեսային կերպով, ճանաչելու Քրիստոնեությունը, ձեր հավանությունը մի՛ տվեք եհովականների աճպարար քարոզիչներին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։