Բ. – Աշխարհի և մարդու ստեղծումը ըստ Եհովայի Վկաների – Գրադարան – Mashtoz.org

Բ. – Աշխարհի և մարդու ստեղծումը ըստ Եհովայի Վկաների

Կարճառոտ քննենք Հին Կտակարանի հատվածներից մի քանիսը, որոնց վրա եհովականությունը ջանում է հիմնել իր ուսմունքը:

 

ա) Ծննդոց գրքի առաջին գլխում աշխարհի արարչությունը ներկայացված է որպես վեց օրերի ընթացքում կատարված գործ, առավել մեկ օր, յոթերորդը, որում Աստված հանգստացավ: Եհովականները 7.000 տարիների արժեք են վերագրում արարչական օրերից յուրաքանչյուրին: Պատճառաբանում են հետևյալ կերպ. «Աստծո մեծ հանգստից կամ շաբաթից արդեն անցել են մոտավորապես 6.000 տարիներ և իր խոսքը մեզ վերջնական կերպով վստահեցնում է, թե մնացել են անցնելիք 1.000 տարիներ»: Հետևաբար, ստանում են 6.000+1.000: Եզրակացնում են. «Տրամաբանական է եզրակացնելը, որ աշխատանքի նախորդ վեց օրերից յուրաքանչյուրն ուներ միևնույն տևողությունը: Վեց օրերը, հետևաբար, հավասար են 42.000 տարիների» (եհովական հրատարակություններից՝ La verità vi farà liberi, 56-57; Sia Dio riconosciuto verace, 164):

Ասում են «տրամաբանական է եզրակացնելը», բայց ես տրամաբանական ոչինչ չեմ տեսնում իրենց այդ հաշվարկներում: Միակ բանը, որ տեսնում եմ, այն է, որ իրենց մոտեցումը ոչնչով չի համապատասխանում իրականությանը, ո՛չ էլ գիտական ու եկեղեցական մեկնություններին: Արդի գիտական մեկնաբանությունը հասել է լավագույն արդյունքների՝ Ծննդոցի այդ պատմության վերծանման ասպարեզում: Չենք կարող մեր փափագածի չափ կանգ առնել այս կետի վրա, այլապես գրությունը շատ կերկարի, բայց հնարավոր է ասել էականը:

 

1) Ծննդոցի առաջին գլխում «օր» բառը նշանակում է կամ 12 ժամ տևող ժամանակամիջոց (արևային օր. Աստված ստեղծում է արևը «ցերեկվան իշխելու համար» և լուսինը՝ «գիշերվան իշխելու համար»), կամ էլ 24 ժամ տևող ժամանակամիջոց («և եղավ երեկո և եղավ առավոտ. օր մի»): Աստվածաշունչը, հետևաբար, խոսում է սահմանափակ ճշգրիտ ժամեր իր մեջ ներառող օրվա մասին: Տալ այս օրերին ուրիշ որևիցէ տևողություն, նշանակում է չհասկանալ և չհասկացնել տեքստի իրական իմաստը:

2) Հին աշխարհում «6 օր առավել 1 օր» արտահայտությունը ցույց է տալիս մի բան, որ տևել է որոշ ժամանակ և ապա դադարել է: Ահա, օրինակի համար, ինչպես է նկարագրվում հրդեհը Ք.ա. 13րդ դարում Միջագետքում շարադրված մի գրության մեջ.

 

«Ահա մի օր և մի երկրորդ օր
կրակն այրում է տունը, բոցը՝ պալատը:
Մի երրորդ, մի չորրորդ օր
կրակն այրում է տունը, բոցը՝ պալատը:
Մի հինգերորդ օր, մի վեցերորդ օր
կրակն այրում է տունը, բոցը՝ պալատը:
Բայց յոթերորդ օրը
կրակը դուրս ելավ տնից, բոցը՝ պալատից»:

 

Ահա մի ա՛յլ օրինակ նույն դարաշրջանի գրականությունից.

 

«Նա (Դանելը) Քաթարաթներին ուտելիք է տալիս, և նոր լուսնի դուստրերին՝ տատրակներին խմելիք է տալիս:
Մի օր, մի երկրորդ օր
Նա Քաթարաթներին ուտելիք է տալիս, և նոր լուսնի դուստրերին՝ տատրակներին խմելիք է տալիս:
Մի երրորդ, մի չորրորդ օր
Նա Քաթարաթներին ուտելիք է տալիս, և նոր լուսնի դուստրերին՝ տատրակներին խմելիք է տալիս:
Մի հինգերորդ, մի վեցերորդ օր
Նա Քաթարաթներին ուտելիք է տալիս, և նոր լուսնի դուստրերին՝ տատրակներին խմելիք է տալիս:
Բայց յոթերորդ օրը թողնում են իր տունը Քաթարաթները և նոր լուսնի դուստրերը՝ տատրակները»:

 

Պետք է հաշվի առնենք, որ Ծննդոցի առաջին գլխի սրբազան հեղինակը շատ լավ կարող է կարդացած լինել այս տողերը: Համենայն դեպս, անշուշտ սա էր իր միջավայրում արտահայտվելու եղանակը. «վեց օր առավել մեկ օր» նշանակում է մի բան, որ տևել է ժամանակի ընթացքում, բայց հետո ավարտվել է:

 

բ) Ըստ եհովականների, Ծննդոցի առաջին գլխի «երկինք» և «երկիր» բառերը պետք է ընդունել որպես այլաբանություններ, այսինքն՝ իբր թե երկինք նշանակում է հրեշտակները, իսկ երկիր նշանակում է Ադամն ու Եվան: Սա նույնպես իրենց ուսուցումներում կարևոր դիրք գրավող կետերից մեկն է, բայց չունի աստվածաշնչյան հիմնավորում: Ճիշտ է, քրիստոնյա միջնադարյան հեղինակներ ևս ներկայացրել են նման պատկերներ, բայց դա արել են պարզապես բանաստեղծական (պոետիկ) նպատակով, առանց շեղվելու իրականությունից և առանց ստեղծելու մտացածին ուսմունքներ:

Թող ընթերցողն ինքը իր ձեռքը վերցնի Աստվածաշունչը և ընթերցի Ծննդոցի առաջին գլուխը: Կտեսնի, որ երկինքը ներկայացված է որպես տափարակ տարածք («հաստատություն»), որն իր վրա է պահում վերին ջրերը, երկնքի ներքևում կան աստղերը, երկնքի ու երկրի միջև սավառնում են թռչունները: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերվում է այն երկնքին, որը տեսնում ենք մեր մարմնի աչքերով: Նույնը նաև երկրի պարագան. ցամաք է, աճեցնում է բույսեր, բնակավայրն է զանազան կենդանիների:

Եզրակացությունը մեկն է. գոյություն չունի ոչ մի խորհրդաբանական (սիմվոլիկ) երկինք և դատարկաբանություն է եհովականների քարոզությունը, որով արդարացնելու համար 1914 թվականի ձախողված “մարգարեությունը”, ասում են, թե Քրիստոսը այդ թվականից սկսած գտնվում է “երկնքում”, անտեսանելի ներկայությամբ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։